ՆՎԱԳԸ
Երաժիշտևերգահան
ՏԻԳՐԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ՝
Պատանության ընկերոջս
Հագած ցանցե շրջազգեստ իր անծիր մարմնի վրա,
Նվագը, հանց հարճ մի հեստ փլվում է ունկիս վրա:
Բայց երբեմն էլ սրբության հարսնությամբ ճերմակաքող
Նա կույս է, հեզ է այնքան, որ զգում եմ սրտադող…
Ծաղկի թերթին՝ ցող է լույծ, մոմի արցունքն է զուլալ,
Հեկեկում է հևահյուծ, այտս է թրջում հանց ձյունհալ:
Ընդոստ ճայթում է թափով, ինչպես շանթը ամպրոպի.
Մե՛կ շունչ առնում հեգնանքով, մե՛կ էլ խնդում է լկտի…
Անձրևը հարկս է թակում, դուռս բախում է քամին,
Բնությունն է նվագում, ինձ դարձնում է իր գերին:
Վզիս օղը գերության մթում դառնում է լուսին,
Ու լուսներթը համրության եղանակվում է հույսին…
…Մե՛րթ ալիք է տալիս հորդ և հորձանուտ է անում.
Մե՛րթ սիրտ, հոգի ու ոլորտ հեղեղում է ու տանում…
Տանում է լուրթ ափունքը, կաքավում է խազ առ խազ,
Դաշնավորում աղմուկը՝ որպես ղողանջ հեռահաս…
Նվագը հույս է անմար, թեև լինի հարճ մի հեստ,
Թեև լինի կույս դալար՝ հագած ճերմակ շրջազգեստ…
ԵՐԳԸ
Օպերային մեներգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանին
Տիեզերքի շնչառույթը երգ է հզոր արարման,
Որ հնչում է արևներից, լուսիններից, աստղունքից.
Երգ է վսեմ, ծավալվելով մինչև սիրտը հուր վառման,
Բաբախում է կյանքի հանգով, ելևէջով կենսալից։
Կուտակվում է ողջ բնության ուղն ու ծուծում էական
Խոսք ու ձայնի հավերժական ներդաշնությամբ համորեն,
Ղողանջում է մարդկայնության ջինջ բնազդով տևական,
Ապրեցնում է մոլորակը հուռթիությամբ սրբեղեն։
Երբ ծագում է արեգակը, դա լույսի երգն է հզոր,
Երբ բուսնում է ծիլն ու ծառը, դա երգն է ծնունդի.
Համընդհանուր երգ է վսեմ գունեղությամբ բոց, բոսոր
Կյանքի արյունն է եռեփում զուտ տոհմական սերնդի…
Երկնի կապույտ գմբեթից է լինելությունը հոսում,
Որ երգն է ուղխ ու ծովի, աղբյուրների սառնորակ.
Օրավուրն է տևողության, ժամանակի քաոսում՝
Որպես օրհնանք սրբագործման, ավանդներով բարորակ։
Ու կարապի ողորկությամբ ու մաքրությամբ շուշանի
Թափ է տալիս նա գլուխը երգի ոգով վերացած,
Նա երգում է, զրնգում է արձագանքով հրաշալի՝
Օրհներգելով կյանք ու սիրո լուրթ հեքիաթը փառապանծ։
Վառ ասուպի ծիրը ճեղքում, հորինում է օազիս,
Որպես ասմունք, որպես պոեմ, մեղեդիով հագեցած,
Ինքն իսկ երգ է, որ ձոնվում է հանց մաղթանք ու ավետիս՝
Անթեղվելով հիր ոլորտի հորիզոնում առեղծված։
ԵՐԳ ՈՒ ՆՎԱԳ
Երաժիշտևերգահան
Տիգրան Մանսուրյանին
Մեր նվաճած մոլորակը վեհ երգ է
Ու նվագ է, եղանակն է մեր կյանքի,
Որ հնչում է հորիզոնից հորիզոն,
Երկնքի ու երկրի ջերմին համբույրից,
Հզոր սիրուց արարչական,
Աստղունքներից, որ պսպղում են հույսից.
Տարածվում են մինչև մեր ջինջ սրտերը,
Որ երգում են պարզ օրհներգը կենսության,
Նվագներով մոգական,
Լինելության շարականով փառաձայն։
Առավոտը բացվում է իր ժպիտով,
Ճաճանչների խտիտով.
Դա և՛ երգ է, և՛ նվագ է հոգեթով։
Բնությունը ծավալվում է օրվա հետ,
Ծաղիկները հագնում են խիտ երփն ու գույն.
Բազմաձայն է ուրախ երգը ցնծավետ,
Բազմահնչյուն է և նվագը հանգետ,
Մինչև օրը դառնում է շոգ միջօրե։
Ծանրանում են սաղարթները ծառերի.
Մեղրանում է թթենին,
Սալորները օշարակով են քաղցրում,
Ծիրանին է շառագունում շաքարով,
Խնձորները դառնում սիրո համով բերք,
Համընդհանուր համեղության մի համերգ:
Նա կանգնում է արևի դեմ մտածկոտ
Ու շարժում է ձեռքին բռնած մի ճիպոտ,
Ճառագայթից մի փշուր է նա պոկում,
Ցրիվ տալիս կապուտակի ոլորտում:
Եվ ով հրաշք…
Փշրանքները շողերի
Թափվում են մեր լուռ շուրթերին,
Ակնկալող աչքերին,
Դառնում նվագ, երգ ու աղոթք անթերի:
Արևի ճիչն է ղողում,
Տերևների շշնջալի թրթիռով,
Երգում է մի բարբառով,
Որ բոլորն են հասկանում։
Երկնամովի լազուր ու խոր բաժակից
Հասունության երգն է կաթում մեղրալից։
Գարնան ծոցը բացվում է վառ գույներով,
Մանուշակով, վարդ ու ծաղկով բույրերի,
Հմայությամբ,
Սիրո փափուկ տենչերով.
Սրտահմա մեղեդիով երգերի,
Դաշնավորված նվագներով խազերի,
Որ աղբյուրներն են քչփչում դաշտերում,
Երկնքի ու երկրի գովքը ամենուր։
Պատանության սիրո գարունն է երգում
Ու հասնում է արբունության տաքերին.
Փողոցներով ամռան շոգն է քայլում,
Պարտասության քրտինքով.
Աշնանային տերևաթափն է դեղին,
Իսկ ձմեռը սպիտակով է հորդում,
Բոլորը փունջ՝
Սիրային ու հարսանեկան անկողին:
Սեզոնների քառաձայն երգն է թնդում,
Սաղմոսական նվագներով կերկերուն:
Կուտակվում են երազների ամպերը,
Ամպրոպները շառաչում են իղձերի,
Ճեղքում, ձևում ընդարձակվող վերները,
Ձայնավորում ելևէջը երգերի:
Եվ անձրևը՝ ուրախության հանց արտոսր
Լվանում է երկնի այտերը անոսր,
Մաքրում երկրի բյուր մեղքերը մարդկային,
Կյանք ու մահի երգերգոցով անմեկին։