ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ ՄՈԼՈՐՎԱԾՆԵՐ ՉԵՆ
***
Մի օր կարող է բեկվել
ամեն ճամփա, ամեն իղձ,
մի օր կարող են չքվել
հորիզոնները բացված,
ու հեռուները անծիր՝
բետոնակուռ մի անցքից
մի օր կարող ես դիտել
ու չաղոթել առ Աստված…
Քեզ է՛լ կարող են սեղմել
տառապանքի ճաղերին,
պատրանքներով հմայել
ու խոսքերով անվայել
լցնել մամուլը դեղին…
Դու էլ կարող ես տեսնել
փոթորիկները ցեղիդ՝
դառնությունները հեգնել
տառապանքի մեջ տքնել՝
ընդդեմ հիվանդ ուղեղի…
Բայց քեզ համար հետո հույս
կամ փրկություն կլինի՞,
թե անտարբեր ես այսօր
արդարություն փնտրողին,-
թե առօրյա հոգսերիդ,-
թեկուզ՝ ցավիդ արանքում
չես նկատում, որ մեկին
անհույս փակում են բանտում…
***
Հատնումի մեջ ուժասպառ՝
կեսհեգնական – կեսայլայլ՝
«Ե՜րբ»՝ հարցումիդ պատասխան
Եղա՞վ արդյոք ինչ-որ ձայն,
որ փարատեց քեզ երեկ…
Ո՜վ կասի ժամը հաստատ
և կամ լինելը՝ երբե՜ք,
թե հավերժին խորագետ
միտքըդ չուզի շրջվել ետ՝
դեպի բիբը գաղտնիքի.
իսկապես էլ՝ ո՜վ գիտի£
Իսկ դու գիտե՞ս համբերել՝
զորանալով քայլ առ քայլ,
դեռ ո՞ւժ ունես անտեսել
մոլորությունըդ՝ անդարձ,
և առանց հարց իսկ տալու
գիտե՞ս կրել ցավ ու վիշտ.-
Արդ՝ քո ներսից ուրի՜շ ձայն,
քեզ կամոքի՝ ինչպես մի՛շտ…
ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
Իտալացի մի նկարիչ՝
Կարոտը աչքերում,
Կրծքի տակ՝ վարդ, պոետի սիրտ,
Իր հայրենիքն է լուռ թախծում…
Անունն է իր հեգում մռայլ.
– Անունս է՝ Might- have- been…
Կարող էի լինել ես այն,
Ինչ բնավ չե՛մ ես այս պահին…
Դանտե Ռոսետտի Գաբրիել*,
Ծննդավայրս՝ Նահանգներ.
Կարոտըս՝ անանուն, անտեր,
Արյունըս՝ թունդ, աչքերս՝ սև…
Երկնաքերի տակ սրճարան
Նյու-Յորք, Գրին Վիլեջ,
Կոկտեյլի սեղան…
Անափ թախիծ, անհայտի սեր՝
Պանդխտության,
Մոռացումի արահետներ…
Իտալացի մի նկարիչ
Թախիծը աչքերում,
Օտար երկիր ու բախտի խաղ,
Ու դա՜ռը հեգնություն…
* Կ. Զարյանի
«Միացյալ Նահանգներ»
ուղեգրության կերպարներից
***
Աշխարհաստեղծ ձյուների մեջ,
ձյուների մեջ աշխարհականգ՝
իր հսկումով արարչատես –
տարաշխարհիկ, ահագնական…
Աշխարհաքանդ ձյուների մեջ
պահած զենքերն աշխարհական՝
գիշերը ա՛յր մի զորնդեղ,
արշալույսի մեջ երազա՜նք…
Արթնության հետ՝ ապրելու տենչ,
նպատակի պես իրական՝
չհակասող ու միշտ տարբեր,
Արարատ լեռըս սրբազան…
ՍՐԲԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ
ՄԻԼԻՈՆ ՈՒ ԿԵՍԻ…
Նրանք չեն զոհվել –
նահատակվել են,–
կարող էին և փոխել ազգությո՛ւն,
և անո՛ւն փոխել,
փոխել դավանա՛նք.
այդ դեպքում պիտի
ունենային կյանք,
բայցև՝ կամովին
հրաժարվել են.–
զոհեր չեն նրանք,
հիմա՝ առավել –
ՍՈՒՐԲ նահատակներ…
***
Տերը գիշերով եկավ – անց կացավ,
«մաֆիա» խաղացող
ջահելներին էլ Տերը այցելեց,-
բոլորի հոգու աչքը փակ գտավ՝
ցնցեց մեկ առ մեկ…
Բացված դուռ չկար,-
ափսոսանք որպես՝
գլուխը միայն լուռ տարուբերեց,
ինձ նայեց ապա՝
լայնակի ժպտաց,
տվեց համբերանք…
Ասաց՝ դժվար է լինելու հաստատ,
բայց քե՛զ եմ թողնում
գրել հետագան…
Եվ դրա համար թույլ տվեց նաև,
որ հոգուս դռնով
մարդկանց վեր հանեմ՝
թե… ուզենան գա՛լ…
***
Ընկնելուս պահը՝
թեև անհեթեթ ու ծիծաղելի,
Բարձրանալուս հետ՝
դու էիր արդեն աչքերիս առաջ,
խոշտանգվա՜ծ իմ վարդ…
Ծաղկաթերթերըդ՝
թափված արյան պես
շաղ տված գետնին,-
Ծաղկափնջի մեջ
ցողունըդ դատարկ՝
ցավիս նման մերկ,-
ցավիս չափ մենակ…
Քո ցա՛վը տանեմ,-
իմը տանելու ինձ սիրտ չմնաց…
ԹՌՈՒՑԻԿՆԵՐ
1.
Ճաղերի մասին կարող ես լռել.
կարող ես ասել՝
մեկ, երկու, երեք,-
կարող ես ասել՝
պոչը կոտրված մետաղյա շերեփ,
խավարասերներ,
առնետներ, լվեր.
ի վերջո՝ ի՞նչ է, կռիվ չի եղել,-
բանտախուց մի կյանք՝
կարող ես ասել,-
հիշել մեկ առ մեկ
թե ով՝ ում դեղեց,
և արդարացնել հեռացողներին…
2.
Դանակդ սրիր, բարեկա՛մ,-
ես քե՛զ էլ
պաշտպան կանգնեցի.
ի՜նչ փույթ,
թե մեկին կանխեցի –
դանակդ սրիր, բարեկամ…
Նրան համոզել եմ արդեն,
որ քեզ
անտեղի չխոցի,
թե ի՛նչ խոսքեր եմ ասել՝
հոգ չէ,-
էլ մի՛ սղոցիր,-
դանա՛կըդ – խոցի՛ր, բարեկամ…
3.
Նրանք գալիս են
սպանելու
իրենց Ալֆրեդ Իլին*,-
Եվ չարախա՛նդ,
և սեթևե՜թ՝
կրքով դաժան,-
Ցախանասյան լինի,
թե ուրիշ բան,-
Գալիս են սպանելո՛ւ՝
մահացածի՛ն անգամ…
* Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» պիեսի կերպարները
4.
Խաղատների
հենց կողքին բացված՝ գրավատներ,-
նույնը՝ բնափայտ
դժոխքի բոլոր խառնարաններին…
5.
Ամեն մեկը մի աստծո առաքյալ –
առաքիչները՝
օլիգարխների անմեղ բիզնեսի…
ԷՊԻԿԵՆՏՐՈՆԸ՝ ՉԻՆԱՍՏԱՆ
Փլատակներում՝
տասնըյոթ տարի թաղված չինացին՝
Առնետների բաց անցուղիների
օդով միջանցիկ,
Առնետի մսով՝ տասնըյոթ տարի՝
խցիկում փակված՝
մնաց կենդանի…
Բայց ի՜նչ կենդանի –
զուտ ոսկոր ու գանգ…
Դե, անունն էլ՝ ՉԱՆԳ*…
* Չինաստանում 1997 թ. երկրաշարժի ժամանակ կորած՝
2014-ին հայտնաբերված մարդ
***
Կյանքն անհատական
մահվան ճամբար է՝
ինքը իր ներսում,
Տառապանքի ծով՝ մեծ ու հանճարեղ
և առանց սոսկում…
Փշալարերի ետևում բացվող
սեր է ու ծաղիկ,
Եվ փշալարից խիզախ անցնողի
արնածորուն սիրտ…
Կյանքը՝ մնացյալ կյանքը անցնողի՝
մահ է առանց մեզ,-
Հոգին հարատև՜, մահը՝ անցողիկ,-
Հավերժության դեղ…
ԵՂԻՇԵ ՊՈԵՏ ՀԱՆՃԱՐԻՆ
Քե՛զ, որ
վախճանի
ու անվախճանի սահմանի վրա
կրեցիր շղթադ,
Քե՛զ, որ
կռեցիր խոսքը քո հստակ
ու նետի նման
դիպուկ արձակված
Դարերի միջով հասար ականջիս,
Քե՛զ, որ
առանց մահ քո տառապանքից
Ելար հզորի
զորավոր խոսքով,-
Ո՛չ թե գնալու՝ տևելո՛ւ եկար,
Չարեեեե՜նց, Քե՛զ պիտի
աղոթենք… երկար…
***
Չէ՜, մոլորված չեն
մոլորակները,
յուրաքանչյուրն իր ուղեծիրն ունի,
թեև՝ իրար հետ
անառկայծ փայլով կապն անտեսելիս՝
մերժելու տեղակ՝
վկայում են դեռ ուժը Արևի…
իսկ մոլորվելիս՝
Արևի շուրջը գտնում են իրար…
***
Իսկ սքանչանալու արվեստը՝
դյուրին բան չէ,
սիրելի՛ս,
Ու ամեն մեկին տրված չէ
էսպես՝
քե՛զ պես սքանչանալ…
Գրողի ծոցը կորցըրու հիմա
բոլոր-բոլորին.
Քեզ սահմանված է Արարիչ լինել,
ինձ՝ Արարչանալ…
***
Խելահեղորեն տիրաժավորվող
շատախոսության հորձանքի առաջ՝
ես ավելի եմ ուզում մենանալ,
քան թե հյուսիսցին
կուզեր մերկանալ,
թե անակնկալ հայտնվեր ասենք՝
թավ մորթեղենով՝ թեժ Արևելքում.
մորթու մազերը քի՜չ են ավելի
մի հազար անգամ,
քան շողոքորթող
բառերը մարդու՝ շողոմ շուրթերին…
կամ՝ է՛լ ավելի – էկրանի վրա՝
մեծ սարդոստայնի…
– Թե ո՜ւր մնացիր, քեզ որտե՜ղ գտնեմ
անանձնություն իմ,
ի՛մ առանձնությո՜ւն…