«Արչի» / Հովհաննես Երանյան

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր Հովհաննես Երանյանին  ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է  շնորհավորանքին 

 

Արուսյակն աննկատ դուրս եկավ կոնսերվատորիայից։ Նա գոհ էր։ Համերգն սկսելուց կես ժամ անց բեմի տակ դրված պայթուցիկը կգործեր, բեմը կփլվեր, և հրդեհ կբռնկվեր։ Նա գիտեր, որ առողջարանում հիմա իրեն են փնտրում։ Գուցե ոստիկաններին էլ արդեն հայտնել են, բայց հանգիստ էր։ Կեսգիշերն անց էր, երբ հեռացավ հոգեբուժարանից։ Տարածքը հսկող ընդամենը մեկ պահակակետ կար, որն անտառով կարելի էր հեշտությամբ շրջանցել։ Հոգեբուժարանում չկային նապոլեոններ, մակեդոնացիներ ու նյուտոններ։ Նախահարձակ հիվանդներ էլ չկային։ Պատերազմից տուժածներ էին, հիմնականում՝ նախկին գերիներ, վիրավորներ, զոհվածների կանայք կամ մայրեր և պարզապես այդ արհավիրքից հոգեկան ցնցումներ տարածներ։ Արուսյակի նման՝ դատարանի վճռով, այնտեղ հայտնված չորս մարդ կար։ Նրանց, ինչպես և Արուսյակին, ընթրիքից հետո փակում էին սենյակում։ Բայց աղջիկն իր համեստ վարքով, ինչպես նաև Կուրտ Հապպերի վրա ունեցած ազդեցությամբ, հասել էր այն ազատությանը, որն ունեին մնացած հիվանդները՝ կարող էր այցելել հարևաններին, թեյ խմել, լսել նրանց զրույցները։ Ու լռել։ Ամառները, մինչև մութն ընկնելը թույլ էին տալիս բակ դուրս գալ, ճեմել ծառուղում, նստել լճափին։

Առողջարանին պատկանող անտառի հատվածը սահմանազատված էր մետաղյա ցանկապատով, որն հաղթահարել տարեց մարդկանց համար դժվար կլիներ, իսկ երիտասարդի համար լուրջ խոչընդոտ չէր։ Հենց այդ ցանկապատի վրայով էր Արուսյակը երկու օր առաջ գիշերը շրջանցել պահակակետը։ Մինչ այդ քարտեզներ էր ուսումնասիրել ու գտել ամենակարճ ու անվտանգ ճանապարհը։ Մեկ անգամ, դեռ տարիներ առաջ, ֆրաու Մադլենի հետ եղել էր կոնսերվատորիայում։ Նա մի քանի ժամ ելումուտին հետևելուց հետո հեռացավ և այնտեղ վերադարձավ հաջորդ առավոտյան. գիտեր, որ նկուղում եղածը հայտնաբերել են, իսկ տանիքը մտքներով էլ չի անցել ստուգել։ Ուսանողների խմբի հետ կարողացավ ներս թափանցել։ Դահլիճի դուռը փակ էր, և աղջիկը ստիպված եղավ արտիստական մուտքով ուղղակի բեմ դուրս գալ։ Ինչպես և ենթադրում էր, նվագախմբի փոսից նկուղ տանող դուռ կար, որը բաց էր։ Պայթուցիկ տեղադրելը նրանից ընդամենը կես ժամ խլեց։ Ամենամեծ դինամիտը բեմի տախտակներին այնպես ամրացրեց, որ հենց երիտասարդ թուրք դիրիժորի ոտքերի տակ լինի։ Հետո սև պայուսակից հանեց հրավառ նյութերը և վառոդը, շաղ տվեց բեմի տակ, ծալեց դատարկ պայուսակը, խցկեց թավջութակի մի հին, կոտրված պատյանի մեջ, զգուշությամբ դուրս եկավ նախ նկուղից, հետո շենքից։ Դռան մոտ նստած պահակը կասկածանքով նայեց ու հարցրեց.

– Ո՞ւր ես գնում, դասերը նոր սկսվեցին։

Արուսյակն առանց պատասխանելու հեռացավ ու ազատ շունչ քաշեց։ Համերգը ժամը հինգին էր, դինամիտի դետոնատորի ժամացույցն աշխատելու էր հինգն անց երեսուն։ Երբ գիշերը դուրս եկավ հոգեբուժարանից, ծրագրել էր, որ իր գործն անելուց հետո չի մնա քաղաքում, անմիջապես ետ կգնա, և կանի այնպես, որ իրեն ուշագնաց գտնեն անտառի՝ ցանկապատից ներս գտնվող հատվածում։ Թեև դա իր համար ամենակարևորը չէր, բայց պիտի տպավորություն թողներ, թե երկու օր առանց գիտակցության ընկած է եղել թփուտներում։ Իսկ հիմա, պայթուցիկներ տեղադրելու գործի հաջող ավարտից հետո դուրս էր եկել փողոց ու չէր շտապում։ Նա որոշել էր մնալ մոտակայքում և լսել պայթյունի ձայնն ու ականատեսը դառնալ այն քաոսի, որ կհետևի դրան։ Մինչ համերգի սկիզբը դեռ շատ ժամանակ կար։ Արուսյակը որոշեց թափառել քաղաքում։ Սկզբում փողոցի անկյունում գրախանութ գտավ, գրեթե մեկ ժամ գիրք էր փնտրում։ Ծեր տղամարդը, որը հավանաբար գրախանութի տերն էր, մոտեցավ ու հարցրեց, թե հատկապես ինչ գիրք է որոնում, հետո քիչ անց երկրորդ անգամ նույն հարցը տվեց.

– Ասեք ինձ՝ ինչ եք փնտրում, գուցե կարողանամ օգնել։

Բայց այս անգամ էլ պատասխան չստանալով՝ ուսերը թոթվեց ու գնաց իր տեղը։ Աղջիկն ի վերջո երկու գիրք ընտրեց, վճարեց ծերունուն ու դուրս եկավ։ Գրախանութի տերն ապակե ցուցապատի այն կողմից երկար նայում էր նրա ետևից։ Հետո գիրքը կարդալով քայլում էր, երբ թեյարան գտավ։ Թեյի հետ քաղցր բլիթներ վերցրեց, բայց ուտելիս շարունակում էր կարդալ։

Ֆրաու Մադլենի փաստաբանը ամեն ամիս այցելում էր, կանխիկ գումար տալիս Արուսյակին և զեկուցում կատարված ծախսերի մասին։ Տան գույքահարկ և մանր-մունր այլ ծախսեր էին։ Նա այդպես էլ չկարողացավ համոզել աղջկան՝ վաճառել կամ վարձով տալ Վիեննայի իր տունը։

Քաղաքում թափառելուց հոգնած, համերգն սկսվելուց մեկ ժամ առաջ նա կրկին հայտնվեց կոնսերվատորիայի մոտ։ Քայլում էր աննպատակ ու մտքում կրկնում. «Ռեքվիեմ… Յուսուֆ Արչի, Ռեքվիեմ»։ Հանկարծ մի միտք շամփրեց ուղեղը։ Նա նախ հանեց թերթի կտորը, մեկ անգամ էլ կարդաց, բայց ավելի ուշադիր նկարին նայեց, գրեթե վազելով հասավ կոնսերվատորիային, պատին փակցված ազդագրի վրայի ավելի մեծ նկարն էլ տնտղեց ու դողաց։ Բազմաթիվ անգամ մտքում կարդաց նրա անունը. Յուսուֆ Արչի։ Հետո արագ վազեց դեպի մուտքը, այս անգամ պահակը նրան կանգնեցրեց.

– Ո՞ւր, ո՞ւր։ Չի կարելի ներս մտնել։

Աղջիկն ուզում էր առաջ գնալ, բայց այլ մարդիկ միացան պահակին ու կտրեցին ճանապարհը.

– Ո՞ւմ եք ուզում, դուք այստեղ չեք սովորում։

Արուսյակը դուրս եկավ։ Թեև ենթադրում էր, որ համերգի հանդիսատեսը հիմնականում ուսանողությունն ու դասախոսական կազմն է լինելու, բայց դրսից հյուրերն էլ շատ էին, և արդեն սկսել էին ժամանել։ Երեքհոգանոց խմբի հետ, մինչ տիկնայք իրենց հրավիրատոմսերն էին ցույց տալիս, կարողացավ աննկատ ներս սողոսկել։ Բեմին չհասած, երաժշտության ձայներ լսեց, հետո վարագույրի ծայրը մի կողմ տանելով տեսավ, որ բեմի վրա վերջին փորձն են անում։ Դահլիճի դուռն այս անգամ բաց էր, բայց այնտեղ տոմսերն ստուգող կինն էր կանգնած։ Նրան շրջանցել դժվար կլիներ։ Այստեղ էլ երրորդ փորձից միայն կարողացավ դահլիճ մտնել։ Արագ-արագ գնաց դեպի նվագախմբի փոսից նկուղ տանող դուռը։ Նստեց դիմացը, հետո քայլեց այսուայնկողմ, մինչև հարմար պահ գտավ ու նկուղ խցկվեց։ Ձեռքերը դողում էին, նկուղը շատ ավելի խավար թվաց, քան առավոտյան էր։ Նա կարողացավ գտնել դետոնատորը, անջատել ժամացույցը։ Հանգիստ շունչ քաշեց, մի քանի րոպե բերանն ափով փակած հեկեկաց, հետո հանեց մյուս դինամիտները, թավջութակի միջից դուրս բերեց սև ճամպրուկը, դրանք տեղավորեց մեջը, ինչքան աչքը տեսավ, հրավառ նյութերն էլ հավաքեց, սրբեց ափով ու լցրեց նույն պայուսակի մեջ։ Ինքնաբերաբար ճամպրուկի մեջ դրեց նաև գրախանութից գնած երկու գիրքը։ Խարխափելով գնաց նկուղի խորքերը և ճամպրուկը թաքցրեց հին դեկորացիաների տակ ու վերադարձավ։ Քայլում էր թաթերի վրա, որպեսզի ո՛չ բեմում և ո՛չ դահլիճում կասկածելի ձայներ չլսվեն։ Մի քանի անգամ ծիկրակեց դուրս գալու հարմար պահ գտնելու հույսով, բայց արդեն ուշ էր։ Հանդիսատեսի մեծ մասն արդեն նստել էր դահլիճում, և փոսի դիմաց պարտերը նույնպես զբաղված էր։ Նա չուզեց ուշադրություն գրավել և որոշեց, որ դուրս կգա համերգից հետո, երբ դահլիճը կսկսի դատարկվել։

Հարմար տեղավորվեց իրար գլխի դարսված հին վարագույրների վրա։ Բեմից հասնող երաժշտության ձայները վաղուց կտրվել էին, իսկ դահլիճում դեռ իրարանցում էր։ Ի վերջո, երբ բոլորը տեղավորվեցին ու դահլիճում նույնպես լռություն տիրեց, Արուսյակը լսեց երաժիշտների ոտնաձայները։ Լսվեց նաև բացվող վարագույրի խշխշոցը, հետո՝ դահլիճի ծափերը։ Աղջիկը չափազանց հոգնած էր և մտածում էր, որ չի դիմանա քնի ծանրությանը, սակայն առաջին նոտաներն իսկ թափանցեցին հոգին։ Մի քանի րոպեից հանդարտ մեղեդին նրան տարավ Երզնկա, Եփրատի ափ, որտեղ վազվզում էին եղբոր հետ։ Հետո գետը փրփրեց, ալիքները կատաղի թափով զարկվեցին ու դուրս եկան ափերից։ Դրանք կարմիր էին։ Կարմիր ջուրն իր հետ գետի հորձանուտ քաշեց քրոջն ու եղբորը։ Նրանք փորձում էին բռնել իրար մեկնված ձեռքերը, բայց զարկվում էին քարերին ու առաջ քշվում հոսանքն ի վար։ Նվագախումբը լռեց, և լսվում էր թավջութակի սոլո ողբը։ Հետո զանգեր էին ու ջութակի ճիչը։ Զանգեր ու ճիչ, զանգեր ու ճիչ։ Աղջիկը հեկեկում էր, «մայրս է». մտածեց ջութակի մասին։ Նա վազում էր քարքարոտ ափին, սայթաքում էր, ընկնում ու նորից վազում, փորձում փրկել ջրապտույտի մեջ հայտնված իր զավակներին, բայց նրանք ավելի էին հեռանում, թմբուկների մի քանի հարվածից հետո նա էլ ջուրը նետվեց։ Ջութակի ճիչը դանդաղ մարեց, և նրան միացան ուրիշ ջութակներ, նրանք մեղմորեն լալիս էին, հետո կրկին ճիչը և բողոքը դեպի երկինք։ Արուսյակը տեսավ եղբորը քեռու կողքին, եկեղեցու բեմի վրա, դպիրի հագուստով։ Երգեհոնի հետ եկան հրեշտակները, նրանց թևերը փշրվում էին, ու նրանք գահավեժ զարկվում էին ժայռերի սուրծայր քարերին ու մահանում։ Քաոս էր ոչ միայն երկրի վրա, այլև ողջ տիեզերքում։ Փողերն ազդարարեցին երկնքի փուլ գալը, և կրկին ամեն ինչ մեղմացավ, մարեց ու միայն դաշնամուրն էր դեռ սգում աշխարհի կործանումը։ Արուսյակն այլևս չկարողացավ լսել հոգեկեղեքիչ այդ ողբը։ Նա ցուցամատները խրեց ականջների մեջ ու անշարժացավ։ Դահլիճի բուռն ծափերն այնուամենայնիվ լսվեցին։ Նա հեռացրեց մատներն ականջներից ու լսեց ծափերի որոտը, բռավոների գոչյունները։ Տասը րոպե օվացիայից հետո ծափերը լռեցին, և լսվեց դահլիճի աղմուկն ու ոտնաձայները։ Երբ ամեն ինչ լռեց, Արուսյակը դուրս եկավ իր թաքստոցից, արագ միջանցք հասավ և խառնվելով ամբոխին՝ դուրս եկավ կոնսերվատորիայից։

Հանդիսատեսն արդեն հեռացել էր, բայց կային մարդիկ, որոնք դեռ սպասում էին դռների մոտ։ Երիտասարդ կոմպոզիտորը կես ժամ անց դուրս եկավ մարդկանցով շրջապատված։ Դրսում սպասողները շրջապատեցին նրան։ Արուսյակն էլ մոտեցավ թիկունքից ու տասներեք տարվա ընդմիջումից հետո խոսեց.

– Արշա՛կ, եղբա՛յրս, Արշակ Հովսեփյան, Արշակ Արչի։

Երաժիշտը շրջվեց, նայեց աղջկան և ասաց.

– Ես ձեր լեզուն չեմ հասկանում։

– Արշա՛կ, ինձ չե՞ս հիշում, քույրդ եմ՝ Արուսյակը,- գերմաներեն խոսեց Արուսյակը։

– Դուք սխալվել եք, ես Արշակը չեմ, Ես Յուսուֆ Արչին եմ։ Թուրք երաժիշտ։

Աղջիկն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ուղեկիցները նրան մի կողմ հրեցին ու խմբով քայլեցին դեպի մեքենաները։

Արուսյակը բոլորի հեռանալուց հետո դեռ երկար ժամանակ կանգնած մնաց ու չգիտեր անելիքը։ Հետո մոլոր քայլերով իջնում էր փոքր-ինչ թեք փողոցը, բայց րոպեներ անց նրան շրջապատեցին ոստիկաններն ու տարան։ Յուսուֆ Արչիի ուղեկիցների մեջ թուրքական դեսպանատան աշխատակիցներ կային, որոնք ճանաչել էին ահաբեկչին։ Ոստիկանական բաժանմունքում զարմացան՝ այս անգամ դատապարտյալը խոսում էր։

– Ինչո՞ւ եք փախել առողջարանից և ի՞նչ էիք պատրաստվում անել թուրք երաժշտին։

– Նա թուրք չի, իմ եղբայրն է, իսկ ես հայ եմ։

Հետո նրան բազմաթիվ հարցեր տվեցին, բայց Արուսյակը մեկ անգամ էլ ասաց, որ դիրիժորն իր եղբայրն է, անունն էլ Արշակ, որից հետո կրկին պապանձվեց և այլևս չպատասխանեց ոչ մի հարցի։

Գիշերը բաժանմունքում պահելուց հետո, ոչ մի հանցանշան չգտնելով, առավոտյան նրան կրկին առողջարան տարան։ Բժիշկ Կուրտ Հապպերը նկատողություն ստացավ և խոստացավ այդուհետ ավելի խիստ հսկողություն սահմանել իր հիվանդի վրա։ Երբ միայնակ մնացին, նա հարցրեց.

– Ո՞ւր էիր գնացել, ինչի՞ համար։

Հարցրեց ու չէր սպասում պատասխանի։ Մինչդեռ Արուսյակը հանգիստ ասաց.

– Եղբորս համերգն էր։

Հապպերը չհավատաց ականջներին.

– Ի՞նչ, դու խոսո՞ւմ ես, դու արդեն խոսո՞ւմ ես։

Բժիշկն ուրախությունից թռչկոտում էր, անգամ իրեն թույլ տվեց համբուրել աղջկա ճակատը։ Բայց Արուսյակն էլ ոչինչ չխոսեց։ Երեկոյան Հապպերը կրկին այցելեց նրան։ «Միայն թե խոսի, ինչ ուզում է թող ասի, միայն թե նորից չլռի»,- մտածում էր միջանցքում։ Դեռ չէր հասցրել որևէ բան ասել, որ Արուսյակը խոսեց.

– Ես առանց քո իմացության էլ երբեք ոչ մի տեղ չեմ գնա։ Ես էլ չեմ անի մի բան, որի համար դու կնեղվես։

Սիրահարված բժշկի ականջներին այդ խոսքերը հնչեցին որպես փոխադարձ սիրո խոստովանություն։ Նա գրկեց Արուսյակին, համբուրեց այտերն ու կտրուկ թողնելով՝ գրեթե վազքով դուրս եկավ սենյակից։

Բժշկի հեռանալուց հետո Արուսյակը գրպանից հանեց թերթի ծալված կտորն ու մեկ անգամ էլ կարդաց համերգի հայտարարությունը։ Նոր միայն ուշադրություն դարձրեց վերջին տողին, որ Յուսուֆ Արչին իր «Ռեքվիեմի» պրեմիերան կոնսերվատորիայում է նախատեսել՝ որպես երախտագիտության տուրք այն կրթօջախին, որտեղ սովորել է վեց տարի։ «Ուրեմն նույն քաղաքում, այդքան մոտ ենք եղել իրար ու չենք իմացել»։ Նա որոշեց, որ հենց այդպես կսկսի իր նամակը, որը մտադրվել էր գրել։

«Արչի» վեպը հրատարակվելու է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով։

*Հատված վեպից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։