ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ – 75

Պերճ ԶեյթունցյանՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

ՄԵՐ ԹԱՏՐՈՆԻ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ

Երևանի Դրամատիկականի շուրջ կեսդարյա խաղացանկում, որն ընդգրկում է հարյուրից ավելի բեմա­դրություններ հայ և արտասահմանյան դրամատուրգիայից, Պերճ Զեյթունցյանն ունի ծանրակշիռ դերակատարու­թյուն: 1974 թվականից ի վեր, երբ նա «Ամենատխուր մարդը» պիեսով մուտք գործեց մեր թատրոն, չի եղել ոչ մի խաղաշրջան առանց նրա մասնակցու­թյան, որոշ տարիների էլ միաժամանակ խաղարկվել են գրողի մեկից ավելի դրամաները: Այսքան շարժուն բեմական ներկայությունը մեզանում բացառիկ երևութ է: Սիրելի Պերճն ուրիշ թատրոններում էլ է «խաղացել», սակայն կարծում ենք, նա մեզ հետ կհամաձայնի, եթե ասենք` նրա համար Դրամատիկականն է «մայր ու գլխավոր» թատրոն:
«Ամենատխուր մարդուն», որը տխուր էր իբրև հերոս և ուրախալի իր գրական-բեմական կերտվածքով, հետևեցին «Աստվածների կանչը», «Մեծ լռություն», «Կանգ առ, երկրագունդ», «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» դրամաների բեմադրությունները` երևելի ռեժիսորների ու դերասանների մասնակցությամբ: Զեյթունցյանի դրամատիկական երկերին բնորոշ են դասական հայեցակարգը, հետադարձ կողմնորոշումն անցյալի պատմական երևույթներին, գաղափարայնությունը` հրապարակախոսական շեշտադրումներով, մտավոր-մտածական խոսքը, որոնցում նա գրական սահմանադրություն չի խախտում, հավատարիմ է դրան, և սա նրա սահմանադրությունն է, որը բեմական մարմնավորում ստանալով` լայն հանդիսատեսի համար դառնում է սիրելի ու հարազատ: Դժվար է պատկերացնել վերջին տասնամյակների հայոց դրամատուրգիական գրականությունն ու թատրոնն առանց նրա ստեղծագործության, որը երկու ասպարեզներին էլ թելադրում է մի որոշակի արժեքայնու­թյան չափանիշներ:
Մեր տաղանդավոր բարեկամ Պերճ Զեյթունցյան, ներկայումս Դրամատիկականում իրականացվում են Ձեր «Փարիզյան դատավարություն» պիեսի նախափորձերը: Այդ բեմադրությունը որոշ ուշացումով կարձագանքի Ձեր վաստակավոր հոբելյանին: Ձեզ մաղթում ենք ստեղծագործական նոր հաջողություններ և մեր փոխըմբռնման երկար շարունակելիություն:

ԵՐԵՎԱՆԻ ՀՐ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ  ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

ԵՐԿՆՔԻ ԿԱՊՈՒՅՏԸ

Անցյալ դարի 60-ական թվականներին արձակի դաշտ էին ներխուժել ջահել ու տաղանդավոր տղերք, որոնց գրվածքները ձնհալի տակից դուրս եկած ձնծաղիկների պես թարմ էին ու դյութիչ, խոսքը մերկացել էր կեղծ կաղապարներից, գաղափարական ուղղորդված գծից և ձեռք էր մեկնել եվրոպական ու համաշխարհային գրականության ժամանակակից բարձր ու ազատ մտածողությանը:
Պերճ Զեյթունցյանն այդ փաղանգի մեջ իր յուրահատուկ ձայնն ուներ և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» վեպով դարձավ ընթերցողների և, հատկապես, մեր սերնդի գրողներից շատերի սիրելի ու սպասված անունը:
Ամեն նոր գրքի հետ Պերճ Զեյթունցյանի խոսքն ավելի ընդարձակեց ժանրային սահմանները, նրա դրամատուրգիան թատրոնների բեմերից խոսում է պատմության ու ներկայի հետ և առավել, ապագայի խորքերից է քննում անցյալ ու ներկա: Թարգմանում են նրա երկերը, նա արժանացել է բարձր մրցանակների ու կոչումների, և այդ ամենն ընդունվում է շատ սովորական` այդպես էլ պիտի լիներ, արժանավոր է: Իսկ իբրև մարդ` ազնվական հայի ձիգ տեսակ է, որի հետ շփվելիս երկնքի մոտիկությունն ես զգում: Պատահական չէ, որ նա իր աչքերում միշտ անհունի կապույտն է պահում:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

***

…Ես առիթ եմ ունեցել քննադատի իմ հայացքով ստուգելու Զեյթունցյանի գրա­կան ոճը «Մեզանից հետո» վեպում և համակրանք արտահայտելու նրա խո­համիտ հերոսների մաքուր ու անանձ­նա­կան ձգտումների հանդեպ: Այժմ, երբ տա­­րիներ են անցել, և իրերը սուզվել են ան­­­դար­ձության մշուշում, չեմ հիշում, թե նրանք` այդ ռոմանտիկները, ի՞նչ առա­քելություն էին փի­լիսոփայում իրենց հայտ­նության նախերգանքում և գի­տակցում կամ գուշակո՞ւմ էին, թե ինչ էր լինելու իրենցից հետո: Բայց մի բան կա­րող եմ հաստատապես ասել, որ հետո աշխարհն այնպիսին չեղավ, ինչպիսին ենթադրում էին իրենք: Երազները տեղի տվեցին, վերադարձի օրենքով իրա­կա­նու­թ­յունը ճանաչելի դարձավ պատ­մության փոխաձևությամբ, և տի­ե­զերական ժամանակի կիզակետում հայտ­նվեց ողբեր­գական անհատը` մի Արշակ թագավոր, մի Թեհլերյան, մի Կլոդ Իզերլի, մի Վարուժան, մի Զոհրապ: Ողբերգական այս անհատի առասպելն է, որ պատմում է Պերճ Զեյթունցյանը, ճշմար­տության ու արդարության գե­ղա­գիտական իր իդեալը ներձուլելով թախծոտ ազգային ու համա­մարդկային արձագանքներին:

Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

***
…Հանդիպումը թատերագիր Պերճ Զեյ­թունց­յանի հետ ոչ թե միայն ուրա­խություն է, այլև տքնաջան աշխատանք: Որովհետև գրողը ամեն անգամ նորովի է մեկնաբանում թատրոնի իր ըմբռնումը` ներկայացնելով պարադոքսալ մի նոր պատմություն: Ուրախությունը հետո է գալիս, երբ ներկայացումը հավաքում է լեփ-լեցուն դահլիճ, և հանդիսատեսը դառնում է մասնակից, երբ հանկարծ, ցավ պատճառելու չափ հստակ հաս­կանում ես, որ տեխնիկական առաջա­դի­­մության մեր դարում ոգեղենի սահ­մանները հետզհետե ավելի ու ավելի են նեղանում:

Խորեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

***
…Կարդում եմ հայ գրողների գրքերը` հոգևոր Հայաստանի ալմաստներն եմ որոնում: Եվ ահա գտա էլի մի պայծառ ալմաստ: Կարդացի Ձեր սքանչելի, շատ իմաստուն, շատ տաղանդավոր ու շատ ժամանակակից դրաման` «Ամենա­տխուր մարդը»: Եվ հանկարծ ամեն ինչ դար­ձավ ուրախալի` գտածս էր ուրա­խացնող: Ուրախալի է այդպիսի տա­ղանդավոր մարդկանց կողքին: Քանի դեռ աշխարհում ապրում են իմաստուն մար­դիկ, այդպիսի տաղանդավոր մար­դիկ, աշխարհում ապրելը սարսափելի չէ: Փառք Աստծո, որ այդպիսի մարդիկ դեռ կան աշխարհի վրա:

Էդուարդաս ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

***
…«Երևանյան օրերի խրոնիկան» իր ողջ էությամբ հակադրվում է կինոյի լեզվին սպառնացող ստանդարտացմանն ու համահարթմանը: Ֆիլմը ոչ միայն խոսում, այլև մտածում է սեփական լեզվով ու լուծում սեփական պրոբլեմներ: Կյանքի վերին դրսևորումն այստեղ վավերացվում է իր ծայրագույն բարձրահունչ արտահայտմամբ, որովհետև մարդու վիճակը որսվել է ամենածայրագույն լարման պահին: Դրա հետևանքն են հենց իրադարձությունների, բնավորու­թյունների ու պատկերի որոշակի «չափազանցությունը», թեև արտահայտման այս կերպը չի խանգարում գեղեցիկ զգացմանը: Չեն խանգարում դրան և ֆիլմի, այսպես կոչված, պատրումները, ռեալիստական ու զվարճախաղային հոսանքների միախառնումը («մոռացված» մեխերը, սովորել են ու… չեն սովորել միևնույն դպրոցում, «Գարնանային փողոց», գիշերային հյուրագնացություն անծանոթ տունը, հերոսի կատակախառն ու շատ լուրջ մենախոսությունը և այլն): Այդ ամենը զվարճալի է, տխուր և շատ ու շատ լուրջ, քանի որ հիշված դրվագների խեղկատակային, ուրախ թախիծն ու պատրումը սրում են թե՛ բուն միտքը, թե՛ նրա պատկերային արտահայտությունը, մերժում են «ձանձրալի կինեմատոգրաֆի» տեսությունը ու պահպանում մարդկային կեցության ու մարդկային հարաբերությունների անաղարտ գեղեցկությունը: Եվ` սիրո, որը ֆիլմում չքնաղ է ու կործանող, որովհետև շնչում է ինչ-որ մոգական, կախարդական և, միաժամանակ, անկասելի երկրային գեղեցկությամբ:

Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

***
…Պիեսը գրված է դրամատիկ մեծ լար­վածությամբ և գեղեցիկ, մի բան, որ շատ կարևոր է, որովհետև երբեմն կարդում ես պիեսներ, որոնք թեև վատ չեն գրված, բայց փնթի են շատ: Այստեղ խորն են նաև մտքերը: Կարդում ես և անընդհատ մտածում մեր խելագար և անհեռանկար աշխարհի մասին:

Վիկտոր ՌՈԶՈՎ
(«Աստվածների կանչը»
պիեսի մասին)

***
Դուք շատ ուժեղ դրամատուրգ եք, մեկը լավագույններից, այլապես ես երբեք չէի թարգմանի Ձեզ:

Էդվարդ ՌԱՁԻՆՍԿԻ

ՍԻՐԵԼԻ ՊԵՐՃ  ԱՐՄԵՆԱԿԻ

Շնորհավորելով Ձեր վաստակած հոբելյանը` հասկանում եմ, որ շնորհավորում եմ մի այնպիսի անհատականության, առանց որի ուղղակիորեն չկա ժամանակակից հայ թատրոն: Մի մարդու, ով իր թատերագրությամբ մեծ ազդեցություն ունի իմ և ուրիշ բեմադրիչների կայացման և հաջողությունների հասնելու գործում: Պերճ Զեյթունցյան դրամատուրգի ներկայացումները երկարակյաց են: Նրանք խորապես արդիական են, այլ ոչ` առօրեական: Նրանց մեջ միշտ լսելի է և՛ համազգային, և՛ համամարդկային ցավից բաբախող զարկերակը, որը խոր, բայց միշտ լուսավոր հետք է թողնում հանդիսատեսի հոգում: Մեր համագործակցությունը սկսվեց 1987 թ. «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման ծնունդով, որը բոլորել է իր 25–ամյակը: Հիշում եմ մեր առաջին հանդիպումը, երբ ասացիք. «Հանգիստ աշխատիր: Պիեսին չվերաբերվես ինչպես մարմարի վրա քանդակած բառերի»` երիտասարդ բեմադրիչին տալով մեծ ազատություն:
Միշտ բավականություն եմ ստացել Պերճ Զեյթունցյանի` մեծ քաշ ու խտություն ունեցող, խոսքի հետ աշխատելուց: Շնորհակալ եմ ճակատագրին, որ նույն ժամանակ, նույն քաղաքում ապրում եմ Պերճ Զեյթունցյան արժեքի հետ, շնորհակալ եմ մեր հանդիպման, համագործակցության, մտերմության համար, որն ամրապնդվեց «100 տարի անց» ներկայացումով:
Կրկին անգամ, որդիաբար շնորհավորում եմ Ձեր հոբելյանը, մյուս թատրոններին և Խանդիկյանին խանդելով`
միշտ քո`

Տիգրան ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ` «ՎԱԹՍՈՒՆԱԿԱՆՑԻ»

«Վաթսունականցիների» աշխարհայացքի, աշխարհաճանաչողության նոր դրույթների վրա ահռելի ազդեցություն ունեցավ փիլիսոփա Նելլի Միտրոշիլովան, որն առաջիններից մեկը, քննադատելով մի շարք փիլիսոփայական ուղղությունների կտրվածությունը կյանքից, դրանց կիրառական ճգնաժամը՝ քննախույզ հայացք հառեց էքզիստենցիալիզմին, նրա դրսևորումներին գեղարվեստական մշակույթում: Սա չափազանց կարևոր էր, որովհետև «վաթսունականցիներից» շատերի, ինչպես նաև Պերճ Զեյթունցյանի համար էքզիստենցիալիստական աշխարհայեցությունը դարձավ միջոց՝ բացահայտելու իր հերոսներից շատերի կենսադիրքերն ու ներսուզումները, հատկապես շեշտելու մենակության թեման, որը մի ողջ ժամանակաշրջանի գրականության համար դարձավ առաջնային: Այս աշխարհայեցությունը շատ ավելի խորացավ հետպատերազմյան տարիներին, երբ մարդը հայտնվեց հիասթափությունների, փշրված պատրանքների մեջ՝ ձգտելով ձևավորել վերերկրյա, գրեթե բնազանցական մի իրականություն՝ արդարացնելու իր փախուստն ու հիացումի բացակայությունը…
Հայ իրականությունն անմիջապես որսաց շարժման փիլիսոփայությունը, Հայաստանում ևս շարժումն իր անդրադարձներն ու արտացոլումները ստացավ: Առաջինը Վարդան Աճեմյանն արձագանքեց նոր իրողություններին՝ բեմադրելով Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, որն ազգային թատրոնում նոր մտածողության, գեղարվեստական նոր սկզբունքների հաստատման նախանշանը հանդիսացավ: «Վաթսունականցիների» մուտքը հայկական կինո նշանավորվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» կինոֆիլմով, որը գլխիվայր շրջեց պատկերացումները կինոյի հաստատված լեզվի ու թեմաների մասին, էկրան բերեցին գիտնականին՝ այսպիսով ընդարձակելով սխեմատիկ-հանրաճանաչ հերոսների շրջանակը: Անպայմանորեն, ազգային կինոյի վրա իր ազդեցությունը թողեց նաև իտալական նեոռեալիզմը, որը հատկապես արտացոլվեց Հենրիկ Մալյանի ֆիլմերում, առաջին հերթին՝ «Եռանկյունին» ֆիլմում: Արևմտյան գեղարվեստական իրականության և ազգային մշակութային տիրույթների համադրման քաղաքականությունը աստիճանաբար թափանցեց կերպարվեստ, երաժշտություն, անպայմանորեն՝ գրականություն՝ հենց Պերճ Զեյթունցյանին հռչակելով «վաթսունականցիների» առաջնորդներից մեկը, որովհետև ունենալով արևմտյան կողմնորոշումներ, ժխտելով սոցիալիստական ռեալիզմի մեթոդի կաղապարվածությունը՝ գրողը ձգտում էր ազգայինի և արևմտյանի զուգորդումներին, մասնավորաբար 20-րդ դարի արձակում տեղի ունեցող կերպարանափոխումներին, անհատի ներաշխարհի պատկերման առաջավոր միտումներին: Ժամանակաշրջանը չափազանց բարենպաստ էր Պերճ Զեյթունցյանի համար, որովհետև այլևս պատմություն էր դառնում «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարը», ձևավորվում էին գրականությունների մերձեցման հրաշալի նախապայմաններ: Ինչպես Պերճ Զեյթունցյանը, այնպես էլ ազգային արձակի նոր սերնդի մյուս ներկայացուցիչները սկսեցին ազատորեն մղվել դեպի արևմտյան գրականության ավանդույթների ու նորարարության հանգրվանները՝ այսպիսով նաև քայլ առ քայլ ձևավորելով միանգամայն նոր «սոցիալական դեկորացիա» և հոգեբանական խնդիրների համակարգ: Եթե 1940-ականների հայ արձակի համար բնորոշը մղումն էր դեպի պատմությունը, ազգային ճակատագրի հեռավոր եզերքները, ինչի արդյունքում էլ պատմավիպասանությունը դարձավ արձակի առաջատար շրջագիծը, ապա 1950-ականների համար բնորոշը «արտադրական թեման» էր, «սոցիալիստական գյուղի» վերազարթոնքը: Մինչդեռ 1960-ականներին, ի տրիտուր «գյուղական դեկորացիայի»՝ գեղարվեստական արձակ եկավ ուրբանացված միջավայրը, որը ոչ միայն Հայաստանն էր կամ Խորհրդային Միությունը, այլև՝ Արևմուտքը իր բազմաշերտությամբ, սոցիալական և հոգեբանական խնդիրների բազմազանությամբ: Պերճ Զեյթունցյանը համարձակությամբ իր գրականության շրջանակներ բերեց հենց արևմտյան կյանքի, քաղաքական ու գաղափարական հայեցակարգերի և կոլիզիաների շոշափումները՝ հաճախ այդ ամենին համադրելով-հակադրելով ազգային միջավայրին բնորոշ խնդիրները: Այս միտումը հատկապես հատուկ էր ճապոնական ավանգարդի խոշորագույն ներկայացուցիչ Կոբո Աբեին, որի ոչ թե ազդեցությունները, այլ ստեղծագործական մեթոդի առանձնատիպայնությունը նկատելի էր նաև Զեյթունցյանի ստեղծագործության մեջ: Արևմտյան գրական իրականության մեջ վաղուց հաղթահարված էին մի շարք կարծրատիպեր, լուծված էին անհատի ու աշխարհի փոխներթափանցումների և հակադրությունների յուրօրինակ խնդիրները, նորից ու նորից գրականություն էր եկել «միայնակ մարդը»՝ իր հոգեբանական խնդիրների բազմազանությամբ, հետևաբար հենց այս ամենն էր դառնում խթան նորագույն շրջանի հայ արձակի համար հատկապես, որում Զեյթունցյանը դարձավ առաջնորդներից և խիզախ նորարարներից մեկը: Արևմտյան գրականության մեջ անհատի ու աշխարհի կապակցվածության և տարանջատման խնդիրների կենտրոնում էքզիստենցիալիստական փիլիսոփայությունն էր, մի ուղղություն, որը ժխտվում և մերժվում էր խորհրդային իրականության և կոմունիստական գաղափարախոսության կողմից, մասնավորաբար սուր քննադատության էր ենթարկվում անհատի միայնության խնդիրը, քանզի խորհրդային իրականությունը, ըստ հաստատված սկզբունքների, հանուրի միասնությունն էր հաստատում: Զեյթունցյանն իր հերոսներով սկսեց ընդդիմանալ այս համահարթեցված պատկերացումներին և առավելապես հակվեց հետազոտելու, գրականության նյութ դարձնելու աշխարհում միայնակ գործող անհատի խնդիրը՝ անպայմանորեն դիտարկելով նրան էքզիստենցիալ վիճակներում: Այս հանգամանքն արդեն նորություն էր ազգային գրականության մեջ, այն ձևավորում էր անհատ-իրականություն կապի մի նոր դրսևորում՝ յուրովի հակադրվելով ժամանակի ու անհատի փոխառնչություններին վերաբերող բոլոր կարծրատիպային պատկերացումներին: Անհատը ժամանակը կրում է իր մեջ, ժամանակի իր մոդելն է մղում առաջ՝ այսպես ոչ թե ինքը մղելով կռիվը, այլ դառնալով անհատի ժամանակի և իրականության մեջ ձևավորված ժամանակի միջև ընթացող անհաշտ պայքարի վկան, ականատեսը, երբեմն՝ հուշարարը: Այս հայեցությունը յուրովի արտացոլվեց «Մեզանից հետո» և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» վեպերում, որոնք ազգային վեպում նոր շրջադարձերի սկիզբն ավետեցին:
Պերճ Զեյթունցյանի նորարարությունն ու ինքնատիպ հեղափոխականությունը ժամանակի գրական ընթացքում կարծես հետևորդներ չձևավորեցին, գրողը չհռչակվեց գրական առաջնորդ, խոսակցություն չծավալվեց նրա դպրոցի, գեղագիտականի նրա հաստատումների մասին: Պատճառներից մեկն այն էր, որ Զեյթունցյանի գրականությունը քիչ էր մերձենում անգամ վաթսունականների ազգային արձակում հիմնավորվող սկզբունքներին և թեմաներին, գեղարվեստականի և գեղագիտականի դրսևորումներին, կերպարաստեղծման այն եղանակներին, որոնք աստիճանաբար տիրական էին դառնում՝ հակադրվելով ավանդական արձակին: Հրանտ Մաթևոսյանի, Ռուբեն Հովսեփյանի, Նորայր Ադալյանի, Վարդգես Պետրոսյանի, Զորայր Խալափյանի, Հովհաննես Մելքոնյանի, այլոց գեղարվեստական ընկալումները եթե բախման մեջ չէին մտնում Զեյթունցյանի ընկալումների հետ, ապա չէին էլ մերձենում, որովհետև գրողը կարծես հայտնվում էր միայնության մեջ՝ սակավ դեպքերում ընդհանրություններ գտնելով Աբիգ Ավագյանի գրականության հետ, որի ատաղձը ևս հենվում էր արևմտյան գրականության պատկերաարտահայտչական համակարգերի և փիլիսոփայական ենթաշերտերի վրա: Եվ այս «միայնությունն» էլ ծնում էր ինքնահատուկ զատվածություն, որը հաղթահարվեց հատկապես «Արշակ Երկրորդ» վեպի ծնունդից հետո, երբ Զեյթունցյանը հռչակվեց որպես պատմավիպասանության քարացած կանոները ժխտող, այս «տարածքում» նոր սկզբունքների հիմնավորող: Գրողի ինքնահաստատման ու ազգային գրականության մեջ սեփական տարածքի հաստատման կարևորագույն հանգրվանը «Կլոդ Ռոբերտ Իզերլի» վեպը եղավ, որն էլ կապակցվեց «Արշակ Երկրորդին»՝ այսպիսով գոյավորելով գրողի ժամանակը, նրա գրականության ու ապրվող ժամանակի փոխկապակցվածությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։