Կարո Մելիքսեթյան-85․ Պայծառ երգեր գրելու իմաստնությունը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դու գրիր միայն երգեր պայծառ,

Ազնիվ, թրթռուն ու սրտահույզ,

Որ թեկո՜ւզ դարեր անցնեն, դարձյալ

Նրանցից մի բառ չթողնեն դուրս:

 

Այս քառատողով կարող էր բացվել Կարո Մելիքսեթյանի «Արևի տակ մահ չկա» բանաստեղծությունների, իսկապես, պայծառ ու լուսավոր ժողովածուն, սակայն նրանով ոչ թե բացվում, այլ ամփոփվում է այն: Իմ այս միտքն օդում կախված մնալ չի կարող, որովհետև բացատրություն է պահանջում: Իսկ բացատրությունն այսպիսին է. եթե այն դրվեր ժողովածուի սկզբում, իրար հերթագայող բանաստեղծությունները, գերազանցելով մեկը մյուսին, կխոսեին պայծառ երգեր գրելու վերաբերյալ բանաստեղծի դավանանքի մասին: Սակայն վերոհիշյալ քառյակը, որով ամփոփվում է գիրքը, մի տեսակ դուրս է գալիս Կարո Մելիքսեթյանի ստեղծագործական դավանանքի անձնականության շրջանակներից՝ դառնալով հորդոր, խնդրանք, հանձնարարություն, ինչու չէ, նաև՝ պարտադիր պայման նրանց համար, ովքեր մտնում են պոեզիայի սահմաններից ներս՝ իրենց ասելիքն այնտեղ թողնելու:

«Հին հայրենիք», «Հայոց երգը», «Վանա լիճ», «Եթե ուզում ես» և մնացած բոլորը, որոնք ամփոփված են «Արևի տակ մահ չկա» ժողովածուում, խոսում են նույն այդ վերնագրի իմաստի ճշմարիտ լինելու մասին: Կարո Մելիքսեթյանը գտել է արևը որպես հավերժության ուղեկից և նույն արևային շողերով պատել իր տողերի ֆոնը: Նրա թախիծը, ծանր ապրումը, անհանգստությունը և նման բոլոր դառնությունները արևային ֆոնին դաջված կուռ ու հատու ասելիքներ են, ուստի՝ ընթերցողին չի լքում արևից բխող լույսի զգացողությունը:

Ահա Կարո Մելիքսեթյանի իմացած հայրենիքը, որի մասին խոսելու համար նա հետ է տանում իր սրտի վրա նստած «ծանր ժայռերը» և նախշազարդ գորգի նման ու գեղագիտական խորիմաստ պատկերներով մեր առջև բացում մի պահից դեպի հաջորդ պահին անցումը.

Լույսի վրա լույս է բացվում,//Լույսի վրա՝ Ալվան ծաղիկ,//Ծաղկի վրա՝ ցողոտ աստղեր,//Աստղին՝ աստղից հին Հայրենիք://Հայրենիքի վրա՝ մի սիրտ,//Սրտի վրա՝ ծանր ժայռեր,//Ժայռին՝ խաչքար ու խաչքարին՝//Տաք քարաքոս ու աղոոթքներ:

Կարո Մելիքսեթյանի համար հայրենիքն այն է, որ կարող է փոխանցվել «Աստղին՝ աստղից», այսինքն՝ շարունակվել: Ուստի նոր Հայրենիքը լույսին փոխանցված հինն է:

Լույսի վրա լույս է բացվում,//Լույսի վրա՝ Ալվան ծաղիկ,//Ծաղկի վրա՝ ցողոտ աստղեր,//Աստղին՝ աստղից հին Հայրենիք:

Հայոց հայրենի երկիրը, հայոց տառը, երգն ու բառը Կարո Մելիքսեթյանի պոեզիայում հեռու են ողբից ու լացից: Դրանք Տիեզերքի հետ համամասնություններ կազմող ընկալումներ են՝ բանաստեղծի համար: Այս պարագայում շատ սիրելի ու առինքնող է բանաստեղծի անկեղծությունը, որովհետև այն շատ հեռու է շինծու ազդեցիկությունից.

Հայոց երգը, լավ ականջ դիր,//Ոչ թե երգ է ողբ ու լացի, //Այլ երգ է վեհ հպարտության՝//Սիրո, Հույսի ու խոր Թախծի://Հայոց երգը խորախորհուրդ//Տիեզերքի տարիքն ունի,//Իսկ Տիեզերքն, ականջ արեք,//Հայոց երգի կարիքն ունի:

Արևային լույսով ողողված տեսադաշտը Կարո Մելիքսեթյանի համար միայն հայրենիքով չի սահմանափակվում: Ընդհանրապես, կյանքը շիտակ ու շքեղ, գեղեցիկ ու լուսավոր պահերի մեջ ընկալելու վարպետ է բանաստեղծը: «Կյանքն ինչ է՝ մի մեծ Կիրակի, լցված սեր ու գինով…» տողերն ստիպում են քեզ հեռացնել սրտիդ մռայլությունն ու գնալ դեպի Արևելքի ինքնամոռաց վայելքների գիրկը: Մանավանդ, երբ շարունակում ենք կարդալ նման մտքերով լի բանաստեղծությունները.

Յարս սիրո պասի մեջ է, պասի մեջ,//Վարդի նման՝ բացված ոսկե վազի մեջ,//Իրենով լի սիրտն իմ ինչքան էլ վառի,//Իր պատկերն եմ տեսնում գինու թասի մեջ://Քեֆի գնանք հին Դալմայի բաղերում,//Մեզ քամուն տանք սիրո հրաշք խաղերում,//Աշխարհից ով ինչ տարավ, որ մենք տանենք,//Եկ անցկացնենք օրն այս շող ու շաղերում:

Վաղուց ուսումնասիրված է արևելյան պոեզիայի ավանդույթների հատվածը, որտեղ իրենց նշանակալից տեղերում են ինքնամոռաց վիճակների գովերգումը, սերն ու գինին: Ինչ տեղ են գրավում Կարո Մելիքսեթյանի այս թեմաներով գրած չնաշխարհիկ բանաստեղծությունները այդ շարքում: Դրա պատասխանը գտնում ենք հենց իր՝ բանաստեղծի տողերում.

Աշխարհում սիրո ոչ մի շքեղ վարդ//Ես ո՛չ հարգել եմ, ո՛չ էլ ճանաչել,//Եթե այն անլուր տառապանքներից,//Արցունքներից ու ցավից չի աճել://Սե՜ր, մեզ տալիս ես վիշտ ու հիացում,//Թրթիռներ հուսո, լույս ու ցավերի,//Որ կարողանանք դիմանալ նրան՝//Հրդեհների մեջ ու արցունքների:

Եվ այսպես, Կարո Մելիքսեթյանի արևելյան ոճի մեջ հիասքանչ բանաստեղծություններում զուտ վայելքի հրավեր չէ, այլ ավելի հեռուն գնացող իմաստային իր շարունակությունն ունի: Դա տառապանքից ծնված ծաղկի ընկալումը, ճանաչումը և ընդունումն է:

Եթե ինքնամոռաց վիճակ, ապա միայն մանկության հիշողություններով լի ծննդավայրում: Ահա թե այդ առումով ինչ ապրումներ կարող է իրեն թույլ տալ ազնիվ զգացումներով թաթախված բանաստեղծը, երբ ծննդավայրում է.

…Չկա երկինք, չկա երկիր,//Անցյալ, ներկա, հուշեր անդարձ://Կարծես, նրանք ո՛չ եղել են,//Ո՛չ էլ՝ ցնդել անվերադարձ://Անցյալ, Ներկա ու Ապագա,//Ասես, կյանքում չեն էլ եղել,//Սոսկ դիվահար ինչ-որ մեկն է//Նրանց տեղերը փոխընդփոխել:

Իսկապես, արևի տակ մահ չկա: Չէ՞ որ Լույսը մահվան թշնամին է: Պայծառ լույսի զորության զգացողությունից ծնված այս պոեզիան հուսադրող է՝ անհույս օրերի մեջ, և կյանքին դիմակայելու ուժ է հաղորդում:

Կարո Մելիքսեթյանի «Դու գրիր միայն երգեր պայծառ…» պատգամը, թերևս, պոետներին է ուղղված, իսկ մեզ՝ բոլորիս համար յուրաքանչյուր օրվա խորհուրդ պարունակող նրա այս տողերում իմաստունի խոսք է.

…Պիտի մի կեսդ պահես հողում,

Իսկ մյուս կեսդ՝ աստղերի մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։