ԱՆԴԻՄԱԿ ԼՈՒՅՍԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Մայիսի 3-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկա էին գրողներ, գրականագետներ և բանաստեղծի հարազատները: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ 60-80-ականների սերունդը դժվար է պատկերացնել առանց Արմեն Մարտիրոսյանի. նա իր ուրույն հետքն է թողել հայ գրականության մեջ։ «Արմեն Մարտիրոսյանն առանձնանում էր իր լեզվամտածողությամբ, ինքնատիպությամբ, միջնադարյան գրականության ավանդույթների պահպանմամբ, բանահյուսական, առասպելական, ինչպես նաև ժամանակակից թեմատիկայով»,- ասաց Էդ. Միլիտոնյանը:

ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանն իր ելույթում նշեց, որ Արմեն Մարտիրոսյանը հայ գրականության մեջ ընտրեց դեպի արմատները գնալու ուղին, և վերլուծեց նրա յուրահատուկ գիրը՝ մեջբերելով հատվածներ նրա ստեղծագործություններից, ինչպես՝ «Ես տեսնում եմ գույներ, որ ինձանից առաջ չի տեսել ոչ ոք,// ես լսում եմ ձայներ, որ ինձանից առաջ ոչ ոք դեռ չի լսել»: Ըստ նրա՝ Արմեն Մարտիրոսյանն անհատապես ուներ իր մեջ «Մազե կամուրջ»-ի գաղափարը, որ արտահայտվել է նույնանուն եռահատոր վեպում: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստիպված է եղել անցնել մազե կամուրջներով, և զուգահեռներն արդի իրականության հետ ակնհայտ են:

Աելիտա Դոլուխանյանը պատմեց Արմեն Մարտիրոսյանի ուսանողական տարիների մասին, պարզաբանելով նրա՝ դեպի միջնադար գնալու գրական ուղու ընտրությունը. «Արմենի պոեզիայի մեջ կա բացառիկ ազնվություն. ինքն իր պոեզիան է: Նա գնաց դեպի մեր արմատները, բայց այնտեղ չմոլորվեց, այնտեղից բերեց համամարդկայինը, ազգայինը, որ զգուշացում է հետագա բոլոր սերունդների համար»:

Հակոբ Մովսեսը խոսեց հայ և եվրոպական գրականության առնչությունների մասին՝ շեշտելով, որ Արմեն Մարտիրոսյանն իր կարևոր դերն ունի այդ համատեքստում հայ գրականության վերանորոգության մեջ: Նրա կարծիքով, Արմեն Մարտիրոսյանը տեղայնացրեց ժամանակակից մտածողությունը, նա հազարավոր թելերով կապված էր միջնադարյան բանաստեղծության ավանդույթների հետ և գտավ բուն հայկական բանաստեղծության միջուկը՝ արթնացնելով մի գիտակցություն, որ շարունակվեց նաև իրենից հետո: Հ. Մովսեսը ասաց. «Այժմ գրականության և, առանձնապես, պոեզիայի համար ցավալի ժամանակներ են: Պոեզիան արդիականացման նկատառումով միտում ունի լրագրողականացման: Հույս ունեմ, որ պոեզիայի համար թե՛ քաղաքական, թե՛ գեղագիտական տեսանկյունից վատ ժամանակները կանցնեն, և Արմեն Մարտիրոսյանի պոեզիան կունենա իր ուրույն և կողմնորոշիչ տեղը»:

Արքմենիկ Նիկողոսյանը, խոսելով 1960-ականների գրականության մասին, ասաց. «Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծությունն էր, որ ապահովագրեց այդ սերնդի ընդհանուր բանաստեղծական հետագիծը»: Ըստ գրականագետի՝ նա կարողացավ պահպանել միջնադարյան ավանդույթները և լինել մոդեռն, շարունակեց պոեզիայի ընթացքը՝ հիմնվելով արձակի ավանդույթի վրա:

Սուրեն Աբրահամյանը խոսեց Արմեն Մարտիրոսյանի ժամանակակցության, նրա բերած նորությունների ու պոեզիայի գեղագիտության մասին: Այնուհետև ելույթ ունեցան բանաստեղծներ Շանթ Մկրտչյանը, Արտաշես Արամը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը և հրատարակիչ Վան Արյանը: Նրանք կարդացին Արմեն Մարտիրոսյանի ու նրան նվիրված բանաստեղծություններ, հիշարժան դեպքեր պատմեցին նրա կյանքից:

Ցերեկույթի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Բաղինյանը ասմունքեցին Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից:

«Արմենը գրականություն մտավ երեխայի պես միամիտ ու խենթ՝ ինչպես մտնում են խորան: Նրա համար բառը գույն էր ու երաժշտություն, ինչպես ինքն էր իր բանաստեղծության մեջ գրում՝ ապավինում էր անդիմակ լույսի հիշողությանը»,- ասաց բանաստեղծի կինը՝ Ջուլիետա Ալոյանը, ելույթ ունենալով ցերեկույթի ավարտին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։