ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻ ՀԵՏ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ

ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆՀայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի առաջին ծավալուն անհատական ցուցահանդեսը եղել է 1974 թ.: Այնուհետև՝ բազմաթիվ ցուցադրանքներ, որոնք լայն համարում են բերել նրան: Ահա հարյուրավոր գրավոր կարծիքներից մի քանիսը:
«Ռուբեն Ադալյանը հարստացրեց մեր պատկերացումը հայ արվեստի մասին ընդհանուր առմամբ նոր, մեզ սակավ ծանոթ կողմերով» (Ռուբեն Դրամբյան):
«Նա հասուն և խորը վարպետ է, որը զարմանալի նրբակերտությամբ է լսում ժամանակակից աշխարհի ողբերգական ձայները» (Ալեքսանդր Կամենսկի):
«Ի վերուստ կոչված այն արվեստագետն է նա, որ ոչ ոքի նման չէ և ոչ ոք նրան նման չէ» (Ռուբեն Զարյան):
«Ռուբեն Ադյալյանն այն արվեստագետներից է, որի ուսերին դրված է ժամանակակից հայ արվեստը ստեղծագործական նոր տարածքներ դուրս բերելու դժվար ու պատվավոր գործը» (Հենրիկ Էդոյան):
«Չեմ կարող նրա մասին այլ բան ասել, քան որպես «Աստծո ողորմածությամբ» արվեստագետի, որին ստեղծագործական ծանր ու տանջալի վիճակ է բաժին ընկել, քանզի ստեղծագործել՝ նշանակում է ստեղծել հենց այն, ինչը չկա» (Կարեն Սվասյան):
«Ռուբեն Ադալյանն այն նկարիչներից է, որոնք տարածված որևէ չափանիշի չեն ենթարկվում, այլ իրենք են իրենց ամբողջ ստեղծագործությամբ չափանիշ ստեղծում» (Պերճ Զեյթունցյան):
«Մտքներս ձեր ինքնադիմանկարի հետ են: Մենք պատրաստ ենք գողանալու այն» (Ուսանողուհիներ):
«Ադալյանը եղել ու մնում է կերպարվեստի զարգացման առաջատար, և նրա ստեղծագործությունը հայոց մշակույթի հարստությունն է» (Տիգրան Մանսուրյան):
«Աշխարհի ներդաշնակությունն ու աններդաշնակությունը Ադալյանը արտահայտում է համարյա Վերածննդյան ազատությամբ, և ահա թե ինչու նա չի վախենում մարդկային վիճակները պատկերել բարձր լարվածության ու ճգնաժամի պահին» (Արամ Գրիգորյան):
Ստորև առաջին անգամ տպագրվում է արժանահիշատակ գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի խոսքը` Ռուբեն Ադալյանի մասին:
Մ շտապես խանդավառված բացառիկ անձնավորություն է: Խելագարի պես սիրում է նկարչությունը՝ հին, հնագույն, նորագույն և ապագայի: Պաշտում է պոեզիա – տարբեր ժամանակների, ազգերի: Կարդում է ամեն ինչ՝ տեսության, քննադատության, արվեստի առաջադրած խնդիրների, արվեստագետի վճռական դերի, ոճերի և նրանց փոխազդեցությունների մասին:
Երաժշտության՝ մանավանդ գերմանական և իտալական նոր ու հին գլուխգործոցների հազվագյուտ գիտակ է և երգիչ:
Հայ ժողովրդի պատմությունը գիտե իր ամբողջության մեջ և հրաշալի մանրամասներով: Ճանաչում է մեր ճարտարապետությունը, խաչքարերը, որմնանկարները և մանրանկարներով ձեռագրերը, Հայաստանի հետ կապված ամեն ինչը՝ այբուբենի աննման ոճավորած տառերը, զարդանկարները, եկեղեցիների ուրվագծերը և անզուգական ծավալները, կամուրջները, բերդերը, պարիսպները: Ադալյանը սնվում, ոգևորվում, երջանկանում է այս ամենով, իր զգայուն շոշափուկներով և ներվերով իմաստավորում դրանք ազնվորեն ու արժանապատվությամբ, ինչպես վայել է իր ժողովրդի իսկական զավակը լինելու ճշմարիտ բախտավորությանը:
Ադալյանն իր հզոր տաղանդի անմնացորդ արտահայտիչն է ու արտադրողը, հազարներով մեծ ու փոքր թղթի և կտավի վրա նկարում է, ծեփում, գծագրում՝ առանց անտարբեր վայրկյաններ ունենալու: Ինքնաներշնչանքի վայելքները երբեք չեն լքում նրա բանաստեղծական ոգուն և աշխատասեր եռանդին:
Ադալյանն իմ պատկերացմամբ անտառ է, հրաշալի, հեքիաթային անտառ-բնակեցված հնագույն ու նորագույն անզուգական ծառատեսակներով: Այդ չքնաղ աշխարհում՝ լեռներով, ջրվեժներով, խորակերտ վիհերով ու ծիածանագույն երկինքներով Ադալյան Ռուբենը իր հոգին է բացել շռայլորեն ու վստահ, որպես զարմանահրաշ հերոս, որ երբեմն երևում է իր անզուգական ինքնապատկերներում՝ երիտասարդության ասպետական տարիներից մինչև այսօրվա իմաստուն քերթողը:
Անչափ ցանկանում եմ տեսնել մեր բազմաքանակ նկարիչներին նույնքան սիրահարված իրենց գործին, նույնքան պաշտպան իրենց իսկ սկզբունքներին և գծագրությունների, որմնանկարների ու մոնումենտալ այլ սխրանքների պատրաստ, ինչպիսին է իմ կողմից, մեր հրաշալի նկարիչների կողմից խորապես սիրված ու հարգված հազվագյուտ նկարիչ Ռուբեն Ադալյանը:
Հենրիկ ՍԻՐԱՎՅԱՆ
10 հունվարի 1983 թ.

Մի քանի օրից՝ հունիսի 10-ին, Հայաստանի նկարիչների տան երկու դահլիճներում և հունիսի 14-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվեն 85-ամյա նկարչի անհատական ցուցահանդեսները, շատ նկարներ այցելուներին ներկայացվում են առաջին անգամ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։