Հրաչյա ԲԵՅԼԵՐՅԱՆ

Հրաչյա Բեյլերյան***
Գիշերը կախվել է ճերմակ թղթի վրա,
ինչպես ոտքի տակի օտարոտի
դատարկությունը հայող գիշերալապտեր:
Տարիների ոսկելողակ վտառը լողում է
այնքան լռին, որ հիշողության ջրերում
չի՛ թողնում ոչ մի ճողփյուն:
Ու թեև նախախնամաբար անհաղորդ ենք
Ընթացքին, բայց մեր մեջ տրոփում է
զորավոր մի կարոտ, որը դուրս է
մեր այստեղ գտնվելու
պայմանաժամանակից…
Ինչպե~ս կանգ առնենք, երբ չենք ընթանում.
ընթացքի ամեն ջանք` աշխատանք է քամու:
Ինչպե՜ս ապաշխարենք, երբ մեզ
առաջնորդում է դիմափոխվող մեղքը:
Ինչպե՜ս համրանանք այլուրեքի առջև,
երբ մունջ է մեր մեջ Բանն Աստծո:
Ճահճուտում ոգեշնչման խարույկներ ենք վառում
արյունոտ, և կույր համառությամբ
ուռճացնում ենք վիշապներին –
մեր արցունքը կլլող…
Երիցս լքված մեր մենության ներսից
տպավորիչ բառեր ենք արտանետում
ի եռաչափ աշխարհ
և սուտը գերապատկում
բանաստեղծությամբ:
Հպարտ ենք, որպես կորստյան
թագակիր մուրացկաններ,
գոռոզ ենք, որպես ինքնիշխան տիրակալներ
չիրականացման շիրմաթմբերի:
Ու թեև օձի պես խորագետ ենք հաճախ,
բայց դատարկ է մեր հոգու
աղավնատունը:

ԲԱՌԸ

Բառն ազատիր ապաստանից,
Ձայնիդ վրա ձայն ագուցիր.
Մաքրազերծիր քո սնարից
Դիմապատկերդ մտացիր:

Իր պտուղը գիտի ամեն
Քամի, կարկուտ, անձրև ու ձյուն:
Եվ գալիքի հուշերն անմեղ
Քո անցյալն է տարտամ հյուծում:

Սակայն խոսքդ հնարամիտ
Կեղծ է հնչում, երբ իբրև գող
Սքողել ես ուզում ձայնիդ
Մտապատկերը որբացող:

Աստեղային հուշեր ցանիր,
Անբարբառը թող դառնա բառ –
Թող ազատվի ապաստանից,
Անմահանա թող տիրաբար…

Բառն ազատիր ապաստանից.
Ձայնդ – միակ մի մենաստան: –
Եվ մի՛ ձգտիր ապաստանի,
Մահն է, քանզի, անապաստան:

***

Ի՞նչ զվարթուն էր անբարբառ երգում,
Ո՞վ էր տեսանել տաճարը բառի:
Ո՞վ էր ներփակվել բառի ընդերքում,
Ինչպես Մհերը` Ագռավաքարի:

Լույսն էր տրոփում երակ առ երակ,
Մեզ մաքրագործում` թախիծ առ թախիծ,
Հաղթակամար էր հյուսում երփներանգ
Անձրևի ծառի տերևաթափից:

Լույսն էր ծիլ տալիս ընդերքից բառի,
Որ անհասնելի եզերքին հասնի, –
Շունչ էր արարում, որ աչք արարի,
Աչք էր արարում, որ իրեն տեսնի:

Իմ ցնորքները լույսի մեջ հունցվում –
Դեռ ցոլցլում են իրիկնամուտին:
Զորությունները երկնային` ցնցվում
Եվ շնորհում են փառքն առավոտի…

Մեր մարմինները` ճառագյալ հողից
Դեպի աստղերը շքեղահանդես –
Պիտի նույն հողում անթեղվեն նորից
Կայծքարի ներսում ննջող կայծի պես:

***

Ձմեռը փաթիլված իր արյունն է ոթում
Մոռացության հունով:
Եվ քանի՞ աղավնու սիրտ է ճախրում օդում
Ճերմակ տրոփյունով:

Քանի՞ աստղի հոգոց խաղաղ կմեռանի
Համբարձվելու համար:
Մեզ ձյունն ի՞նչ է բերում, արդյոք սպեղանի՞,
Թե՞ սուրբ մի վարշամակ: –

Օտար մոլորակին իջնող ուրիշ մի ձյան
Արձագա՞նքը գուցե,
Կամ գիշերով հալչող լուսի՞նն է ինքնասպան
Զարկերակներ բացել…

Թող ամիսը Հունվար լռությունն արարի
Իր անծիր հանդեսի,
Քրմապետ-ձմեռը դառնա ծիսարարը
Իր սեփական ծեսի:

Սրսուռ ձյուն է եկել: Երկինքն է մրափել:
Մահն է բազմել գահին:
Հիշիր, հավքը բոցե` Ագռավը Հրաբեր
Ուղեկիցն է քո հին:

Եվ թող քո ճամփին էլ Ագռավն այդ Կրակե
Փետուրներ կրակի:
Գնա, մինչև վերջին դարպասները թակես,
Գտնես քո Կիրակին: –

Մինչև որ տեսանես Ոգու մեջ անթեղված
Նշանն ու հուրը ձյան,
Դառնաս սպիտակուց` համատարած ծեփված
Անբիբ մի կուրության:

ԼՈՒՍԻՆ ԵՎ ԼՃԱԿ

Լուսնի դեղին խնկամանից
Քամին բույրեր է հոտոտում:
Մշուշն աստղեր է վերծանել,
Որ լճակի մեջ են կաթում:

Լույսերի հոսքն է վարարել,
Ու լճակի մեջ աստղահոտ
Առկայծում է ձկնիկների
Թեփուկների փայլը խավոտ:

– Լուսին, լուսին, իմ ջրերին
Տես, քո ափսեն է փշրվել.
Առկայծումները հատ առ հատ
Արցունքներիս մեջ են շարվել:

– Լճակ, լճակ, քո ջրերին,
Տես, ուլունք եմ շաղում անվերջ,
Որ կաթնահունց ալիքներից
Մի ձուկ նետես ափսեիս մեջ:

ՊԱՆ

Անտառի բացատում հանդիպեցի Պանին –
Վեհերոտ էր ու անկատար.
Երախից ցցվել էր ճերմակ ու կեռ ժանիք,
Ուսին` լուսինը ծաղկատար:

Կանաչին էր տալիս նրա մորուքը ցից –
Սաղմնավորված մոր արգանդում:
Այծային ոտքերի ամեն քայլափոխից
Լիալուսնի գոնգն էր թնդում:

Տերևներ սփռելով ծավալվում էր հեռվում
Արձագանքը խուլ ու անձուկ:
Իսկ նրա այտն ի վար ներքև էր գլորվում
Զատիկն իբրև աղի արցունք:

Հանկարծ ուշաթափվեց ոտքիս տակ մի հիրիկ
(Կույր էր սարսափն ու ընկեցիկ),
Երբ Պանի ականջից ծղրիդներն հիստերիկ
Զրնգոցով դուրս ցատկեցին:

Նա ինձ նշան արեց` ձեռքը դափնեթասին,
Ու մի ձայնով քարանձավի
Հետս զրույց բացեց իր Սիրինգսի մասին –
Կնճռոտվելով հոդացավից –

Սրինգը հնչեցրեց` մուժի հոտն հսկելով,
Կենդանացրեց հիրիկ-ծաղկին:
Մթան աչքերի մեջ աստղեր սրսկելով –
Փչեց ձեռքի խլածաղկին, –

Երկինքով մեկ սփռեց շնչով իր մոգական
Մի անծանոթ, անդարձ ուղի:
Գնաց ու խառնվեց` տձև մի ուրվական –
Թանձր ու բրդոտ մառախուղին…

ՍԱՄՎԵԼ ԶՈՒԼՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

… Այլևս անտրոփ սրտում բացված
Ծաղիկ մաքրակենցաղ ու` մի թեթև անցում:
Խարխուլ հորիզոնին` անդորր տարրալուծված.
Արյան մեղմ շիկնանքով անցումն է թևածում:

Թիապարտ է այնտեղ ամեն մի սպասում:
Թալկացող անթեղում չէի՞ք ուզի
Սրսփոցը որսալ տարակույսի. –
Վերջին տրոփյունը ինչ ծանր էր հոսում…

Աստղ ուշաթափվեց հանրակույտ քաոսում: –
Ապշանք բազմազեռուն: Մահդ վանի՛ր.
Հապաղումդ մի այլ գաղտնիքից էր խոսում…
Ցավի փրփուրը քեզ այլուրեք կտանի:

Եվ չաղերսես ի ցած` այս քարակոփ նաշում
Մաշված ու ճաքճքած շուրթերից` սեր:
Ի վեր գահավիժման քո երկնային խորշում
Թևածում է անցման խորհուրդը դեռ…

Այնինչ ընկնող աստղը երբ թառանչի
Վերջին տրոփյունն իր, մա՛րդ-երկրային,
Կապույտ աստեղաշունչ պիտի փչի,
Երբ մեր շունչը փչենք աստեղային:

***

Իմացյալ խոսքի խութերի միջով
Հոսում է մուժը անիմացության:
Շուրթեր որոնող շշուկն ընդմիջող
Հուռութքանման գոյությամբ` մի ձայն

Արձագանքում է: – Ահա քայլեցինք,
Խոհեր խորհեցինք, ահա, բանիմաց.
Ահա ճշմարիտ-ճանաչված մի ձիրք
Ըստ փոխակերպման` անուն, հույս ու հաց:

Կաթի ու գինու զարկերակն է բաց.
Հոգեգալստյան մթարով պատված –
Լույսն է իր կողից արյունն իր հեղում:

Ինքնազոհության շավիղ ընդհատված.
Թե հասկի մեջ է վերհուշը պարտված –
Պայծառատես են սերմերը հողում:

ՇՈՒՇԱՆԻԿԻՆ

Եւ վասն հանդերձի զի՞ հոգայք.
հայեցարուք ի շուշանն վայրենի…
Զի եւ ոչ Սողոմովն յամենայն ի փառս իւրում
զգեցաւ իբրեւ զմի ի նոցանե:
(Մատթ. Զ. 28-29)
Մեկիկ-մեկիկ ու անմեկին
Բառեր ծաղկեմ Շուշանիկին,
Որ ծիածան ունի հագին –
Ե՛ս իմ հոգին:

Մարմնամատուռն է իր` Բագին,
Ուր յոթնատենչ ու կաթոգին
Անթեղված է լույս ցնծագին –
Ե՛ս իմ հոգին:

Ինչպես բզզոցը փեթակի –
Դեռ կարթնանան խեցում ունկի
Ծնծղածիծաղ ձայներ անգին –
Ե՛ս իմ հոգին:

Եվ` քանց «Վարքում Շուշանիկի»
Դիվարտաքսող սուրբ մի տիկին –
Կհալածի մթան զորքին –
Ե՛ս իմ հոգին:

Կտեսանի աչոք ներքին
Շուշանաթեր իր ընդերքի
Թիթեռնաթև հրեշտակին –
Ե՛ս իմ հոգին:

***

Մլմլում է, որպես մոխիր, ձյունն առաջին,
Անթեղում է կայծե տրոփ կույր հառաչի.
Թող որ մութի թանձրաթավիշն ընդառաջի –
Անդրադարձնի այդ թառանչն ու` աստղ կոչի։

Շնչիդ հոգին հոգու շնչին թող ներաճի,
Աստղի սերմը ծիլ առաքի յոթնավճիռ.
Հաղթահարված կարոտախտը լուսնահաչի
Թռչունի կույր թևաբախման թող վերաճի…

Աստղը, որ այս տեսանումի դուռն է թակում,
Երբ տրոփի վերջնառկայծումը իր միջի –
Հոգու մարմինը կընծայի մարմնիդ հոգուն
Եվ ձյուների մոխիրներում լուռ կսառչի։

ԵՐԱԶ

Անծին սպասումի սարսուռներում անձայն
Բուստե բլուրներով երեք նժույգ անցավ.
Բառեր էր բանում, անունս Հրաչյա,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Նրանց վրնջյունը անդունդին քարափե
Սահմռկած գույների ծիածանն իր կապեց,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Պայտված էին բառիվ, տրոփյունն էր հստակ,
Ցփնում էին չորսդին զարհուրանքի սուտակ,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Եվ բաշերը նրանց` ասես բիլ բոցի թագ,
Բայց ափսոս որ բոլոր դարպասներն էին փակ,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Հետո եղև այնպես, հետո այնպես եղև –
Վրնջյունն անթեղեց համբույրի խնկեղեգ,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

Եվ համբույրն այդ հպվեց կենաց շիրմափոսին,
Ելա մարմնիս նաշից, հանգույն Ղազարոսի,
Երբ անդենը կանչեց անունս ` Հրաչյա,-
Մա՜հ իմ կապուտաչյա։

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԻՆ
Կարմիր, նախշուն հավկիթի պես
Կ’երթա արևն իր Զատիկին…
Մ.Մ.

Անէությամբ անցումդ չի ընդհատի
Կենաց ծառի ճյուղարձակումդ բոցե,
Բայց ո՞վ զորեց մահվան դարպասը գոցել,
Որ անդրանցիկ կարոտը քո փարատի։

Չենք հագենա հաշտեցումի հույսերով –
Ըստ ընկալման` տեսիլներիդ սնդուսե,
Որ ջինջ առ ջինջ նախքան աղբյուրն են հոսել –
Մանրակարկաչ հուշը ձայնին հյուսելով։

Ո՛վ զվարթուն, անանձնական քո հոգում
Եդեմական մեծակարոտդ վառել –
Անցել ես թիռ, հանց թիթեռնիկ զեփյուռե –
Պուտ մի այլուր թողած մահվան ապակուն։

ՄՈՒՏՔ

Եկեք, ինձ մոտեցեք,
տեսեք` ինչ բազում են ու այլազան
հղացումներս չիրականացած,-
օ՜, այդ զառամյալ կույսերը,
որ դեռ սնվում են
հիշողությունը կորցրած հայելիների
արտացոլանքով անիրական,-
այդ քանքարավոր մուրացկանները,
որ իրենց սեպում են անկյալ հրեշտակներ,-
այդ անհանգրվան հանգուցյալները,
որ ամենուրեք սերմեր են շաղ տալիս
կորստյան ծաղիկների…

Եկեք, ինձ մոտեցեք,-
ես ծարավներին կսփոփեմ
մի անբեկանելի սակավապետությամբ,
շվայտներին կփարատեմ գինարբուքով,
որոնողներին անգրելի բառեր կպարգևեմ,
կռահողներին` անվերծանելի լռություններ…
ներկա ու ապագա շնչավորներին
կմխիթարեմ իրենցով իսկ,
անցյալ ու ապագա մեռյալներին
կընծայաբերեմ թվացյալ պահեր
Առնչության,
որ հարմար չեն գալիս իրագործումներիս
բառե անոթներին` անվերջ փշրվող,
հարմար չեն գալիս ինձ տրված ընթացքին`
ավազի նման մատներիս արանքից սորացող…
Այլև կցուցանեմ գոյացման կորիզը դառնապատիր,
որ նորափակել է մի այլ կուտակմամբ
աշխարհիկ ճյուղավորման տագնապը
և դրանով իսկ` այն հաղթահարել:
Այլև կհյուսեմ մի հին առասպել, թե ինչպես
մի օր բոլորս ցած ընկանք Կեցության ծառից
ու հայտնվեցինք հերթով
գոյելու այս կամ այն կողմում…

Ուրեմն եկեք, ինձ մոտեցեք, ով ողջեր ու մեռյալներ,
և դուք` հավատացյալներ ու անհավատներ,
տկարներ և ոճրամիտներ, քաջազուններ ու երկնչողներ,
տհասներ ու իմաստուններ, մարդասերներ ու ստահակներ,
և դուք` լքյալներ ու փառաբանյալներ,
երդվյալներ ու երդմնազանցներ,
և դուք` ուրացողներ և մարտիրոսներ,
նվիրյալներ ու մորթապաշտներ,
մեռոնվածներ ու նզովյալներ, վճռողներ ու ի կատար ածողներ,
որկրամոլներ ու պահեցողներ, բժշկապետեր ու խելագարներ,-
և ես բոլորիդ կընծայեմ
Սերմը նախնական Հույսի,
քանզի այնկողմնային ամեն մի մոռացում
սնունդ է տալիս մեր այսկողմնային հիշողությանը,-
և ես բոլորիդ առաջ կբացեմ
խորհուրդ մի արգասաբեր,
Քանզի սահման չունի մեր վիճակների հոլովումը,-
և ամեն մի Այգեկութ մեր ընթացքի
կերպարանքն է ձեռակերտ,-
և ամեն մի շիրմատուն Այգեթաղն է միայն
մեր Մարմինների –

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։