ՀՌԻՓՍԻՄԷ

***
Դուռս մի՛ թակիր, Գաբրիե՛լ հրեշտակ,
Մեկ է, ես հարսի շորեր չեմ հագել,
Այսօր հագուստս նռան գույն ունի,
Քամու պես ես դու իմ դուռը թակել…

Մենակ կանայք հին կողպեքներ ունեն,
Վարագույրները թանձր են ու վառ.
Գաբրիե՛լ, ասա՛ ինձ, ես ո՞ւր թաքցնեմ
Իմ հիացումի պեգասին համառ…

Նա մի պոետ է` ոսկեղեն բառի,
Չի թողնում մնամ ես հողի գերին.
Իմ առաստաղը միշտ ետ է գնում,
Ու մենք հասնում ենք
զանգակ ամպերին…

Մի քիչ էլ դրսում սպասիր, Գաբրիե՛լ,
Նա գնացել է ինձ վարդեր բերի,
Հետո միասին կմեկնենք այնտեղ,
Ուր կցուցանի քարտեզդ վերին…

Մի՛ եղիր համառ` խանդոտ այրի պես,
Պեգասը ինձ կյանք ու մահ է տալիս,
Դու չես զարմացնի քո բաց թևերով,
Նա Տեր է, Գաբրիե՛լ, գնա՛, չեմ գալիս…

***
Խլածաղիկնե՜ր,
Դուք չեք դրվում իմ
ծաղկասափորում,
Ցրիվ են գալիս
Թերթիկները ձեր,
Հար և նման եք այն խենթ սերերին,
Որոնք փորձեցին
Ինձ ճերմակ շորով
Թագուհի անել,
Բայց ես չհագա հանդերձանքը այդ,
Քանզի թանաքոտ
Ծաղիկներ էին փեշերի վրա,
Եվ քո՜ղը, քո՜ղը
Հիշեցրեց երկինք…
Խլածաղիկնե՜ր,
Երբ վարսաթափ եք
Ու չունեք արդեն
Եվ ոչ մի թերթիկ,
Այդ մերկ, մարմնավոր
Ցողունը ես եմ,
Գլխիս պսակը՝ աստղիկի նման,
Իսկ արմատը իմ՝
Քարտեզ է դարձել
Անշունչ կավի մեջ…
Մարմինս բարակ
Կապում է իրար
Կավը երկնքին…
Խլածաղիկնե՜ր,
Ներել եմ բոլոր քամիներին խենթ,
Որոնք ուզեցին
Մերկ տեսնել հոգիս…
Ես էլ այս պահին
«Մեղա» եմ ասում
Իմ բոլո՜ր, բոլո՜ր
Ծնրադիրներին,
Որ ծաղիկ չեղա…

***
Մի քանի օր է`
Ետ են պտտվում
Սլաքները իմ
Հին ժամացույցի
Եվ կանգ են առնում
Այն թվի վրա,
Որտեղ ես ու դու
Նայեցինք իրար` օտարների պես:
Նրանք թվացին կույրերի ոտքեր,
Մենք արձան դարձանք…
Ծիծաղեց օրը սատանայի պես,
Երկու հրեշտակ փրկության եկան
Հոգիներին մեր…
Հիմա կանգնել եմ
Արձանների մոտ
Եվ շատ եմ ուզում փշերը քաղել,
Որոնք ապրում են մեր ոտքերի տակ,
Որ անտառ դառնան,
Սակայն չի լինում,
Մատներս նուրբ են` ասեղների դեմ.
Ինձ քո ուժն է պետք…
Եվ եթե դու էլ
Կանգնած ես հիմա
Ետ-ետ պտտվող սլաքների դեմ,
Արի հանդիպենք արձանների մոտ.
Նրանք թող կրեն անունները մեր,
Դառնան տաք մարմին…
Հավատա՛ դու ինձ,
Քարերի մեջ էլ սրտեր են ապրում`
Ժամացույցի պես…
Դիր քո գլուխը կրծքին արձանի,
Որ զարկը լսես…

ՉԹԱՄԲԱԾ ՁԻ
Երազների իմ ձին վաղուց
Ծնկել է իմ ծաղկունքի մոտ,
Երկու ոտքին ունի վերքեր,
Եվ արյունը շատ է կապույտ…
Նա չի անցնի սար ու ձորով.
Պար չի գալու վիհի վրա
Առաջվա պես…
Մենք իրար ենք նայում հիմա`
Որպես երկու հոգնած ճամփորդ…
Ձին այր է մի, ես կին եմ տաք,
Ով միշտ կրեց պսակ ու քող,
Սակայն ապրեց առանց ծեսի…
Նայեց միայն մեծ աստղերին,
Սերը մնաց ոտքերի տակ…
Ու չտեսավ կույրը այդ խենթ,
Որ այն շատ է սրտին մոտիկ…
Իմ ձին հիմա ցած է նայում
Եվ չափում է անդունդը խոր,
Որ երկուսիս առնի իր մեջ…
Աղերսում է՝ արի՜ գնանք
Աստղերի մոտ.
Մեկը վերից կանչում է քեզ…
Ես ասում եմ.
– Եկ մի քիչ էլ իրար նայենք`
Մինչ վերքերդ ապաքինվեն,
Ես էլ դառնամ հուշի արձան.
Այս դժոխքը շա՜տ եմ սիրել…

ՆՈՐԻՑ ԴՈՒ
Սիրելի՛ս, այդ ո՞ւր գույներդ կորան,
Դարձել եմ հիմա
Ածուխով արված մի դիմանկար,
Եվ կտավը քո
Գլխաշորն է իմ,
Վրան՝ փշերով արևածաղիկ…
Մուրացիկ օրը իր ափն է բացել,
Որտեղ չեն զնգում լումաներ անգամ,
Իսկ ես՝ խենթուհիս,
Սպասում եմ դեռ
Ոսկեդրամի…
Հիմա դարձել եմ
Գույների որսորդ.
Ամեն մի հուշս մի փետուր ունի,
Եվ ես ուզում եմ դրանց վանդակել
Ծղոտների մեջ ցորնահասկերիս.
Այն, ինչ դեռ ունեմ,
Բայց վախենում եմ,
Որ երաշտիս մեջ անապատային,
Մի արևաշող նրանց էլ այրի,
Էլ ես չունենամ հանգրվանը այդ,
Դարձնի անփույթ,
Մեռած գույների աճյունափոշի
Կամ էլ՝ ածուխե
Մի դիմանկար,
Որտեղ կգրվի
Թիվ, ամիս և օր…
Էլ հին գույների թռիչք չի լինի…
Չէ՛, լավ է նորից երազող մնամ,
Ով խաբվում է միշտ…

***
Է՜յ, այգեպա՛ն, արթնացիր,
Թեպետ դուռը փակ էր քո,
Սակայն այգիդ գող մտավ…
Այդ քնքշուհին, ա՜խ, նայի՛ր,
Տիրուհու է նմանվում.
Անգամ մոմի իր բոցով
Վերջին պտուղը գտավ…
Բանալիներդ նետիր.
Քաղել է նուռը ճյուղից,
Հագի շապիկը նոր է,
Քո փակ դրախտը մտավ…

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Իմ հույսի բոլոր թիթեռնիկները
Մնացին իրենց բոժոժների մեջ.
Իսկ սատանան դեռ ծափահարում է
Հաղթանակը իր` մթագին, ստերջ…
Սերը երկնքի մի կարապ դառավ,
Գնաց` մեռնելու փրփուրներում լույս,
Հիմա ես գիտեմ` ծերացող կանայք
Ապրում են մեղքոտ ու
մեռնում են կույս…
Աղոթքիս բոլոր ժամերի առաջ
Մարիամն ու Որդին
ժպտացել են ինձ,
Սակայն չի փոխվում
ճակատիս գրված
Ոչ մի սևագիր խզմզանք ու գիծ…
Հայելին ձեռքիս միշտ նույնը մնաց,
Փոխվողը ես եմ, չկա իմ դերը.
Այս բեմի դատարկ պտույտների մեջ
Երկար են ապրում թղթե վարդերը…
Շուտով կդառնամ ալբոմի նկար,
Ամեն սիրող սիրտ ինձ պիտի թերթի,
Նշխարը հույսի չի բաժանվելու,
Իսկ ես անտրտունջ
կանգնել եմ հերթի…
Երազը դարձավ գունատված մի շոր,
Վրան անցքեր են, ես այն չեմ կրի,
Մնում է՝ հագնեմ մի օրհնյալ շապիկ,
Համբուրեմ խաչը ճակատագրի…

***
Խառնվել են իրար հետ
Ջութակ ու թմբուկ,
Լույսն ու մութը մի մարմին դարձան,
Սարդոստայնները մեր երազների
Աճյունն են սարդի…
Կարոտանքները աղավնափետուր
Մրուրներ ունեն…
Երանելի են խենթերը բոլոր…
Որ շա՜տ են խելոք,
Նրանց արևոտ ժպիտների մեջ
Միշտ կապրի սերը…
Երկնքի վրա՛ն,
Քո ասեղնագործ աստղերի վրա
Կա՞ կնոջ անուն,
Ով որ հավատի տաճար է դարձել,
Բայց միայնակ է գմբեթը կրում…
Եթե կա՝ այո՛,
Շտապել է պետք,
Կտանեմ այնտեղ սերմնահատիկներ.
Նրանք ծաղկել են այս հողի վրա`
Ընդդեմ փշերի,
Օրհնանքը վրան՝
Հավատի նշխար,
Որ Երկիրը իմ
Միշտ ինձ հետ լինի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.