ԽՈՍՔԻ ԵՎ ԳՈՒՅՆԻ ԱՐԺԵՔԸ / Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

– Կան բանաստեղծներ, ովքեր նաև նկարում են, նկարիչներից ոմանք էլ բանաստեղծություններ են գրում: Ինչո՞ւ, երբ թվում է՝ ստեղծագործողի ինքնարտահայտման համար, առանձին վերցրած, կարծես բավարար են և՛ բանաստեղծության, և՛ նկարչության հնարավորությունները:
– Բան ստեղծելու` բանաստեղծելու, նկարելու, երգելու, պարելու և մյուս ստեղծագործական շնորհների ներունակությունը մարդկանց տրված է նախաստեղծ ժամանակներից: Ամեն մարդ օժտված է որոշակի հակումներով, և դրանք իրականացնելու ցանկությունը բխում է բնական մղումով:
Ողջ տիեզերքը հոգեղեն մարմնացում է: Իմ «Հոգենյութ» բանաստեղծական գրքում փորձել եմ փոխաբերական ու այլաբանական պատկերավորությամբ բացահայտել ոչ միայն մարդեղենացած, մարմնացած հոգու, այլև նրա արարչական բնույթի, անմահ ու հավերժական, անսպառելի էներգիայի փոխակերպվող վերհառնումների մասին…
Էլեկտրական էներգիայով են աշխատում մեր սառնարաններն ու ջեռոցները: Մի դեպքում նույն էներգիայով լույս, ջերմություն, կրակ ենք ստանում, մյուս դեպքում` սառնություն ու սառույց: Մարդկային մարմինը շարունակաբար ստանում է արարչաստեղծ տիեզերական էներգիան: Ամեն ազգի, ամեն մարդու, ամեն կենդանի արարածի տրված է այդ էներգիան յուրօրինակ օգտագործելու հնարավորությունը: Մեզանից ամեն մեկը նախանշված հնարավորություններ և առաքելություն ունի իր շնորհքը, տաղանդը նպակադրված օգտագործելու: Ես նախադպրոցական տարիքում երգել եմ հորիցս սովորած ազգային ու ժողովրդական երգերը: «Բինգյոլը» երգել եմ մի հարսանիքի ժամանակ` արժանանալով հարսանքավորների ծափահարություններին ու գովեստներին: Տառաճանաչ դառնալուց առաջ նկարել եմ ածուխով, կավիճով, փայտով` ցանկապատերին, դռներին, գետափնյա ավազներին: Հիշում եմ առաջին նկարներս. գունավոր մատիտով նկարում էի նկարչական տետրում` տներ, ծառեր, արևներ, նաև դեմքեր: Սիրում էի հարազատներիս նկարել: Չորրորդ դասարանում ձևավորում էի մեր դասարանի ու դպրոցի պատի թերթերը: Աղջիկներն ինձ համակրանքով էին նայում, ժպտում էին մի այլ նրբությամբ, ես սկսեցի բանաստեղծություններ գրել: Աղջիկներն ինձ ներշնչում էին, բայց առաջին բանաստեղծությունս նվիրված էր Արագածին: Սկսեցի տուշով ու գրիչով ձևավորել, նկարազարդել բանաստեղծություններիս տետրը: Բայց իմ պատանեկան էության մեջ հասունացող ներունակությունը փորձում էր դրսևորվել նաև այլ բնագավառում: Աշտարակի պիոներպալատի նկարչական խմբակի ղեկավար, գեղանկարիչ Գևորգ Ոսկանյանը, ով նաև տաղանդավոր դերասան էր, առաջարկեց ինձ ուժերս փորձել նաև թատրոնում: Ու դարձա Աշտարակի ժողովրդական թատրոնի պատանի դերասանը: Առաջին աշխատավարձով մի աքաղաղ գնեցի` մատաղի համար: Երբ աքաղաղը ձեռքիս տուն մտա, մայրս սարսափահար հարցրեց. «Քոռանամ ես, որտեղի՞ց ես գողացել»: «Ինձ գողի տեղ ե՞ս դրել,- վիրավորվեցի,- առաջին աշխատավարձով ուզեցի մատաղ անեմ` հաջողության համար»: Ես լցված էի ստեղծագործական ներշնչանքով: Գրում էի, նկարում, խաղում, լուսանկարում: Մոլեռանդ ընթերցող էի` հրապուրված աստղագիտությամբ, ուզում էի բացահայտել երկնքում լուսարձակող աստղերի խորհրդավոր գաղտնիքը:
Ցանկացած ակնթարթ հարահոս այն ժամանակի միջով է անցնում, որ կոչվում է Հավերժություն: Կորագծով շրջապտույտ տվող օրերի, տարիների, դարերի պայմանական հերթականության մեջ անցողիկ թվացող ակնթարթների հավերժական ընթացքը սկիզբ ու վերջ չունի: Աստղախմբերի, մանր, մեծ ու գերհսկա մոլորակների պես շրջադարձվող տիեզերքը չի կարող անշարժանալ, անշնչանալ ու կորչել անսահմանության անհուն միջավայրում:
Մարդու ներսում կա աներևույթ մի ներկայություն, որ զորություն ու կարողություն ունի նրա գիտակցության մեջ բացելու, ճիշտ ընկալելու կյանքի գաղտնիքները, անսխալ կողմնորոշվելու, ապրելու և աստվածատուր շնորհները գործադրելու… Մեր էության մեջ նախադրված է փակ աչքերով անգամ մեր ներաշխարհը տեսնելու հնարավորությունը:
Երբ ասելիք ես ունենում, խոսքդ ասելու համար ընտրում ես անհրաժեշտ բառերը: Երբ տառը դրվում է տառի կողքին, դառնում է բառ: Բառը բառի կողքին դնելով է ստեղծվում բանաստեղծական տունը: Հազար անգամ ասված ու լսված խոսքերի մեջ երբեմն հայտնվում են թանկարժեք բառերը, որոնք շողարձակում են ադամանդների նման: Բառը բառի կողքին իմաստավորում է խոսքի արժեքը: Իմաստուն, օգտակար խոսքը կարող է լիցքավորել հուսահատված մարդկանց հավատը: Ներշնչանքը գալիս է լռության մեջ կենտրոնացված ու տրամադրված մարդու հուզաշխարհից: Միտքը նայում, հայում է աներևույթ զգացումը, որը դառնում է ասելիք, պատկերավոր խոսք կամ փոխաբերական ընկալում. այն պետք է ամրագրել ակնթարթորեն ու տեսանելի, լսելի ու արժեքավոր դարձնել որևէ ժանրով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։