ԱՂՈԹՔ
Քանի երկիրը պտտվում է, ու լույսը վառ է դեռ,
տուր ամեն մեկին այն,
ինչ նա չունի կյանքում այս, Տե՛ր իմ.
գլո՛ւխ տուր արթուն դու իմաստունին,
վախկոտին՝ նժույգ,
ով երջանիկ է՝ շատ փող… ու հիշիր նաև իմ մասին:
Քանի երկիրը պտտվում է դեռ,- Տեր,
կամքը քո՛նն է,-
Տո՛ւր իշխանությանն իշխելու հնար իշխանատենչին,
շռայլին թույլ տուր դադար տա մի քիչ,
երբե՛մն, գոնե,
ապաշխարանք տուր Կայենին…
բայցև հիշիր իմ մասին:
Ամենազոր ես Դու և իմաստուն, ես հավատում եմ,
ոնց ընկնող զինվորն է հավատում,
որ կապրի դրախտում,
ոնց հավատում է ամեն մի ականջ
խոսքերին քո մեղմ,
ոնց հավատում ենք և՛ մենք՝
անգիտակ՝ ինչե՜ր ենք անում:
Դեռ պտտվում է երկիրն՝
իր վրա ինքն էլ զարմացած,
Տե՛ր իմ, Աստվա՜ծ իմ՝ կանաչ աչքերով,
Բարձրյա՜լ վերին,
քանի լույսը կա, ու ժամանակն իմ դեռ չի սպառված,
տու՛ր ամեն մեկին մի քիչ… ու հիշիր նաև իմ մասին:
ՁԵՐԴ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԿԻՆ
Այստեղ ամեն ինչ խավարի մեջ է,
խորին լռություն՝ ընդերքում ասես…
Ձերդ մեծություն կի՛ն, մի՞թե ինձ եք
դուք այցի եկել այսօր հատկապես:
Լամպն այստեղ թույլ է, լույսն՝ աղոտ, ավաղ,
Տանիքը վաղուց պիտի նորոգել…
Ձերդ մեծություն կի՛ն, ինչպես եղավ,
որ որոշեցիք հայտնվել այստեղ:
Օ՜, Ձեր գալուստն այս հրդեհ է կարծես.
ծուխ է, պարզապես դժվար է շնչել…
Դե ինչ, համեցեք, խնդրեմ, մտեք ներս,
Էլ ի՞նչ եք շեմին այդպես շվարել:
Ո՞վ եք, ինչացո՞ւ և որտեղի՞ց եք,
ինչո՞ւ եք ընտրել այս ժամն ու օրը…
Չէ՛, դուք պարզապես, հասցեն խառնել եք,
շփոթել անգամ քաղաքն ու դարը:
***
Իսկակա՛ն, ճի՛շտ մարդիկ այնքա՜ն քիչ են այսօր,
նրանց դարն անցե՛լ է, իզո՜ւր եք մեզ խաբում:
Թե ուզում եք՝ հաշվե՛ք, պարզե՛ք դուք հիմնավոր՝
նման քանի՞ մարդ կա թեկուզ հենց ձեր բակում:
Իսկական մարդիկ քիչ, շա՜տ քիչ են մեր կողքին,
բովանդակ աշխարհում՝ աննշան մի քանակ,
իսկ ողջ Ռուսիայում լոկ մայրիկն է իմ անգին,
ի՞նչ կարող է անել, սակայն, նա միայնակ:
ՆՈՐ ԱՌԱՎՈՏ
Մի կանգնիր այդպես լուռ ու գլխահակ՝
կքած դու ցավ ու վիրավորանքից:
Մամա, իմ անգին, ճերմակ աղավնյակ,
նոր առավոտ է ճառագում անբիծ:
Նա տեղը տեղին ողջն հարդարում է,
ամեն բան նորից մաքրում, լվանում…
Մենությունն արդեն լուռ նահանջում է,
ու սերն է ահա ետ վերադառնում:
Եվ ոնց կեսօրվա տաքուկ փեթակը,
ինչպես ձայները հեռու մանկության,
քա՜ղցր են այնպես ձեռքերդ, երգդ,
բարի աչքերը քո հավերժական:
ՀԻՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Դրվածքն այսպիսին է հիմա մեր օրերում.
թե կա մակընթաց, կա և տեղատվություն,
ամեն մի խելոքի մի հիմար է հասնում.
Ամեն ինչ՝ հավասար, ճի՛շտ, արդար բաժանում:
Բայց դե մի՞թե կարգն այդ հիմարներին պետք է,
նրանց, ուր էլ լինեն, նկատելը հեշտ է:
Ճանաչում, ձայնում են. «Հիմա՛ր, այ հիմարնե՜ր…»,
Նրանց համար դա շատ վիրավորական է:
Ու որ չկարմրեն, այլևս վատ չզգան,
բոլորն աչքի ընկնեն, ըստ հարկի երևան՝
խելոքների համար մի-մի պիտակ գտան,
իսկ փակցնելու մեջ՝ շատ արագ հմտացան:
Ու պիտակներն արդեն հարգի են մեզանում,
ամենուր՝ մատչելի ու լավ էլ էժան են:
Հիմա խելոքներին են հիմար անվանում,
Դե, իսկ հիմարները աննկատ են արդեն:
* * *
Մեկը ինչ-որ շատ է ուզում հարստանալ,
ոսկի է կուտակում, քուն ու հանգիստ կորցնում:
Սակայն դեռ ոսկի չէ՛, ոսկի չէ՛ ամենն այն,
ինչը լավ փայլում է ու անգամ զրնգում:
Կարելի է թատրոնն ամբողջ ոսկեզօծել,
ճոխ գորգերով պատել հատակը ծայրեծայր,
բայց չես կարող փողով դու ներշնչանք գնել
ամեն ներկայացման ու հանդեսի համար:
Հնարավոր է տուն կառուցել մտովի,
նոր տանը հավաքի ընտիր սեղան բացել,
բայց, մեկ է, ուրիշի դժբախտության հաշվին
քո երջանկությունը չես կարող կառուցել:
Անմիտ բան է ջրի վրա բառեր գրել:
Լավ ընկերը դժվար պահին է երևում:
Եվ հրաշալի՜ է, հայտնի՛ բան՝ առանց սեր
իսկական կյանք չկա ոչ մի տեղ աշխարհում:
Ճամփի պատրաստ է միշտ մաքուր, ազնիվ սիրտը:
Հին իմաստությո՛ւնն այս մեզ և այսօր է պետք.
«Տաղանդը, սերը և բարի, լավ անունը,
Չեն գնվում երբևէ, չե՛ն վաճառվում երբեք»:
***
Ֆ. Իսկանդերին
Կյանքն այս, ոչինչ, վատ չէ կարծես,
երբ քո տանն ես ու քո բակում:
Բայց հերիք է մի կողմ թեքվես,
հարձակվում են վրադ իսկույն:
Ուզում ես հարց տալ պարզապես,
«Ախր ես ձեզ ի՞նչ եմ արել.
չեմ հասցնում տնից ելնել,
իսկույն ուզում եք սպանել»:
Ինձ ասում են. «Որովհետև…
Այդ մասին ով է մտածել…
Բայց արարման օրերից դեռ
մեզնից ոչ ոք հեշտ չի պրծել»:
ՊՈԵՏԸ
Մրցակից չունի պոետը երբեք,
փողոցում, կյանքում թե հենց բախտի մեջ,
և երբ ճչում է նա աշխարհով մեկ,
դա ձեր մասին չէ, ի՛ր մասին է հենց:
Նիհար ձեռքերը նա երկինք պարզում,
մսխում է կյանքն, ուժն իր՝ կաթիլ-կաթիլ:
Այրվում է անտես, ներում է խնդրում…
Այդ ամենը ո՛չ ձեզ համար, այլ՝ իր:
Իսկ երբ հասնում է սահմանին անդարձ,
ու հոգին թևում մթին մի աշխարհ,
երբ գործն արված է, ճանապարհն՝ անցած…
դուք պիտ որոշեք՝ ում, ինչի համար:
Լինի մեղր թե գավաթ դառնության,
լուսե տաճար թե դժոխք, քավարան…
ինչ նրանն էր, ձերն է հիմա այն,
այսուհետ ձե՜զ է պատկանում միայն:
Ռուսերենից թարգմանությունը՝
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆԻ