ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ծնվել եմ 1924-ին, Ախալքալաք քաղաքում (Ջավախք): Հայրս նույն շրջանի Բալխո գյուղից էր, տոհմիկ հովվական ընտանիքից՝ Չոբնենցից: Մայրս քաղաքից էր, հնակարկատ (խարազ) Ներսեսի աղջիկը:
– Քաղաքի փոշտի վրա կարմիր բայրաղը քո հերն է տնկել,- ասում էր տատս:
Տասնմեկերորդ բանակի մի փոքրիկ զորախմբի կազմում հայրս մտել էր Ախալքալաք և հաստատվել այնտեղ: Սիրահարվել էր մորս, ամուսնացել էին: Ծնվել եմ յոթ ամսական՝ երկու ամսով կրճատելով մորս հղիությունը:
– Օրապակաս է, բայց պակասավոր չէ,- ասել է տատս:
– Յոթ ամսակա՞ն,- կասկածից մռայլվել է հորս ճակատը, սակայն իմ դիմագծերի ու արտաքինի մեջ իրենը տեսնելով՝ վրա է բերել,- իմն է, մենք ամեն տեղ առաջավոր ենք…,- ու համբուրել է ինձ: Չգիտեմ, թե էլ ինչո՞վ է եղել Չոբնենց ընտանիքն առաջավոր, բայց փաստ է, որ մերոնք աշխատասեր, ծերը ծերին հազիվ հասցնող, հալալ ապրող ընտանիք են եղել և այդպես են նաև այժմ:
– Ամենից շատ սիրել եմ տատերիս, ամենից շատ ինձ սիրել և երես են տվել տատերս: Սոֆո մամ կամ «քաղքի մամ» մորս մայրն էր, «գեղի մամ»՝ հորս մայրը: Երկու հորեղբայր և մի հորաքույր, երկու քեռի: Քաղաքում և գյուղում՝ բազմաթիվ բարեկամներ և ազգականներ: Բարեկամությամբ շեն, հացով և ապրուստով՝ համեստ, բայց բաց սեղանով, այսպիսին է մեր «ազգ ու տակը»:
1931 թ. ընդունվել եմ Ախալքալաքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը և ավարտել 1941 թվականին:
…Դպրոցում արել եմ իմ գրական առաջին քայլերը: Ոտանավորներ էի գրում: «Գերազանցիկ» պատի թերթի խմբկոլի նախագա՛հն էի: Լույս ենք ընծայել մի քանի ձեռագիր ալմանախ, մի խոսքով…
1941 թ. ավարտեցի դպրոցը, բայց ուսումս շարունակել չկարողացա: Պատերազմն սկսվեց: Զորակոչվեցի բանակ, ավարտեցի զինվորական ուսումնարան: Դասակի, այնուհետև վաշտի հրամանատար էի, նույնիսկ՝ գումարտակի շտաբի պետ: Լավ կռվեցի, կյանք ու արյուն կորցրի, շքանշաններ և մեդալներ ստացա: Կրակելով՝ լաց եղա, որպեսզի չխելագարվեմ, վիրավորվելով, կիսամեռ լինելով՝ ժպտացի, որ չմեռնեմ: 1945-ի մայիսին դարձա տուն՝ փրկելով իմ մորը, երևի խելագարվելուց: Պատերազմն անվերադարձ տարավ ավագ հորեղբորս, կրտսեր քեռուս, ինչպես նաև իմ ընկերներից շատերին: Իսկ ես վերադարձա հաշմված աջ ձեռքով և ջղերով:
– Աչքդ լույս, Շուշանիկ,- հարևաններն աչքալույս տվին մորս.- տղադ ողջ-առողջ տուն դարձավ:- Իսկ մայրս դիտում էր իմ խստացած դիմագծերը և անկենդան ձեռքը:
…Հետո, երկու տարի նույն Հովհ. Թումանյանի անվան դպրոցում դասավանդեցի ռազմական գործ, հայոց լեզու և գրականություն:
1951-ին ավարտեցի Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը:
Ինստիտուտում գերազանցիկ էի. կուսկազմակերպության քարտուղար, պետական թոշակառու, բանաստեղծ, նաև ճառասաց: Ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել ՀԿԿ կենտրոնական կոմիտեի գաղափարական բաժիններում:
Երեք տարի խմբագրել եմ «Գրական թերթը», այժմ աշխատում եմ Հայպետհրատում՝ որպես գլխավոր խմբագիր: Մասնակցել և մասնակցում եմ բազմաթիվ գրական վեճերի: Ոչ ոքի չեմ ամբաստանել, բայց ամբաստանվել եմ ոչ քչերից: Վեճի, ամբաստանության հիմնական պատճառը եղել է, մնում է և կմնա գրական ապաշնորհների մուրացիկությունը: Նրանք տաղանդ են մուրում և փոխանակ դիմելու Պառնասի ղեկավար մուսաներին, որոնք զլանում են այցելել իրենց, բողոքն ուղղում են ղեկավար հրատարակիչներին և խմբագիրներին: Սրանք կարող են ամեն ինչ տալ (պաշտոն, հոնորար, տպագրվելու իրավունք), բացի տաղանդից, որովհետև տաղանդը տալիս է միայն ինքը՝ նորին մեծություն Բնությունը, և ուրիշ ոչ ոք: Այսինքն՝ այդ անձինք ցանկանում են բանաստեղծ դառնալ՝ մոռանալով, որ այդպիսին ծնվում են: Եվ որովհետև երբեմն ինձ հաջողվում է տաղանդավորն անտաղանդից ջոկել, արժանանում եմ վերջիններիս ահավոր ատելությանն ու ամբաստանությանը: Չորս գիրք եմ տպագրել, երկուսը՝ չափածո, երկուսն՝ արձակ: Առաջիններն ընդունվել են բարյացակամությամբ, երկրորդներն՝ աղմուկով, իհարկե, դրական առումով: Ի՞նչ բախտ կունենա հաջորդը՝ չգիտեմ: Բայց սկսել եմ կամաց- կամաց հավատալ ինձ:
…Ունեմ երեք երեխա (մեկ աղջիկ և երկու տղա), ինչը, ըստ իս, բավարար է վաստակավոր հայր կոչվելու համար: Ի վերջո, կարծում եմ, որ բավական է գլուխ ցավեցնել անզուսպ ինքնագովությամբ…
Ահա ամբողջը…
1964 թ., օգոստոս
***
Նրա անհատականությունը խորհրդանշում է մի ամբողջ սերունդ…
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ
***
Պատերազմի սերնդից էր նա… Քաղաքացիական խիզախությունը մերժող ժամանակներում նա, այնուամենայնիվ, խիզախություն ունեցավ գրելու հայկական լեգեոնի մասին… Ողբերգական այս պատմությանը («Ճակատագրով դատապարտվածները») զուգահեռ նա կարողացավ նույն պատերազմին նայել ժողովրդական հումորի տարերքով՝ ստեղծելով իր հանրահայտ «Սերժանտ Կարոն» կամ, ինչպես ընդունված է ասել, հայկական Շվեյկը: Ահա այսպիսի լայն շնչառություն ուներ Մկրտիչ Սարգսյանը, ողբերգության և հումորի այս ծայրահեղ բևեռներին նա հաջողությամբ կարողացավ հասնել, որովհետև գիտեր, որ ճշմարտությունը մեկ գույն չունի միայն, կյանքը հորդում է և իր օրենքներն է թելադրում…
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ
***
Մկրտիչով ես ճանաչեցի Կարին-Էրզրում կորած աշխարհի հայ հոգին, նրա երազանքը (միշտ պայծառ) և չմթագնող հույսը… Մեր Մկրտիչը պայծառ տաղանդի տեր գրող է: Նա իր հարուստ վաստակն ունի մեր խորհրդային գրականության մեջ: Հատկապես անզուգական է նրա երգիծելու ուժը:
ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
***
Սրտումս մի մեծ բողոք կար` ուղղված 37-ի դեպքերի դեմ և մեր հերոս գերիների նկատմամբ հակամարդկային վարմունք ցույց տալու դեմ: Սիրտս արյունոտված էր, սիրտս լիքն էր, բայց դատարկել չէի կարող, գրիչս անզոր էր: Դու արել ես էդ բանը և այն էլ ի՜նչ ուժով, ի՜նչ ցասումով… Հիմի սիրտս հանգիստ է… Մկրտիչ ջան, էնքան իմացիր, որ դարձար հարազատ, մտերիմ, սիրելի, շատ սիրելի: Էս ի՜նչ լավ հոգի ունես…
ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ
***
Մկրտիչ Սարգսյանի գիրքը («Կյանքը կրակի տակ») ներծծված է լիրիկայով: Գիրքն ավարտելուց հետո քեզ կարող է թվալ, թե դու ձեռքումդ բռնել ես երաժշտական մի արկղիկ, որտեղից ծորում են հոգեհույզ նվագներ…
ՄԿՐՏԻՉ ԱՐՄԵՆ
***
…Համով-հոտով, հումորով, սիրով ողողված իր պատմվածքներն ու վեպերը մեկը մյուսի ետևից հրապարակելով՝ նա մտավ ասպարեզ բնական ճանապարհով, ինչպես ամեն մի իսկական գրող, և գրավեց իր արժանի տեղը… Նրա հարուստ ներկայության առյուծի բաժինը վիճակվել է մեզ՝ իր սերնդակիցներին: Նրանով հպարտանալու իրավունքը մերն է…
ԱՆԱՀԻՏ ՍԱՀԻՆՅԱՆ
***
Նարեկացիական ոճի օգտագործման շատ ինքնատիպ, գեղեցիկ մի նմուշ է Մկրտիչ Սարգսյանի «Տիրամոր պատկերի առջև» պատմվածաշարը…
ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ
***
Մկրտիչ Սարգսեանը երկրորդ պատերազմէն ետք, մանաւանդ վերջին տասնամեակին, ինքզինք պարտադրող ամէնէն ուժեղ արձակագիրներէն մէկն է Հայաստանի գրականության մէջ, մասնաւորաբար իր ոճին առոյգ եւ պատկերաւոր գնացքով, արտայայտութեան ինքնատիպ կերպով, գիւտերով, անմիջականութեամբ, այս բոլորէն վեր ու ամէնէն թանկագին մէկ յատկանիշով – իր անկեղծութեամբ:
ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ
***
Մկրտիչ Սարգսեան պատմուածքի վարպետ է: Իր գրիչը կենդանի շունչ ունի՝ հողն ու հոգին պեղելու աստիճան: Իր նկարագրած տեսարանները կեանքի բեմին վրայ շարժող պատկերներու դրոշմը ունին: Շողշողուն են իր երեւակայութիւնները, որոնք կառչած կը մնան պրկուած ջիղերու եւ թրթռացող զգայնութիւններու:
ՆՇԱՆ ԽՈՇԱՖՅԱՆ
ԻՆՉՈՒ՞ ՓՈԽԵՑԻ ԻՄ ԳՐԱԿԱՆ ԿԵՂԾԱՆՈՒՆԸ
Բանաստեղծություններ էի գրում: Տպավորիչ անուն ունենալը համարում էի տաղանդի բաղկացուցիչ մասը: Հնչեղ անուն էի փնտրում ու գտա. Մկրտիչ Քնարանի: Քնարն ունեցա, մնաց կարգին բանաստեղծություններ ունենալը: Կատարում էի և՛ հաջող, և՛ անհաջող գրական առաջին փորձերս: Գրողների միությունում ինձ նկատեցին: Եվ Հովհ. Շիրազը՝ առաջինը: Սակայն Շիրազը իսկական խաչակրաց արշավանք սկսեց իմ Քնարանի մականվան դեմ:
– Քնար ունեցիր, նոր անվանափոխվիր,- ասաց,- կարող է էնպես պատահել, որ էդ քնարը, այսինքն՝ տաղանդը, հետդ յոլա չէրթա, և քեգի մնա միայն քո չունեցած քնարը:
Տխրեցի, նեղացա.
– Դու որ Շիրազ էիր անվանակոչվում, չէի՞ր մտածել, որ Շիրազ քաղաքը նույնիսկ չես տեսել ու չես էլ տեսնելու…
– Ճիշտ կըսես, բայց մի մոռանա, որ ես հանճարեղ եմ, էդ մի բանը չմոռանաս, հետո՝ էդ անունը ինքս չեմ տվել ինձի, Ատրպետն է տվել, իմացա՞ր…
Նման երկխոսությունները շարունակվում էին հաճախակի: Ես համառում և չէի ցանկանում փոխել անունս: Համառում էր նաև Շիրազը: Թեև 1949 թ. լույս տեսած իր «Հատընտիր» բանաստեղծությունների ժողովածուն նվիրեց հետևյալ «քնար»-ական մակագրությամբ.
«Հովհաննես Շիրազից
երիտասարդ պոետ՝
Քնարունին,
Թող վառ մնա
միշտ իր գինին,
Հարբեցնի իր քնարին,
Իր քնարին ու իր յարին
Ու վերջն երգով ողջ
աշխարհին»։
Եվ այնուամենայնիվ քաղաքում հանդիպելիս դեռ հեռվից բղավում էր.
– Քնարչունի՜, Քնարչունի՜…
Վերադարձա իմ իսկական անվանը: «Գրական թերթում» երբ տեսավ Մկրտիչ Սարգսյան անուն-ազգանունը բանաստեղծության տակ, ուրախացավ.
– Հիմա իրավունք ունիս առանց ամաչելու անտաղանդ էլ էղնել… և հետո, եթե տաղանդավոր էլ դառնաս, գոնե մեծամիտ չեն ըսե քեզի… հըբը՛…
ԻՄ «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ»
«Գրական թերթի» խմբագիր նշանակվելուցս անցել է կես դարից մի քիչ պակաս ժամանակ, այնպես որ անդրադարձ դեպի այն օրերը, գոնե ինձ համար, ոչ միայն հետաքրքիր, սրտամոտ աշխատանքին հաղորդակցվելու հիշողություն է լոկ, այլև վերադարձ դեպի երիտասարդության «ոսկե հուշի և ոսկե մշուշի» քնարական օրերը: Ես Կենտկոմի գաղափարական բաժիններում (մամուլի և հրատարակչության սեկտորում, մշակույթի բաժնում) պաշտոնավարած ութ տարիների ընթացքում, ինչպես ասում են, զելվել էի, ձեռք էի բերել հարկավոր փորձ, ամենայն նրբությամբ ծանոթ էի կոմունիստական վերաբերմունքին դեպի մեր ժողովրդի նորաստեղծ արժեքները, նրանց գնահատման չափանիշները: Իսկ ժամանակը Ստալինի մահվանից հետո, որ արդեն անվանվում էր «ձնհալի» տարիներ, սկզբում շոյեց գաղափարական ճակատի աշխատողներիս, սակայն կիսաբերան ոգևորությունը դեմ առավ սրընթաց փչող միջանցիկ քամիներին, այսինքն՝ ձնհալի վախեցած փափկությանը հակառակ փչում էր ստալինյան նույն ցրտաշունչ, նույն ախտաբեր քամին: Ժամանակակիցներիս մեջ որոշակի շփոթ էր նկատվում, որը, փառք Աստծո, ինձ չհասավ: Մեռել էր Ստալինը, սակայն ապրում էր ստալինիզմը. հարկավոր էր նրանց հուղարկավորությունը միաժամանակ: Նկատողությունները՝ բանավոր և գրավոր, դառնում էին իմ աշխատանքի գնահատման կենսաձևը: Թերթում մեծ պայքար ծավալվեց անհատի պաշտամունքի դեմ: Զրպարտիչների կուռ բանակը թերթի յուրաքանչյուր համար ենթարկում էր այնպիսի մանրազնին քննության, որը ոչնչով չէր տարբերվում միջնադարյան հոգեքննությունից: Բանը հասավ այնտեղ, որ զրպարտիչների կողմից ես համարվեցի «Պենտագոնի ագենտ», իսկ զրպարտագիրն ուղարկվեց Մոսկվա, Կրեմլ: Բայց «Գրական թերթի» թիկունքում կանգնած էր գրական ավագանին, մեր գրականության մեծերը՝ Ստեփան Զորյանը, Գեղամ Սարյանը, Հրաչյա Քոչարը, Գուրգեն Մահարին, Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Էդվարդ Թոփչյանը, Սերո Խանզադյանը, Համո Սահյանը և շատ ուրիշներ: Ինձ զորավիգ էր և՛ երիտասարդ տարիքը, և՛ աշխատանքիս կարևորությունը: Եվ կոմունիստական տոմս կրող բարձր պաշտոնյա մարդկանց՝ բարոյական օգնությունը: «Գրական թերթն» ինձ համար դարձավ այն ոսկե կամուրջը, որով ես անցա ոչ թե լարախաղացի թեթևությամբ, այլ՝ լեռնագնացի համառությամբ և (ներեցեք ինքնագովության համար) տղամարդավարի: Հիշում եմ, և դեռ այսօր էլ ոմանց հայտնի է այն երկխոսությունը, որ ունեցա Կենտկոմի երկրորդ քարտուղարի հետ: Դեռ ընդունարան չհասած՝ նրա օգնականն ինձ զգուշացրեց.
– Իմացիր՝ գլխիդ պոպոք է ջարդելու, հանկարծ հերոս չխաղաս…
Սրտադող մտա ընդունարան:
– Եկա՞ր, հերո՛ս, նստի՛ր…,- և չկարողանալով զսպել զայրույթը,- լսի՛ր, հարգելի Մկրտիչ, ինչո՞ւ չես ուզում, որ մենք հանգիստ ապրենք…
Նայեցի նրան, ակնոցի հաստ ապակիների ետևում հայացքը բարի թվաց, բայց…
– Դու իզուր ես խելոք խաղում, խելոքը բռունցքով բզի ծայրին չի հարվածի: Իսկ հիմա գնա, աչքիս չերևաս…
Ես ամեն ինչ հասկացա:
Այստեղ ցանկանում եմ վերջակետ դնել, թեև ասելիքս մեծ է, բայց ինձ հասանելիք խոսքի չափաբաժինը կարծես սպառվեց: Սա ոչ թե «Գրական թերթի» խմբագրի, այլ՝ քաղաքական գործչի խոսք է: Ի՜նչ արած, ժամանակներն այնքան էին քաղաքականացված, որ Պառնասի ճանապարհն անցնում էր պահակակետերի միջով: Եվ թեև դժվարությամբ, բայց հասնում էինք խոսքի և երգի կատարելությանը:
Մենք էլ մեծ քննադատի խոսքերը կարող ենք առանց վարանելու սեփականացնել՝ ասելով՝ ինչպես ռուսական արձակը դուրս է եկել Գոգոլի «Շինելից», այնպես էլ մեր երեկվա և այսօրվա հայ գրականության ծծմայրերից մեկը, օրորոցն օրորողներից մեկը եղել է մեր սիրելի, մեր բազմաչարչար «Գրական թերթը»: Թող հավերժ լինի նրա ճանապարհը:
16.06.2002 թ.
***
2002 թվականի հունիսն էր: Իմ զանգից րոպե չանցած՝ դուռը բացվեց, շեմին՝ ժպտադեմ, հմայիչ տիկինը՝
– Մենք ձեզ սպասում էինք…
Կողքից նայողին կթվար՝ առնվազն բարի ծանոթներ ենք, այնինչ առաջին անգամ եմ անցնում այս հյուրընկալ տան շեմով, տանտիրուհուն՝ տիկին Ելենային գիտեմ հեռակա, իսկ հյուրասենյակի բազմոցին նստած Մկրտիչ Սարգսյանի արձակը դեռ դպրոցական տարիներից եմ «ինձնով արել», հատկապես իմ հարազատ Ախալքալաքի մասին պատումներով, ու մեկ անգամ չէ, որ վայելել եմ նրա «Քաջ Նազարը», իսկ այդ ամենի հենքին՝ հորս պատմածը, ախր Մկրտիչ Սարգսյանը նրա ուսուցիչն է եղել…
Ինչի՞ց է ստեղծվում մտերմության՝ րոպեների ընթացքում ծնվող անբացատրելի աուրան, չգիտեմ, բայց հենց այդ րոպեներից հետո ա՛յդ մտերմության տիրույթում էի: Սկզբում մի լավ խոսեցինք մեր Ջավախքի ու մեր քաղաքի մասին, հետո անցանք «Գրական թերթին»՝ հուշեր, հետաքրքիր դրվագներ և այդ ամենը՝ սարգսյանական անկրկնելի ջերմությամբ ու հումորով: Նրան հանձնեցի թերթի 70-ամյակին նվիրված երեկոյի հրավիրատոմսը և խոստումն առա, որ երեկոյին պիտի պատմի Ի՛ր ժամանակի «Գրական թերթի» մասին…
Երեկոյի նախորդ գիշեր իմ սիրելի գրողը, մեր «Գրական թերթի» հրաշալի խմբագիրը դարձավ Հավերժի ճամփորդը… Նրա ձեռագիր Խոսքը կարդացի ես, ու միայն ես գիտեմ՝ ինչպես կարողացա սկսել ու ավարտին հասցնել նրա ուղերձը, վերջին պատգամը ապրողներիս, «Գրական թերթին»…
Տարիների հեռուն միայն հստակեցնում է կարևորն ու արժանին: Ինչպես հունիսյան արևով ջերմացած հյուրասենյակում, թեյի սեղանի շուրջ, Մկրտիչ Սարգսյանի և տիկին Ելենայի հետ ապրած այդ ժամերը…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Մկրտիչ Սարգսյանի ուղերձը «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»-ին
22.02.2002 թ.
Այս թերթը մեր աշխարհում շատ գործեր է արել: «Գրական թերթը» երբ լույս էր տեսնում, այդ օրը ո՛չ գրողները, ո՛չ էլ «վերևներում» նստած մարդիկ հանգիստ չէին լինում, որովհետև Գրողների միության օրգանը սովորական կուսակցական օրգան չէր և կարող էր իդեոլոգիական, քաղաքական սխալներ թույլ տալ, որը թանկ էր արժենում իհարկե: Ժամանակները ծանր էին, բայց ես բախտավոր էի. այնուամենայնիվ, երանելի ժամանակներում ես խմբագրեցի «Գրական թերթը»: Իմ աշխատանքը «Գրական»-ում համընկավ խրուշչովյան ձնհալի հետ, և ես կարծում եմ՝ մենք լավ աշխատեցինք: «Գրական թերթը» միշտ մարտական դիրքերում էր և երբեք նահանջներ չունեցավ:
Այսօր, շնորհավորելով թերթի 70-ամյակը, ես ի՞նչ եմ ուզում, ուզում եմ, որ «Գրական թերթը» վերականգնի նախկին հեղինակությունը, երբ այնտեղ տպագրվելը պատվի հարց էր համարվում, ցանկալի է, որ ուշադրություն դարձվի գրական քաղաքականությանը: Ուշադիր եղեք նոր տաղանդավոր անունների հանդեպ, սիրեք, գուրգուրեք նրանց, սակայն երես չտաք… Ի՞նչ ասեմ, լավ եղեք…
«Չպետք է մոռանալ երկրորդը…»
(Հատված Գնունի Բալայանի հարցազրույցից, «Երեկոյան Երևան» թերթ, N 193, 22.08.1984)
Գ. Բ. – Սովորաբար Մկրտիչ Սարգսյանին որակավորում են որպես «խաղաղ ժամանակների զինվոր», «գրող և զինվոր» այնպիսին, ինչպիսին իր հերոսներն են: Եվ անհիմն չեն այդ բնութագրումները, արձակագիրը պատանի հասակում մեկնեց ռազմաճակատ, տեսավ պատերազմի բոլոր արհավիրքները, եղավ իսկական զինվոր և այդպիսին էլ մնաց խաղաղ ժամանակներում:
Մ. Ս. – Հիշում եմ, մի առիթով հարցրին, թե ե՞րբ հագա և ե՞րբ հանեցի զինվորի շինելը: Հագնելը հիշում եմ, հանելը՝ ոչ, ասացի: Այսպես եղավ. 1941 թվականի հունիսի 21-ին, շաբաթ երեկոյան, կայացավ մեր ավարտական հանդես-երեկոն: Իսկ առավոտյան, հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը…
Ուղարկվեցի զինվորական ուսումնարան, որն ավարտելուց հետո ինձ գործուղեցին 3-րդ ուկրաինական ռազմաճակատ: Սկզբում դասակի, այնուհետև հրաձգային վաշտի հրամանատար էի, վերջում՝ գումարտակի շտաբի պետ: Այսօրվա նման հիշում եմ առաջավոր գծին մոտենալու պատմությունը: Մեր շարասյունը քայլում էր դեպի առաջավոր գիծ, իսկ առաջավոր գծից մեքենաներով, ֆուրգոններով թիկունք էին բերվում վիրավոր մարտիկները: Մեր տղաներից մեկը՝ տեսնելով վիրակապված զինվորներին, անզգուշորեն ասաց. «Զարմանալի է, բոլորը վիրավորված են ձեռքից կամ ոտքից»: Վիրավոր զինվորը, որ նստած էր ճամփեզրին, տնքաց, ապա զինվորների օգնությամբ կանգնեց և դեմքը ցավից ծամածռելով՝ բարձրացավ ֆուրգոն. «Հըմ,- մռնչաց,- բոլորը վիրավորված են ոտքից կամ ձեռքից: Իսկ դու գիտե՞ս, որ գլխից ու սրտից վիրավորներ չեն լինում: Նրանց փնտրիր եղբայրական գերեզմաններում»: Մի խոսքով, ես էլ կռվեցի իմ կռիվը և 1944 թվականի վերջին ծանր վերք ստանալով՝ 1945-ին զորացրվեցի:
Այս պատմությունը «շինելը հագնելու» մասին էր: Ինչ վերաբերում է «չհանելուն», ապա, այո՜, ես գրող եմ և չեմ կարող զինվոր չլինել՝ այս անգամ գաղափարական դիրքերում: Այսօր էլ «կռիվ եմ տալիս»՝ գրչով իհարկե, բոլոր կարգի հակահասարակական երևույթների դեմ, քաջնազարականության դեմ, քաղքենիության դեմ, այն ամենի դեմ, ինչը խորթ է մեր ապրելակերպին: Իմ «կռիվը» խաղաղ պատերազմն է: