ՀԳՄ վարչությունը շնորհավորում է
հրապարաախոս արձակագիր
Սեյրանուհի Գեղամյանին
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
Տաղանդավոր և նվիրյալ հայուհին
Տասնամյակներ առաջ էլ զարմանում էինք, թե հայկական մեծ, ավանդական ընտանիքում ապրող, երկու զավակ մեծացնող երիտասարդ կինը, որ սիրով ու նվիրումով կրում էր նաև ընտանեկան հոգսերը, ինչպե՞ս է կարողանում հեղինակել հարյուրավոր հոդվածներ՝ այդքան համապարփակ ու խոր վերլուծություններով, մաքրամաքուր ու գեղեցիկ հայերենով՝ մեզ համար հայտնաբերելով Սփյուռքում ապրող ու գործող տաղանդաշատ, հայրենաբաղձ բազմաթիվ մտավորականների՝ գրողներ, արվեստագետներ, բարերարներ, լրագրողներ ու գիտնականներ, ազգային գործիչներ, որոնց մասին նրա գրած հոդվածները պարզապես հոգևոր հաց էին Սփյուռքի համար, ազգային պատկանելության ու արժանապատվության հզոր ազդակներ… Ու հիմա էլ, երբ շրջապատված է վեց թոռնիկներով՝ դարձյալ նույն ավյունով շարունակում է գրել ու խմբագրել, կազմել ու հրատարակել ինչպես սեփական գրչի արտադրանքներն, այնպես էլ հայրենի և սփյուռքահայ գրողների գրքերն ու արվեստագետների պատկերագրքերը՝ յուրօրինակ խոսափող դառնալով մեր և համազգային արժեքների միջև։
Դիտարկման կարիք ունի նաև նրա հավասարակշռված, լայնախոհ, հայրենասիրական շիտակ կեցվածքը. իմ տարեկիցները լավ կհիշեն, որ խորհրդային տարիներին այդ հասարակարգը չընդունող կամ այն քննադատող սփյուռքահայերը, որքան էլ որ տաղանդավոր լինեին՝ անցանկալի ու մերժելի անձ էին համարվում Հայաստանում, և նրանց մասին գրելը կամ նրանց ստեղծագործությունները տպագրելը արգելված էր։ Սակայն Սեյրանուհին կարողանում էր պայքարել, ճիշտ հիմնավորումներով համոզել ղեկավարությանը և իր հրապարակումներով «արդարացնել» շատ անվանի սփյուռքահայերի՝ ցույց տալով նրանց ստեղծագործությունների արժանիքներն ու արժեքը։ Միայն ամերիկաբնակ նշանավոր մտավորական, գրող և հրապարակախոս, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի (որի հեռարձակումն իսկ արգելված էր մեզանում) հայկական բաժնի խոսնակ և խմբագիր Հակոբ Կարապենցի «հայտնագործումը» բավարար է՝ Սեյրանուհի Գեղամյանի գործունեությունը բարձրագույն գնահատականի արժանացնելու։ Այդ օրինակը, անշուշտ, եզակի չէ։ Սեյրանուհին մեկն էր առաջիններից, որ հաղթահարելով ընդունված արգելքները, 1989 թվականին «Հայրենիքի ձայնում» ընդարձակ նյութ հրապարակեց Երևանի գրականության և արվեստի թանգարանում պահվող Նիկոլ Աղբալյանի նամակների մասին…
1990-ական թվականների սկզբին Սեյրանուհին նախաձեռնեց «Զարմանալի հայեր» խորագրով ակնարկների շարքը՝ ճակատագրի բերումով աշխարհի տարբեր անկյուններում հայտնված հայերի մասին, ովքեր անցնելով դառն ու դժվար ճանապարհներ՝ ոչ միայն չէին կորցրել ազգային ինքնությունն, այլև օտար երկրներում հասել էին բարձր դիրքերի: Բազում զարմանալի հայերի ճանաչեցին ընթերցողները՝ շնորհիվ Սեյրանուհու՝ մարդկանց զարմանալիորեն իրար հարազատեցնող կախարդական գրչի, հիմնարար գիտելիքների, գրելիք նյութին մանրամասնորեն, լիարժեք տիրապետելու կարողության։ Եվ ինչ էլ որ նա արել է, ինչի մասին էլ գրել է կամ խոսել բեմահարթակներից ու ամբիոններից՝ նրա մտահոգությունների մտահոգությունը, սերն ու ցավը եղել է Հայրենիքը։ Այդ սիրո և ցավի դրսևորումներից մեկն էլ հոգու ճիչով հենց վերջերս՝ 2021 թ. սեպտեմբերին, դիմատետրում ողջ հայ ժողովրդին, և մանավանդ, հայ մեծահարուստներին ուղղված դիմում-կոչն է, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանը անհուսորեն մենակ է… Աշխարհի ունևոր հայե՛ր, ո՞ւմ են պետք փողը, հարստությունը, երբ վտանգված է Հայրենիքը, երբ վտանգված է ձեր ինքնության, պատկանելության վկայականը… Համախմբվե՛ք ու ձեր հավելյալ գումարները պահ տվեք ոչ թե բանկերին, այլ ներդրեք ի շահ Հայրենիքի ապահովության, ի շահ երկրի սահմանների անառիկության, և դա՛ կլինի ձեր անմահության վկայականը…»։
Առանձին դիտարկման են արժանի նրա՝ մանուկների և պատանիների համար գրված տասնյակ գրքերը։ Միայն դրանց վերնագրերի թվարկումը բավարար է՝ հասկանալու համար, թե ինչպիսի մեծ մտահոգությամբ է վերաբերվում նա բարեկիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելուն, ինչպիսի պատասխանատվությամբ է մոտենում մեր երկրի վաղվա քաղաքացիներին արժանապատիվ և արժանավայել, հոգով և մտքով հարուստ տեսնելու խնդրին. «Ինչպես դառնալ կատարյալ», «Զրույցներ բարեկրթության մասին», «Մանկական հանրագիտարան. սիրենք և պահպանենք կենդանիներին», «Զարմանահրաշ բնություն», «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին», «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» և այլն, և այլն։
Հատուկ ուշադրության է արժանի Սեյրանուհի Գեղամյանի՝ 2016 թվականին հրատարակած ժողովածուն, որ կրում է խորհրդավոր՝ «Բազմանկյուն» խորագիրը… Նման բազմանկյուն ունենում է ադամանդը… Սեյրանուհու գրչի շնորհիվ Հայ կերպարի և ոգու բազմաշերտ ու բազմանիստ այս դրսևորումները ի ցույց են դրվել որպես իրական ադամանդներ, որոնք սփռված են աշխարհով մեկ… Անչափ հետաքրքիր ու խորհրդանշական է գրքի վերջաբանը. ներկայացնելով միջնադարի մեծ փիլիսոփա Գրիգոր Պահլավունու խորախորհուրդ առակը՝ փուլ եկող երկնքի իր բաժինը պահող ճնճղուկի մասին, Սեյրանուհին այսպես է ավարտում վերջաբանը. «Այն, ինչ արել եմ տարիների ընթացքում՝ երկնքի այն փոքրիկ բաժինն է, որ կարողացել եմ փրկել…»։ Ասված է զուսպ և համեստ, բայց և մենք պարտավոր ենք ասել, որ նա կարողացել է փրկել երկնքի շատ կարևոր հատված, որը լեցուն է գեղեցկությամբ ու լույսով, ազնվությամբ ու արդարությամբ, սիրով ու նվիրումով։ Վստահ եմ, որ նա դեռ երկար պիտի փորձի փրկել երկնքի նոր բաժիններ. այդպիսին է նրա առաքելությունը, աշխատելու և ապրելու ոճը…
Ուզում եմ իմ բազմատաղանդ ընկերուհուն ի սրտե ասել. «Շնորհավոր հոբելյանդ, սիրելի՛ Սեյրանուհի. գրիչդ՝ բեղուն, եռանդդ՝ անսպառ, հայրենանվեր հոգիդ՝ թրթիռներով լեցուն, հմայիչ ժպիտդ՝ անպակաս…
Հովհաննես ԹԱՔՈՒԿՅԱՆ
Բանասեր, թարգմանիչ
Մանչեստր
ՎԱՍՏԱԿԱԾ, ՀԱՄԵՍՏ ՀՈԲԵԼՅԱՐԸ՝
ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆ
Բարեկրթությունը սովորաբար կաշկանդում է կնոջ տարիքի բարձրաձայնումը: Որոշ դեպքերում, սակայն, այդ սովորույթը խախտվում է. անտարբերությունը, «փիլիսոփայական լռությունը» կամ խուսանավելով թաքցնելն է դառնում անբարեկրթություն: Հոբելյանի պարագայում, մանավանդ, հենց տարիքը միջոց դարձնելով, վաստակյալ կնոջը չգնահատելն ու չարժևորելն է ստույգ անբարեկրթություն:
Նման լուրջ ու բարդ խնդրի առջև է կանգնեցնում մեր ժամանակի սքանչելի մտավորական հայուհիներից մեկը՝ ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆԸ:
Ի՞նչ եք կարծում՝ հիմա չասե՞նք, որ երբեմնի կենսախինդ աղջնակը, ԵՊՀ «չարաճճի», հանդուգն ուսանողուհին, որ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո իր խոհուն, ազգաշահ հոդվածներով կես դար շարունակ լցնում էր մամուլի էջերը, որ իրոք կենդանի կամուրջ էր հայրենիքի և Սփյուռքի միջև՝ ապահովելով մեր ժողովրդի աշխարհասփյուռ հատվածների միասնականությունը՝ նրանց խանդավառելով հայրենիքով, մեզ՝ հուսադրելով նրանցով, որ հաճախ առաջինն ինքն է ներկայացրել «կարմիր գծից անդին» ապրող մեր մշակութային գործիչներին, ընդլայնելով մեր իմացության ու հոգևոր հարստության սահմանները,- այսօր արդեն յոթանասուն տարեկան է: Չշնորհավորել և պատշաճորեն չգնահատել նրա իրո՛ք պատկառելի գրական, լրագրողական, արվեստագիտական վաստակն ու ներդրումը՝ մեղմ ասած՝ տմարդություն կլիներ: Հայ ժողովրդական բանարվեստից նա անտեղի չի հիշում երկինքը փլվելու աղետի լուրը լուրջ ընդունած, մեջքի վրա պառկած, անզոր տոտիկներով իր բաժին երկինքը փրկելու ճիգեր գործադրող արտույտին: Նրա պես անձնազոհ նվիրյալ է Ս. Գեղամյանն ինքը. իր բաժին մշակութային երկինքն է ճգնում փլուզումից ու խաթարումից ամեն գնով փրկել: Իսկ քի՞չ է արդյոք նրա բաժին երկինքը:
Խոնարհումս բոլոր արժանավոր հայ կանանց՝ զավակների ու թոռների դաստիարակներին, օջախի պահապան հրեշտակներին, խոհանոցի թագուհիներին, իրենց թոռնիկներով հրճվող սիրասուն տատիկներին: Այս բնական կարգավիճակներում եղել է և է այսօրվա հոբելյարը: Եվ ավելին՝ այս ամենով հանդերձ՝ նա եղել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» հեղինակավոր շաբաթաթերթի եռանդուն աշխատակից, լրագրող ու գրող, ՀՀ առաջին նախագահի աշխատակազմի, Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների պաշտոնյա, ստեղծագործական գնահատելի ձիրքերով օժտված բարձրաճաշակ անհատականություն: Նկատի ունենալով գրելու նրա աներկբա ձիրքն ու անշրջանակ իմացությունները, նպատակասլաց, ուշադիր և նվիրյալ աշխատաոճը՝ միշտ փնտրված է եղել թե՛ որպես հեղինակ և թե՛ որպես մշակույթի ոլորտի պատասխանատու աշխատող: Այլապես մենք այսօր չէինք ունենա տեղացի և սփյուռքահայ «զարմանալի հայ» արվեստագետների՝ մանավանդ գրողների, նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, դերասանների և մշակութային այն գործիչների հարուստ պատկերասրահը, որ արտացոլված է նրա անհաշվելի հոդվածներում, հարցազրույցներում և դիմանկար-էսսեներում, նրանց տասնյակ գրքերի համառոտ, բայց և խորապես դիպուկ ու բնութագրական առաջաբաններում, գրքեր, որոնցից շատերի՝ Հայաստանում առաջին հրատարակման նախաձեռնողը, առաջաբանների հեղինակը կամ խմբագիրը նույն ինքը Սեյրանուհի Գեղամյանն է: Նա «պատահաբար» չի ընտրել «զարմանալի հայերին». ամեն մեկը երևույթ է իր բնագավառում, և բոլորի համադրական խայտանկարը կազմում է հայ հավաքականության մշակութային դիմապատկերը:
Իր բազմաճյուղ գործունեությունը հենց ինքն է 2016 թ. բնութագրել իր հեղինակած գրքերից մեկի վերնագրով՝ «Բազմանկյուն»: Գրքի շապիկի 4-րդ էջում մի քանի տողով ներկայացված է հեղինակի «համեստ» կենսագրությունը. «12 գրքի հեղինակ է: Ավելի քան 20 ժողովածուների և պատկերագրքերի առաջաբանների հեղինակ, 40-ից ավելի ժողովածուների կազմողն ու խմբագիրը»: Նույն տեղեկատվությամբ հավաստվում է, որ նա գրական և մշակութային գործունեության համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, Պատվոգրերով, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» և «Երախտագիտության» մեդալներով, բազմաթիվ այլ պատվոգրերով ու հավաստագրերով:
Հասկանալի է, որ ընդհանուր գրական-մշակութային բարձր գրագիտությունը, հայրենի ու սփյուռքահայ բազմաթիվ մշակութային գործիչների հետ անձնական շփումները ժամանակի ընթացքում պիտի ձևավորեին նրա անհատական ոճն ու ճաշակը և պիտի ուղղորդեին նրա գրական, արվեստաբանական մտածողությունը, և այս ընդհանուր մթնոլորտում էլ ձևավորվել է ազգային, մարդկային ու մշակութային արժեքները գնահատելու նրա բացառիկ կարողությունը: Դրա վկայությունը չէ՞ հիշյալ գրքի խիստ համառոտ առաջաբանի մի ձևակերպումը՝ «Ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ ստեղծագործական ոլորտում ունեցել եմ մեկ սկզբունք՝ անկեղծությունը»: Արվեստում սա գնահատության գերագույն չափանիշ է՝ մանավանդ «հաղթանակի պատրանքով ապրող» մտավորականի համար: Անկեղծությունն ու ազնվությունը նրա համար եղել են և՛ պայքարի զենք, և՛ ապրելու, ապրեցնելու, դիմակայելու խորհրդանիշ, և՛ կենսական ճշմարտությունը արվեստի ճշմարտությամբ ներկայացնելու բանաձև, որը, սակայն, հաջողություն է բերել սակավ ընտրյալներին:
Տեղյակ էի, որ Մշակույթի նախարարությունում՝ Սեյրանուհի Գեղամյանի մոտ են պահվում Հովհ. Շիրազի «Անի» և «Թոնդրակեցիները» պոեմների բնագրերը: Նա նախապես գիտեր, որ ես դրանք պիտի վերցնեմ հրատարակման նախապատրաստելու համար, այլապես ոչ ոքի չէր տա: Երբ 2011 թ. գնացի վերցնելու, երկաթյա պահարանից երկյուղածությամբ հանելով երկու թղթապանակները՝ ինձ հանձնեց ասելով.
– Կհավատա՞ք, երկար ժամանակ այս թղթապանակներն ինձ են ի պահ տրված, չեմ հանդգնել բացել: Ինձ միշտ թվացել է, թե դրանց մեջ ոչ թե շիրազյան անգնահատելի մասունքներ են, այլ հենց ինքը՝ փոթորկուն, կենդանի Շիրազն է: Դուք ծանոթ եք սրանց, բացեք, ստուգեք, նոր վերցրեք:
Այսպես է սկսվել հայ պոեմի այդ երկու գլուխգործոցների տպագրությունը:
Մի կողմ թողնենք Ս. Գեղամյանի կիրառած տարբեր գրական ժանրերն իրենց փոխներթափանցումներով, սակայն ակնհայտ է այդ ամենն իր ինքնատիպ դիտողականությամբ միավորող արվեստագետ գրողը, որ երևում է պատմվածքում ու վիպակում, դիմանկարում ու ակնարկում, նպատակային հարցազրույցում: Թեև դժվար է Ս. Գեղամյանի իրապատում ոճով գրված երկերում որոշել գեղարվեստականի և վավերականի հարաբերակցությունը, սակայն դրանցից ամեն մեկում, նաև դեռևս անտիպ պատմվածքներում, առկա են կենսական խոր ճանաչողությամբ ու նուրբ դիտողականությամբ օժտված արվեստագետն ու մեկնաբանը: Դրա շնորհիվ է, որ կոնկրետ մարդկանց մասին գրված երկերն այլևս մասնավոր անձերի մասին չեն: Նրա «Պապս» պատմվածքում կերպավորված 92 տարեկանում մահացած պապն այլևս միայն իր պապը չէ. այսպես են և մյուս պատմվածքներում նրա կերտած դիմանկարները, որոնք այս կամ այն անհատականության առնչությամբ արծարծում են ինչպես մեր ազգային ինքնությանը վերաբերող, այնպես էլ ընդհանուր մշակութաբանական, կենսական և բարոյական հարցեր:
Իսկ սփյուռքահայ գրողների՝ Հայաստանում առաջին անգամ Ս. Գեղամյանի ջանքերով հրատարակված գրքերն իրենք են խոսում իրենց մասին: Անդրանիկ Ծառուկեանի «Սէրը եղեռնին մէջ» վեպը, որ հավաստի ճշգրտությամբ պատկերում է Հայոց ցեղասպանությունն ու իր կյանքը փրկած բժշկի՝ Ռուբեն Սևակի հանդեպ թրքուհի Հասրեթի անկեղծ սիրո պատմությունը, Մկրտիչ Հաճեանի «Հողէն երկինք» քերթվածների ընտրանին, Մանվել Ադամեանի «Անդաստան» բանաստեղծությունների ընտրանին, Վ. Եղիայանի և Ա. Արաբյանի աշխատասիրությամբ հրատարակված «Միսաք Թոռլաքյանի դատավարությունը», մեծ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ալբոմը, Արշիլ Գորկու «Նամականին» և այլն… Հատկապես Սեյրանուհուն ենք պարտական Հայաստանում հանիրավի մերժված Հակոբ Կարապենցի մի քանի ստեղծագործությունների տպագրությունը՝ «Ամերիկյան շուրջպար», «Ադամի գիրքը», պատմվածքների ժողովածուն…
Ընդհանրապես, մշակութային այն դաշտը, որտեղ զետեղված են Գեղամյանի հերոսները, չափազանց լայն ընդգրկում ունի. Խաչատուր Աբովյան, Թորոս Թորամանյան, Ալեք Մանուկյան, Գառնիկ Ադդարյան, Սրբուհի Տյուսաբ, Շառլ Ազնավուր, Հակոբ Կարապենց, Անդրանիկ Ծառուկյան, Ալիսիա Կիրակոսյան, Վահրամ Մավյան, Խորեն Տեր-Հարության, Սոս Սարգսյան, Վահագն Դավթյան, Օշին Քեշիշյան, Տիգրան Մանսուրյան, Ժան Տեր-Մերկերյան և էլի շատ ու շատ բացառիկ, զարմանալի հայեր և ոչ միան հայեր, որոնց բոլորին մերօրյա ազնիվ հայ մտավորականի հայացքով «խոսեցրել» է Ս. Գեղամյանը, հարցազրույցի, հոդվածի կամ էսսեի միջոցով անմոռանալի ու տպավորիչ դիմանկարներ կերտել: Երկերում բարեխղճորեն մատնանշված են մամուլում դրանց գրության և առաջին տպագրության տեղն ու ժամանակը: Այս իրողությունը, հավաստիությունից բացի, ունի մի այլ կարևոր խորհուրդ՝ հայացքի և մտածողության կայունություն, որը չի փոխվել խորհրդային ու հետխորհրդային ժամանակներում: Նշանակում է՝ Ս. Գեղամյանի արժեհամակարգում ազգային ճշմարիտ արժեքներն ունեն գնահատման կայուն չափանիշներ, որոնք վեր են գաղափարական ու քաղաքական պարտադրանքներից: Եվ այս համապատկերում ակնառու է դառնում հեղինակի մի այլ կարևոր յուրահատկություն. նրա գրվածքների անժամանցելիությունը։ Տարիներ առաջ դիմանկարի կամ հարցազրույցի միջոցով նրա ստեղծած կերպարներն ու ասելիքը կարծես հենց այսօրվա համար են և հնչում են որպես պատգամներ՝ ուղղված հայ նոր սերունդներին: Դրանք բոլորն են արդիական, սակայն արժե առաջնահերթ հիշել 1989 թ. փետրվարին Շառլ Ազնավուրի՝ երկրաշարժի գոտի՝ Գյումրի այցելության ժամանակ հարցազրույցի վերջին բնորոշ դրվագը.
– Ինչի՞ մասին էիք մտածում Ձեր վերջին՝ «Քեզ՝ Հայաստան» երգը գրելու ժամանակ:
– Կմտածեի, թե ինչ ալ որ պատահե, մեր ժողովուրդը պետք է ապրե և պետք է հաղթահարե այս դժվար ձմեռն ալ, որմե ետք անպայման գարունը կգա, կմտածեի, որ նոր երեխաներ պիտի ծնվեն ու ապրեն ավելի լավ, ավելի ամուր, կմտածեի հույսի՛, հույսի՛ և նորեն հույսի՛ մասին, որը չպետք է լքե մեր ժողովուրդը:
– Իսկ այս պահին ի՛նչ կուզեք ասել մարդկանց, Ձեր երկրպագուներին, բոլորին…
– Կուզեմ ըսել, կուզեմ պոռալ՝ կեցցե՜ Հայաստանը, թող որ հավիտյան ապրի Հայաստանը…
Մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի այս հուսադրող պատգամախոսության հնչերանգով «Գրական թերթի» բոլոր ընթերցողների հետ միասին ջերմորեն շնորհավորում եմ Սեյրանուհի Գեղամյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ, մաղթում նրան երկար տարիների առողջ և բեղմնավոր ստեղծագործական կյանք՝ ի փառս հայրենի գրականության ու մշակույթի և հանուն մեր հայրենիքի հարատևման:
Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ
Պրոֆեսոր, ՀՀ գիտության
վաստակավոր գործիչ