ՆԱՆԵ

 

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՅԳԱԲԱՑ
Քաղաքն արթնացավ.
Ու կապույտ մուժում արևագալի՝
Արևի շեկշող ծամերին խառնած-
Սևսաթ մազերը սփռեց ցիրուցան…
Քաղաքն արթնացավ…
Հեռվից էր գալիս.
Հողի առաջին պատառն էր փոքրիկ
Մոլորակ-գնդի,
Որ, դեռ անթրթիռ, անշեն ու դատարկ՝
Որպես մասունք և փրկության ջերմ ափ-
Արարատ լեռան փեշին կայանած
Տապանին, մարդկանց-
Մեծ ջրերից ետ բացվեց-երևաց՝
Եվ առաջինն էր, որ ողջ մաքրված
Նոր կյանքի շեմին
Անուն ստացավ՝
Ավետիս-ծեսի սուրբ մկրտությամբ…
Նա հետո ամուր հիմնաքարերով,
Սյուն-խոյակներով
Ընդելուզվեց հանց շողշողուն մի զարդ՝
Նստավայր շքեղ՝ Հայոց արքայաց…
Քաղաքն արթնացավ
Եվ ամեն օրվա նման թափ տվեց
Փոշին դարերի՝
Շտկեց վարդագույն իրանը նրբին,
Ձգվեց ի երկինք…
Նա հին էր, սակայն ջահել ավելի,
Քան ծիծառների ձագուկները ժիր
Իր տան քիվերին,
Հին էր՝ ավելի սակայն գեղանի,
Քան այգը բացված՝ նոր օրվա շեմին….
Քաղաքն արթնացավ….

***
Դեղին մշուշ է,
Հմայանք դեղին,
Ու ես ձեռք ձեռքի
Աշնան հետ մի եմ…
Մեր հուզումների
Կարգը նույն հինն է-
Արցունքն իրենն է,
Պատճառը իմն է…
Մեկմեկու այնքան
Գաղտնիք ենք տվել.
Էլ չենք հասկանում,
Թե որը ո՞ւմն է…
Մեկտեղ ժպտում ենք,
Մեկտեղ ամպոտում
Ու մեկտեղ կարճում
Անքնությունը…
Կորուստ-գտածի
Հաշվարկը հինն է-
Պճնանքն իրենն է,
Խաշամը՝ իմը…
Դեղին մշուշ է,
Հմայանք դեղին,
Ու ես նորից նոր
Աշնան հետ մի եմ…
***
Խնկարկեմ բոլոր կորուստները մեր,
Խնկարկեմ ի Տեր…
Ու մոմեր վառեմ՝
Հույսերի լույսով գալարուն ի վեր,
Մեր դարձի համար դեպի հին ու նոր
Կորուսյալ հողեր,
Տենչամ ուշացող այգը լուսահեր,
Ղազանչեցոցում հարսանիք կրկին,
Մկրտության ծես,
Ավետիս միայն հաղթությունների,
Ու… կյանքի հանդես…
Խնկարկեմ լուսե երազները մեր,
Խնկարկեմ ի Տեր…

***
Փորձում եմ վերծանել
Ուշ աշնան շշունջը խաշամի՝
Խըշշ-խըըշշ-խըըշշշ…
Արահետը գաղտնիքներ ունի
Խաշամին պահ տված,
Բայց շատախոս են տերևները դալուկ-
Ու… մեկ քայլ, երկու քայլ, երեք…
Կանգ եմ առնում…
Եվ մի՛ զարմացեք,
Որ փակում եմ ճերմակ թուղթն
Ինձ սպասող
Ու լռում եմ երկար, երկար,
Երկաարրր…
Կամ շշնջում միայն տերևավարի
Անվերծանելի շշունջով՝
Խըշշ, խըըշշ, խըըշշշ…

***
Մենք չէ, որ պահեցինք քեզ…
Մեզ մնար՝
Առաջին իսկ պատուհասից փոքրիկ
Դուրս կսահեիր
Մատյանից պատմության…
Մենք՝ դավերով երկայն-
Փոքրությամբ մեր-
Քեզ՝ հսկայիդ անչափելի,
Անդունդից անդունդ գլորեցինք…
Ու մեղքը թշնամու ամենավերջինն էր
Պատճառներից քո անկումների…
Մենք չէ, որ հույսն էինք քո.
Երբ կործանվող կայսրությունների կողքին՝
Դու բարձրանում էիր նորից հրաշքով-
Գոյատևության բոլոր կանոններին հակառակ,
Որպես թռչունը փյունիկ…
Եվ սակայն…
Ո՞վ էր, եթե ոչ մենք,
Որ գնով նահատակության
Եվ գնով կյանքերի առյուծների Հայոց-
Կրեցինք խաչը ծանրերից ծանր
Կրծքին մեր, բազկին մեր, թիկունքներին
Ու խորքերում մեր հոգիների…
Ու Տերը դարձավ հույսը քո
Ու պահապանը քո՝
Տանելով քեզ
Դարերով երկայն ու դժվարին….

***
Մոմերը վառ են
Վանքի դարավոր պատերի ներսում,
Խունկն ու բուրվառը,
Մրմունջ ու խոկում-
Հաղթության տենչն են
Մեր… Երկինք տանում…
Սահմանի վրա՝
Դեռ երազներից կյանքի համ չառած
Այրեր են ջահել.
Ու Հայրենին է շատերին արդեն
Առաջին աղոթք ու… առաջին սեր…
Մոմերը վառ են
Բոլորի համար հատ-հատ
Ու մեկտեղ
Եվ մեղմ, թրթռուն լույսերով իրենց
Դարձի աղերս են առաքում
Առ Տեր….

***
Դու լռիր,
Ու թող… աշունը խոսի՝
Իր անձրևումի անհասկանալի կարոտի
Կապույտ հորդացումներով՝
Դեղնաթույր, բոսոր հանդերձների մեջ
Զուգված ծառերի, թփերի, հեռվի հմայանքներից
Ու թախծից՝ պոկվող դալուկ տերևի…
Դու կանգ առ… ու թող
Աշունը հոսի-
Ամպերի ճերմակ քարավաններով,
Ու մշուշների տեսիլով ցնդող.
Դեղնածուփ օրվա ոսկեծամ ու խոնջ
Արևի ճեմով…
Սուլոցով անսանձ,
Հարկահանի պես ծառից ծառ անցնող
Ու տերև-ոսկու բաժինն իր նրանց
Ճյուղքերից քիչ-քիչ
Դատարկող քամու…
Որ գանձը ինչ է՝ չի էլ հասկանում-
Այստեղ խլում է՝
Այնտեղ բուռ առ բուռ
Ցիրուցան անում…
Լացդ տուր նրան…
Աշունը՝ վարպետ սգվորի նման,
Ողջ գիշեր իրեն պատեպատ տված-
Ե՛վ քո փոխարեն, և՛ իմ, և՛ նրա,
Արցունք կթափի՝ թացելով ողջը,
Եվ իր ոռնոցը ձգելով դեպի
Հեռու խորքերը անլուսին երկնի…
Դու լոկ գլուխդ դիր աշնան ուսին,
Իր տաքուկ գրկում նորից մանկացիր՝
Ու… քնիր…
Թող որ… աշունը հսկի…

***
Մերժեց ուղին, որ բուրում էր
Երիցուկներով ու մանուշակով,
Որ աստղաժանյակ գիշերներ ուներ,
Ու գովազդվող «էքստրիմ»
և «ադրենալին» տենչաց…
Վախ տենչաց, տագնապի հևք՝
Խճճեց ոտքը անելք կածանների մեջ,
Պտույտ տվեց լաբիրինթներում ոլորուն,
Ընկավ հազար ու բյուր անգամ,
Բարձրացավ մեկ-մեկ
Եվ ժամանակ չուներ հաշվելու վերքերն անհամար
Ու թիվը ջարդված կողերի…
Հետո զզված կյանք-պատուհասից՝
Խեղված ու կոնդ-
Վեր նայեց մի օր, որտեղ ուղին էր առաջին,
Ու բողոքն իր ժայթքեց, ճոճեց բռունցքը
Բոլոր-բոլորի և միայնակ գայլի պես՝
Լուսնկա գիշերների.
– Այս ի՞նչ արիր, Տե՛ր,
Դու այս ի՞նչ արիր…

***
Ի՞նչ հուշ է արթուն՝
Հյուսված բուխարու կայծկլտուն բոցին-
Չի թողնում քնել…
Գիշերվա երկար թարթիչներն ահա՝
Ծանրացած, անուժ,
Վարագուրել են աշխարհի առաջ
Կյանքի խև վարգը…
Խոր նինջն է վաղուց ներկաներ դնում
Բոլորին մի այլ կեցության ափում,
Որ մինչ արևի ճախրանքը վերում-
Հողը շունչ քաշի,
Հողը թոթափի խոնջանքն իր անել…

Ու այս ի՞նչ հուշ է՝ արթուն, բաբախուն-
Հյուսված կայծկլտուն բոցին բուխարու-
Չի թողնում քնել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.