Ի հիշատակ Ռոզա Պարոնյանի
Մի հոյակապ կալիֆոռնյան առավոտ, ես ականատես եղա հրաշքի, որի մասին հուշը մինչ օրս, ժամանակ առ ժամանակ ստիպում է այն հանձնել թղթին: Տեսարանը, որը մի քանի օր ինձ գերել էր, այնքան տպավորիչ էր, որ ես միառժամանակ կորցրեցի գրելու և խոսելու կարողությունը, հասցնելով միայն գրի առնել այն իմ ծոցատետրում՝ Միապետ թիթեռ: Վերջերս հայտնաբերելով այդ մոռացված գրառումը՝ ես կարծես կրկին վերապրեցի կատարվածը, երբ այն աշնանը՝ դուրս գալով պատշգամբ սուրճ խմելու, դարձա բազում, հսկա, թափառող նարնջագույն-սև թիթեռնիկների գերին: Նրանք այնքան շատ էին, որ թվում էր՝ ոչ թե թռչում են, այլ քարացել են օդում: Ժամ առ ժամ, օր օրի, նրանք իրենց բազում թեթև մարմիններով, ասես ծաղկազարդ լաքաներ, պտույտներ էին գործում, երբեմն վայրէջք կատարելով ծաղիկների, թփերի, ծառերի, բլուրների վրա՝ փնտրելով իրենց հանգիստը: Այդ տեսարանին նայողը՝ լինելով անգամ խիստ նյութապաշտ, չի կարող խուսափել հրաշքի զգացումից՝ աշխարհարարման, այնկողմնայնության և անբացատրելիության վրա: Իհարկե, ուշքի գալով, ես շտապեցի տվյալներ գտնել այդ երևույթի մասին: Պարզեցի, որ այդ թիթեռնիկները պատկանում են Միապետ թիթեռ տեսակին, Danaus plexippus, որոնց նաև ժողովրդական լեզվով անվանում են վագրային. նարնջագույն-սև գծավոր գունավորման համար: Նրանք բնակվում են ողջ աշխարհում, բայց միայն հյուսիսամերիկյան տարատեսակն է գաղթում: Սովորաբար դա տեղի է ունենում աշնանը: Այդ ժամանակ միլիոնավոր թևավոր ճանապարհորդուհիներ մղվում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի նահանգներից, Կանադայից և ներթափանցում արևային Կալիֆոռնիա և Մեքսիկա, փրկվելով ձմռան ցրտից, սակայն հյուսիսարևելյան շրջաններում, գարնանային տաքացումների հետ մեկտեղ, Միապետ թիթեռների նոր սերունդը վերադառնում է իրենց համար անծանոթ հայրենիք: Ես գաղթական եմ և զարմանալի չէ, որ նման անհավանական տեսարանը դրդեց ինձ հետագա որոնումների՝ այդ էակների մասին տեղեկություններ փնտրելու համար, իսկ ենթագիտակցությունս բացահայտում էր, մեկը մյուսի ետևից, կենսական մտապատկերներ, որոնք ուլունքի նման կողք կողքի շարելով իմ մտորումների ընդհանուր թելին, մտածում էի անհաղթահարելի մղման մասին՝ դեպի հարազատ վայրեր: Պարզեցի նաև, որ գոյություն ունեն բազում կազմակերպություններ, որոնք պաշտպանում են Միապետ թիթեռների ձմեռելու վայրերը, և գործակալություններ, որոնք ցուցադրում են զբոսաշրջիկներին այն ձմեռանոցները, որտեղ թիթեռները քուն են մտնում հարյուրհազարներով, ծառերը ամբողջությամբ պատելով իրենց նարնջագույն-սև թևերով: Իրենց հայրենիքում նեկտարով ներծծված այդ հզոր սերնդի ձմեռող թիթեռները ամբողջ կյանքի ընթացքում կատարում են մի քանի հազար կիլոմետր աշնանային թռիչքներ, ավելի ուժեղ են, դիմացկուն և ութ անգամ ավելի երկար են ապրում, քան գարնան և ամառային տեսակները, որոնք ծնվում են տաք երկրներում և կարող են թռչել մի քանի հարյուր կիլոմետր՝ վերադառնալով Ամերիկայի հյուսիս-արևելք և Կանադա: Եվ այդ իսկ պատճառով ճանապարհին գարնանային և ամառային Միապետ թիթեռների տեսակները փոխարինում են մեկը մյուսին: Գարնանային և ամառային տեսակները իրենց ամբողջ կյանքի ընթացքում չեն կարող կատարել այդպիսի թռիչք: Սա զարմանահրաշ տիեզերական ծրագիր է, որ ստիպում է սերնդեսերունդ չվել մի վայր, որն իրենց տրված չէ տեսնել: Բայց նրանց սերունդները, անշուշտ, ենթարկվելով առեղծվածային գենետիկ հիշողության օրենքներին, վերադառնում են իրենց միջավայր՝ հայրենիք: Ես հայուհի եմ, ծնված Հայաստանում, մեծացել եմ Մոսկվայում, ապրում եմ Կալիֆոռնիայում: Ներգաղթի պատմությունը ոչ միայն իմ պատմությունն է, այլև իմ ժողովրդի: Երբ Թուրքիայում՝ Ցեղասպանությունից հետո, հայերը ամբողջ աշխարհով մեկ ցիրուցան եղան, բայց չկործանվեցին, նրանք գոյատևեցին: Հատկապես առաջին դիմացկուն սերունդը վերապրել է բազմաթիվ փորձություններ, կյանք տալով եկող երջանիկ սերունդներին, արդեն նոր երկրում: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ շատ հայեր, քսաներորդ դարի քառասունականներին, վերադարձան իրենց հայրենիք՝ հետպատերազմյան Հայաստան, իսկ ևս երկու-երեք սերունդներ անց, յոթանասունական, ութսունական, իննսունականներին, կրկին վերադարձան արտասահման, բայց նրանց երեխաներն ու թոռները շարունակում էին վերադառնալ հայրենիք: Մի՞թե նույն վիճակում չէին ռուս հետհեղափոխական գաղթականների թոռներն ու ծոռները, որ ձգտում էին դեպի իրենց նախնիների հայրենիքը, իսկ ամենաերկար ձգվող հրեական գաղթական էպոպեան արժանի է ավելի մեծ ուշադրության, քան պատմվածքում մեկ նախադասությամբ նկարագրությանը: Գուցե այս թիթեռների պատմության մեջ թաքնված է ավելի յուրահատուկ առեղծված, և ո՞վ գիտե, ո՛ր տիեզերական սահմանին է ձգտում մարդկությունը, որը առեղծվածային է, ինչպես հարազատ վայրերը, և դեռ քանի՞ սերունդ անց հնարավոր կլինի մեզ նույնպես այդ անհավանական վայրերում հայտնվելու համար: Իսկ մինչ այդ թիթեռները՝ ամեն գարուն և ամեն աշուն, ձգտում են դեպի Հայաստան և Ռուսաստան, բայց միևնույն է, ինձ հանգիստ չի տալիս այն հրաշքը, որին ականատես եղա կալիֆոռնյան մի առավոտ: