Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ / ԼԱՄԲԱԴԸ

 

Չարագուշակ լուրը սկիզբ առավ Քամոտդարի փեշերին փռված թաղամասից, իջավ Սրանոցի ձորը, ապա Նշաղբյուրից սլացավ մինչև Կոնդ ու Վանքի թաղ: 

– Աղջի՛, ո՞վ է տեսել` աղբրի գլխին ծառը չորանա,- հաց թխելու եկած հարևանուհիներին շվարած հարցրեց Հեղնար ազին: 

– Էն էլ՝ սուրբ աղբրի գլխին աճած ծառը,- ավելացրեց Վարդանուշ մայրիկը:

– Էս լավ նշան չի: Ի՛նչ էս հայութուրքի կռվի վերհիշումը, ի՛նչ էլ էս սուրբ ծառի չորանալու նշանները: 

– Բա որ Մեհրաբենց շունն էլ էս քանի ամիս ա՝ գիշերները գելահա՞չ ա տալի:

– Աղջի՛, էս ամեն ինչը Փաշոյենց էն ոչուփուչ աղջկա պատմությունից սկսվեց…

– Հա, էլի, ոնց որ էս գյուղի աստղը թեքվեց… 

– Է՛ն Աստոծ, սիրտս լավ բան չի գուշակում,- ամփոփեց Հեղնար տատը՝ տեղավորվելով թոնրի գլխավերևը:

Գյուղի կանայք ախուվախով ու նախապաշարումներով ընդունեցին չարագույժ լուրը, տղամարդիկ՝ ցավով ու տարակուսանքով:

 

Լամբադը… Ասում էին՝ այդ եզակի ծառատեսակից ընդամենը երեքն էին ողջ Արևելահայաստանում. մեկը` Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու բակում, մյուսը՝ Գողթնի կողմերը՝ Փառակայում, իսկ երրորդը՝ այստեղ, երփներանգ լեռների միջև ձգվող երեք ձորակներին փռված այս նախալեռնային գյուղում: Ասում էին նաև, որ ուղիղ երեք հարյուր տարի առաջ նորջուղայեցի մի հոգևորական է գյուղ եկել, բարձրացել Քամոտդարի գագաթը, մոմ վառել Սուրբ Հակոբ մատուռում, ապա ցած իջնելիս լանջից բխող աղբյուրի կողքին տնկել է նախնիների գյուղին նվեր բերած փոքրիկ տնկին:

Լամբա՛դը… Սարալանջին փռված տների համայնապատկերին մի յուրօրինակ խորհուրդ էր հաղորդում իր կանոնավոր, ասես հմուտ նկարչի ձեռքով նկարված հորիզոնական օվալով, իսկ ամռան շոգին խիտ ճյուղերի զով ստվերի տակ էր առնում եկող-գնացողներին, այգիներում աշխատողներին, սարից իջնող հովիվներին ու գառնարածներին: Իսկ դպրոցի հերթական դասարանն ավարտած աշակերտներն իրենց ուսումնական տարվա ավարտը ավանդաբար նշանավորում էին «Լամբադի տակի» խնջույքով:

Լամբա՜դը… Գյուղի զարդն ու հմայիլը… Ո՞վ կարող էր պատկերացնել Քամոտդարի փեշերին փռված գյուղի բարձրադիր թաղամասը առանց այդ տարաշխարհիկ հրաշքի…

Սակայն… Լամբադը իսկապես չորանում էր: Սարալանջին կանգնած՝ նա զգում էր օր օրի գյուղին մոտեցող անխուսափելի աղետը, գյուղի երիտասարդների՝ ինքնաշեն զենքեր պատրաստելու, շրջակա բլուրներին գիշեր-ցերեկ հերթապահելու եռուզեռը: Իսկ հարևան տան կողմից գիշերները լսվող, օրեցոր ահագնացող գայլահաչ կաղկանձները ավելի ու ավելի էին հաստատում իր կասկածները: 

Այդ դարավոր ծառը երկու կռիվ էր տեսել գյուղում, երկուսն էլ՝ նույն թշնամու դեմ: Առաջինի ժամանակ գյուղը հաղթել էր, և հակառակորդը երկար ժամանակ ոտքն անգամ չէր դրել այս հողին: Երկրորդի ժամանակ գյուղի բնակիչները երեք օր հերոսաբար դիմադրել էին թշնամուն, այնուհետև գաղթել, սակայն շուտով կրկին վերադարձել էին: Ու թեև վերջին յոթ տասնամյակներում թվում էր՝ այլևս անցյալի գիրկն են անցել թշնամանքն ու հակամարտությունները, այնուամենայնիվ անցյալը կրկին վերադառնում էր…

Եվ Լամբադը օրեցօր տրտմում ու տկարանում էր այնքան, որ այլևս ի զորու չէր աղբյուրի կենարար ջուրը արմատներից դեպի բունը, ճյուղերն ու սաղարթը մղել: Եվ տկարության պատճառն ու ակունքը հարազատ գյուղի, նրա աշխատասեր ու բարի մարդկանց առհավետ կորցնելու սարսափելի հեռանկարն էր, որ նրան չէր լքում գիշեր ու զօր: Նա չէր ուզում պատկերացնել, որ իր ստվերի տակ երբևէ խրախճանք են անելու այն արյունարբու ցեղի շառավիղները, որոնք ժամանակին օր ու արև չէին տալիս այս գյուղին, սպանում էին մարդկանց, թալանում նրանց ունեցվածքը: 

Խոր աշնան անձրևի սառը կաթիլները լվանում էին ծառի` արդեն չորացած բարձրադիր ճյուղերը, դեղնած-չորացած ցածրադիր տերևները:  Լամբադը ակամա հիշում էր մանկությունը, իրեն գյուղ բերող հոգևորականին, իր շուրջը մացառներից «պարիսպ» կառուցող հոգատար ծերունուն, որ բոլորին իր անունն էր բացատրում՝ «նալբանդի՝ պայտարի ծառ», քանի որ սաղարթը պայտաձև է: Հիշում էր նաև հեռավոր մի քաղաքից գյուղ եկած բուսագետ կնոջը, նա էլ իրեն գնդաձև թեղի էր անվանել… 

Հետո… անցյալի լուսավոր հուշերին սկսեցին հերթագայել մռայլ ապագայի ճնշող պատկերները, քանի որ կեսօրին հարևան գյուղերից հավաքված, զինված, գազազած մի խառնամբոխ մայրամուտին դեպի գյուղ էր շարժվել, տարածքը հսկող զինված ջոկատայինները արել էին անհրաժեշտը, հետ մղել հրոսակներին, սակայն լարվածությունն ու տագնապը շարունակում էին օդից կախված մնալ… 

Լամբադը խաղողի փարթամ ու լայնարձակ այգիների, դեղձի, ծիրանի ու տանձի պուրակների փոխարեն արդեն ապագայի ցամաքող աղբյուրները, չորացած-գորշացած այգեստանները, անխնամ փողոցները, ավերված եկեղեցիներն ու ջարդոտված խաչքարերն էր տեսնում…

Եվ աշնան վերջին օրերի հետ Լամբադը ականատես էր լինում հարազատ գյուղի վերջին օրերին, սոսկալի ցավով զգում տները վաճառելու, փոխանակելու արդեն սկիզբ առած իրարանցումը: Նա անկեղծորեն փափագում էր, որ գյուղի վերջին աշունը նաև իր վերջին աշունը լինի…

 

…Երբ գյուղից հեռացող վերջին ավտոմեքենաները անցան մերձակա բլուրների հակառակ կողմը, Հեղնար ազին վերջին անգամ արցունքն աչքերին Լամբադի կողմը նայեց, բայց երբեմնի շքեղ ծառի փոխարեն հազիվ նշմարվեց մի գորշ ծառ-ուրվական, որը մեքենայի ընթացքի հետ արագ ծածկվեց լեռնալանջի սուրսայր ժայռերի ուրվապատկերով…

– Մեռնեմ քո ոտի տակ, զորավո՛ր Սրգագոփ, դու մեր ու մեր Լամբադի աղաչանքը գետնին չթողնես,- վերջին անգամ շրջվելով դեպի Սուրբ Հակոբ մատուռի կողմը՝ աղոթեց նա: 

Հեղնար տատը այդ պահին Մեհրաբենց շան մարող գայլահաչը վերջին անգամ Լամբադի կողմից լսեց: Նրան թվում էր, որ շունն արդեն Լամբադի փչակում է ապրում և ամեն գիշեր իր տաք մարմնով ջերմացնել է փորձում երբեմնի փառահեղ ծառի պաղ-անշնչացած բունը: Հեղնար ազին նաև համոզված էր, որ սուրբ աղբյուրից բխող առվակի կենարար ջրից ուժ ու հոգի առած թեղու փոքրիկ մի սերմ թաքնվել է ափամերձ գուղձերի մեջ՝ գարնան պայծառ մի օր երբևէ ծիլ տալու, ընձյուղելու երազանքով… 

2023, սեպտեմբեր 

Ծաղկաձոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։