Կուբան գետը, երկու ճյուղի բաժանված, Կրասնոդարի ճիշտ մեջտեղում հողի մի լեզվակ է ստեղծել: Մարդիկ այդ լեզվակի վրա հանգստավետ ծառուղիներ են աճեցրել, գողտրիկ սրճարաններ կառուցել, և երեք հայագետներ՝ Կարինե Եսայանը, Կարինե Փիլոյանը և ես, կամրջին կանգնած, հիանում ենք լայնահուն գետի շքեղ տեսարանով: Ճիշտն ասած, բաց երկնքի տակ չենք. մտել ենք մեծ կամրջին թառած փոքրիկ սրճարանը, որի տերը, տեսնելով, որ հայ ենք և վարարող անձրևից պիտի թրջվենք, հրավիրել է ներս ու թեյ է հյուրասիրում:
– Ընտանիքո՞վ եք, երեխաներ ունե՞ք,- ջերմ տոնով հարցնում է Կարինե Եսայանը, որը Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ամենապատասխանատու դեմքերից է, երեխաների հայեցի կրթությունն ապահովողը, և հարցը ոչ միայն տեղին, այլև անհրաժեշտ է: Մեր հայը սկսում է պատմել, որ Չարենցավանից է, 10 տարեկան, լավ նկարող աղջիկ ունի, և հենց այդտեղ էլ որոշվում է, որ երեխան պետք է հաճախի հայկական մշակույթի կենտրոն, սովորի նկարչական և այլ խմբակներում:
Իսկ Հայկական կենտրո՞նը… Օ՜, սա իսկական նորություն է, որ բռնել է արդի շենքի մի ամբողջ հարկաբաժին՝ 5-րդ հարկը: Իր նշանակությամբ այն Մոսկվայի Լազարյան ճեմարանից հետո ամենակարևորն ու ամենագեղեցիկն է, տեսարժան այս կամրջից էլ ընդամենը մի քանի քայլի վրա: Մենք, սակայն, ոչ մի կերպ չենք կարողանում հաղթահարել այդ մի քանի քայլը, քանի որ կժով թափվող անձրևը դարձել է հեղեղ, փողոցները վերածել իսկական գետերի:
– Վերջ,- ասում է Կարինե Եսայանը,- Կրասնոդարում հիմա նավակներով պիտի ման գան: Ստիպված կլինենք հանդիպումը մեկ կամ 1,5 ժամով հետաձգել:
Ես անկեղծորեն զարմանում եմ. ախր անձրևի եղածն ի՞նչ է, որ մեզ խանգարի, Կապուտիկյանին նվիրված երեկոն էլ հետաձգենք: Սակայն պարզվում է՝ անձրևն իրոք կխանգարի, քանի որ այս մեծ ու սիրուն՝ կրասնի կոչվող քաղաքում, կոյուղագծերն այնքան են հնացել, որ անձրևաջուրը ներս չեն քաշում: Բա հիմա չասե՞ս՝ ականջդ կանչի, Երևա՛ն, կամ ողջույն քեզ, Հայաստա՛ն, որ փոթորկի ու հեղեղի ժամանակ էլ ջրահավաք ավազանիդ շնորհիվ մեզ պահում ես պինդ հողի վրա, բայց մենք այդ մասին միայն դրսում ենք իմանում…
Ի վերջո, վերադառնում ենք բաղձալի վայրը՝ հայոց ազգային կենտրոն, որ մի փոքրիկ Հայաստան է՝ Հայաստանից դուրս: Իմ տեսած բազմաթիվ կենտրոնների մեջ այս մեկն առանձնահատուկ անուշիկ է: Մարդիկ ժպտերես են, գույքը՝ նոր ու ճաշակավոր, ընդարձակ սրահը՝ հայկական մթնոլորտի խտացում: Պատերին մեր խորհրդանիշերն են՝ Արարատ, Սասունցի Դավիթ, նուռ ու խաղող, դարակներում՝ գրքեր և հայկական հուշանվերներ, որ պետք է շատանան: Ահա և հայտնվում են առաջին հյուրերը, բայց զանգողներն ավելի շատ են.
– Տիկի՛ն Եսայան,- տագնապած ահազանգում են տարբեր թաղամասերից,- շքամուտքի դուռն անգամ բացել չենք կարողանում, հեղեղը լցվում է ներս: Ի՜նչ կլինի, հանդիպումը մի քիչ հետաձգեք:
– Եղավ, մի՛ անհանգստացեք, հիմա մեքենա կուղարկեմ,- ասում է տիկին Եսայանը և սկսում զանգել իր հարազատներին, որ տաքսիներ վարձեն ու գրքասեր հայ հանրությանը հասցնեն այստեղ:
Մի խոսքով՝ հայկական միջավայր, հայկական վերաբերմունք, հայկական սիրտ ու հոգի…
***
Այս ամենի մասին, ի դեպ, ես կարող էի լուր չունենալ, քանի որ հանգրվանս Անապայում էր: Մանկության ընկերուհիս՝ հրաշալի բանասեր, ազգային գործերի ինքնամոռաց նվիրյալ Կարինե Փիլոյանը, ինձ հրավիրել էր իր տնօրինությամբ գործող «Մուշ» դպրոց, որտեղ նաև ամառային ճամբար էր բացել մոտիկ վայրերի հայ երեխաների համար: Անչափ հետաքրքիր էր տեսնել մեղվի ժրաջանությամբ գործող հայանպաստ այս կառույցը և ծանոթանալ Կարինեի ջանքերով ստեղծված «Իմ մայր» կազմակերպության անդամների հետ, որոնք օգնում են 44-օրյա պատերազմի վիրավորներին: Հաճելի էր շոշափել նկարազարդ երկլեզու դասագրքերը, որոնցից երեքի հեղինակը Կարինե Եսայանն է, մյուս երկուսինը՝ Երազիկ Հարությունյանը, իսկ վերջին գրքի կազմողը ինքը՝ Կարինե Փիլոյանը: Ուրախալի էր տեսնել երեխաների առաջընթացը, և ահա մի թեժ օր, երբ մեծ ու փոքր գրոհել էին «Մուշ» դպրոց, զանգ ենք ստանում Կարինե Եսայանից, թե մոտիկ Կրասնոդարը ցանկանում է գրական-երաժշտական երեկո նվիրել Սիլվա Կապուտիկյանին: Այստեղ ուրախությունս կրկնապատկվում է, որովհետև մտածում եմ՝ մի համայնք էլ կտեսնեմ, կճանաչեմ հայության ամենամեծ կենտրոններից մեկը, կծանոթանամ Կապուտիկյանի նոր երկրպագուների հետ, իսկ ճանապարհը հեշտ կլինի, քանի որ միջազգային ճանաչում ունեցող անվանի աճպարար Հովիկ Սաքանյանը՝ Կարինե Փիլոյանի ամուսինն ու բոլոր գործերի աջակիցը, հանձն է առնում տեղ հասցնել մեզ:
Ընդարձակ մայրուղու վրա, լուսե արևածաղիկների դաշտերով անցնելիս ընկերուհիս ասում է, որ մեր հերոս Հունան Ավետիսյանի գերեզմանը շատ մոտ է, և Հովիկը Նովոռոսիյսկի մոտակայքում ղեկը թեքում է դեպի մի բլուր, որ տեսնենք հուշարձանը: Պարզվում է՝ Հունանին մարմնավորող արձանի տակ հինգ զոհերի գերեզման է, բոլոր հերոսներն էլ՝ հայ. ավագ սերժանտ Հունան Ավետիսյան, լեյտենանտ Պետրոս Բղանյան, սերժանտ Սարգիս Սահակյան, շարքայիններ Վասիլ Սաքանյան և Զավեն Գևորգյան: Նրանք անմահացել են 1943-ի սեպտեմբերի 16-ին՝ գերմանական գնդացրի դեմ պայքարելիս, մինչև որ Հունանը կրծքով փակել է փողի բերանը: Այստեղ իմանում եմ նաև, որ չորրորդ ռազմիկը՝ Վասիլ Սաքանյանը, Հովիկի պապիկի եղբայրն է՝ ծագումով ստեփանավանցի: Ի՜նչ ասես… դարձյալ հայի հետք, հայի անպարագիծ հերոսություն…
Հիմա հին ու նոր պատերազմների հաշիվը խառնվել է, մեր մտքերը՝ նույնպես, բայց երբ հասնում ենք Կրասնոդարի հայոց գեղեցիկ կենտրոն, շատ բան տեղն է ընկնում: Մինչ երեկոյի սկսվելը նվիրյալ ղեկավարները ցույց են տալիս իրենց աշխատասենյակները, պատմում կարևոր գործերից, և միակ ցավալի բանն այն է, որ ոմանք հայերեն չեն խոսում: Ես հասկանում եմ, որ բոլորն էլ գիտեն մայրենին, շատերն ազատ խոսում են Արցախի բարբառով, բայց վախենում են գրականով սխալներ թույլ տալուց և գերադասում են արագ ռուսերենը: Ցավոք, այդպիսի կաշկանդումների մեջ է նաև երիտասարդ սերունդը, որը մեզ՝ Հայաստանում ապրողներիս, պետք է ստիպի լուծումներ փնտրել…
Երեկոն հսկա սրահում սկսում ենք առանց մի ազատ աթոռի: Բոլոր տեղերը զբաղված են, և դա նշանակում է, որ հեղեղները անցողիկ են, իսկ մեր ցանկությունները՝ մնայուն: Ներկաները նախ դիտում են բանաստեղծուհու մասին պատմող տեսաֆիլմը, և ես մտածում եմ, որ տիկին Եսայանը շատ ճիշտ մարտավարություն է ընտրել՝ մարդկանց Կապուտիկյանի ջերմությամբ վարակելու համար: Այնուհետև տիկին Եսայանը փուլ առ փուլ բացահայտում է բանաստեղծուհու վաստակը, նրա աշակերտները ներշնչված արտասանում են հայրենասիրական ու քնարական բանաստեղծություններ, երգում հայտնի երգերից, շատերը միանում են երգչուհի Ինեսա Կոծինյանին, նրա հետ երգում «Մախմուր աղջիկ»-ը, իսկ երեկոյի գագաթը դառնում է «Էրվում եմ, էրվում» բանաստեղծությունը՝ Կարինե Փիլոյանի անզուգական ասմունքով: Այո՛, Կապուտիկյանը բոլոր ժամանակների գրող է և հայոց ցավերին լուծում տվող բանաստեղծ…
Այստեղ ես հաճելիորեն հայտնաբերում եմ նոր անուններ, որոնցից մեկը բանաստեղծուհի Տալիթան է՝ իր գեղեցիկ գործերով, հիանում եմ դահլիճի մասնակցողական խինդով, քանի որ ասմունքում են և՛ քաղաքային համայնքի աշխատակիցները, և՛ հյուրերը։ Իմ խոսքում ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում տիկին Եսայանին, որ կարճ ժամանակամիջոցում այսքան գեղեցիկ ու ընդգրկուն աշխատանք է տարել, ներգրավել մեծ թվով մարդկանց: Երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի Հայերի Միության քաղաքային համայնքի գործերի կազմակերպիչ Տիգրան Խաչատուրովին՝ բանաստեղծուհու ստեղծագործության բնութագիրը շքեղորեն ներկայացնելու համար։ Վերջում, բնականաբար, պատմում եմ մեր թանգարանի մասին, բացատրում տեղը, այսինքն՝ Ազգային ժողով-ակադեմիա-նախագահի նստավայր եռանկյունու վերջին անկյունի դիրքը, և մարդկանց աչքերի փայլից հասկանում, որ երբ էլ գան Երևան, հեշտությամբ գտնելու են Կապուտիկյանի տունը:
Ուշացումով սկսված երեկոն ուշ էլ ավարտվում է, և լավն այն է, որ ոչ մեկը չի շտապում հեռանալ. դրսի գործերը կարծես մի քիչ մոռացվել են: Սրա համար ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին և ասել՝ ի՜նչ լավ է, որ անձրևը եկավ ու լակմուսի թղթի պես նորից շեշտեց գեղեցիկից չհրաժարվելու մեր ինքնությունը, ի՜նչ լավ է, որ Կապուտիկյանի անմահ անունը միավորեց այսքան հայերիս:
Երախտագիտությունս եմ հայտնում նաև իմ նոր բարեկամներին՝ ՌՀՄ Կրասնոդարի քաղաքային համայնքի նախագահ Արկադի Եսայանին, ՌՀՄ քաղաքային բաժանմունքի գործերի կազմակերպիչ Տիգրան Խաչատուրովին, երիտասարդության բաժնի ղեկավար Կամո Զաքարյանին, ՌՀՄ երկրամասային բաժանմունքի քարտուղար Անի Գրիգորյանին և, իհարկե, ՌՀՄ երկրամասային կրթության բաժանմունքի պատասխանատու Կարինե Եսայանին ու Անապայում կյանքը հայեցի պահող-պահպանող Կարինե Փիլոյանին:
Հուսանք՝ նոր ու բովանդակալից հանդիպումները չեն ուշանա:
Արմենուհի ԴԵՄԻՐՃՅԱՆ
Սիլվա Կապուտիկյանի
տուն-թանգարանի ղեկավար,
բան. գիտ. թեկնածու