Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ԵՍ  ԻՆՁ  ՀԵՏ

Եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս,
երկնքի արքայութիւնը չէք մտնի:
ՄԱՏԹԷՈՍ

Տատս: Գլուխս առնում էր ծնկներին ու ճոնճորալով պատմում հորս մասին: Հորս մասին ես պատկերացում էի կազմում տատիս պատմածներով:
– Այան քեզ մատաղ,- նա անսպասելի անցում է անում,- եթե անտեր ընկած մի բան տեսնես, հարցուփորձ արա, տես ումն է: Հանկարծ ուրիշի ապրանքը չբերես մեր տուն: Գողությունը ամոթ է:
Տատս շարունակում է որբիս գլուխը թիմարել: Նա նորից խոսքը փոխում է.
– Գողությունից բեթարը սուտ խոսելն է:
Տարիներ հետո իմանում եմ, որ «Աստվածաշնչի» գլխավոր պատվիրաններից է՝ սուտ վկայություն մի՛ տուր:
Երեխա ժամանակ, երբ կարմրում էի, դա նշան էր, որ ճիշտ չեմ խոսում: Իմ այս պակասությունը նկատվել էր:
Հետո իմացա, որ իմ շինվածքն է այդպիսին, հետապնդող մի փորձություն, որ կյանքիս ուղեկիցն է դարձել:
Սուտ չխոսելու դժվարությունները, մեր շփոթված տատանումները և կյանքի խճճվածքներում անհույս թփրտումները:
Սուտ չխոսելու դժվարությունը և մեղավորության հետապնդող զգացումը:
Այս ինչ ժառանգություն է տատս կտակել: Ինքը դժվար է ապրել, մեզ էլ այդ դժվարություններին է սովորեցրել: Տնաշենի կին, կարծես կյանքի խոչ ու խութերը քիչ են: Ինչ ասեմ, ամեն մեկս մի ճակատագրի է արժանի:

…Եվ մեր ամոթխածությունը աղջիկների ներկայությամբ: Դպրոց էինք գնում կարկատած շալվարներով, այդ կարկատանները հալածում էին մեզ, աղջիկների ներկայությունը ստորացնող էր: Աշխատում էինք, որ աղջիկները մեզ չտեսնեն թիկունքից, որովհետև շալվարները մաշվում էին հետևից:
Առանց կարկատանի շալվարներ ունենալու մեր պատանեկան երազանքը, որ այդպես էլ չմոռացվեց:
Պատմեմ՝ թոռս չի հասկանա, կթոթվի ուսերը, իբրև թե՝ ինչ կա դրանում:
Եվ կսկծացող այս հարցը՝ ինչո՞ւ մենք չհասկացվեցինք, մեզնից ծնվածները ինչո՞ւ չհասկացան մեզ:
Ժամանակի դեգերումներում մեր անօգնական պրպտումները:
– Հին հեքիաթ է,¬ թեթև կնկատեն մարդիկ ու չեն նկատի մեր տամկացած աչքերը:
Ուշացած հասկացա, որ այդ հեքիաթը մեր մասին է և մեզ համար:
Երանի այն օրերին: Կարկատած շալվարներով կարմրաթուշ տղաներ, ցնորքի պես պատանյակներ:
Ա՜խ…
Աղջկա անունը Լույս էր, լույսի պես թափանցիկ: Երկուսով էինք: Գյուղից գնում էինք քաղաք: Մեկ արագ էինք քայլում, մեկ դանդաղում էինք: Մեր քայլվածքը մեր սրտի աշխատանքի նման էր, մերթ նվաղում էր, ձեռքս դնում էի կրծքիս, մեկ էլ կարծես սարից պոկված մի ձայն, որ գլորվելով գահավիժում էր ցած:
– Մի քիչ շունչ առնենք,¬ ասում էի ու կանգնում: Լույսը հնազանդվում էր ու սպասում իմ հաջորդ կարգադրությանը: Սիրտս ուրիշ բան էր ուզում, բայց լեզուս պատ չէր գալիս, որ ասեմ:
– Գնանք,- քիչ դադար առնելուց հետո ասում եմ ու քայլ վերցնում:
Լույսը նույն հնազանդությամբ կատարում էր ասածս: Ամբողջ ճանապարհը այդպես անցանք, ես չկարողացա մի առիթ գտնել, որ բռնեի ձեռքը: Դողալով բռնեի ձեռքը ու դնեի բաբախող սրտիս վրա:
Այդպես էլ չիմացա, թե ինչպես անցանք ամբողջ ճանապարհը, բաժանվեցինք իրարից, ու չհասցրի պայմանավոր- վել, թե երբ պիտի վերադառնանք գյուղ:
Դասարանի գերազանցիկն էի, ընկեր Նինան մորս ասել էր՝ ապագա է սպասվում: Ավա՜ղ, այդ ապագան դեպի գյուղ դարձի ճանապարհ չուներ: Լույսին հանդիպեցի տարիներ անց և թռուցիկ: Այդ հանդիպումից կսկիծը հոգուս մեջ միայն հետքեր թողեց:
Մերձմոսկովյան քաղաքներից մեկում տոնավաճառ էր կազմակերպվել:
– Տիպիկ ռուսական միջավայր է,- ասաց մոսկվացի ընկերս,- կարծում եմ հետաքրքիր կլինի:
Ընկերոջս հետ դիտում էինք ժողովրդական ձեռնածուների իրոք հետաքրքիր ու սրամիտ խաղերը: Անսպասելի մեկը բռնում է ձեռքս: Տեր իմ աստված, Լույսն էր, վաղորդայնի պես մաքուր Բլանց Լուսիկը: Ճանաչեցինք իրար: Չհասցրինք մեկ-երկու խոսք փոխանակել, երբ անսովոր բարձր հնչեց ոստիկանական շուրջկալի ազդանշանը: Լույսը անմիջապես մտավ թևս, շշուկով հայերեն ասաց.
– Եթե հարցնեն, ասա՝ քույրդ եմ:
Ամբողջ մարմնով դողում էր, դեմքին գույն չկար:
Մինչև կհասկանայի, թե ինչ է տեղի ունենում, Լույսը աննկատելի անհետացավ, նույնիսկ ցտեսություն չասաց: Գոնե մի բան իմանայի նրա մասին:
Անէացավ…
Մոտեցա ոստիկանին:
– Այս իրարանցումը ինչի՞ համար էր:
– Դատարկ բան է, տեռորիստուհու էինք ման գալիս, բայց տղամարդ դուրս եկավ,- կարճ ասաց ոստիկանը և հեռացավ:
Այս ինչեր են տեղի ունենում աշխարհիս երեսին: Ինչո՞ւ ամեն փոփոխվող բան ավելի շատ ցավ ու կսկիծ է պարունակում:
Լավը քիչ է:

Մեկը կարծես թիկունքիս հրեց, մտա մոտիկ ճաշարան ծխախոտ վերցնելու և… ի՜նչ տեսնեմ՝ հարարեցի հարսները՝ հինգ-վեց հոգի, նստել են ու իրենց հավեսին ասում-խոսում են՝ բարձր ձայնով և անքաշվել, կարծես Հարարի կլուբում են, բերանները եկածը ասում են: Երևի պատվերը տվել են ու սպասում են: Առաջինը Մարոն նկատեց ինձ ու թեքվեց կողքին նստած Զարիկին: Զարիկը գլխով հաստատեց, հետո միանգամից շրջվեցին իմ կողմը: Հաստատ իմ մասին էին խոսում: Ծխախոտ վերցրի ու մոտեցա: Բոլորը միասին փռթկացրին:
Զարիկը ցածր ասաց, որ ես չլսեմ.
– Անունը տուր, փետը վերցրու:
Փնջիկը ուզեց շարունակել, վերջինս սաստեց.
– Լեզվիդ «թեթ» ասա:
Հարարեցու ծռությունս եկավ՝ չբռնե՞մ սրանց մի լավ նախշեմ, ասացի ինքս ինձ, բայց ելքը եկավ ինքնիրեն.
– Հարարեցի բարի ծնունդ աղջիկներին,- հայտնի երգի բառերը մեր գյուղի հանգով ծոր տվեցի ես:
Ճռվողյունը լցվեց ճաշարանը. այցելուները շրջվեցին մեր կողմը՝ ով հարցական, ով զարմացական նայեցին մեզ: Ինչքան ուզում են նայեն, ո՞վ է նրանց բանի տեղ դնում: Իսկ հարարեցիք իրար խոսքը կտրելով, թարսն ու շիտակը իրար խառնելով խոսում էին. ո՞վ է ում լսում, ո՞վ է ում բացատրում:
– Արի՛, մի՛ ամաչի,- տեղ բացեց Զարիկը:
– Մենք ենք, ուրիշ չենք, առաջ եկ,- սա էլ Բադունց Երանիկն է:
– Բոլորս էլ հարարեցի ենք, կամ Հարար հարս եկած,- ավելացնում է Չատունց Փնջիկը:
Զարիկը հեղինակավոր ավելացրեց.
– Մարտիկ ջան, ուրիշ չենք, կամ բարեկամ ենք, կամ հարևան, չէ՝ չէ, բոստանակռիվ արած կլինենք, հիշո՞ւմ ես, թե մոռացել ես:
– Հիշում է, ոնց կարող է չհիշել,- կողքից օգնում է Մարոն:
Այսպես տեղ բացելով, ինձ նստեցրին Մարոյի կողքին, ավելի ճիշտ, մեր ազգի հարս Մանիկի ու Մարոյի արանքում, բայց ընդհանուր կարծիքով՝ Մարոյի կողքին: Թող այդպես լինի. ինչ է թե պատանի ժամանակ Մարոյի թշից մի անգամ պաչել եմ, սիրտս ուզեցել էր, Մարոն էլ դեմ չէր եղել, հետո՝ շատ ժամանակ անց Մարոն ցանկացել է հպարտանալ ու պատմել է, հարարեցի բերանբացներն էլ մեզ իրար ծոց են դրել: Մարոն ո՛չ «հա» է ասել, ո՛չ էլ «չէ», իմ կարծիքն էլ բանի տեղ չեն դրել, էսպիսի պատմություն է սարքվել:
– Մարոյի հետ մի ամանից կուտես, ժամանակին շատ կլինես կերած,- ամփոփեց Զարիկը:
Ուզում էի պատասխանը տալ, բայց Սիրունիկը, Սիրունիկ՝ ինչ Սիրունիկ, Հաջունց ցեղի գերբը, Սիրունիկն ասաց.
– Մարո, թե համաձայն չես, ես երկու ձեռքով հոժար եմ:
Կանչեցի մատուցողուհուն, Մարոն ասաց.
– Մարտիկ, ինչ որ պետք է՝ պատվիրել ենք:
Ուզում եմ իմ ասածը պնդել, Փնջիկն օգնեց.
– Ամեն մեկը մի բան չասի, սիրտը ուզում է, թող անի:
Զարիկը նորից հեղինակավոր ամփոփեց.
– Մի անգամ գյուղ եկ, Մարտիկ ջան, մի անգամ Հարար եկ, թե որ Հարարի ճանապարհը մոռացել ես, մեկն ու մեկիս իմաց արա՝ գանք-բերենք:
– Մոռացած կլինի, քանի տարի է չի երևում:
– Թող գա, հավ կմորթենք, Մարոն շատ միսրի է պահում, մեկը կմորթի:
Այսպես հարարեցի ջահել հարսները ինձ շուրջկալի առան և իրենց գուրգուրանքը քոլամեջ ասացին, հաստատելով, որ բոլորն էլ սիրալիր են Սաքունց մինուճար Մարտիկի նկատմամբ:
– Խելքը խելք, համեստությանն էլ խոսք չկա:
Տարիներն անցել են, չեմ մոռանում այդ աննման հանդիպումը, որ անսպասելի ընդհատվեց:
Մատուցողուհին մոտեցավ ինձ ու հայտնեց, որ գործատեղից վռազ կանչում են: Շտապելուց մոռացա հաշիվը փակել, շատ էի ուզում, որ հաշիվը ես փակած լինեմ:
Սրտումս դաղ մնաց:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.