ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ – 80

ԱՐԱՄԱՅԻՍ--ՍԱՀԱԿՅԱՆՀԱՅԱՍՏԱՆ
(Հայոց մեծագույն
ուսուցիչները)

Զարմանալի՛, հնամենի՛, հիանալի՛ երկիր,
Վանա ծովի, Վայոց Ձորի, Արարատի՛
երկիր:
Շա՜տ ես տեսել դաժան հյուրեր,
հյուրասե՛ր ես բայց շատ,
Հայկի, Դավթի, Արտաշեսի և Տրդատի
երկիր:

Հի՛ն քաղաքներ, հի՛ն պատմիչներ ու
երգիչնե՛ր գողթան,
Մեծն Տիգրան, քաջն Վարդան՝
պահպանիչնե՛ր քո տան,
Գրի Մաշտոց ու Զվարթնոց, մանրանկար
որդան,
Խորենացու, Շիրակացու, Նարեկացու
երկիր:

Սելջուկ եկավ, պարսիկ եկավ,
արաբ եկավ և թուրք,
Ծվեն-ծվեն արեցին քեզ, տարան
ավար ու տուրք,
Հետո Արազն ափին տվեց, ժայթքեց
զայրույթ ու թուք,
Կոմիտասի, Վարուժանի և Զոհրապի
երկիր:

Անսեր դարում սեր երգեցին Քուչակ,
Սայաթ-Նովա,
Ֆրիկն ընդդեմ դարի ելավ, Թոնդրակեցին
ելավ:
Ելան Տարո՛ն, Զեյթո՛ւն, Սասո՛ւն, և
Սյունի՛քը ելավ,
Մարզպետունու, Պահլավունու,
Դավիթ Բեկի երկիր:

Մեծ ընկերոջ մեծ օգնությամբ հասար
բախտին քո մեծ,
Օրհնեց Օրին, Աբովյանը, և Թումանյանն
օրհնեց,
Ծնվեց Տերյան, Իսահակյան,
Համբարձումյան, Չարենց…
Շահումյանի, Անդրանիկի, Բաղրամյանի
երկիր:

Տուն են գալիս որդիներդ՝ Ոդիսևսի նման,
Աչքերի մեջ օտար ծովեր, հոգիներում՝
Սևան,
Խաչատրյան տվեցիր դու, ապա՝ Մինաս,
Սարյան…
Սարոյանի, և Սևակի, և Շիրազի երկիր:

Շա՛տ ես լացել, շա՛տ ես թախծել,
հիմա ցնծա՛, երգի՛ր,
Բոլոր ցրված որդիների հավատարիմ
երկիր,
Այնքան փոքր ես՝ մի համբույրի տեղ ես
միայն, երկիր,
Խաղաղության, Երջանկության,
Անմահության երկիր:

ԼՈՒՍԻՆ
Լուսին, հին ես, ինչպես
Ժողովուրդը հայոց,
Լուսին, փոքրանում ես
Ու մեծանում ահա,
Ի՞նչ պատահեց սակայն
Ժողովրդին հայոց,
Որ առաջվա նման
Չի մեծանում հիմա:

Դու կիսվում ես, լուսին,
Ապա լրիվանում,
Իսկ մի կիսված երկիր
Ե՞րբ է լրանալու,
Բախտ ու լեզու կիսված-
Երկու շուրթեր կիսված
Ե՞րբ են միանալու,
Ե՞րբ են համբուրվելու…

Մարդիկ լրիվ սրտով
Հազիվհա՜զ են ապրում,
Իսկ մենք կիսված սրտով
Այս ինչպե՞ս ենք ապրում:
Ու ապրում ենք եթե
Այսպես կիսված սրտով,
Ապա ինչպե՛ս կապրենք
Արդեն լրիվ սրտով…

Ժողովուրդն իմ, լուսի՜ն,
Քեզնից մե՜ծ էր նույնպես,
Շա՛տ էր և աստղերից,
Բայց ի՞նչ մնաց, գիտե՞ս:
Նա նման է հազիվ
Քո փակագիծ-եզրին,
Որ աշխարհի հանդեպ
Հարցակա՜ն է կարծես:

Ամպի տակ ես մտնում
Ու ելնում ես էլի,
Մեր կեսն ամպի տակ է,
Իսկ ե՞րբ պիտի ելնի:
Արեգակն էլ, գիտես,
Մայր է մտնում, ելնում,
Իսկ ե՞րբ պիտի ելնեն
Երկու միլիոն արև…

Ու ոնց դո՜ւ ես լույսդ
Արեգակից առնում,
Այդպես մյուս կեսն է
Մեր արևից վառվում:
Ու երկիրը կիսված
Թող երևա նրա՜նց,
Ում դրոշի վրա
Մի լուսին կա կիսված…

Հասկանո՞ւմ ես, լուսին,
Սուրը զարկեց լույսի՜ն:
Եվ դրոշին նրանց
Դու նմա՛ն չես լուսնի,
Նման ես կեռ սրի
Եվ կեռ յաթաղանի,
Որ այդպես է թվում
Արդեն քանի՜ տարի:

Դու մեզ ների՛ր, լուսին,
Որ հուզված ենք այսպես,
Մեզ հուզել են, լուսին,
Եվ թողել են մեզ կես:
Բայց փա՛ռք նրանց, ովքեր
Փրկեցին այս կեսին,
Եվ փա՛ռք նրանց, ովքեր
Խորհեցին մեր մասին:

Միշտ նայում են հեռվից
Լավ նկարին պատի,
Բայց ուզում ենք մոտի՛ց
Նայել Արարատին:
Դա լոկ հարց չէ սարի,
Այլ դա հարցն է Դարի-
Ինչ մե՛զ եղավ, թող որ
Այլոց չպատահի՛:

Նայում ենք քեզ, լուսին,
Եվ ամպ չկա երկնում,
Լոկ մի ամպ կա, լուսին,
Ամե՜ն ազնիվ հոգում:
Դու հայ հոգու նման
Բզկտված ես, շիկնած,
Կողքիդ աստղերն ասես
Հայ մարդիկ են ցրված:
Մի օր պիտի հերկենք
Քո դաշտերը վայրի,
Իսկ ե՞րբ պիտի հերկենք
Դաշտերն Ավարայրի:
Քո երեսը մյուս
Մենք տեսել ենք, լուսին,
Իսկ ե՞րբ պիտի տեսնենք
Այն երեսը Մասսի:

Լուսինն այդքան հեռու,
Մարդու ո՜տք է հասել,
Մասիսն այսքան մոտիկ,
Դեռ չե՛նք կարող հասնել:
Ա՜խ, մեզ պետք է, հոգի՜ս,
Մարել մի հի՛ն կարոտ-
Կամ դո՜ւ արի, Մասիս,
Կամ թե՝ մե՜նք գանք քեզ մոտ:

Մնանք վաղվա հույսին:
Բարի գիշեր, լուսի՜ն:
Կուզեի հիմա քո ճանապարհին
Ամե՛ն, ամեն ինչ զուգե՛լ, զարդարե՜լ,
Դու կասկածեիր կյանքում շատերին,
Բայց չիմանայիր, որ ե՜ս եմ արել£

Եվ ամեն գիշեր պատուհանիդ տակ
Կուզեի գարնան ծաղիկներ դնել£
Դու լուսաբացին առնեիր դրանք,
Բայց չիմանայիր, որ ես եմ դրել£

Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն,
Կուզեի նրան իմ կյանքով շեղել£
Դու երկա՛ր, երկա՛ր ապրեիր կյանքում
Եվ չիմանայիր՝ ո՜վ եմ ես եղել£

* * *
Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի շուրթերս չայրվեն,
Որպեսզի չմատնեմ ես ինձ,
Որպեսզի անունդ չայրեմ:

Անունդ չեմ տալիս ցրտում,
Որ հանկարծ չմրսի, դողա,
Անունդ պահում եմ սրտում`
Թանկագին գաղտնիքի նման:

Անունդ տալիս եմ հուզված,
Չեմ ուզում, որ քամին տանի,
Կարող է օդի մեջ հանկարծ
Անունիդ մի փոշի առնի…

Անունդ վախով եմ տալիս,
Որպեսզի չիմանա ոչ ոք,
Սակայն դու, սիրելիս, հոգիս,
Անունս տալի՞ս ես արդյոք:

* * *
Անունդ աղոթք է դարձել,
Ամեն տառ` սրբազան երդում:
Անունդ մի երգ է դարձել,
Որ միայն ես եմ երգում:

Անունդ վախով եմ տալիս,
Մեն-մենակ շշնջում-շնչում,
Այնքան եմ անունդ տալիս,
Իմ անունն արդեն չեմ հիշում:

* * *
Ջինջ ու անքուն ծո՜վ էիր,
Կյանքի այգում հո՜վ էիր,
Հիմա, երբ որ դու չկաս,
Նո՜ր եմ զգում՝ ո՜վ էիր:

* * *
Շրջում էի ես երկար
Ձեր տան շուրջը կարոտով:
Դու պատշգամբ դուրս եկար
Քո տնային խալաթով:
Մի տնային պա՛րզ խալաթ:
Եվ տան բույր կար մտերմիկ:
Չէիր եղել դու մինչ այդ
Այսքան մոտ ու գեղեցիկ:
Սակայն ինչո՞ւ շիկնեցիր,
Շփոթվեցիր ամոթով
Եվ թողեցիր-գնացիր
Քո տնային խալաթով:

Իզուր: Մի՞թե չզգացիր,
Որ աշխարհի բազմերանգ
Մոդաներին հաղթեցիր
Այդ խալաթով հասարակ…

Ու երբ անցար-գնացիր,
Ինչպես քնքուշ, խաղաղ հով,
Հոգուս տանը մնացիր
Քո տնային խալաթով…

* * *
Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:
Դու ինձ համար երա՛զ մաքուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:

Կյանքում դու միշտ ուրախ մնա
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ:

Հեռվի՛ց ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս…

* * *
Նայեմ աչքերիդ և ոչինչ չասեմ,
Խորհեմ քո մասին և ոչինչ չասեմ:

Երբ ինձ չտեսնես, տեսնես ուրիշին,
Գամ հարսանիքիդ և ոչինչ չասեմ:

Կենացդ խմեմ ամբողջ երեկո,
Լույս վառեմ ճամփիդ և ոչինչ չասեմ:

Քո մի անունով ապրեմ աշխարհում
Եվ ոչինչ չասեմ, և ոչինչ չասեմ:

* * *
Լիներ փոքրիկ տնակ,
Մենք լինեինք մենակ:

Գիշեր լիներ նարոտ,
Լինեինք իրար մոտ:

Անձրև մաղվեր բարակ,
Լսվեր խաղաղ նվագ:

Կյանքը հավետ լիներ,
Աստվա՛ծ մեզ հետ լիներ:

* * *
Մի փակ տեղ է հարկավոր,
Որ իմ սիրտը բացեմ քեզ,
Մի մութ տեղ է հարկավոր,
Որ պայծառ լույս վառեմ ես:
Մի՛ գովիր իմ աչքերը,
Ուր ժպիտ կա, նաև վիշտ:-
Սիրահարի աչքերը
Գեղեցիկ են լինում միշտ:

* * *
Ո՛չ անուն եմ ուզում հզոր,
Ո՛չ էլ աշխա՛րհ համայն:
Ես ուզում եմ քեզ հետ այսօր
Կինո գնալ միայն:

Մեծ բարիքներ չեմ կամենում
Ու բարձր դիրք՝ երբեք:
Ես ուզում եմ, որ կինոյում
Իրար ձեռքից բռնենք:

Հետո քեզ տուն տանեմ հուզված,
Հպարտ ամեն ինչում:
Ու թե բախտս բերի հանկարծ՝
Քեզ համբուրեմ վերջում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։