Հայ գրականության գեղեցիկ, ինքնատիպ և անգամ զարմանալի երևույթներից է այն, որ Եղիշե Չարենցն իր վաղ շրջանի քնարերգության մեջ սիրած էակին հաճախ դիմում է «քույր» բառով։ Այդ միտումը առավել ընդգծված արտահայտվել է 1917 թ. լույս տեսած «Ծիածանը» ժողովածուի բանաստեղծություններում։ Բառը հանդիպում է գրքի հենց սկզբում՝ ընծայականի մեջ. «Իրիկնային քրոջս – Կարինե Քոթանճյանին»։ Հաջորդ էջում դրված է միայն գրքի բանաստեղծություններից մեկի մի տողը՝ որպես բնաբան. «Դու իմ վերջին, իրիկնային, աստղային քույր» (6)։ Այսպիսով՝ «սիրելի» կամ «ընկերուհի» նշանակությամբ «քույր» բառի առաջին կիրառությունները վերաբերում են Կարինե Քոթանճյանին։ Նրա հետ է կապված նաև հոգու անմահությունը խորհրդանշող Ամենտի միֆական եզերքը հասնելու երազանքը, որ արտահայտվել է «Ծիածանի» բանաստեղծություններում և 1919 թ. գրված «Տաղ անձնական» բանաստեղծության մեջ։ Վերջինում «քույր» դիմելաձևը բացակայում է, իսկ ահա 1917 թ. գրված, դարձյալ Կարինե Քոթանճյանին նվիրված «Հեռացումի խոսքեր» բանաստեղծության մեջ մի քանի անգամ հանդիպում է («Մոտենում է, քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած», «–Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս»)։
Առհասարակ «քույր» բառը Եղիշե Չարենցի վաղ շրջանի պոեզիայի բառարանում ամենից հաճախադեպ և տպավորիչ բառերից մեկն է։ Այն առանձին կիրառություններ ունի նաև «Հրո երկիր» շարքում, որը բանաստեղծը սկսել է 1913 թ. և ավարտել Մոսկվայում 1916 թ.։ Ճիշտ է, այդ շարքում բառօգտագործումը դրվագային է, բայց նաև շատ հետաքրքրական.
Քո՛ւյր, գուցե՜ չըկանք…
Գուցե մեկը, – ո՞վ –
Երազել է մեզ
Անլույս գիշերով…
Բառի պատմողական, բայց դարձյալ տպավորիչ գործածություն կա նաև նույն շրջանում գրված «Հարդագողի ճամփորդները» լիրիկական բալլադում («Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց» (1, 63)) և դարձյալ 1916 թ. գրված «Պոետ» բանաստեղծության մեջ.
Ո՞վ կհասկանա, թե ինչո՞ւ է նա
Համբուրում նեխած շրթերը կնոջ,
Երբ նույն վայրկյանին աղոթում է նա
Ստվերի առաջ հեռավոր քրոջ
(1, 271-272)։
Իսկ ահա «Ծիածանը» գրքում «քույր» բառապատկերն ունի տասնյակ կիրառություններ։ Ընդ որում՝ այն հանդիպում է տարբեր բառաձևերով և կապական կառույցներով («Կապույտ, երկնագույն համբույրը նրա –//լուսավո՜ր քրոջ», «Կապույտը քրոջ աչքերի անհուն», «Դու մոտեցար որպես քույր – ու հեռանում ես ահա»), երբեմն էլ՝ իբրև հարադրություն («Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում», «բայց չե՜ս գտնի, քո՛ւյր-աղջիկ, թող չըկանչե քո հոգին»)։ Սակայն «Ծիածանը» ժողովածուի բանաստեղծություններում Չարենցը բառի պատմողական-նկարագրական կիրառությունից ավելի գերադասում է դիմելաձևը։ «Քույր» բառը առավելապես հանդես է գալիս որպես կոչական («Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում –//Ծիածան», «Կապույտը հոգու աղոթանքն է, քո՛ւյր», «կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու», «Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին», «քո՛ւյր, քնի՛ր, քնի՛ր», «քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում կըմարի», «Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր – ժպտաց», «երազները, քո՛ւյր, երանգներ էին», «Քո՛ւյր, երազներն այրըվեցին ու անցան», «իմ ո՜րբ ընկեր, քո՛ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կըտանի»…)։
Նախնական տպավորությամբ՝ «քույր» բառն առանձնապես շատ է գործածված «Ամենտի եզերքի» հայտնության շրջանում, որ կատարվել է 1916-1917 թթ. և մասամբ արտահայտվել «Ծիածանը» գրքում։ Համեմատության համար նկատենք, որ այդ բառն իսպառ բացակայում է «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկում և 1910-ական թթ. կեսերին գրված շարքերի մեծ մասում։ «Ծիածանի» «Մայրամուտային. Կապույտի կարոտը. Գազելներ սիրած աղջկա համար» շարքի հենց սկզբում Չարենցն իբրև նախերգանք տեղադրել է մի փոքրիկ գազել, որը վերնագրել է «Ամենտի երկրում»։ Քնարական հերոսը խոսքն ուղղում է սիրած էակին, նկարագրում իրենց հանդիպումը անմահության հավերժական աշխարհում և ամուսնությունը սիրած աղջկա հետ, որին կոչում է «քույր».
Քեզ կհասնեմ, քո՛ւյր իմ,
ես – Ամենտի Երկրում,
երբ հուշ դարձած կըքնես –
Ամենտի Երկրում…
Կըհամբուրեմ, ջինջ այնպես,
շրթունքներըդ ես,–
կըհամբուրեմ, քո՛ւյր իմ,
քեզ – Ամենտի Երկրում…
Մեռած աստղի լույսի պես,
որ ժպտում է մեզ –
դու իմ հարսը կըլինես
– Ամենտի Երկրում… (50)։
Նույն շարքի 11-րդ գազելում քույր և Ամենտի եզերք խորհրդանիշերը զուգորդվում են ևս մեկ անգամ.
Քո՛ւյր, ղողանջի պես ճախրել
ու գնալ,
հմայված ու հեզ – ճախրել ու գնալ…
Երկնքից-երկինք, իրիկվա մովում,
անմարմին,
անտես – ճախրել ու գնալ…
Դեպի Ամենտի եզերքը կապույտ –
Քո՛ւյր, ղողանջի պես ճախրել
ու գնալ… (56)։
«Ծիածան» գիրքը և «Տաղ անձնական» բանաստեղծությունը նվիրված են նույն էակին՝ Կարինե Քոթանճյանին, որը երկուսում էլ հանդես է գալիս անվանապես, և երկու պարագայում էլ Ամենտի եզերքի գաղափարը կապվում է սիրած աղջկա հետ։ Ամենտի եզերք հասնելը քնարական հերոսի գլխավոր երազանքն է։ «Ծիածանում» այն դրսևորվում է սիրած էակին հասնելու և Ամենտիում միավորվելու, իսկ «Տաղ անձնական»-ում՝ նրանից հեռանալու տարբերակներով, բայց երկու պարագայում էլ հոգու անմահության գաղափարը մեկնաբանվում է սիրո տիրույթում։
Իր ամենից նվիրական երազանքներից մեկը խոստովանելով կամ վստահելով հատկապես սիրած աղջկան՝ Ե. Չարենցը մտերմիկ-քնարական երանգ է հաղորդում «Ամենտի եզերքին»։ «Ծիածանի» հիշյալ գործերում այդ մղումը հասցված է բացարձակի և արտահայտված է հենց սիրած աղջկա հետ «քույր» դիմելաձևով հաղորդակցվելու գեղարվեստական հնարանքով։ «Տաղ անձնական» բանաստեղծության մեջ «քույր» բառը և երկխոսային խոսքը բացակայում են, բայց «Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի» գագաթնակետային միտքը ձևակերպելուց անմիջապես հետո Ե. Չարենցը միջնորդավորված խոսք է հղում Կարինե Քոթանճյանին։
Մահվան նման միֆականացումը ակնհայտ է նաև այն բանաստեղծություններում, որոնց մեջ ո՛չ որպես բնագրային միավոր, ո՛չ որպես վերնագիր կամ տողատակի ծանոթագրություն որևէ կերպ նշված չէ «Ամենտի» բառը։ Այդպիսին է հատկապես «Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՛ւյր» գազելը.
Մահը, գիտե՞ս, մի լուսավոր
առասպել է, քո՛ւյր,
Կյանքը այնքան մեղկ ու անգույն
ու անբեր է, քո՛ւյր:
Մահը անուշ, անրջալույս
տրտմություն ունի.
Կյանքը սակայն շաչող,
փախչող, անհամբեր է, քո՛ւյր:
Կյանքի կանչը անկումների
ազդարար է լոկ.
Մահը սակայն Կապույտ Երկրի
մի բանբեր է, քո՛ւյր…(57)։
Ե՛վ «քույր» բառը, և՛ «Ամենտի եզերքի» միֆը Չարենցի պոեզիա են թափանցել հին եգիպտական գրականությունից։ Մինչդինաստիական շրջանի (մ.թ.ա. V-IV հազարամյակներ) հավատալիքների համաձայն՝ արդար հանգուցյալների հոգիները բնակվում էին աստղերի մեջ։ Ամենտին, որ այդ ժամանակ կոչվում էր Դուատ, գտնվում էր երկնքի արևելյան մասում։ Ահա թե ինչու է Եղիշե Չարենցի հոգին գնում «դեպի երկինք», «դեպի եզերքը Ամենտի» և ձգտում հասնելու այնտեղ իր «աստղային երազների ճանապարհով»։
«Աստղայինը»՝ որպես Ամենտի եզերքի բնութագրական բաղադրիչ, առկա է «Ծիածանը» ժողովածուի հենց առաջին էջերում։ Գրքի ինքնաբնաբան-ընծայականն է «Դու իմ վերջին, իրիկնային, աստղային քույր», իսկ առաջին բանաստեղծությունը զուգորդում է աստղային բանաստեղծին և սիրած էակի կապույտ լաբիրինթոսը.
Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,//քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս – մեռած աստղի փայլ… (7)։
Հին եգիպտական դիցաբանությունը և գրականությունը վիթխարի ազդեցություն են թողել համաշխարհային գեղարվեստական մտքի վրա։ Դրա մասնակի դրսևորումներից մեկն էլ սիրած էակին քույր (կամ եղբայր) անվանելու միտումն է։ Եգիպտական սիրային քնարերգության մեջ տղան հաճախ է սիրած աղջկան բնորոշում «քույր», իսկ աղջիկը սիրած տղային՝ «եղբայր» բառով։ «Գեղեցիկ և ուրախ երգերը քրոջ, երբ նա վերադառնում է մարգագետիններից» բանաստեղծությունը սկսվում է «Օ, իմ եղբայր» բառերով։ Առավել հաճախակի է «քույր» բառի գործածությունը («Ես շփոթվում եմ ջրի հմայքից,//կարծես իմ քրոջ շուրթերը լինեն», «Ահա քրոջս տունը քաղաքի ծայրամասում», «Այն մյուս ափին է քույրը», «Ինձ մեծ բախտ հասավ,//Քույրս եկավ իմ տուն»)։ Սիրեցյալին յոթ օր չտեսած հիվանդ տղան ասում է.
Շշնջացեք ինձ Քրոջս անունը,
և ես վեր կելնեմ անկողնուց,
թե գար նրանից սուրհանդակ,
սիրտս կյանք կառներ։
Մեջբերելով նման հատվածներից մեկը՝ նշանավոր եգիպտագետ Միլիցա Մատյոն գրում է. «Հին Եգիպտոսում «քույր» բառը նշանակում էր նաև «սիրուհի», իսկ «եղբայր» բառը՝ «սիրեցյալ». «քույրը» և «եղբայրը» եգիպտական սիրային պոեզիայում սիրահարների սովորական բնորոշումներ են»։ Մ. Մատյոն և ուրիշ եգիպտագետներ այս երևույթի մեջ տեսնում են դիցաբանական արմատներ՝ «քույր» և «եղբայր» հասկացությունների նման իմաստափոխությունը կապելով Թեֆնութ աստվածուհու և նրա եղբայր ու ամուսին Շուի պաշտամունքի հետ։ Սակայն և՛ միֆը, և՛ գրականության մեջ նրա տարրերի ներթափանցումը ունեն այն իրական հիմքը, որ Հին Եգիպտոսում բավական տարածված էին հարազատ քույրերի և եղբայրների ամուսնությունները։ Ամեն պարագայում սիրած էակին «քույր» անվանելը հոգեբանական ջերմություն, մտերմության և քնքշանքի մթնոլորտ է ստեղծում հին եգիպտական բնագրերում, հատկապես սիրային քնարերգության մեջ։
Քույրը՝ որպես սիրած աղջկա և կնոջ բնութագրիչ, հստակ արտահայտված է հին եգիպտական ոչ միայն սիրերգերում, այլև դիցաբանական պատումներում։ Այն, որ Ե. Չարենցը Ամենտի եզերքի սեփական ըմբռնումը միանշանակ կապում է սիրելի աղջկա՝ Կարինե Քոթանճյանի հետ և բացարձակի հասցնում «քույր» հասկացության արժեքը, դարձյալ հեռավոր և թաքնված արմատներ ունի Ամենտի անդրշիրիմյան աշխարհի դիցաբանական պատկերացման մեջ։ Եգիպտագետները համոզված են, որ Ամենտի եզերքը ծագել է հին եգիպտացիների մեծագույն աստվածներից մեկի՝ Օսիրիսի միֆից։ Վերածնության աստված, անդրշիրիմյան աշխարհի տիրակալ, հանգուցյալների հոգիների դատավոր Օսիրիսը, ըստ եգիպտացիների հավատալիքների, առաջինն էր, որ մահանալուց հետո հարություն է առել։ Իսկ մեռյալներին Ամենտի աշխարհի սրահներում ուղեկցող շան գլխով Անուբիսը, համաձայն հին եգիպտական առասպելաբանության, Օսիրիս աստծու որդին էր։
Օսիրիսի միֆը սփռված է եգիպտական տասնյակ սկզբնաղբյուրներում։ Համահավաք ձևով այն շարադրել է Պլուտարքոսը «Իսիդայի և Օսիրիսի մասին» տրակտատում։ Ըստ Օսիրիսի առասպելի՝ նրան սպանել է եղբայրը՝ Սեթը, մարմինը բաժանել տասնչորս մասերի և դրանք ցրել Եգիպտոսի տարբեր շրջաններում։ Օսիրիսի քույրը՝ Իսիդան (Իսիս, Իզիդա), որը միաժամանակ նրա կինն էր, երկար որոնումներից հետո գտնում է ամուսնու մարմինը։ Ռա աստվածը ուղարկում է շնագայլի գլխով Անուբիս աստծուն, որը հավաքում է մարմնի հատվածները, զմռսում դրանք և թաղում։ Իսիդան վերականգնում է Օսիրիսի մարմնում ամփոփված կենսական ուժը, որից էլ հղիանում է։ Ամուսնու թաղումից հետո Իսիդան ծնում է Հորուսին, որը մեծանալով սպանում է իր հորեղբորը՝ լուծելով հոր վրեժը։ Դրանից հետո Օսիրիսը վերակենդանանում է։ Նա հրաժարվում է գահից՝ հօգուտ որդու, տեղափոխվում անդրշիրիմյան աշխարհ՝ Ամենտի, և դառնում մեռյալների թագավորության տիրակալ։
Դիցաբանական այս պատումից ակնհայտ է դառնում, որ Ամենտի աշխարհը՝ որպես հոգու հարության և անմահության խորհրդանիշ, ծնվել է սիրուց։ Իսիդայի սերը, որի շնորհիվ գտնվում և վերակենդանանում է Օսիրիսի մարմինը, որից զավակ է ծնվում, հենց կենսական այն ուժն է, որի շնորհիվ հնարավոր է դառնում հավերժական կյանքը։ Եղիշե Չարենցի պատկերացմամբ՝ իրեն այդպիսի ուժ էր տալիս Կարինե Քոթանճյանի սերը։ Եվ ինչպես Իսիդան Օսիրիսի քույրն էր, այդպես էլ Չարենցի համար քույր է դառնում իր սիրելի էակը՝ Կարինե Քոթանճյանը։ Ահա թե որտեղ է սիրելիին «քույր» կոչելու չարենցյան հզոր մղումի ծագումնաբանությունը։
Այս վարկածը հիմնավորելու համար անենք գրապատմական ևս երկու կարևոր դիտարկում։ Օսիրիսի միֆի սկզբնաղբյուրների մեջ եգիպտագետները նշում են նաև չափածո ողբեր, որոնցից մեկը վերնագրված է «Իսիդայի ողբը Օսիրիսի մահվան առթիվ»։ Ահա այդ բանաստեղծության մեջ Իսիդան իրեն անվանում է սիրեցյալի միաժամանակ կին և քույր.
Ես կին եմ, գեղեցիկ՝
իմ ամուսնու համար,
քո կինը, քո Քույրը,
ինձ մոտ ե՜կ շուտով,
որովհետև չեմ կարող չտեսնել քեզ
այն օրից հետո, երբ հեռացար դու։
Մութ է մեր շուրջը,
թեև երկնքում է Ռան։
Շատ ուշագրավ է, որ «Հրո երկիր» շարքը բացող բանաստեղծության մեջ Ե. Չարենցը նույնպես հին եգիպտացի բանաստեղծի նման կողք կողքի է դնում «քույր» և «կին» բառերը՝ իբրև միֆական-գեղարվեստական հոմանիշներ.
Ողջակիզվեն Արևի՜ մեջ, քույր իմ, կին…//Ախ, կի՜ն – ցնորք, քո՜ւյր, Շամիրա՜մ ու Աստվա՜ծ… (21)։
Երկրորդ դիտարկումը առնչվում է այն հարցին, թե արդյո՞ք ուրիշ սիրերգակ բանաստեղծներ չեն օգտագործել «քույր» բառը նույն նշանակությամբ։ Այդպիսի դեպք մեկ անգամ հանդիպում է Ավետիք Իսահակյանի պոեզիայում («Քո՛ւյր իմ նազելի, նայիր քո դիմաց») և բազմիցս՝ Վահան Տերյանի բանաստեղծություններում։ Ընդ որում, Վ. Տերյանը Ե. Չարենցի նման հաճախ է օգտագործում «քույր» բառը թե՛ իբրև կոչական-դիմելաձև («Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան», «Քո՜ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար»), թե՛ իբրև բառաձև («Նա մոտենում էր որպես քաղցր քույր…», «Այսօր եղիր քրոջ պես», «Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…»)։ Մի՞թե Ավ. Իսահակյանի և Վ. Տերյանի պարագայում նույնպես «քույր-սիրած էակ» փոխաբերությունն ինչ-որ ձևով առնչվում է հին եգիպտական գրականությանը։ Վստահաբար կարելի է պնդել, որ նման հավանականություն չկա։ Նրանց գործերում բացակայում է բնագրային այն շաղկապվածությունը, որ չարենցյան բազմապատիկ հաճախակի «քրոջը» կապում է Ամենտի եզերքի գեղարվեստական համատեքստին՝ հին եգիպտական սիրերգությանը։
Մնում է ենթադրել, որ համաշխարհային գրականության մեջ կան «քույր» բառի փոխաբերական կիրառության ուրիշ ավանդույթներ, որոնցից բխել է Վահան Տերյանի բնագիրը։ Դա կարող է լինել, ասենք, Աստվածաշնչի «Երգ երգոց» գիրքը, որի որոշ հատվածներում սիրող տղան աղջկան դիմում է հենց «քույր» բառով, ընդ որում, այն հաճախ դրված է «հարս» բառի հետ. «Կարոտով լցրիր մեր սիրտը, ո՛վ մեր քույր հարս» (4.9), «Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քույր հարս» (4.10), «Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛ւյր իմ հարս» (4.11), «Փակված պարտեզ ես, քո՛ւյր իմ հարս» (4.12), «Ես իմ պարտեզը մտա, քո՛ւյր իմ հարս» (5.1)։ Հանդիպում են նաև առանց «հարս» բառի գործածության առանձին դեպքեր. «Բա՛ց, քո՛ւյր իմ, ո՜վ իմ սիրելի» (5.2)։
Սովորաբար նման հետաքրքիր երևույթների մասին մենք իմանում ենք օտար գիտնականների ուսումնասիրություններից։ Զարմանալի զուգադիպությամբ նույն շրջանում, երբ Չարենցի սիրերգության մեջ հայտնվում է «քույր» բառը, եգիպտական սիրերգերում այդ բառի գործածությանը անդրադառնում է ականավոր պատմաբան Լեոն։ Չարենցյան «Ծիածանի» հետ միաժամանակ՝ 1917 թ. լույս տեսած «Հայոց պատմություն» գրքի առաջին հատորում նա գրել է. «Ահա, օրինակ, ինչպես է դիմում սիրահարվածը իր սիրած աղջկան, իր «քրոջը», «Ես ուզում եմ պառկել իմ սենյակում, որովհետև հիվանդ եմ քո պատճառով, և դրացիներս գալիս են ինձ տեսնելու… Ահա եթե քույրս էլ գար նրանց հետ, նա բժիշկներից ավելի լավ կհասկանար ինձ, որովհետև նա գիտե իմ ցավը»։ «Քույրս մի սարավույթ ունի, առջևը մի լճակ, դուռը հանկարծ բացվում է և քույրս դուրս է գալիս շատ բարկացած։ Ա՛հ, ինչո՞ւ ես դռների պահապանը չեմ, որպեսզի նա ինձ հրամաններ տա, ես գոնե կլսեի նրա ձայնը, թեև նա գրգռված է և ես, իբրև մի փոքրիկ երեխա, լի եմ սոսկումով նրա առջև»»։ Հին եգիպտական սիրերգության այս նմուշները Լեոն մեջբերում է ֆրանսիացի եգիպտագետ Գաստոն Մասպերոյի մի գրքից, իսկ հետո՝ ավելացնում հետևյալ զուգադրումը. «Համեմատեցեք այս սիրային դիմումները բիբլիական «Երգ երգոց»-ի հետ, որ վերագրվում է Սողոմոնին, և կտեսնեք, որ երկու սիրերգները բխում են միևնույն ոգևորության աղբյուրներից, միևնույն բուրմունքների արմատից։ Նույնիսկ սիրուհու հորջորջումը՝ «քույր», մեկ է երկուսի մեջ էլ»։
Բանն այն է, սակայն, որ Աստվածաշունչը նույնպես մեծ ազդեցություն է կրել հին եգիպտական գրականությունից։ «Մեռյալների գրքից» քրիստոնեության գլխավոր գրքին են անցել, օրինակ, օձերի հաճախադեպ խորհրդապատկերները, իմաստային և լեզվական ակնհայտ ընդհանրություններ կան հանգուցյալի պաշտպանական խոսքերի և սուրբգրական տասը պատվիրանների, հին եգիպտական «Մեռյալների գրքի» և Հին Կտակարանի «Ժողովող» («Էկլեզիաստես») գրքի, հին եգիպտական անդրաշխարհի՝ Ամենտի թագավորության և անդրշիրիմյան կյանքի աստվածաշնչյան այլաբանությունների միջև։ Նույն ձևով հին եգիպտական սիրերգության մեջ տեղ գտած «քույր-սիրեցյալի» պատկերը որոշ փոխակերպումով անցել է «Երգ երգոց» գրքին։ Բայց եթե Ավ. Իսահակյանը և Վ. Տերյանը ներշնչվել են Աստվածաշնչից, դա միջնորդավորված ազդեցություն է նաև հին եգիպտական գրականությունից։ Իհարկե, հնարավոր են նաև ուղիղ կամ միջնորդավորված ուրիշ ազդեցություններ։
Նոր ժամանակների գրականության մեջ նույնպես կան հին եգիպտական սիրերգության, մասնավորապես «քույր» բառի մետաֆորային կիրառության հեռավոր արձագանքներ։ Ֆրանսիացի պառնասական բանաստեղծ Անդրե դը Գերնը 1890 թ. հրատարակել է «Ամենտի» («L’Amenti») վերնագրով մի բանաստեղծություն, որում նույնպես սիրած աղջիկը բնութագրվում է իբրև քույր («Փթթող կրծքի շուրջը կույսի՝ քո քրոջ»)։ Այդ գործին Չարենցն ամենայն հավանականությամբ ծանոթ չի եղել։ Փոխարենը շատ լավ իմացել, սիրել և ստեղծագործաբար յուրացրել է ռուս խորհրդապաշտ բանաստեղծ Կոնստանտին Բալմոնտի պոեզիան։ Վկայակոչելով այն փաստը, որ 1909 թվականի եգիպտական ճամփորդության ժամանակ Կ. Բալմոնտը եղել է կնոջ՝ Ե. Ցվետկովսկայայի հետ, գրականագետ Ն. Մոլչանովան կարծում է, որ այդ գործոնը ուժեղացրել է եգիպտական նյութերի անձնական ընկալումը, մասնավորապես՝ Օսիրիսի և Իսիդայի սիրո գոնե ենթագիտակցական շաղկապումը սեփական կյանքին։ Դրանից էլ բխում է Կ. Բալմոնտի «Օսիրիսի եզերքը» (1914) ուղեգրական գրքի չափածո շերտերում և դրանից հետո գրած սիրային բանաստեղծություններում սիրած կնոջը քույր համարելու միտումը, որի մասին Ն. Մոլչանովան գրում է. «Եգիպտական պոեզիայում համընդհանուր ընդունելություն գտած սիրահարների անունները՝ «եղբայր» և «քույր» (իսկ Հին Եգիպտոսում եղբայրներն ու քույրերը կարող էին ամուսնանալ իրար հետ), պարզվեց, արտակարգ համահունչ են Բալմոնտի հետ և՛ մարդկայնորեն, և՛ որպես հեղինակի…»։ Այդ մոտիվը արտահայտվել էր նաև իր՝ Կ. Բալմոնտի հին գործերում, օրինակ՝ «Լուսնի թախիծը» բանաստեղծության մեջ.
Ты мне была сестрой, то нежною, то страстной,//И я тебя любил, и я тебя люблю.//Ты призрак дорогой… бледнеющий… неясный…//О, в этот лунный час я о тебе скорблю!
Համանման մեկ ուրիշ բանաստեղծություն Կ. Բալմոնտը գրել է եգիպտական ուղևորությունից մի քանի տարի հետո՝ 1912 թ., և վերնագրել «Երկնային ճանապարհ».
Так же ль Сёстры любят там и Братья,//Так же ль нежно слиты Брат с Сестрой?//Знаю, знаю, все вы без изъятья//Слиты вместе, звёзд пчелиный рой.
Այս գործը զետեղվել է «Արշալույսի փայլը» ժողովածուի եգիպտական շարքում և «շրջապատված է» Օսիրիսին և Իսիդային, Ամենտի աշխարհին նվիրված բանաստեղծություններով։ «Ամենտի» չկայացած գիրքը Եղիշե Չարենցը հղացել և սկսել է գրել 1916 թվականի մոսկովյան ուղևորության ժամանակ։ Մոսկվայում նա սիրած աղջկա՝ Կարինե Քոթանճյանի հետ էր։ Գրքից փրկված մի քանի բանաստեղծություններում, որոնք մտել են «Ծիածանը» ժողովածուի մեջ, ինչպես տեսանք, բանաստեղծը սիրած էակին բազմիցս դիմում է «քույր» բառով։ Դա եղել է Կոնստանտին Բալմոնտի «Օսիրիսի եզերքը» գրքից և մեջբերված բանաստեղծությունից մի քանի տարի հետո։
1910-ական թթ. վերջում «քույր» բառը սկսում է անհետանալ Ե. Չարենցի սիրային քնարերգության բառապաշարից։ Այն չկա նույնիսկ 1919 թ. գրած «Տաղ անձնական» բանաստեղծության մեջ, որի գեղարվեստական երկու հենասյուները՝ Կարինե Քոթանճյանը և Ամենտի աշխարհը, գրեթե նույնական են «Ծիածանի» հետ։ «Քույր» բառի որևէ, թեկուզև եզակի գործածություն չկա 1920 թվականի սիրային շարքերում, որոնք քանակապես և որակապես կազմում են Չարենցի սիրերգության բարձրակետերը։
Գեղարվեստորեն խիստ արդյունավետ այս հնարանքը, որ հետագայում իսպառ դուրս եկավ Ե. Չարենցի սիրերգությունից, շատ տպավորիչ մի քանի կիրառություն ունի մեկ էլ 1918-20 թթ. նրա ոչ սիրային որոշ գործերում։ «Սոմա» պոեմում բանաստեղծը «քույր» դիմելաձևով քանիցս դիմում է հին հնդկական աստծուն («Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,//Խելագա՜ր Սո՛մա», «Սո՜մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,//Երկնային մի քույր»)։ Սա շատ զարմանալի և առանձին մեկնաբանության կարոտ իրողություն է, քանի որ որևէ հիմնավորում չունի պոեմի սկզբնաղբյուրներում՝ հին հնդկական դիցաբանության մեջ և «Ռիգվեդա» պոեմում, որտեղ Սոմային բնորոշ է արական սկիզբը։ «Ողջակիզվող կրակ» շարքում բառը դարձյալ օգտագործված է սակավ։ Երբեմն միայն ինչ-որ եզրով առնչվելով սիրած էակին՝ Լյուսի Թառայանին՝ «քույրը» այդ շարքի գործերում ավելի հաճախ հասցեագրվում է ոչ մարդկային միավորների՝ նույն Սոմային («Քո՛ւյր իմ, Սո՛մա, կի՛ն…»), Մահվանը («Դու պառկել ես դագաղում – քո՛ւյր իմ, Մահ…»), քամուն («Քո՛ւյր է հովը՝ անմարմին ու անշուք…») և այլն։ Այս շարքում բառի հաճախականությամբ առանձնանում է «Բրոնզե քո՛ւյր իմ…» բանաստեղծությունը, որտեղ կոչականն ուղղված է բազմանշանակ մի խորհրդանիշի, որը համադրում է սիրած աղջկան, երկիրը և հեղափոխությունը («Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս», «Օ, երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ հրասուրբ», «Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս իմ երազի»)։ 1920 թ. գրված «Աստղիկ» բանաստեղծությունը պարունակում է պատմողական-չեզոք ոճով գրված տողեր, որոնք մի տեսակ խորհրդանշում և բացատրում են բառապատկերի գեղարվեստական գործառնության ավարտը. «Թողել ես կյանքը այս հիվանդ քրոջդ մեղկ» (1, 326), «Քո դալկադեմ քրոջ ցնորքը ծո՛ւխ դարձավ» (1, 329)։
Տասնամյակի վերջին տարիներին ստեղծված հիշյալ գործերում հանդիպող «քույր» բառի գործածությունները ընկալվում են որպես 1917 թ. լույս տեսած «Ծիածանը» գրքի առանցքը կազմող խորհրդանիշի գեղարվեստական իներցիայի դրսևորումներ։ «Սոմա», «Ողջակիզվող կրակ», «Աստղիկ» գործերում «քույր» բառի հաճախականությունը հազիվ հասնում է մեկուկես տասնյակի։ Համեմատության համար ասենք, որ «Ծիածանը» գրքում սիրած էակին խորհրդանշող «քույր» բառը օգտագործված է 56 անգամ։ Աննախադեպ այս քանակը թվաբանական ցուցիչն է այն իրողության, թե քսանամյա խորհրդապաշտ բանաստեղծի գեղարվեստական համակարգում ինչ ծանրակշիռ տեղ է գրավում «քույր» բառի սիմվոլիկան։ Նույն «Ծիածանի» բնագրում Չարենցը երկու անգամ օգտագործում է «միֆ» բառը («օրերիս պես մի՜ֆ դարձած», «դու մի՜ֆ դարձած»)։ Կարինե Քոթանճյանին կամ նրա նախատիպից կերտված հերոսուհուն հատուկ միտումով այդքան հաճախակի կոչելով «քույր»՝ Եղիշե Չարենցը շարունակում է «եգիպտական միֆալոգիայում» արարված միֆը և այն համադրելով իր կենսագրության և սիմվոլիզմի պոետիկայի հետ՝ ստեղծում իր սեփական առասպելը՝ «քրոջ միֆը»։