ԱՇՆԱՆԱՅԻՆ
Խռով չէ հոգիս,
Ու թախծի համար չկա ո՛չ պատճառ,
Ո՛չ էլ ցանկություն…
Բայց… անձրևո՜տ է պաղ առավոտը…
Սրտիս մեջ,
Որտեղ վաղուց է արդեն
Լոկ ես եմ բազմած ինքնասիրահար.
Մի չարաճճի արև փորձում է
Շողերն իր ձգել լարերի հանգույն.
Որ շուտով պարի հրավեր անի`
Շեկ գանգուրներն իր խառնած
Իմ արձակ ու խռիվ ծամին –
Ականջիս թեքված նորից ձգելով
Պատմությունը իր
ուրի՜շ աշխարհից…
Կարող էր լիներ և խնջույք զվարթ,
Ու ոչինչ պակաս` առատ սեղանից…
Եվ դուք էլ գուցե դառնայիք ինձ հյուր `
Հաշվի տեղ չառած հեռու ու մոտը…
Բայց… անձրևո՜տ է պաղ առավոտը…
Թե լոկ ինձ մնար.
Այս օրը ևս հաստատ կարող էի
Կարմիրով գծել օրացույցիս մեջ.
Իմը այդպես է`
կամեցա ու… վերջ…
Չնչին բան է պետք,
Որ տոնի փոխվի նոր բացված օրը…
Բայց… անձրևո՜տ է պաղ առավոտը…
***
Մոտիկը թողած` հայացքս անվերջ
Հորիզոնների կապույտ ու անէ
Պատը ճեղքելով
մխրճվեց հեռու.
Երազելով այն`
Ինչ անգամ տարտամ տեսիլների մեջ
անձև էր, անդեմ…
Մոտիկը թողած` սար ու ձոր ընկա.
Անճանաչ բախտի իմ փնտրումների
հետքերին գերված,
Ու հեռուների կարոտով հիվանդ –
Տենչ արի լույսը դեռ լույս չտեսած…
Մոտիկը թողած`
Հեռուների մեջ թափառականս –
Փնտրեցի գուցե դատարկությա՜ն մեջ
ու այն… ինչ չկա՜ր…
Մերժած առատը ափիս մեջ թափվող.
Ասացի` իմը ուրի՜շ պիտ լինի…
Կյանքը մեղք չունի.
Ե՛ս միշտ հառվեցի նրանից անդի՜ն,
Միշտ օտար եղա,
ու տվածը իր
Անկատար թվաց քմահաճ սրտիս…
Կյանքն այն էր` ինչ կար…
Ե՜ս էի… ուրի՜շ…
***
Դարը մոլորվել է.
Ճանապարհ է փնտրում`
Աչքը, հույսը մարդուն…
Սակայն քայլը գցած խճճվում է անվերջ
Մեր մտքերի խռիվ ու դավադիր ցանցում,
Մենք ենք անխոնջ, աննինջ
լաբիրինթը գծում,
Մենք` խորացնում ջանքով
հատակն անդունդների
Ու դեռ օրավերջին` սև ագռավի նման –
Գուժկան կռինչ ձգում ուղիղ գլխի վրա.
Թե` եղածը ի՜նչ է,
Թե` դեռ գալիք որքա՜ն…
Մոլորվել է դարը`
Մոլորել է ճամփան մե՛ր մինուճար ու կենտ.
Բայց մեզ ի՜նչ փույթ, մեզ ի՜նչ.
Արթնանալով ամեն իր իսկ բացած այգին –
Մենք` ծախսողի անհագ ախորժակով այն հին.
օձիքից ենք կախվում
Ու պահանջում էլի՜…
Առանց նրա մենք ո՞ւր…
Բայց մրցույթի ծեսում.
Մեկս մեկից ավել ունենալու համար
Ի՛ր կոկորդն ենք կրծում…
Մեր չարության հյութով սնուցեցինք շռայլ
պարտեզները կենաց,
Հետո պտուղների դառնահամի համար
հայհոյեցինք նրա՜ն…
Մե՛՛նք նետեցինք քարը.
Ու երբ մենք էլ իր հետ
գետնահալած ընկանք.
Էլի լոկ նա դարձավ մեզ քավության նոխազ…
Մոլորվել է դարը
մեր աչքերում ագահ,
Հոգիների մռայլ գիշերների երթում,
Սառցե անելքներում սրտերի պաղ…
Մոլորվել է մեր մեջ.
իմ… քո… նրա՜…
Ճանապարհ է փնտրում-
չկա՜… չկա՜… չկա՜…
***
Օրը խենթացած`
Իր զենիթ հասած արևի տարփոտ
ու բարկ շոյանքից-
Վաղուց է արդեն անհամբեր թակում
պատուհանը իմ.
Ձիերն է սանձել գիժ քամիների
Ու մեկտեղ ճամփով այն հեռուների
Պիտ ճախրենք մինչև իրիկնամուտը`
փեշը գիշերի…
Բայց ո՜ւր սև սիրտն իմ.
Եվ` ո՜ւր իր թեթև ու առույգ հոգին…
Հարմար ընկեր չեմ իր քմայքներին…
Սակայն, ի՜նչ արած.
Ելնեմ, քանի նա
Դեռ չի փըշըրել պատուհանը իմ…
Եվ շուտով ահա`
Հանձնված թափառ քամու թևերին –
Իմ հոգսը թողած
Ու առած միայն խենթությունը իր.
Լույսեր եմ փնջում, հետո շաղ տալիս…
Ու այդպես մինչև բիլ մթնշաղի
իջնելը հողին…
Իսկ գիշերվա մեջ –
Ե՛ս արդեն օրվան հանգիստ չեմ թողնի.
Հետո ինչ, որ ո՜ւր սևակնած սիրտն իր –
Ո՜ւր… իմ խև հոգին…
***
Մի կարծիր ուշ է.
Թափառող հուշը հանգիստ չի տալու…
Ու օրերի պաղ հևքի մեջ անդուլ –
Ուր անկարևոր որքան գործ ու տուրք
Միայն պատրանք են իբրև ապրելու –
Սերը` ամեն բան ծածկած ստվերում.
դեռ տևելո՜ւ է…
Մինչ մենք գերիներ չար համառության,
Վիրավորանքի փոքրը մեծ արած –
Մարել ենք փորձում հույզերի հուրը .
Սերը թևում է մեր շուրջ ու մեր մեջ.
նա… ամենո՜ւր է…
Սերը խաղ արինք
Ու հիմա տերն ենք
Իր իսկ ոտնատակ ավե՜ր աշխարհի…
Բայց… ապրելիք կա,
Դեռ բաժին կյանքի,
Դեռ… որքան օրեր` հատ-հատ անցնելու…
Մի կարծիր ուշ է –
Սիրո վրեժը… հանգիստ չի՜ տալու…