ՀԱՅԵՐԵՆԻ ԽԼԱՑ(Վ)ՈՂ ԱԿԱՆՋԸ / Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Ալեքսանդր-Թոփչյան-11962թ., հարավսլավական Բլեդ քաղաքում տեղի էր ունենում շախմատային մրցույթ, որին մասնակցում էր նաև Տիգրան Պետրոսյանը, թերևս դա էր պատճառը, որ հայկական մամուլը առանձնահատուկ ուշադրություն էր հատկացնում այդ իրադարձությանը: Մրցույթը հրճվանքի բազմաթիվ պահեր պարգևելով շախմատասերներին, յուրատեսակ գլխացավանք պատճառեց լրա­գրողներին: Քսան մասնակիցներից մեկը` հարավսլավացի մի շախմատիստ, կրում էր մի ազգանուն, որը հայերեն, տառացիորեն, հնչում էր այնպես, ինչպես իգական սեռանդամը: Հասկանալի է, որ Հայաստանի թերթերից ո՛չ մեկը (ռուսերեն թե հայերեն), ո՛չ մի անգամ այդ ազգանունը չգրեց այնպես, ինչպես հնչում էր շախմատիստի մայրենի լեզվով:
Տարիներ անցան, և մի նոր գլխացավանք հայտնվեց հայ մամուլի համար: Այս անգամ իգականին փոխարինել էր արականը, իսկ գործունեության ասպարեզն էլ համեմատաբար անվնաս մարզականից տեղափոխվել էր վտանգավոր քաղաքականը: 1993թ. Կիպրոսի հանրապետության նախագահ ընտրվեց քաղաքական մի գործիչ, որի ազգանվան առաջին չորս հնչյունները աշխարհա­սփյուռ հայկական թերթերից ո՛չ մեկը, ո՛չ մի անգամ չգրեց այնպես, ինչպես գրվում և արտասանվում էր հունարեն: Այո՛, խոսքը Գլաֆկոս Կղերիդիսի (Γλαύκος Κληρίδης) մասին է: Հայկական ականջ ունեցողների համար «կղեր» բառը հունարեն և ռուսերեն հայհոյական հնչողություն ունի, ուստի բարեկիրթ մարդիկ, հայկական միջավայրում, աշխատում են հումպետս չբարձրաձայնել:
Հաջորդ փորձությունը եկավ Պորտուգալիայից, որտեղ կոմկուսի լեգենդար նախագահի ազգանունը գրաբարի անցյալ կատարյալով նույնքան հայհոյական էր, որքան նախորդ երկուսը: ըlvaro Cunhal-ի ազգանունը հայկական մամուլը խոհեմաբար գրում էր Ալվարո Կունյալ, այսինքն՝ այնպես, ինչպես արտասանվում էր պորտուգալերեն, և ոչ թե մեսրոպյան այբուբենի երեսունվեցերորդ տառով: Հայերենի ականջ ունեցողները, վստահ ենք, արդեն լսեցին այդ անվան գրաբարյան արտասանությունը և տեղնուտեղը որսացին աշխարհաբար իմաստը…
Օրինակները կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է` ապացուցելու համար, թե ինչպես երեք դեպքում էլ գործել է լեզվամշակութային միևնույն օրինաչափությունը. օտար բառերը նախևառաջ լսվում են մայրենի լեզվով, այդպիսին է մեր ականջը, ուզենք թե չուզենք: Մենք դեռևս մայրական որովայնից լսում ենք մեր մայրենին և հոգեպես թե մարմնապես հասակ առնում, ձևավորվում նրա հնչյունների ու մեղեդու ներքո: Աշխարհի մյուս բոլոր լեզուները նախևառաջ լսում ենք նրա ելևէջներով, լսում ենք հայերեն, որքան էլ դա մեզ հեռացնի օտար լեզվի բուն բառիմաստից: Ուրիշ կերպ չենք կարող, ընդոծին այդ հատկությունը մեզ հետ պիտի տանենք գերեզման, եթե անգամ մինչ այդ մի քանի օտար լեզուներ յուրացնենք: Միևնույն է, օտար բերանից դուրս եկող ամեն մի բառը նախևառաջ պիտի լսենք հայերեն: Եվ սա միայն հայերենին բնորոշ երևույթ չէ, ապացույց` ռուսների հեգնական զարմանքը, երբ լսում են մեր Սիրուն անձնանունը, որը ռուսերեն, առաջին ձայնավորը սղելու դեպքում, բավական խայտառակ իմաստ է ստանում: Ֆրանսիացիներին էլ զվարճացնում է մեր լավաշը, որը նրանք լսում են որպես la vache, ասել է թե՝ կով: Լեհերն էլ վրդովվում են, երբ իմանում են, որ урод ռուսերեն նշանակում է այլանդակ, քանի որ լեհերեն uroda-ն ճիշտ հակառակն է՝ գեղեցկություն: Եվ այսպես շարունակ:
Աշխարհը մայրենի լեզվով լսելու և ընկալելու հատկությունը մեր ինքնության, մեր մշակութակերտման անքակտելի և կարևորագույն բաղադրիչներից է: Այդպես կարող են լսել միայն տվյալ ազգի ներկայացուցիչները և միայն այդ լսողությամբ կարող են միանալ ազգերի բազմաձայնությանը: Դրա կորուստը կարող է ծանր և անդառնալի հետևանքներ ունենալ մեր նկարագրի համար՝ հասցնելով մեզ վերջնական մարգինալացման, ինչն արդեն ծայր է առել Հայաստանում: Եվ բավական արագացված ընթացքով:
Մոտ երեք տասնամյակ առաջ հայերենում հայտնվեց «տեստ» բառը, որ գրվում էր Տ-ով ոչ միայն որ փոխառնվել էր ռուսերենից, այլև որ այդ տարիներին մեր ականջը լսում էր հայերեն: Բառն ամրապնդվեց մեր գործածական բառարանում և որոշ ժամանակ անց, ենթարկվելով «անգլոամերիկերենի» աշխարհաքաղաքական ագրեսիային, դարձավ թեսթ և գիշերուզօր այդպես հնչում է հեռուստաէկրանից: Այս խայտառակ տառադարձումի հեղինակի ականջն, անշուշտ, խլացել էր, այլապես շրջանառության մեջ կդներ հայերեն բազմաթիվ համարժեքներից մեկը կամ կխուսափեր Տ-ն Թ-ով փոխարինելուց, որպեսզի գարշահոտության զուգորդումներ չառաջացնի:
Սակայն, պարզվում է, ոչ միայն նրա, այլև տասնյակ հազարավորների ականջն է խլացել: Եվ ոչ միայն ականջը: Կորցրել են նաև հոտառությունը: Աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախոս, բանասեր, պատմաբան, գրող, լրագրող… բոլորը կրկնում են, և ոչ մեկի մտքով չի անցնում հիշել, թե անգլերեն տառադարձմամբ այդ բառը հայերենում ինչ է նշանակում: Այս ողբալի երևույթի ախտորոշումն առավել քան որոշակի է. ականջի զանգվածային, գուցեև համազգային խլացում, իսկ հոտառության խնդիրը թողնում եմ իրենց…
Այսինքն, գուցե խտացրինք գույները. վերջերս Վալերի Միրզոյանը հեռուստաելույթի ժամանակ գործածեց «տեստ»-ի հայերեն լիովին ընդունելի համարժեքը. «հարցաշար»: Գուցե մի քիչ երկար է, բայց չի ստիպում քիթը բռնել:
Անչափ միամիտ ենք, եթե կարծում ենք, թե բախտներս բերեց, որ Բլեդի մրցաշարը հիսուն տարի առաջ էր կամ Կիպրոսի վերոհիշյալ նախագահը վաղուց լքել է քաղաքական ասպարեզը: Եթե հիմա տեղի ունենային այդ դեպքերը, մեր խլացած ականջներն առանց վարանելու կգրեին այնպես, ինչպես չգրվեց անցած տարիներին: Դարձյա՞լ խտացրինք գույները: Ամենևին:
Օրինակ՝ ամեն կերպ ջանում ենք հաճոյանալ Եվրոպային, երբեմն նույնիսկ արվում են զիջումներ, որ, հավանաբար, կարելի էր չանել, բայց հասարակ մի հարցում թույլ ենք տալիս աններելի մի անտակտություն՝ Եվրոպայից եկած բարձրաստիճան պաշտոնյայի ազգանունը տառադարձելով այնպես, որ տեղնուտեղը հիշում ես համառությամբ աչքի ընկնող չորքոտանուն: Դրությունն առավել ծանրանում է, երբ իմանում ենք, որ խնդրո առարկա անձը կին է: Կարող ենք առանց վարանելու ասել, որ քսան-երեսուն տարի առաջ Catherine Ashton-ի ազգանունն անպայման կգրվեր Ա-ով, բայց այսօր, խլացված ականջները հլու-հնազանդ ենթարկվելով «անգլոամերիկերենի» արտասանական տարերքին և առանց դույզն-ինչ մտահոգվելու, թե դա ինչպես կհնչի հայերեն, գրում են ԷՇթոն: Բարեբախտաբար, տիկինը հայերեն չգիտի և հայկական թերթեր չի կարդում…
Դեռևս XIX դարի երկրորդ կեսին Ժյուլ Վեռնը նկատել էր, որ լեզուն ևս դառնում է ոչ միայն գաղութացման, այլև զանգվածային տխմարացման գործիք: Նրա վեպերից մեկում կա մի տեսարան, երբ Ժակ Պագանելը հեռավոր Ավստրալիայի տափաստանում հանդիպում է մի տղայի, որը շատ է զարմանում՝ իմանալով, թե աշխարհում անգլերենից զատ ուրիշ լեզուներ գոյություն ունեն:1
Այսօր Հայաստանում գնալով շատանում է «ավստրալացի տղաների» թիվը, և այն, ինչ հասկանալի ու ներելի էր հարյուր հիսուն տարի առաջ հեռավոր մայրցամաքի ծակուռում գոյությունը քարշ տվող պատանու համար, կատարելապես աններելի ու դատապարտելի է այսօրվա բազմամշակութային աշխարհում ապրող հայաստանյան մի հսկայական զանգվածի համար, որը հավակնում է ներկայանալ որպես մտավորական: Նրանցից շատերի անգլերենի, ավելի շուտ՝ «անգլոամերիկերենի» իմացությունը (եթե իսկապես գիտեն) բնավ հարգանք չի առաջացնում իմ մեջ, քանի որ յուրացրել են օտար լեզուն ոչ թե սեփականը հարստացնելու, այլ ավելի շատ աղքատացնելու և քայքայելու համար: Այսինքն, այնքան լեզուն չեն յուրացրել, որքան այդ լեզվի արտասանական որոշ սկզբունքներ, որոնք գիտակցված թե ոչ` պարտադրում են հայերենին:
Հասկանալի է, որ հայերենում ավելի ու ավելի հաճախակի գործածվող անգլերեն բառերը տառադարձվում են այդ լեզվի արտասանությամբ2, բայց կատարելապես անհասկանալի և անընդունելի է, երբ եվրոպական գրեթե բոլոր տեղանուններն ու անձնանունները տառադարձվում են «անգլոամերիկերենով»: Այս «սկզբունքի» ողջ անհեթեթությունն ու վնասակարությունը երևում է հատկապես ռոմանական լեզուների հետ առնչվելիս, որոնցում, ի տարբերություն անգլերենի, Տ-ն Թ, Պ-ն Փ, Կ-ն Ք չի դառնում:
Սակայն նրանք թքած ունեն մյուս բոլոր լեզուների՝ դարերի ընթացքում կայունացած սկզբունքների վրա, քանի որ այդ մարդիկ աշխարհը տեսնում ու լսում են բացառապես անգլերեն: Արդեն ասել ու գրել ենք, նորից պիտի ասենք. Քամյու մի՛ գրեք, այլ՝ Կամյու, Թրուայա մի՛ գրեք, այլ՝ Տրուայա, Փոլ Էլյուար մի՛ գրեք, այլ՝ Պոլ, Բեռնար Քլավել մի՛ գրեք, այլ՝ Կլավել: Կամ կցանկանա՞ն արդյոք մեր անգլագետները բացատրել, թե ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհու անունն ինչո՞ւ է հայկական ամբողջ մամուլում «արտասանվում» անգլերեն՝ Բրիջիտ Բարդո, երբ մեզ համար ճիշտ ձևը Բրիժիտն է, ինչպես ֆրանսիացիք են արտասանում: Հայաստանի ռուսալեզու մամուլն էլ, ենթարկվելով այս պսիխոզին, գրում է Бриджит: Ինչո՞ւ պիտի մենք՝ հայերս, որ ֆրանսիացիների հետ ավելի քան հազար տարվա առնչություններ ունենք, այսօր «անգլոամերիկերեն» արտասանենք նրանց անունները:
Ճշգրիտ տառադարձումը ոչ միայն օտար մշակույթի առավել հարազատ տեղափոխությունն է դեպի հայկականը, այլև լեզվի պաշտպանական համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը: Հայերենում, մեսրոպյան ժամանակներից ի վեր, գործել է տառադարձման միակ ճիշտ սկզբ­ունքը. գրել այնպես, ինչպես արտասանվում է բնագրում: Չհաշված այն հատուկենտ դեպքերը, երբ տառադարձված բառը, պահպանելով բնագրի հնչողությունը, աննշան փոփոխություններ է կրել՝ ենթարկվելով հայերենի արտասանական առանձնահատկություններին:
Ավերները, սակայն, տառադարձումով չեն սահմանափակվում: Այսօր Գլենդեյլում ապրող հայն առանց անգլերենի իմացության կարող է ապրել, մինչդեռ Երևանում, որտեղ պետական լեզուն, իբրև թե, հայերենն է, անգլերեն չիմացողի համար կյանքը գնալով ավելի է դժվարանում: Հետևությունը պարզ է. սովորիր անգլերեն, եթե ոչ՝ ռադդ քաշիր այստեղից, այլապես առանց այդ լեզվի իմացության քո իսկ հայրենիքում կդառնաս մարգինալ, ներողություն՝ հոմլես:
Այսօր առանց բառարանի այլևս անկարելի է հայկական հեռուստատեսություն նայել: Անգլերեն բառերի մի տարափ է թափվում էկրանից, բառեր, որոնց մեծագույն մասի համարժեքները գոյություն ունեն հայերեն: Լավ, հեռուստացույց կարող ես չնայել, դա նույնիսկ օգտակար է մարմնի և մտքի առողջության համար: Բայց փողոցով չքայլել չես կարող, քայլելիս էլ համատարած տխմարության դրսևորումները չնկատել չես կարող:
Օրինակ՝ հնարավո՞ր է արդյոք առողջ մտքի արտահայտություն համարել Զեյթունի կորած-մոլորած փողոցներից մեկի կիսանկուղային հարկում ծվարած կասկածելի մաքրության ճաշարանի ճակատին գրված «Ֆաստֆուդ» ազդը: Եթե յանկիների համար է գրել (նրանք հաստա՛տ այդտեղ չեն հասնի, բայց ենթադրենք), ապա պիտի գրվեր լատինատառ, իսկ եթե հայերի՝ ապա ինչո՞ւ հայատառ անգլերեն և ինչո՞ւ, ընդհանրապես, անգլերեն:
Տխմարության նույնպիսի բարձր մակարդակ է մատուցում Մոսկովյան փողոցում հաստատված չինական ռեստորանը, որի ցուցափեղկին կարդում ենք. «ԼԱՆՉ 1500 դրամ»: Ի դեպ, որքան անցել եմ այդտեղով, օրվա տարբեր ժամերին, ռեստորանը միշտ դատարկ է, եթե «ՃԱՇ» գրեին, ամենայն հավանականությամբ, այցելուներ կունենային:
Հապա տաքսիների շարժուն անգրագիտությունը: «Vernisaj», «Chao» կարդում ենք մեքենաների վրա: Ուղեղը մի՛ լարեք և իզուր մի՛ փնտրեք. աշխարհի լատինատառ ոչ մի բառարանում այդպիսի բառեր չեք գտնի: Ֆրանսերեն և իտալերեն այդ բառերի ճիշտ ձևն է Vernissage և Ciao, սակայն անգրագետ տաքսիատերը գրել է այնպես, ինչպես լսում է և որքան գիտի, քաղաքապետարանի, թաղապետարանի կամ չգիտեմ՝ ո՛ր ջհաննամի առավել անգրագետ և անպատասխանատու պաշտոնյան էլ, պահանջված գումարն ստանալուց հետո, կնիքով վավերացրել է տխմարության այս և նման մշտաներկա բազմաթիվ վկայությունները:
Ավելի քան 160 տարի ապրեցինք ռուսական պետականության, մշակույթի և լեզվի զորավոր ազդեցության ներքո: Այդ տարիներն այսօր զանազան վարձու թե ձրի ճամարտակողներն անվանում են ստրկության, ազգային մշակույթի և ինքնության աղավաղման ժամանակաշրջան: Մենք ճիշտ հակառակն ենք կարծում, քանի որ հենց այդ տարիներին հայ մշակույթն ու գիտությունն աննախադեպ վերելք ապրեցին, հայոց լեզուն էլ հասավ բացառիկ մի կատարելության՝ շնորհիվ ռուսական գիմնազիաներ ավարտած (ընդգծում ենք այս հանգամանքը) Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի: Ուստի պիտի ասենք, որ այդ «սև տարիներին», Խորհրդային Հայաստանի ամբողջ տարածքում չէիր գտնի հասարակական սննդի որևէ օբյեկտ, որի ցուցափեղկին գրված լիներ «ԱԲԵԴ»: Այդ բնագավառի աշխատողներից շատերը, ճիշտ է, չէին փայլում բարեխղճությամբ, բայց ազգային արժանապատվություն ունեին, գոնե նվազագույն մակարդակով: Այսօր ո՛չ մեկն ունեն, ո՛չ մյուսը:3
Ճաշարանատերերը մի կողմ. այսօրվա համատարած բարոյալքման պայմաններում, հավանաբար, շատ կլինի նրանցից ազգային բարձր գիտակցություն պահանջել, բայց հայկական հեռուստաեթերից կարող ենք և պարտավոր ենք պահանջել: Գոնե մեկ հարցում: Ի սեր Աստծո, բավական է աղավաղել մեսրոպյան այբուբենը: Հայկական տառերն անուններ ունեն: Թվարկելիս մի՛ ասեք «ա», «բը», «գը»…, այլ Այբ, Բեն, Գիմ… Բառացիորեն մի քանի տարում վարժեցրին արտասանել «էյ», «բի», «սի», երբ տարրական էթիկան պահանջում է արտասանել «ա», «բե», «ցե», ինչպես լատիներենում է և ինչպես արտասանում էինք մենք մինչև ինքնակամ ստրկացումը «անգլոամերիկյան» լեզվա-ենթա-մշակույթին:

***
Բայց հայերենին այսօր սպառնում է ոչ միայն անգլերենը, այլև… հայերենը: Ավելի ճիշտ՝ հայերենից ածանցված աղավաղումներն ու սխալները:
Պատմությունը ցույց է տալիս, որ լեզուն անմիջապես արտացոլում է քաղաքական-հասարակական մեծ թե փոքր ցնցումները: Անկախությանը հաջորդած տարիները բացառություն չդարձան մեր լեզվի համար: Բառարաններից հանվեցին բառեր, ստեղծվեցին նորերը, գործածությունից դուրս եկան հները: Օրինակ՝ «խանութ» կամ «մթերային» այլևս չես հանդիպի, նրանց փոխարինել են «վաճառասրահը», անգլերեն «մարկետ»-ը կամ «ֆուդ»-ը: Որքան այլանդակվում են բարքերը, այնքան նրբանում են բառերը. «պոռնիկ»-ը և «բոզ»-ը, լիովին հիմնավորված, կենցաղից քոչեցին քաղաքականություն, տեղը զիջելով «մարմնավաճառ»-ին, երբեմն էլ ռուսերենից փոխառնված «պուտանկա»-ին, որն, ի դեպ, նույն «պոռնիկ»-ն է:
Կատարվել է նաև իմաստների ծանրաբեռնում մեկ բառի վրա, այլ խոսքով, գործածական բառարանի աղքատացում: Իլֆի և Պետրովի հերոսուհի Էլոչկան ընդամենը երեսուն բառ գիտեր, և այդքանը լիովին բավարարում էր նրան հաղորդակցվելու համար: Մեր լեզուն այսօր անշեղորեն ընթանում է այդ ուղիով: Այլևս չեն ասում «համերգ», «ներկայացում», «ֆիլմ»: Դրանց փոխարինել է ընդամենը մեկ բառ. «նախագիծ», որը նախկինում ավելի գործածական էր ճարտարապետության ասպարեզում: Բարեբախտաբար, գիրքը դեռևս «նախագիծ» չէ:
Մեկ բառով տարբեր բաներ ասելը լիովին հաճո է մտավոր ծույլերին: Գյուղատնտեսությանը նվիրված հաղորդումներում գնալով ավելի հազվադեպ է հնչում «դաշտ»-ը, որը քոչել է բոլորովին ուրիշ ասպարեզներ. «հարկային դաշտ», «իրավական դաշտ», նույնիսկ «լրագրողական դաշտ» (երբ կարելի է պարզապես ասել մամուլ) և այլն: Բայց անհեթեթ է, որ հայերենը հարստացնելու կոչված գրչի մարդը, տուրք տալով մտքի ծուլությանը, համառորեն գործածում է «գրական դաշտ»-ը, երբ ավելի սազական կլինեին «գրական կյանքը», «գրական ասպարեզը», «գրական պրոցեսը» կամ, վերջապես, «գրականությունը»: Հետաքրքիր է, «մագնիսական դաշտ»-ը մնացե՞լ է իր բուն իմաստով:
Մյուս բառը, որ կատարյալ աղետ դարձավ մեր գլխին, «գործընթաց»-ն է: Որտեղ ասես որ չեն գործածում՝ տեղի-անտեղի: Լսում ես ու միտք անում. ինչպե՞ս էր կարողանում ապրել մեր բազմաչարչար լեզուն մի քսան-երեսուն տարի առաջ՝ առանց «դաշտի», «նախագծի» և «գործընթացի»…
Հանրահայտ է, որ նորաբանություններ ստեղծելու համար լեզվին պիտի լավ տիրապետես: Այսօր, սակայն, պարզվում է, որ անգրագետներն էլ կարող են նոր բառեր ստեղծել կամ ընդլայնել իմաստային ոլորտը, ներողությո՛ւն՝ «դաշտը»: Արդեն վաղուց արմատացել է «որոշներ» ձևը. օր չկա, որ ազգային էկրանից չլսես այս անհեթեթությունը, շատ հնարավոր է, որ վաղը հայտնվի բառարանում4: Մի՞թե այդ մարդիկ չեն սովորել, որ «որոշ»-ը հոգնակի չի ընդունում, դրա համար կա «ոմանք»-ը, որն, ըստ երևույթին, անծանոթ է ոմանց: Կամ ռուսերեն ассоцироваться-ից պատճենել են ձախավեր «ասոցացվել»-ը, երբ այդ իմաստը կարող էին արտահայտել «զուգորդվել»-ով:
Կամ թե լսում ենք՝ «անշուշտ է»: Այս բառն օժանդակ բայի կարիք չունի, իր մեջ արդեն «Է» է պարունակում: Իմիջիայլոց, այս սխալը հիմնականում լսվում է պարսակահայերից:
Կամ թե լսում ենք դարձյալ էկրանից5 «ի շնորհիվ այսինչի…», երբ տվյալ միտքն արտահայտելու համար պետք է ասվի «շնորհիվ», առանց Ի-ի:
Կամ թե լուրջ (գոնե արտաքինով) մարդիկ են ելույթ ունենում, և տեսնում ես, որ չեն զանազանում «իր»-ն «իրեն»-ից կամ «երբևիցե»-ն «երբևէ»-ից: «Երբևէ այդպիսի բան չեմ անի» վճռականորեն հայտարարում էր մեկը: Հավատում ենք, քանի որ «երբևէ»-ն անցյալ կատարյալն է, անցավ-գնաց: Հնչեց նաև. «Երբևիցե այդպիսի բան չեմ ասել»: Դարձյալ հավատում ենք, քանի որ այս մեկն ապառնի է, օրը կգա՝ կտեսնենք: Ասում են. «Իրեն կարծիքով», երբ պետք է ասել. «Իր կարծիքով», բայցև ճիշտ կլինի, եթե ասեն. «Այդ կարծիքն իրենն է»:
Մեկ այլ վտանգ, որ գալիս է աղավաղված արևմտահայերենից: Արդեն վաղուց հայկական անունները ֆրանսերեն կամ անգլերեն գրելիս ենթարկվում են տարօրինակ փոփոխության. Կարոն դառնում է Garo, Տեր-Հակոբյանը՝ Der Hagobian, Տիգրանը՝ Dikran, Գևորգը՝ Kevork, Կիրակոսը՝ Guiragos, Կայծակը՝ Gaydzag և այլն: Հնչյունական այս աղավաղումներն այժմ ֆրանսերենից ու անգլերենից սկսել են անցնել արևելահայերին. հայաստանյան մամուլում վերջերս հայտնվեց ամերիկահայ քաղաքագետի ազգանունը «ԳիրաԳոսյան» և ֆրանսահայ դերասանի ազգանունը՝ «ԲաԲազյան» տառադարձումով: Հավանաբար չզարմանամ, եթե նույն լրատվամիջոցներում վաղը տեսնեմ Վահրամ ԲաԲազյան գրելաձևը:
Հայերի ջախջախիչ մեծամասնությունն այսօր ասում է «կապՆվել», «փորձՎել» («Արա, հըլը, փորցվի ըտենց բան արա…»), երբ ճիշտ ձևը «կապվել»-ն ու «փորձել»-ն է: Ժամանակ առ ժամանակ լսում ենք «ունթունել», «սննկանալ» (այսպես արտասանում էր ժողովրդական արտիստը բեմից և վերջերս արտասանեց բանասիրության դոկտորը՝ հեռուստաէկրանից), «տուժՎել», «առաչի անքամ», «հույրանոց» (արտասանության այս կերպը լսում ենք բանասիրության մեկ այլ դոկտորի բերանից)…
Այսպիսով, հասանք փողոցի լեզվին, որն անսասան հաստատվել է մեր էկրաններում: «Ասում ա, խոսում ա, էս ա, էտ ա, էն ա…»: Հասկանալի է, որ մարգինալացվող6 հասարակությունը պիտի խոսի մարգինալների լեզվով, բայց խայտառակություն է, երբ նման խոսելակերպը, փաստորեն, քաղաքացիական իրավունք է ստանում ազգային էկրանում, և հիմնականում սերիալների կործանարար ազդեցությամբ7:

***
Կարծում եմ, անօգուտ է կոչ անել այս ասպարեզի համար պատասխանատու պաշտոնյաների հայրենասիրական զգացումներին, ինչպեսև մեր պետության առաջին դեմքերին, քանի որ նրանք տեսնում են ամեն ինչ, հուսամ, նրանց ականջին հասնում են ժամանակ առ ժամանակ հնչող բողոքներն ու տագնապները, ենթադրում եմ նաև, որ նրանց միջավայրում խոսվել է այս խնդիրների մասին: Չենք կասկածում, որ նրանք ևս մտահոգված են, բայց ավետարանական իմաստությունն ասում է, որ ծառը պտղով է ճանաչվում. անցած տարիների ընթացքում նրանց կողմից որևէ վճռական քայլ չտեսանք և, անկեղծ ասած, հույս էլ չունեմ, թե կտեսնենք8:
Ուստի, ելնելով այսօրվա մեր շահատենչ հասարակության մտայնությունից, ուր ոչ թե մարդն է ամեն ինչի չափը, այլ` Նորին Մեծություն Փողը, ավելի իրական է պահանջել, որ տուգանք սահմանվի լեզվական խեղումների համար, այն էլ` ոչ թե խորհրդանշական մի թիվ, այլ շոշափելի մի գումար: Հանրության աչքն ու ականջը խոթվող տխմարության և անգրագիտության համար պետք է թանկ վճարել: Սինգապուրում հենց նման միջոցներով կարողացան քաղաքն աղտոտող խուժանին դարձնել գիտակից քաղաքացի9: Մեր լեզվի մաքրությունը նույնքան կարևոր է, մանավանդ որ տրտունջներ են լսվում, թե մեր բյուջեն դժվարությամբ է լրացվում: Խնդրե՛մ, անսպառ աղբյուր:
————————————–
1 Երկու տարի առաջ անգլիական մի նախարար (Chris Bryant) Ալբիոնին բնորոշ ամբարտավանությամբ հայտարարեց, որ ֆրանսերենը երկրորդական լեզու է: Եթե ֆրանսերենն է երկրորդական, հապա ի՞նչ ասեն սկանդինավները, հոլանդացիք, լեհերը, հունգարները, ռումինացիք, մեր մասին էլ չեմ ասում… Քարանձավային բարբարոսի և լկտիացած գաղութատիրոջ մտայնություն է սա, քանի որ «երկրորդական» լեզուներ չեն կարող լինել: Իսլանդերենն այսօր գործածում է ընդամենը 300.000 հոգի, բայց այդ լեզվով անցած ութ դարերի ընթացքում ստեղծվել են գլուխգործոցներ, որոնք ոչնչով չեն զիջում անգլերենով ստեղծվածներին:
2 Չնայած այստեղ էլ որոշակի սկզբունք չի նկատվում: Օրինակ՝ «Հետք» օրաթերթը (27 հու­լիսի 2012թ.) գրում է՝«ֆունԹ ստեռլինգ»: Եթե «ֆունԹ» ապա ինչո՞ւ «սՏեռլինգ» և ոչ թե «սԹեռլինգ»: Ո՞րն է տրամաբանությունը: Մեր փորձված թարգմանիչներից մեկն էլ վերջերս գործածեց ԱրիսԹոտել ձևը… Պարզվում է 1600 տարի սխալ ենք գրել այս անունը: Բայց ինչո՞ւ երկու Տ-ից միայն մեկն է Թ դարձրել: Աշխարհի բոլոր լեզվաբանները որ հավաքվեն, հավանաբար չկարողանան մեկնել այս առեղծվածը:
3 Խորհրդային իշխանությունը կարողացավ կարճ ժամանակում համատարած գրագիտության հասնել, իսկ այսօր, դարձյալ կարճ ժամանակում, ստեղծվեց տառաճանաչ ան­գրագի- տությունը, որը միտում ունի համատարած դառնալու:
4 Այս բառն արդեն քաղաքացիական իրավունք է ստացել նաև ԶԼՄ-ներում:
5 Անգրագիտությունների 99%-ն այդտեղից է սփռվում, գումարած հակագեղարվեստական սերիալների անշտկելի ավերները, չասած մանրմունր «խնդիկմնդիկ» և տափակ հաղորդումների մասին, կարելի է գալ այն եզրակացության, որ ազգային էկրանն, ավելի քան տասը տարի դիվերսիոն գործունեություն է ծավալել սեփական ժողովրդի դեմ: Հասկանալի է, որ բոլորը Աբեղյան ու Աճառյան չեն, բայց, հավանաբար, սխալների հետագա տարածումը կանխելու համար, պետք է ընդունելի մի ձև մշակել դրանք տեղնուտեղը շտկելու և սրբագրելու համար, ասենք՝ տողատակին անմիջապես դրվի ճիշտ ձևը կամ մեկ ուրիշ կերպ: Մեր լեզվի մաքրությունը շատ ավելի կարևոր է, քան որոշ անգրագետ, բայց հավակնոտ մարդկանց հիվանդագին ինքնասիրությունը: Ի վերջո, եթե հայերեն չգիտեն, թող հանդես չգան հեռուստատեսությամբ: Վարակիչ հիվանդներին մեկուսացնում են առողջներից, անգրագետներին էլ պետք է մեկուսացնել գրագետներից, քանի որ անգրագիտությունը նույնպես վարակիչ է և ոչ պակաս վտանգավոր հասարակության համար:
6 «Մարգինալ» ասելով նկատի չունենք միայն ստորին խավի լյումպենացված հատվածը, այլև շքեղաշուք մեքենաներով երթևեկող, լիքը գրպանով, բայց դատարկ գլխով, իրենք իրենց «էլիտար» համարող, կրիմինալ կամ կիսակրիմինալ տարրերին, որոնց բարգավաճման համար իդեալական պայմաններ են ստեղծվել Հայաստանում: Այսօրվա սերիալային «մշակույթը» հենց սրանց «սոցիալական պատվերի» արտահայտությունն է, նրանց հավատո հանգանակը:
7 Մերձավոր Արևելքի հայության առօրյային քաջատեղյակ լրագրողներից մեկն ինձ ասաց. «Մի՛ դատապարտեք սերիալները, դրանք կարողացան Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի հայության ուշադրությունը վերջապես շեղել թուրքական սերիալներից, չասած այն մասին, որ Սփյուռքի մյուս գաղութներում այդ ֆիլմերով հայերեն են սովորում»: Ուրեմն մի աղբից անցանք մյուսին՝ թուրքականից հայկականին… Միակ մխիթարությունն այն է, որ այդ աղբը մերն է: Իսկ աղբը ազգային պատկանելություն ունի՞…
8 Լիովին համամիտ ենք սփյուռքահայ վաստակաշատ մտավորականին, երբ միևնույն առիթով նա տագնապ էր հնչեցնում իր թերթի էջերին. «Հարցը այլեւս լեզուի հարց չէ. արժանապատիւ ինքնութի՛ւն ունենալու, սեփական դեմք ու դիմագիծ պահելու հարց է, Սփիւռքի մէջ թէ Հայաստանի:
Հարցը դուրս կու գայ մեր՝ մտաւորականութեան, գրողներու, լեզուաբաններու, նոյնիսկ կրթական ու մշակութային հաստատութիւններու ու կազմակերպութիւններու ազդեցութեան սահմաններէն:
Հարցը շարունակութիւնն է Աղէտին, անոր ընդդիմանալո՛ւ, դիմադրելո՛ւ հարց է»:
Բայց որքա՜ն լավատես, եթե չասենք միամիտ էր նա՝ գրելով. «Պետութեան, կուսակցութիւններուն ու ազգի ապագայով մտահոգ ղեկավարութեան հարցն է, կամ գուցէ ճիշդ պիտի ըլլար ըսել՝ ղեկավարութեա՛ն հարց է…»(Վրեժ-Արմեն Արթինյան, «Հորիզոն», 19.12.2011թ.):
9 Չէ՞ որ գլխի ընկանք (ցավոք, ուշացումով), որ պետք է տուրք դնել մարդկային սնափառության վրա. մեքենաների, այսպես կոչված, «պրեստիժնի» համարներ ստանալու համար այսօր պետք է որոշակի գումար մուծել: Ի դեպ, ժամանակն է այդ գումարը կրկնապատկել, նույնիսկ եռապատկել: Օրավուր աճող սնափառությունն ու հիմարությունը գոնե այդ կերպ օգուտ տան երկրին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։