ԵՐԵՎԱՆԻ ԲՐԵՆԴԸ / Կարո ՍՏԱՆՈՍ

Հեռուստացույց էի նայում, մեկ էլ հաղորդավարն ասաց, թե Փարիզն ունի իր Էյֆելյան աշտարակը, Լոնդոնն ունի իր Բինգ- Բոնգը, իսկ Երևանը չունի իր «բրենդը»… «Բրենդ» բառը առաջին անգամ էի լսում, չգիտեմ էլ, թե ինչական ծագում ունի, բայց կարծես թե հասկացա միտքը: Կարծեմ, խորհրդային իրականությունում սիմվոլ էին ասում, իսկ հայերեն` խորհրդանիշ: «Բրենդը» բրենդիի հետ ոչ մի կապ չունի… Լավ բան են մտածել.- Ինչո՜ւ Երևանն էլ չունենա իր «բրենդը»… Ինչո՞ւ մենք էլ օգտակար չլինենք այս հարցում մեր խորհուրդներով ու առաջարկներով…
Երևանի «բրենդ» կարող է համարվել կայարանում քսան տարուց ավելի անավարտ կառույցը, ինչպես նաև Դվին ավերակ-հյուրանոցը: Կարող են համարվել մի քանի միլիոն տնկած- չորացված տնկիները… Կարող է մեր Հանրապետության հրապարակը լինել կամ, ասենք, մեր Հյուսիսային անմարդաբնակ պողոտան, որով «իրագործվեց» Մեծ Թամանյանի երազանքը, որով «ինքն» էլ վերացրեց-ոչնչացրեց հրապարակի «բրենդայնությունը» կողքերից դեպի առ աստված ձգվող երկնաքերներով… Կամ կարող է «բրենդ» լինել 100-150 տարվա 2-3 հարկանի շենքը, որի վրա վեր է խոյացել երկնաքերը… Կարող է քաղաքային զուգարաններ չունենալն էլ է «բրենդ»: Միգուցե շենքերին, ծառերին, սյուներին սոսնձած- կպցրած հայտարարությունն ու գովա՞զդն են «բրենդ»: Մեր հեռուստաընկերություններն են «բրենդ», որ հայերեն չեն թարգմանում հաղորդումները… Կարող է` մեր ընդիմադիր կուսակցություններն են «բրենդ», որ չեն կարողանում արդարացված և թափանցիկ ընտրություններ անցկացնել… Հավանաբար, սոցիալիզմից հրաժարված, բայց մինչ օրս շարունակվող շաբաթօրյակնե՜րն են «բրենդ»: Իսկ աշխատանք չգտնող ու արտագաղթողնե՞րը «բրենդ» չեն: Հապա քաղաքի ա՜ղբը… Հանրապետության հրապարակի Լենինի հուշարձանը կարո՜ղ էր «բրենդ» լինել… Կամ ասենք, Բանվորի արձանը, որի հետ գործարաններն ու բանվորներն էլ փոշիացան… Միգուցե, անհայտացնողնե՜րը…
Կարող է, Գրանդ Քենդին է «բրենդ», որ ստիպված է մտածել իր արտադրությունը այլ երկիր տեղափոխելու մասին… Կամուրջներից ինքնասպան եղողներից մեկն է «բրենդ», որը ո՜ղջ է մնացել… Միգուցե Հայկ Նահապետն է մեր «բրենդը», որի նետաղեղը չի՜ աշխատել տեղա­դրման օրվանից…
Բարեգործ-հարուստների հուշարձանների տեղադրման նախագիծը մի՞թե «բրենդ» չէ: Հայկական աշխարհում կնունք-ծնունդներին բացակա չստացողը «բրենդ» չի՜… Էլի սխալվեցի. հայկական աշխարհի «բրենդ» է… Այսքանից հետո զարմանում ես, թե ինչպե՜ս է մնացել Պեպոյի հուշարձանը… սա էլ կարող է «բրենդ» լինել: Կամ կուլայով ջուր ծախող տղան… Քաղաքին վայե՜լ «բրենդ» է… Իսկ ինչո՞ւ այդ «բրենդ» կոչեցյալը անպայման պետք է մեծ լինի: Կարո՞ղ է, պետք է քանդել Ամառային կինոթատրոնը, որի տեղում կլինի մեր «բրենդը»… Միգուցե «Կուկուռուզի» տեղում… Միգուցե մի քանի մնացած գրախանութներն ու կինոթատրոնն են «բրենդ»… Կարող է` Ազատության հրապարակում գլուխգովող, հպարտացողն է «բրենդ», որ առաջին անգամ օգտագործել է հայրենակից բառը… Իսկ «Ոսկե ծիրան» փառատոնի տեղադրած արժանավոր ոսկյա աստղերը… Չգնահատված և նեղացված դիրիժորը… Սա այլ թեմա է… Ազգային ժողովում խոստացված, բայց չձերբակալված պատգամավորները, կամ ժողովրդին աղաչող-պաղատող, 50.000 աշխատատեղ չստեղծողը… Չէ, սրանք Երևանի «բրենդ» չեն կարող լինել… Կամ լեզվի տեսչությունը, որ մինչև հիմա լռում է, չի բացատրում «բրենդ» և օտարահունչ բառերի իմաստը… Էլ ո՜րն ասեմ, էլ ո՜րը…
Իսկ մեքենայից ծխախոտի մնացորդը դուրս գցողը… Գուցե արևածաղիկը… Պետք է սրանց հուշարձանները կանգնեցնել…
Միգուցե այն թաղապետն է, որը շենքի բնակիչների խնդրանքին` բարեկարգել բակը երեխաների համար, պատասխանում է. «Ձեր շենքը ընդդիմադիր է»…
թվում է, որ շատ «բրենդներ» առաջարկեցի, ընտրությունը` ձեզ… Մի բան էլ ավելացնեմ: Ինչպե՜ս կարող է Երևանը «բրենդ» ունենալ, իսկ Գյումրին` ոչ: Դրա համար էլ եկեք մտածենք, որ մեր բոլոր քաղաքներն ունենան «բրենդ»: Եվ այս դեպքում կծավալվի մրցակցություն: Եվ այս ժամանակ էլ կծնվի իսկական «բրենդը»… Երևի մի երգ էլ պետք է գրվի այդ «բրենդի» մասին…

Գրեք մեկնաբանություն