ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ / Էդուարդ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ճանապարհները` շեկ ու մոխրավուն,
Ե՛վ տնից հանում, և՛ բերում են տուն,
Ճանապարհները այն հազարացանց,
Որ խճճում ու գերում են մարդկանց:
Ճանապարհները` և՛ կարճ, և՛ երկար,
Միահյուսվում են, հանգուցվում իրար,
Երկրներ կապում ու տարանջատում,
Սահմաններ քանդում,
անտառներ հատում,
Հարավից` հյուսիս, հյուսիսից` հարավ,
Տափաստաններով` ցամաք ու ծարավ,
Արևամուտից մինչ ելքն արևի,
Հեռաստաններով խորունկ ու ծավի,
Քարավաններով հանրակառքերի
Տագնապ են կրում խորքերից երկրի:
Անդորր գտնելը դժվար է ու բարդ,
Անիվը` կլոր, աշխարհը՝ անհարթ,
Ճանապարհները` շեկ ու մոխրավուն,
Դադար չեն տալիս, ոչ էլ հանգիստ քուն:
Եվ կարոտների պոռթկումներ անսանձ
Արժևորվում են որպես անգին գանձ:
Տարածությունից ընկնում են առաջ
Ճանապարհները այն բազմաշառաչ,
Ճանապարհները այն աննպատակ:
Այն, ինչ հեռու է և թվում է նոր,
Գայթակղում է պատրանքով հզոր,
Ճանապարհները` շեկ ու մոխրավուն,
Տնից հանում են ու նետում հեռուն:
Իրար հաջորդող գիշեր ու ցերեկ,
Իրար շղթայված այսօր ու երեկ,
Ճանապարհները եղել են ու կան
Անլուր գաղթերի անհաղորդ վկան:
Անձրևի ներքո և ձյուների տակ,
Հուժկու մղումով երակ առ երակ
Բաբախում են ու ծավալվում նրանք:
Դաշտերի պարապ մշուշով հարբում,
Մի տեղից տանում,
մի այլ տեղ պարպում,
Տանում հասցնում
բախտին սահմանված
Այն, ինչ կարգել է վերից տեր Աստված…
Ճանապարհները` շեկ ու մոխրավուն,
Ճանապարհները` անտեր ու անտուն,
Դադար չեն առնում,
ոչ էլ` հանգիստ քուն…

***
Բլուրների միջև քարոտ,
Ուր կակաչն է ծաղկում գարնան,
Փլված մատուռ կա աննշան,
Ու խաչքար կա մատուռին մոտ:
Կոշտ ու կոպիտ, անհիշատակ,
Կրծքին առած մի մեծ ծուռ խաչ,
Ժամանակից հար աննվաճ,
Հավերժում է երկնքի տակ:
Աչքիս առաջ խաչքարեր կան`
Պաճուճազարդ, գեղեցկահյուս,
Բայց այս մեկն է անտարակույս
Իմ հավատի անխոս վկան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։