ՀԱՍԿԱՑԻՐ
Եթե դժվար է ինձ հասկանալը,
Հասկացիր, թեկուզ թե շատ է դժվար,
Թե այդքան հեշտ է ինձ մոռանալը,
Մոռացիր, իբր, ոչինչ էլ չկար:
Թե ուրիշներն են քեզ գերել հեռվում,
Մոտս մի՛ մնա, ինձ մի՛ հասկացիր,
Թե հեռուները լավ են երևում,
Չքնաղ վայրկյանի նման հեռացիր:
Քեզ հետ կթողնեմ չհնչած երգեր,
Որ քեզ ուղեկցեն ամեն մի վայրկյան,
Թող իմ ստվերը քեզ դառնա ընկեր,
Դառնա թափառող հոգուդ բարեկամ:
Ես ջերմությամբ եմ հիշում անցյալը,
Ափսոս, որ նորից չի կրկնվելու,
Մի՞թե դժվար էր ինձ հասկանալը,
Որ անցար առանց մի հույս թողնելու:
ԳԻՏԵՄ
Գիտեմ, նման չես կյանքում բոլորին,
Սակայն խաբում ես բոլորի նման,
Երանի անցած այն խենթ օրերին,
Որոնք այդպես էլ երազ կմնան:
Թող երազ դարձած իմ մեջ թափառեն,
Թող դառնան նույնիսկ
կարոտներ անքուն,
Թող հեռուներից հույսերս վառեն,
Լինելով անգամ ուրիշի գրկում:
Եվ գուցե մի օր, ուրիշ մի վայրում
Ծանոթների պես իրար հանդիպենք,
Ու մոխիր դարձած մեր հայացքներում
Միգուցե անցած վայրկյաններ գրկենք:
Իսկ գուցե նայենք օտարների պես
Ու չզգանք ինչպես եկանք ու անցանք,
Եվ մի հուշ մնա ակնթարթն անտես,
Որն ամուր գրկել չկարողացանք:
Գիտեմ ոչ մեկին նման չես կյանքում,
Բայց լքել ես ինձ այս կյանքի նման
Եվ ապրում ես լոկ հույսիս աղոթքում,
Որ չի լռելու մինչև գերեզման:
ՀՈԳՈՒ ԵՐԳ
Քո երակների մեջ եմ ես հոսում
Ու դառնում սրտիդ ամեն մի զարկը,
Քո երազի մեջ քո հետ երազում,
Դառնում եմ անգամ քո չասված խոսքը:
Քո աչքերով եմ աչքերիս նայում
Ու իմ աչքերով թափանցում հոգիդ,
Հոգուդ մեջ սիրո կրակներ վառում,
Դառնում եմ ցոլքը մարած հայացքիդ:
Սիրով բացում եմ հոգուդ դռները,
Երգեր եմ հյուսում կյանքիդ էջերում,
Քեզ հետ թռչում եմ մինչև ամպերը
Անվերջ ժպտացող այդ հեռուներում:
Ամեն ակնթարթ, ամեն մի վայրկյան,
Հիշիր, սիրելիս, քո հոգու երգն եմ,
Թեկուզ այս կյանքում չլինեմ անգամ,
Հնչյուններն ամեն քեզ մոտ կթողնեմ: