Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Հաղթակամար» շարքից

* * *
Մեր մի կայծը, մի անթեղը՝ բանակին,
Մեր ճրագը, մեր կանթեղը՝ բանակին,
Մեր մեծ սերը, մեծ ավյունը՝ բանակին,
Երբ հարկ լինի՝ մեր արյունը բանակին…

ԶՈՐԱԿՈՉ
Ձյուները տաք են Մայր Հայաստանում,
Ձյունածաղկել է իմ գողտրիկ Գյումրին,
Հոգու ճախրանք է, հոգու ցնծություն-
Բանակ են ճամփում մեր նոր քաջերին:

Բանակ են ճամփում մայրերը հպարտ
Օջախի սյուն իրենց որդիներին,
Արծվածագերն են կանգնել բաց
ճակատ՝
Հավատարիմ հար հայրենյաց ուխտին:

– Փառք քեզ, տեր Աստված,- մի մայր
շշնջաց,-
Զինվոր եմ տալիս մեր հայրենիքին,
Օրը եկել է, որդիս զորացավ,
Զինվոր եմ տալիս հայոց բանակին:

Քաջալերում են հայրեր ու այրեր,
Ոգեզինում են ու մաղթում բարին.
– Բարով գնացեք, բարով ծառայեք,
Նմանվեք վսեմ մեր հերոսներին:

Խաղաղություն են մաղթում ամենքը,
Խաղաղ գիշերներ, խաղաղ լուսաբաց…
-Թող խաղաղ ծփա մեր հայրենիքը,
Զինակոչիկներին՝ բարի վերադարձ:

ԿՐԿԻՆ ՄԻ ԵՐԳ՝ ԶՈՐԱՎԱՐԻՆ
Փառք քեզ, փառք քեզ, Անդրանիկ,
Զորավարը մեր հույսի,
Դու վրեժի սուրբ ռազմիկ,
Ավազանը մեր լույսի:

Քեզ արարիչն ուղարկեց,
Որ դու փրկես որբերին,
Իմաստնություն շնորհեց
Եվ զորություն քո բազկին:

Հայրենիքն էր հայտնվել
Մութ անդունդի պռնկին,
Արեգակի պես հասար
Եվ մռնչաց քո հոգին:

Կոտորած էր, բռնագաղթ,
Աղաղակ էր ու արյուն,
Դու փրկության ոսկե ափ՝
Հայոց վշտի օվկիանում:

Քո ձեռքերով ծաղկեցին
Բողբոջները Ջոջանց տան,
Ճրագներդ փրկվեցին,
Արևմտյան Հայաստան…

Քո մեծ ոգին, Զորավար,
Սավառնում է Արցախում,
Գրոհում են նոր քաջեր
Եվ քո ոգով են հաղթում:

Փառք քեզ, փառք քեզ, Անդրանիկ,
Զորավարը մեր հույսի,
Դու վրեժի սուրբ Ռազմիկ,
Ավազանը մեր լույսի:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Ամեն մեկդ մի ճրագ եք,
Սուրբ օջախի, ընտանիքի,
Իսկ միասին կրակներն եք
Եվ սյուներն եք հայրենիքի:

Որակով է հիմա չափվում
Խոհն ու ջանքը, ուժն ու ոգին,
Խիզախներն են մարտում հաղթում,
Հիշեք Վազգեն Սպարապետին:

Ձեր հոգու մեջ վագրին դրեք,
Հայկի կամքը դյուցազնական,
Ձեր ձեռքերով թրծեք, կերտեք
Հայոց իղձը ու ապագան:

ՀԱԶԱՐԱՊԱՏԿԻՐ ՈՒԺԵՐԴ, ԵՐԿԻՐ
Երկիր Հայասա, Հայկյան լեռնապար,
Դու ցավի կենտրոն,
Համաշխարհային վշտի կիզակետ,
Դավի հորձանուտ,
Ցեղասպանության ու աղետների
Խռով լեռնաշխարհ:
Ինչքան վիշտ տեսար, ինչքան
արտասուք,
Ինչքան տառապանք…
Դու՝ ագռավների երամի մեջ՝
Ճերմակ աղավնի,
Շնագայլերի ոհմակի առջև՝
Առյուծ մենավոր:
Դարեր շարունակ քո հարևանները՝
Բիրտ ու անօրեն,
Բարեկամներդ՝ կեղծ ու ընչաքաղց:
Եկել են, զարկել, թալանել, կիզել,
Կիսել են տունդ ու հացդ պղծել,
Բայց դու՝ առյուծ մենավոր,
Քո ոգով անկոր ու անընկճելի,
Հավատով անշեջ, հույսով վիթխարի
Շամփրել ես չարին, ոհմակ ես ցրել
Զարկով ամեհի:
Երկիր Հայասա, լույսի օազիս,
Հույսի շատրվան,
Քառապատկիր քո ջանքերը բեղուն,
Հարյուրապատկիր միտքդ իմաստուն,
Հազարապատկիր ուժդ աննկուն…
Որոշիչն ուժն է,
Հնում թե այսօր՝ զորեղն հաղթում է,
Թույլն է պարտվում:
Երկիր Հայասա, էլ մի՛ հապաղիր,
Հազարապատկիր ուժերդ ներհուն,
Հազարապատկիր:

ՈԳԵԶԻՆՎԻՐ
Որդուս՝ հայոց բանակի ավագ լեյտենանտ Մուշեղին
Արցախում մարտ է, կռիվ, պատերազմ,
Դու գրոհում ես քո զինվորներով,
Ոգեզինվիր, որդիս, ոգեզինվիր
Մեր հերոսների հաղթական փառքով:

Ոգեզինվիր դու կամքով հայկազուն,
Հայրենյաց սիրով, հույսով հայրենյաց,
Այդ կամքն է կռվում ճանապարհ
հարթում,
Այդ սերն է բացում գարնան լուսաբաց:

Արյունն ես կրում քո առյուծ պապի,
Մուշեղ Սպարապետի անունը վառ,
Ոգին ես կրում քաջ Անդրանիկի,
Որ չի խոնարհվել ոչ մի ակնթարթ:

Արդար է հայոց կռիվն այս ազնիվ,
Հայրենական է, հավետ սրբազան,
Ոգեզինվիր, որդիս, ոգեզինվիր,
Եվ գոտեպնդվիր ֆիդայու նման:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։