«ՉՍՊԻԱՑՈՂ ՀՈԳԻՆԵՐԻ ՑԱՎԸ» / Հենրիկ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Հենրիկ-ԱՌՈՒՇԱՆՅԱՆԳրական-ստեղծագործական երեք տասնամյակների ընթացքում բանաստեղծ, արձակագիր և բան. գիտ. թեկնածու Ժաննա Հակոբյանի բեղուն գրիչը արևերես է արել շուրջ 26 անուն չափածո և արձակ ստեղծագործություններ` բանաստեղծական ժողովածուներ, վեպեր, վիպակներ և մեկ մենագրություն` «Գրչով և զենքով» խորագրով: Իր նախասիրություններով Ժաննա Հակոբյանը քնարադրամատիկ խառնվածքի, պատմական փաստերի էությունը արդիական դիրքերից մեկնաբանող, բացահայտող գրող է: Դրա վառ ապացույցը ընթերցողին քաջածանոթ և ջերմ գնահատանքի արժանացած «Ղարաբաղի ճակատագիրը», «Արյան վրեժ», «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպերն են, որոնց թեմատիկ գաղափարական ատաղձը Արցախյան գոյամարտն է, սև եղեռնը` գեղարվեստական հանդերձավորմամբ: «Չսպիացող հոգիների ցավը» վեպը (2016 թ.) թեմատիկ առումով լինելով նախորդների շարունակությունը, այնուհանդերձ, իր գաղափարա-գեղարվեստական նոր շրջագծերով, սոցիալ-հոգեբանական ներսուզումներով, արդիական հնչեղությամբ առանձնաշեշտվում է գրողի ստեղծագործական կենսագրության նկարագրում: Այսինքն` Ժաննա Հակոբյանը ասպարեզ է բերում Արցախյան գոյամարտի թոհուբոհով անցած, մահվան աչքերին անթարթ հայացքով դիմակայած հերոս-կերպարների մի խումբ` իրենց հերոսությամբ, մարտական ընկերների կորստյան ցավով, հոգեկան տագնապներով, սոցիալ-բարոյական խնդիրներով, խեղված ճակատագրերով, փշրված երազանքներով: Հայրենիքի երդվյալ մարտիկներից Մուշեղը, Միքայելը, Եգորը և ուրիշներ եղել են լեգենդար հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վլադիմիր Բալայանի վրիժառու ազատամարտիկները ու նաև նրանց ոգու ու բազկի դիմացկունությամբ է աննախադեպ հաղթանակը ձեռք բերվել Արցախին պարտադրված պատերազմում:
Վեպի վերնագիրը` «Չսպիացող հոգիների ցավը», արդեն իսկ հղում է գրքի թեմատիկ ուղղվածությունն ու գրողի ելակետը, այն պարագան, որ Ժաննա Հակոբյանը պատերազմական և հետպատերազմական իրականությունների «երեսն ու աստառը» ըստ էության գեղարվեստական տարբեր միջոցներով է բացահայտում£ Կերպարներն ընթերցողին ներկայանում են մի կողմից հայրենասիրության ու հերոսացումի գծերով, մյուս կողմից` հոգեկան ցավի, կյանքի դրամատիկ նկարագրություններով:
Վեպի մյուս կերպարները` Տիգրանուհին, Սիփանը, Ռոզան, Անայիսը, Օլեգը, տարբեր խավերի ներկայացուցիչներ են ու տարբեր մտածելակերպի կրողներ, որոնք ևս անմասն չեն մնում պատերազմի հետևանքով առաջացած կենսական ու հոգեկան տվայտանքներից: Բայց, ի վերջո, նրանց համար ևս Հայրենիքի ազատությունը գերագույն արժեք է, որքան էլ թիկունքում կյանքը ցավալի լինի: Ժաննա Հակոբյանի գրողական ու բարոյական սկզբունքների արծարծումները համեմված են գեղարվեստական հյութեղ պատկերներով, իսկ կերպարներն իրենց մարդկային թուլություններով, սերերով, հիասթափություններով, ցավի ու երկմտության զգացումներով ամբողջական են ու դինամիկ: Նա ոչ թե պատրաստի կերպարներ է ներմուծում, այլ նրանց ներկայացնում է իրենց գործողությունների, խոսքի, հույզերի ու մտորումների ծիրում` պայմանավորված միջավայրով, յուրաքանչյուրի միտքն ու հոգին պաշարած զգացումներով: Վեպում կան բազմաթիվ նրբագծեր, առերևույթ մանր թվացող նկարագրություններ, որոնց շնորհիվ գեղարվեստորեն ամբողջացել է փաստավավերագրական հիմք ունեցող այս գիրքը, որը նվիրված է Հայոց բանակի կազմավորման, ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։