ԵՍ ՔՈՒՅՐ ՉՈՒՆԵԻ: ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՄ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Գուրգեն Մարգարյան(Խոստովանություն Անգլիայի լորդերի պալատի փոխխոսնակին)
Բարոնուհի՛, շաբաթ օրը, սեպտեմբերի 28-ին, Հայաստանում, ի՛նչ եմ ասում, Երևանում շատ-շատերը չգիտեին, որ Լենինգրադյան փողոցի մեր խաչմերուկում, համանուն պուրակում, բացվելու է Գուրգեն Մարգարյանի դիմարձանը, բայց դու գիտեիր: Մենք, թաղի տղամարդ տղամարդկանցով, «Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպությունը հենց նրա՝ մեր լավ հարևանի հուղարկավորության օրն էինք ստեղծել, մինչ այդ բազմաթիվ ծրագրեր էինք իրագործել ու մանավանդ այն բանի համար, որ կիսանդրու բացումը մեր շենքի առաջ էր կատարվելու, ես ինձ տանտիրոջ կարգավիճակում էի զգում, աջ ու ձախ դիտողություններ էի անում, պահանջում, որ սպայի հիշատակին նվիրված արարողությունը զինվորական ճշտապա­հությամբ սկսեն: Վերջապես ինձ հանգստացրին, հասկացրին, որ քեզ են սպասում: Ես, իհարկե, չհավատացի, լորդերի պալատն ո՛ւր, մեր ոչ այնքան խնամված խաչմերուկն՝ ուր: Բայց դու եկար, ճիշտ ժամանակին եկար-հասար, հարթակ բարձրացար, սև զգեստներից, չցամաքող արցունքներից գլխի ընկար, թե ով է Գուրգեն Մարգարյանի մայրը, ու չնայած ո՛չ ինքը քո ասածը հասկացավ, ո՛չ դու՝ իրենը, փաթաթվեցիր, համբուրեցիր ու ամբողջ արարողության ընթացքում ձեռքը չթողեցիր: Ներքին խռովքից բեկբեկվող ելույթիդ ժամանակ հասկացա պատճառը: Դու ասում էիր, որ Լոնդոնում, երբ իմացել ես քստմնելի կացնահարության մանրամասները, ոչ այնքան զոհի ու դահճի, որքան հայ մոր մասին ես մտածել, չես պատկերացրել, թե ինչպես է դիմանալու նման ձևով կորցրած որդու մորմոքին:
Բարոնուհի՛, դու շարունակում ես խոսել, Զորի Բալայանն ականջիս շշնջում է, թե քանի զավակ ու թոռ ունես, ու ես ապշում եմ քո անանձնական սիրո անպարփակության՝ այն բանի համար, որ անծանոթ հայ երիտասարդի կորստի վիշտը այսքան տարի սրտումդ անթեղել ու այս սուրբ օրը Մեծ Բրիտանիայից նրա մորը մխիթարելու ես եկել:
Համենայն դեպս դու կին ես, զգում էի, որ հուզումդ, անզոր հուզումդ զսպելու դժվարություն ունես, բայց հավատո՞ւմ ես, այս պահից ես քեզնով անհամեմատ զորեղ եմ:
Ես քո ցավը տանեմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։