«ԾԱՂԿԵ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ» շարքից
ԾՈՒՌ ԱՆՏԵՐ
Ղողանջդ ներսս է հոսում
ելևէջիկ մտերմատաքով,
ուզում եմ ամուր բռնել նրա անութներից,
որ ձեռքերիս մեջ թպրտա սիրտդ
ու խփելով ինձ իր հետ`
հեռացնի ժամանակի անտարբերության
չեչոտ հեգնանքի չորությունը…
Արյամբ փորված ցավի կենսագրությունը
Խաբկանքազոհ լապտերների շարան է,
ու ղողանջդ հատ-հատ ողողում է
նրանց կուրության լռությունը`
հույսի քնքշանքով`
հայտածելով ես-ս խաղով մի մանկական,
ու լուսաբերդ` Աստծո աչքը շոյող,
փակում է աչքերս.
Ով եմ ես…
Ակնախորշերումս քեզանից կաթած
արյան կարմիր գնդիկներն են փրփրում,
գունդուկծիկվելով դառնում հայելի`
ծռաժառանգ սիրապարտիդ կանչը
ավետելով որպես ժպիտ,
որից ականջներս շիկանում
ու այրվում են,
ապա նորից զնգում.
– Ով եմ ես…
– Դու… դու… ցավի ծնունդ,
Դու ես, դու… ծուռ անտեր…
ՊԱՅԾԱՌԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կես խոսքից հարբած ամբողջությունը
ծիծաղ է զնգուն`
իմաստության թավշե համբույրը
տոնի վերածող,
ուր փետրագրիչը բազկագոտել է
երկնքի մեջքը`
ունայնությունը դիվահարելով…
Խնդոտ զարմանքը,
թե ինչպես կարելի է ապրել խելացի
առանց քեզ…
ու քեզ,
վիճակից հանված
պայծառագրության թևերն է առնում,
ու ճախր է դառնում
ժամանակի արագընթացը
մեր ոսպնյակների ծուռ պատկերներին`
էափոխելով բնատուր զույգի օրենքը
բնազանցական կես-կեսով…
ԵՐԿԻՆՔ ՆԵՏՎԱԾ ՆԱՄԱԿ
Սարի ծամոնը գնդել-կպցրել եմ
գրքիդ նկարում` ականջիդ ետև…
Անթել հեռախոսով
Ու խռպոտած հևքով գժվեցնում եմ քեզ,
դու էլ թե` հոգեզմայլ հուռթի,
քեզ լավ եմ ճանաչում:
Այնժամ պարզում եմ ձայնս շատ երկար
ու լանջաշորիցդ պոկում մի կոճակ,
որ ստինքներիդ ղունղունը գա
ու կպչի իմ հոգուն,
ու մուխս` բաց ու մորեմերկ,
թռչի երկինք,
որ ծիկրակի քեզ
որպես գարնան կանչ…
ԿՐԿ – ԼԻՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Կանչդ հավատիդ ծնծղան է`
իմ երկրորդ գալուստը դիմավորող:
Ես եկել եմ,
որ տեղավորեմ սրտիդ կարմիր,
պուրպուր անկյունում
իմ անչափությունը
ու ցավակրիդ դարձնեմ խաչակիր,
դեգերողիդ արարող սիրադարձ
ու… ու արյանդ մեջ լուծվելով`
առնականացնեմ կյանքդ`
ազազուն ուսերիցդ կախ,
որ բաբախեն անձեռնմխելիության դարպասները
կրծքիդ
որպես ուխտավորի ճարճատուն կերոն,
ես եկել եմ ճամփորդի նման
քեզ հետ գնալու անեզրություն,
ուր քարավանի կենտ ուղտը
ես եմ, թե դու, չգիտեմ,
ուր մենք խուլ կլինենք ու նաև կույր`
մնալով «մենք ու մենք» անտես…
ԱՎԱՆԴԱԸՆԹԱՑՔ
Զենքս բազե է,
կրակը` թռիչք,
որ երկնքի մեջ է
ճախրդ գիրկն առնում,
ոչ որպես զոհի, այլ բաբախումի`
այլակերպությունս էափոխելով
հավերժի շարժման հարիր օրհնանքի:
Ես` ամպախույր որսկան,
որ սրտում չունի ոչ մի արգելոց
ու մտքում գեթ մի վարմ,
ափերիս մեջ քեզ եմ տաքացնում,
որ հալվես, հալվես ու դառնաս հոգի
ու մնաս հոգիս…
ԸՍՏ ՀԱՎԵՐԺԻ ԲԱՆԱՁԵՎԻ
Դու սեր ես հորինում ամեն առավոտ
և ճերմակ աղավնիների նման
նոյյան տապանի
թռցնում ես դեպ երկինք:
Չէ, չես սպասում նրա ետդարձին,
հավատում ես դու ջրիկ աշխարհի
վերջավորությանը,
ուր սերդ կապրի քեզ հետ, առանց քեզ,
մեկ է, նա կապրի. սիրուն մահ չկա.
նա հեռանում է արձագանքների մեջ`
քարայրում ծնված…
ՊԱՐԶԱՋՐՈՒՄ
Սրտմտանքս կերածս մայրական կաթի
համով եմ մշտապես թորում,
ես չեմ ներփակվում,
լոկ ագուցվում եմ պատուհանագոգին`
ուսերիս նետած ջինսե բաճկոնը,
ձեռքիս գրիչը,
աչքերիս մեջ փիքրը աշխարհի,
որ կեղծ սրբերի աղոթքներից է հոգնաբեկ լռում…
…Բայց ունկս կանչի հարազատ ձայնին
ու վրնջոցս քարի ներսը քաշված`
մեկեն կճայթվեն իմ իսկ քրքիջով,
որ չարը դարձի գա
դեպի խռովքը մարդկային արյան…
ՄՏԱԳԱՐ ԳԳՎԱՆՔ
Տեսիլաժամիս քնքշությունը հեզ
վայրի ծաղկի ձիգ դողն է հպարտ,
որ թրթռում է հասակովս մեկ`
որպես տնտղուն փաղաքուշ հովիկ,
իսկ դու, դու, հոգուս վայրի թևավոր,
թռիչքովդ ես սիրտս վեր տանում…
Եվ ինչ լավ է, որ գետնամած պահիս
թևանցուկ չարիր
կյանքի բավիղում
ու առանցքվելով քո մտագալար սարդաթելերով`
օրս ճգնակյաց
տվիր տենչազատ խոհության,
որ ճանապարհ է` դեպի քեզ բերող,
կոպաշուրթ մի զույգ
համբույրից ցայտած մի խենթացումի`
երանության թևերով լայն բաց…
ՀԱՅՏԱԾՈՒՄ
Ես երևակում եմ պարտքս քեզանով
ու դառնում հանկարծ քո ներսի դուրսը,
որ իմ ներսի ներսն է`
հերսը ամլացրած
անհայտ բոլորին,
որն սպասում չէ, այլ՝ ապրվող կանչ
երգեհոնից դուրս ելնող միֆի,
որ աշխարհիկի շուրթին
հեքիաթ է ծաղկուն`
կյանքն իմաստավորող իր վերջաբանով,
որ կրակոց է մի մարաթոնյան արգելավազքի`
ազատմտության տարածքը տանող,
ուր չի գործում ոչ մի պատվիրան
ու նախասահմանյալ ճակատագիրն անգամ
փոքրիկ մանչուկի անմեղության պես
ծիծաղելի է…
ՕԿՏԱՎԱ
Դռանդ թակոցս գլխագրում է
օրվա ծիր գիրս,
ու ես բառ դարձած` իջնում եմ`
շուրթիդ պատրանքին պատեպատվելու,
ու ես բառ դարձած` ճիտդ եմ պիրկ
գրկում`
որպես հմայիլ մանյակ,
հետո սահում եմ կուրացնող լույսով,
որ ինձնից ոչինչ, ոչինչ չերևա`
քո գաղտնագրված բառամասերը հոգուս բաշխելու
ու… ու մոռանալու կենցաղավարությունը
հազար ու մի տիվ ու գիշերների,
ցայգալույսով լվացվելով`
նորից մոտենում` թմբկահարելու կանչը
ի տեսություն…
***
Այսօր բառ դարձրի քո միտքն ու հոգին
ու գրչիս տեսիլածայրով
հեռագծեցի ճակատիս համբույր,
ինձանից պոկված զավակիս համը
ոգեկոչեց կյանք
քո օրհնաբանությամբ
չնքուշցուն վայել օձապաշտության,
ու երգս օձի հմայվածության պես
քայլերը ուղղեց
Հուդայի կարկամ ընթացքով ծածուկ
դեպ զանգը ժամհարի,
որ խռովքը պատռվի
չհասկացվածի լուռ մերկադողով
ու մեղսագործության դեմքից ետ տանի
նենգին սրբացրած անիրավության
քողը խաբկանքի…
Այսօր բառ դարձրի քո միտքն ու հոգին
ու ճերմակի վրա ես զուլալվեցի,
դարձա խոնարհում-խաչհամբույր`
սրտիցս ծաղկած,
դարձա խոնարհում
արարվածիդ ծոպին ծփացող մակընթացության…
ՔՆՔՇԱԶԵԿՈՒՄ
Դու չգիտես,
թե խոկումդ ինչքան եմ
համբույրով սրբել:
-Ով ես դու, որ գետնամած լինես,-
ասում ես դու
ու հազարան բլբուլից
պոկած բմբուլներն ես երկինք նետում,
որ դրանք իջնեն, իջնեն աչքերիս,
աչքերիդ աչքերին,- ասում ես դու,
ու գարնան կատարով տառապյալիս
կարմրությունը զուլալվում է
ճերմակ-ճերմակ… ճերմակությամբ,
որտեղ կես վայրկյան տևած ժպիտդ անգամ
ապրեցնող է,
ապրեցնող,
ինչպես արևը տիվին,
գիշերվա լուսինը գրչին,
ու թախծիդ դյութը հոգուս…
ՇՂԱՐՇԱԲԵՐԿՐԱՆՔ
Շատ կանուխ եմ արթնացել,
ու աչքերս չեն բացվում,
որ երազի աղջիկը
դուրս չթռչի ներսիցս,
որ դատարկ ու անիմաստ թրև չգամ
հանց քարշակ`
ժամանակի պոչուկին
դժկամությամբ կապկպված:
Ընկալելին շնորհված
միշտ ուզել եմ դարձնել
աջհամբույրը հավատի,
բայց կույր լինել… չէ, երբեք,
լույսն է աչքիս խաղ եղել…
Իսկ աչքերս չեն բացվում,
ու երազ է աղջիկը,
որ հասկանալ ինձ տվեց
կույր լինելու խևության
այս հրաշքը ինքնաբավ:
ԶԳԱՅԱՀԵՎՔ
Ծոցիցդ թռած պարող աղունիկների
երկինքը ես եմ
թափանցիկ անեզրությամբ
ճերմակ-ճերմակ գրաթղթի նման,
որ մագաղաթվել է հայացքովդ…
Պես-պես գույներն աղունիկների
բառեր են,
բառեր զնգացող երկնիս,
իսկ ճախրը նրանց` տողեր-ճամփաներ,
որ իր նմանին խոստովանություն է,
և այդ հպումից բառ-դող է ծնվում`
որպես ապրումիդ առհավատչյան
պայծառ…
… պայծառությունը միշտ աչք է ծակում,
որից խույս տալով`
ինձ ամփոփում եմ`
անտես մենության
բազմահնչյունով արբած:
ԵՐԱԶԱՀՄԱՅՈՒԹՅՈՒՆ
Չեմ պատմելու տեսած երազս.
ո՞վ կհավատա,
որ ամբողջ գիշեր եղել եմ
քո ննջաշապիկը
ու այն էլ այնքան լայն ու մեծ,
որ նրանով շերտ առ շերտ
փաթաթվել ես դու
ու թերթ-թերթ ծրարված
դարձել անփուշ նազուկ վարդ:
Չէ, չեմ ասելու այլևս ոչինչ,
թող մնա մեջս,
որ բույրը վարդի հանկարծ,
հանկարծ դուրս չելնի
ու տոնաբեկվի առօրյա հոգսում…
ՏՈՆԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Ննջասենյակումդ դու ես
ու չծնված տողս`
որպես թափանցիկ գիշերաշապիկ…
Քահ-քահ հանում ես այն`
բագինից բագին
ու խտավորի պես փնտրելով աչքերս,
որ ասես`
ամեն մի տոն
իր զոհն է պահանջում:
Ես հասկանում եմ քեզ
իրիկնային իմ երազում,
որովհետև գիտեմ`
ապրելու երջանկությունը
իմաստուն մեռնողի մեջ է քրքջում…