Սամվել ԿՈՍՅԱՆ / ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ

Ժողովրդական խոսք կա` «Կարմիր կովը կաշին չի փոխի»: Ականջդ կանչի Իլհամ Ալիև, ում հռետորաբանությունը տարիների հետ ո՛չ բարակում է, ո՛չ հաստանում, այլ հավերժական տեղապտույտ է սեփական ցնորքի շուրջ. Հայաս- տանի նկատմամբ նույն ատելությունն ու հոխորտանքը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարի նույն մամռակալած բառա- պաշարը: Ադրբեջանի նախագահը վերջերս կրկին իր տարերքի մեջ էր, երբ զինվորականների հետ հանդիպմանը հավատացնում էր, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: «Այս դիրքորոշումը երբեք չի փոխվել ու չի փոխվի: Հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, ադրբեջանական պատմական հողերի վրա երբեք հայկական երկրորդ պետություն չի ստեղծվի: Սա է գլխավոր հարցը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի խնդիր է: Իհարկե, հնարավոր է որոշակի կարգավիճակ տրվի: Ադրբեջանի կազմում Նախիջևանի Ավտոնոմ Հանրապետությունը կա»: Ալիևը հավանաբար մոռացել է, որ Նախիջևանը ժամանակին նույնպես հայաշատ էր, իսկ այժմ ոչ միայն ամբողջովին հայաթափված է, այլև հայկական մշակութային ժառանգությունն ասես ռետինով ջնջված լինի այդ տարածքից: Ղարաբաղի համեմատությունը Նախիջևանի հետ ավելի շուտ անհաջող կատակ է հիշեցնում, ինչը որևէ առողջ տրամաբանության հնարավոր չէ ներդաշնակել: Աբսուրդի ժանրից է նաև «Ադրբեջանի պատմական հողեր» արտահայտությունը: Այն տպավորությունն է, թե ազերիները պատրաստ են միլիարդներ ծախսել՝ վերակենդանացնելու հին պատմիչներին, նրանց համոզելու վերախմբագրել իրենց աշխատություններն ու որևէ կերպ, թեկուզ փոշեհատիկի չափով, հիշատակել իրենց մասին, վստահ, որ նավթադոլարները կօգնեն գտնել ամենամեծ խոշորացույցը, որով կկարողանան փոշեհատիկը աշխարհին տեսանելի դարձնել: Սակայն, ավաղ… Հենց բարբարոսի այս բարդույթն էր, որ պատմության ողջ ընթացքում թուրքերին մղում էր օկուպացրած տարածքներից բնիկների հետ տեղահանել ու բնաջնջել նաև նրանց մշակույթը. ավանդույթներ, որոնք այսօր նոր դրսևորումներ են ստացել թուրքազգի Ադրբեջանում: Ապացուցված է, քաղաքակրթության ընթացքից ուշացածների և ավանդական մշակութային ավանդույթների համակեցությունը միշտ էլ առճակատումների դաշտի է վերածվում: Այդպես է, քանի որ սպանելու և ոչնչացնելու կենդանական գենը բարբարոսների մոտ դեռ բնազդից չի վերափոխվել մտքի: Այսօր Ադրբեջանում բազմաթիվ ազգեր կան, որոնց նկատմամբ Բաքվի իշխանությունների ամենօրյա գործողությունների նշանակետը մեկն է՝ ստիպել ուրանալ իրենց ազգային պատկանելությունը: Ինչպես հաղորդում է պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքը, «Բաքվի ռեժիմը թաքցնում է Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակը և արգելում է նրանց խոսել մայրենի լեզվով` պարսկերենով»: Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ադրբեջանում պարսկերենն այն լեզուների շարքում է, որոնց վտանգ է սպառնում: Միայն այն գյուղերի բնակիչները, ովքեր հեռու են իշխանություններից ու մայրաքաղաքից, համարձակություն ունեն խոսել պարսկերեն: Նրանք զրկված են մայրենիով դպրոց կամ լրատվամիջոց ունենալուց»: Ադրբեջանի կառավարությունը թաթերի թվաքանակը 24 հազար է հայտարարում, սակայն ամերիկացի հետազոտող Ռանա Շեֆերի տվյալներով` Ադրբե- ջանում մոտ 300 հազար թաթ է բնակվում: Նույնն է վիճակը թալիշների ու լեզգիների պարագայում: Թվաքանակի նվազեցման ռազմավարությունը հեռահար նպատակ է հետապնդում` ուծացնելիս կամ տեղահանելիս հետագայում խուսափել խնդիրներից: Ղարաբաղն էլ ազերինե- րին պետք է առանց հայերի, քանի որ նրանց ցնորքներում շրջանառվողը հենց հայաթափ Ղարաբաղի պատկերն է: Ապրիլյան չորսօրյա պատերազմը հայերին բռնի տեղահանելու առաջին փորձն էր, ինչը տապալվեց՝ ստիպելով ազերիներին խմբագրել իրենց մարտավարու-թյունը: Հիմա ազերիները համաձայն են վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և փորձելու են շրջանառել հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որով կկարողանան առանց կորուստների վերադարձնել հայերի կողմից ազատագրված տարածքները՝ անորոշ ժամանակով կարգավիճակի հարցը հետաձգելու պայմանով: Ալիևը չի կեղծում, հայտարարելով, որ Բաքուն երբևիցե չի հրաժարվելու Ղարաբաղի հայաթափման գաղափարից, վստահ, որ ազատագրված տարածքները վերցնելուց հետո խնդրի ռազմական լուծումն ավելի իրական կդառնա: Սա է իրավիճակի ճշմարիտ նկարագիրը, հայկական կողմի համար առաջնային դարձնելով Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը՝ մնացյալը ենթակա թողնելով դիվանագիտական շաղակրատանքների տրամաբանությանը: Չի կարելի մոռանալ, որ պատերազմի ուրվականը սահմանի երկայնքով շարունակում է իր սադրանքները՝ փորձելով հազար ու մի միջոցներով սեղմել ու նեղացնել Արցախը շուրջկալող անվտանգության գոտին: Չպիտի թույլ տալ, որ, հեռանկարում սեղմվելով ու նեղանալով, գոտի կոչվածը կախաղանի օղակի վերածվի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։