ՎԱՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԼԱՎ Է / Սամվել Կոսյան

Սամվել-ԿոսյանՉնայած ուկրաինական հակամարտող կողմերի՝ Մինսկում կնքած հաշտության պայմանագրին, նրանց անվստահությունը զրոյից չի բարձրանում, քանի որ իրավիճակն ավելի Արևմուտք-Ռուսաստան հավերժական առճակատման դաշտում պիտի քննարկել: Ռուսաստանի համար մահացու է իր կայսերապաշտական քարտեզի պատկերն առանց Ուկրաինայի, Արևմուտքն էլ վերջապես Ռուսաստանին պատժելու հիմնավորված առիթը գտավ: Դժվար է գուշակել այս ամենի աշխարհաքաղաքական հետևանքները, սակայն արդեն հայտնի է, որ անկախ գլոբալ մրցակիցների պարտություններից ու հաղթանակներից, պարտվողը Ուկրաինան է լինելու և` է: Պարզապես անհավատալի է, թե երբեմնի շեն այս երկիրն ինչպես է կարողանալու թեքված մեջքը ուղղել, ինչպես է փոխադարձ ատելությունից ազատելու սեփական ժողովրդին: ՄԱԿ-ի վերջին տեղեկատվությամբ՝ ապրիլից մինչ այսօր Ուկրաինայում 3000-ից ավելի մարդ է զոհվել, այդ թվում՝ մեծաթիվ խաղաղ բնակիչներ, 6000-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Սեփական ժողովրդի դեմ ուժի կիրառումը ոչ մի անգամ բարի հանգրվանի չի հասցրել, ավելին, անորոշ ժամանակով ոչնչացրել է կողմերի միջև խաղաղության և համաձայնության կամուրջները: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի առաջարկած` Ուկրաինայի արևելքի ինքնավարությունն ընդարձակելու մասին օրենքի նախագիծն ընդամենը հրադադարը պահպանելու ուշացած քայլ է: Նույն նախագիծը կարելի էր ավելի շուտ կյանքի կոչել, ավելի շուտ երկխոսության մեջ մտնել սեփական երկրի բնակիչների հետ, որով և հնարավոր կլիներ փրկել երկիրը կազմալուծող ցնցումներից ու խորացող ճգնաժամից: Սակայն Մայդանի ալիքի վրա իշխանության եկածներն, ըստ երևույթին, ավելի քաղաքական բուտաֆորիա են կամ, որ ավելի իրական է, քաղաքական խամաճիկներ, որոնց թելերը Արևմուտքի և Ռուսաստանի ձեռքերում են: Արդյունքում՝ Ռուսաստանը հասցրեց Ղրիմը սեփականաշնորհել, Արևմուտքը՝ հակառուսական ամբողջ պահուստային ոխը շրջանառել: Մինչդեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, և անկանխատեսելի է դրա հետագա ընթացքը: Պորոշենկոն, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններին հատուկ կարգավիճակ շնորհելու հայտարարությանը զուգահեռ, միաժամանակ հասկացրել է, որ խոսքը նրանց անկախության կամ դաշնություն ստեղծելու մասին չէ: Սակայն եթե ամենասկզբում հատուկ կարգավիճակը առավելագույնն էր, որին ձգտում էր ռուսամետ բնակչությունը, ապա այժմ ինքնահռչակ այս հանրապետություններն Ուկրաինայից անկախանալու հարցն են պնդում` իրենց վարչական տարածքների սահմաններում: Եվ նորից երկխոսությամբ խնդիրը հարթելու ոչ մի նախաձեռնություն ու ցանկություն: Ինչպես հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, եթե Ուկրաինայի արևելքում խաղաղ պլանը տապալվի, Դոնբասում հակամարտության լուծման միակ տարբերակը կլինի ռազմական դրության սահմանումը: Տուրչինովը նշել է նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ է վերախմբավորել և ամրապնդել զինված ուժերը, փոխել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների քաղաքների ազատագրման մարտավարությունը: Այնպես որ, առայժմ դժվար է ակնկալել, որ կողմերն ի վիճակի են բարի կամք դրսևորելով փոխզիջումների գնալ և խուսափել հետագա արյունահեղություններից: Սեփական ժողովրդի դեմ ռազմական ուժի կիրառումը շարունակում է Կիևի իշխանության՝ հակամարտության լուծման ռազմավարությունը մնալ: Տնտեսական, ռազմական և քաղաքական առավել ռիսկային մարտահրավերները առջևում են: Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների հետևանքով ճգնաժամը օրեցօր նոր սահմաններ է ընդգրկում՝ այլ տարածաշրջանների կայունությանը ևս վտանգելով: Ուկրաինական իրադարձություններով պիտի պայմանավորել նաև Թուրքիայի անբնական աշխուժու­թյունն ու ազերիների վերջին օրերի սահմանային միջադեպերը: Աշխարհն անսպասելիորեն հայտնվել է փոխադարձ մեղադրանքների, բամբասանքների ու անվստահության սարդոստայնում, ինչն էլ խանգարում է հակամարտության իրատեսական լուծմանը: Ոչ մեկը չի ուզում զիջել, առավել ևս Ամերիկան ու Ռուսաստանը, որոնցից յուրաքանչյուրն իր ճշմարտությունն է պաշտպանում, ինչը բացարձակ աղերս չունի Ուկրաինայի ներկա իրականու­թյան հետ: Դժվար է, երբ մասնատված Ուկրաինայի հրամանատարներն առաջնորդվում են խամաճիկային հոգեբանությամբ, անկախ նրանից, որ կողմից են ձգում թելերը: Ակնհայտ է՝ Ուկրաինայի նախագահն ու նրա թիմը, ինչպես և արևելյան հատվածը, փորձում են Արևմուտքից ու Ռուսաստանից եկող հրահանգներով կառավարվել, հաշվի չառնելով, որ ներկա ողբերգության պատճառը այս երկու աշխարհաքաղաքական բևեռների միմյանց ոչնչացնելու քաղաքականությամբ է պայմանավորված: Թեև «Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է» հայտնի կարգախոսն արդիական է պատմության նաև մեր ժամանակահատվածում, այդուհանդերձ, իրադարձությունների զարգացման էվոլյուցիան ենթադրել է տալիս, որ Ուկրաինան նոր պատերազմի է պատրաստվում: Այնպես որ, գոնե հիմա անշնորհակալ գործ է այս երկրի ապագայի ձևաչափը բանաձևել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։