Պապն ընտանիքի պաշտամունքն է: Նրան հատկապես գուրգուրում են թոռները՝ պապի հորինած հեքիաթները, իմաստուն խոսքերն անվերջանալի են: Նրա յուրաքանչյուր պատմվածքի սկիզբն ու վերջը սերն է հայրենի հողի, մարդու, թռչունի ու գազանի հանդեպ, խոսքը ողողված է բարության շողերով:
Աստված գիտի, թե 1988-ի թեժ օրերին ինչքա՜ն է լուսացրել Ազատության հրապարակում, քանի անգամ է կտրել- անցել Երևան-Ղարաբաղ ճանապարհն ու իր մարտաշունչ ակնարկներով թևեր տվել ռազմի դաշտում մարտնչողներին, թիկունքի հայրենասերներին: Յուրաքանչյուր գրվածքն ուժ ու հավատ է սփռել:
2015-ին պապը կորցրեց իր սիրելի կնոջը, ում հետ դիմակայել էր կյանքի բոլոր դժվարություններին, հյուսել իրենց սքանչելի բույնը: Պապը, ով առանց այդ էլ առողջություն չուներ, զույգին կորցնելուց հետո ավելի թուլացավ, բայց գրիչը ձեռքից վայր չդրեց՝ գրում էր, անգամ թվում էր՝ քնած ժամանակ էլ էր գրում. այնքան պատգամ, ասելիք ուներ: Հապա իր մտազբաղ առօրյայում ինչպե՜ս էր նկատում լավն ու անմիջապես արձագանքում: Մի գեղեցիկ ստեղծագործություն կարդալիս կամ ռադիոյով լսելիս զանգ էր տալիս հեղինակին, ասմունքողին ու շնորհավորում: Մեր իրականության մեջ որևէ երևույթ չկա, որին չանդրադառնար:
Մոտենում էր պապի ծնընդ-յան տարեդարձը, թոռները դեռ ամիսներ առաջ հավաքել էին նախաճաշի համար իրենց տրված դրամը ու չէին սպասել առավոտ լուսոյին£ Գիշերը, երբ ժամացույցի սլաքները ազդարարեցին պապի ծննդյան օրվա սկիզբը, սեղանին դրին մի շքեղ տորթ՝ վրան վառվող մոմեր, ու վզովն ընկան՝ շնորհավորելով, համբուրելով: Մեծ թոռն ասաց.
– Պա՛պ, փչի՛ր մոմերի վրա:
Փոքր թոռն ասաց.
– Պապի՛ ջան, ինչո՞ւ մոմերը չես հանգցնում:
Ավանդույթ է՝ տարեդարձի մոմերը պետք է փչելով հանգցնել: Սակայն այս անգամ պապը հրաժարվեց՝ ասելով.
– Մի մոմ էլ ես եմ: Պետք չէ մոմը հանգցնել՝ նրանից ծորած սիրո, կարոտի, ուրախության, արցունքի կաթիլները չեն կորչում, այլ նորից՝ առաջվանից էլ սիրուն մոմ են դառնում ու լուսավորում մարդկանց հոգիները:
ՄՈՄԸ / Կլարա ԹԵՐԶՅԱՆ
