ԼԻԼԻԹ

ԼԻԼԻԹ
Իրական Աստվածների մոլորակ
Երկնային Հայրն ստեղծեց
Աստվածների մոլորակ՝
իր նման մարդկանցով։
Նրանց մտքով բանաստեղծություն գրեց,
նրանց ունկերով
երաժշտություն նոտագրեց,
նրանց աչքերով նկարեց,
նրանց ձեռքերով արարեց
իրենց նմաններին՝
արձանների տեսքով։
Նրանց ուղեղով գծագրեց քաղաքներ։
Նրանց բանականությամբ նախագծեց
արհեստական բանականություն։
Մարդն այս ամենը վերագրեց իրեն՝
թաքցնելով իրական Արարչին։
Երկնային Հայրն այս անգամ ստեղծեց
իրական Աստվածների մոլորակ՝
սրբագործված զավակների համար։

Սրբագործված գեն
Իմ ներսում բացակայում է
ինքնաբուխ մուտացիան։
Միայն աջակցված մուտացիա է,
որը խանգարում է
ԴՆԹ-իս կրկնապատկմանը։
Ես վերակառուցում եմ իմ
ԴՆԹ-ն ելակետային գենի
դուպլիկացված պատճեններով։
Վերականգնում եմ
ԴՆԹ-իս ինքնաբուխ վնասվածքները
յուրաքանչյուր բջջիս մեջ։
Չկարողանալով հեռացնել
վնասվածքները՝
առաջանում է մուտացիա։
Վերականգնման համար առաջացած
մուտացիայի ընթացքում
վերցնում եմ սպիտակուցներ
կոդավորող գեներից,
որոնք էլ հանգեցնում են
այլ գեների մուտացիայի։
Ես վերցնում եմ
յուրաքանչյուր գենից այն,
ինչն անհրաժեշտ է
իմ գենի ճշգրիտ մուտացիայի համար։
Այդ ամենն իմ մեջ խթանում է
չարորակ ուռուցքի զարգացմանը։
Երկնային Հայրը փրկում է ինձ
ու իմ մուտացիայի ենթարկված գենը։
Սրբագործված գենը փոխանցում եմ քեզ՝
փրկելով եկող սերունդներին։

***
Շտապում էի մեծանալ,
որ աշխարհին նայեմ
մեծերի տեսանկյունից։
Հիմա ինձ նայում եմ
մանկան աչքերով։
Գեղեցիկ հագուստներ էի նկարում,
հիմա զգեստավորում եմ հոգիս։
Ծաղիկներ էի քաղում,
որ բույրն ամեն օր զգամ։
Հիմա ծաղիկներ եմ աճեցնում
և բուրավետ կյանքով ապրում։
Վախենում էի ամպրոպից,
հիմա սպասում եմ ծիածանին։
Նայում էի մարդկանց դեմքին,
հիմա տեսնում եմ
նրանց հոգու աչքերը։
Երաժշտություն էի լսում,
հիմա ծղրիդներն են
երգում ինձ համար։
Փորձում էի ճանաչել մարդկանց,
հիմա բացահայտում եմ ինձ։
Ֆիլմեր էի նայում,
հիմա նախագծում եմ երազներ։
Խոսում էի, որ ինձ հասկանան։
Հիմա լռում եմ, որ լսեմ սրտիս։
Վախենում էի մահից,
հիմա ապրում եմ
ամեն ակնթարթով։
Հիանում էի մարդու
ստեղծարար մտքով,
հիմա հպարտանում եմ Աստծով,
որ ստեղծեց Մարդուն։

Հավատարմության գրաքննություն
Ես մանուկ հասակից
հավատարմություն էի ակնկալում
իմ շրջապատի մարդկանցից՝
մանկապարտեզի,
դպրոցի և
համալսարանի ընկերուհիներից,
և հարազատներից։
Ըստ իրականացման ժամանակի՝
նախնական և հետագա պատժիչ
գրաքննության էի ենթարկում
նրանց հավատարմությունը։
Կանոնակարգված ընթացակարգի
համաձայն պետական
գրաքննող մարմնին՝ ինձ,
փաստեր էի ներկայացնում,
որոնք ապացուցում էին
նրանց անհավատարմությունը։
Հավատարմության
չափանիշները խախտած
ֆիզիկական անձանց նկատմամբ
պատժիչ գրաքննության
սանկցիաներ էի կիրառում՝
անտարբեր վերաբերմունքով
ցույց էի տալիս, որ նեղացել եմ։
Ես փնտրում էի պատճառը
բոլորի գիտակցության մեջ,
բայց չէի փորձում
իմ բանականությունը հետազոտել։
Ինքնաքննադատության ենթարկեցի
իմ գիտակցական
ինքնասահմանափակումը
և մարդկանց
զգացմունքային ազատությունը։
Պարզեցի, որ ես հավատարիմ չեմ
իմ էությանն ու արժեքային համակարգին,
սակայն հավատարմություն եմ
պահանջում
ուրիշներից։
Հանկարծ բոլորը դարձան անմեղ,
իսկ նրանց ժպիտները՝ հրեշտակային։
Այժմ հավատարմության
գրաքննության եմ ենթարկում
իմ հոգու և մարմնի գիտակցությունը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։