ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
ՙԳրական թերթը՚ միանում է շնորհավորանքին
***
Եկել եմ նուռ գիշերով,
Գիշեր չէ՝ նռան գինի,
Բախում եմ դղրդյունով,
Եկել եմ, ճամփա բացիր:
Գիշեր ես՝ մնա գիշեր,
Հաշիշը խմեմ ծոցիդ,
Աչքերիդ թուրմի վրա
Որ շինեմ եկեղեցի:
Ումպերով քո շուրթերի
Բարձրանամ խաչը ծոցիդ,
Երկնային աստղանկար
Շարեմ կրծքիդ լուսայգի:
Եկել եմ նուռ գիշերով,
Գիշեր չէ, նռան գինի,
Բախում եմ դղրդյունով,
Աստվա՛ծ իմ, ճամփա բացիր:
***
Երեք աղջիկ անձրևի տակ արթնացան,
Երեք աղջիկ մազերն իրենց քանդեցին,
Երկրի վրա ծիածանը մահացավ,
Երեք աղջիկ խարույկի մոտ արթնացան:
Մեկը ստեց՝
Երկրի վրա ոչ մի արև չի տեսել,
Մեկը նստեց ու իմ կողքին ծերացավ…
Խարույկի մոտ ես ոչ մի խոսք չասացի.
Երրորդն ինչո՞ւ անձրևի տակ մահացավ:
Երեք աղջիկ երեք երազ դավեցին՝
Երկրի վրա գուցե արև չի եղել,
Մեկը ինչո՞ւ կողքիս նստած ծերացավ,
Երբ երրորդը անձրևի տակ մահացավ:
***
Ջահելությունն իմ խև, կույր ամպ,
Վայելուչ՝ ինչպես Վարդ Գողգոթայի.
Իմն է դեմքը գեղեցկության՝
Ես ընկղմվում եմ հատակը գարշապարի,
Նժարում բերքը աշնան՝ ցամաք աչք:
Կոտրատվում է լճում լուսինը՝ կիթառ,
Կիթառ՝ Սիրո տուն, տուն քարկոծված,
Պարանոցիս հարմար է շատ զգացումը պարանի,
Նույն առույգությամբ մեղուները բրդոտ
Տրվում են ծաղկին օրհնության:
Խորանում է անհատակ պատկերը կպչուն,
Շուրջը՝ նվագ, շուրջը՝ աղ, վրան՝ տերև.
Սիմֆոնիայից դուրս, բառի երակը մտել՝
Սուրում է կույր ամպն իմ ջահելության:
ԹԱՔՍՏՈՑ
Հրաշք երկիր,
Ժապավենը մազին
Զվարթ երեխա,
Ես ուրախ եմ, իմ կենսագրությունն է այստեղ,
Ես ուրախ եմ, այստեղ հաստափոր գրքեր կան:
Ինձ ծաղկաբաժակներով բերին,
Ես շեղբերով եկա,
Իսկ Աննան, Աննան կույս է մինչև հիմա:
Ի՜նչ թաքստոց, իսկը՝ թոնիր,
Երկիրը՝ շուրթին գաթա,
Իմ կենսագրությունն է այստեղ,
Այստեղ հաստափոր գրքեր կան,
Ճնճղուկները սնվում են լուսնի սաղարթով:
Բաց են դռները երկնքի,
Իսկ Աննան, Աննան ծոպքերն է կարկատում
Եվ ինչ-որ ձայներ է լսում:
Ծափ ու թմբուկ զարկենք՝
Աննան ձայներ է լսում
Եվ ծոպքերը քսում է հողին:
***
Ծաղկել է փշատենին:
Օդը բուրում է զիգզագ:
Ես երկունքում եմ:
Տարվա այս ժամին
սակավախոս է ագռավը:
Օրվա այս պահին
մերկ-մորեմերկ է լուսնյակը:
Իմ բաճկոնից էլ
պոկվեց-ընկավ կոճակ:
Ինձ ոգևորում է հացթուխը,
Ոգևորում է ջութակահարը,
Փշատենին ծաղկել է,
Օդը բուրում է զիգզագ…
Հնչեցրու ժամը, թող գա դերձակը,
Իմ սիրտը լուն կերավ, սիրտս լուսնափ է,
Հազիվ էր ծվարել երկիր-թռչնակը,
Երբ հնչեց ժամը, երբ եկավ դերձակը,
Ի՜նչ վայելուչ էր օդը, օդը վայելուչ էր,
Ջուր շաղեմ՝ չփակվի աչքերիս դռնակը:
Ինձ հացթուխն է ոգևորում,
Ոգևորում է ջութակահարը,
Ծաղկել է փշատենին,
Օդը բուրում է զիգզագ…
ԹԱՑ ԱՉՔԵՐՈՎ ԿԱՆԱՅՔ
Լիք, թաց աչքերով կանայք,
Երախտապարտ եմ: Մորեմերկ էին.
Լու էր, խոտ թե ճառագայթ
Անցավ սրընթաց:
Հիմա ուր արտասվեն նրանք՝
Լիք, թաց աչքերով կանայք:
Կար ժամանակ, գոգնոց կար,
Կար կարաս:
Երբ տագնապում էի հիվանդ տողերիս համար,
Գալիս սթափվում, սփոփում էին նրանք՝
Մեր սիրասուն կանայք:
Լիք, պարարտ կոնքերով կանայք.
Հաջողություն էր. մորեմերկ էին:
Շան տղերքն էլ բզեզ դարձան,
Ասին՝ չեկան:
Հիմա որ սթափվեն՝
Լիք, պարարտ կոնքերով կանայք:
Լիք, ձիգ փորերով կանայք
(Ամռան տապը գլուխը քարն է տվել),
Լերկ քարերի սարսուռով նրանք բարձրացան,
Օգոստոսին էլ մայր դարձան,
Լիք, ձիգ փորերով կանայք:
ԱՆԻՐԱԿԱՆ ՎԱՐԴ
Շոգ, անիրական օր:
Սրսփում են վարդերը:
Ամենանուրբ զգացումից այն կողմ
Սրսփում են վարդերը…
Ահա քայլում է աղջիկը՝ վարդեր կոխկրտելով,
Ահա ես ծածանում եմ թաշկինակս,
Ահա վանականը՝ մորուքն է սանրում,
Փայտոջիլները վխտում են մարագում:
Սրսփում են վարդերը:
Երեխաները սպասում են գեղեցիկ օրվա՝
Երազներով լի, նուրբ օրվա,
Այգուս վարդաստանով,
Երկնքի ջրով:
Սրսփում են վարդերը, վարդերը սրսփում են:
Մինչդեռ գալիս է պարոն որդը,
Անիրական որդը-
Անիրական լաստերով,
Աներևակայելի անակնկալ…
Սրսփում են վարդերը, վարդերը սրսփում են:
***
Եկա ձայնի ելևէջով
Այս երկիրը աղ ու հացի.
Ես ասացի՝ մազերիս մեջ աստղ է այրվում:
Ես ասացի՝ մարմինն եմ ես քո հուշերի:
Հայրս եկավ մշուշներից,
Գարունը բիբ՝ հառնեց վրաս,
Չհասկացա օծուն լեզուն,
Չլսեցի խոսքը ծաղկի.
Խոտերը ինձ նախատեցին,
Փաթաթեցին ամպ ու ցավով:
Մայրս էր կանգնած աշնան դեղին խաշամի մեջ,
Ուսին՝ սափոր, սափորում՝ խեժ.
Երեխաներ անցան խումբ-խումբ
Սուլիչներով, մտրակներով…
Սկիզբը ինձ տվեց ծաղիկ, խոտերի խաղ,
Ոտաբոբիկ ուղեկցեցի ես ջրերին:
– Սիրտս մղեղ…
Այն փառահեղ սափորներին երկնագնաց
Կկարոտեմ այսուհետև:
Եկա ձայնի ելևէջով
Այս երկիրը աղ ու հացի.
Ես ասացի՝ մազերիս մեջ աստղ է այրվում,
Ես ասացի՝ մարմինն եմ ես քո հուշերի:
ՕՐԸ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՄՇՈՒՇՈՒՄ
Լևոն Խեչոյանին
Ես իմ ճերմակ քաղաքի բնակիչն եմ:
Որտե՞ղ է վարագույրը, դեղին մուժի վարագույրը:
Ծաղիկների երկինքը երազի տխուր աչքեր չեն,
Հոկտեմբերը՝ աղ ծաղիկների թերթերին:
Ես եմ՝ իմ քլթքլթացող ընդերքից,
Ես եմ՝ ակնապիշ:
Ես ընդունում եմ օրը՝ օրը տենդ-մասրենի:
Արևը կայունության մի կետ ունի,
Մեր պապակ երկիրը հիմա
ծածկված է անտառներով,
Ուր գայլերը քնում են ստվերներում,
ինչպես արևածաղկի գլուխ,
Իսկ ճանճերը ձու են դնում լուսնի տակ:
Հա՛:
Երեխաները թող պարսատիկով ծնվեն,
գլուխները՝ առաջ,
Ճիչը՝ ջուր,-
Անաղարտությունն իր գույնն ունի:
Հուզմունքս՝ թիթեռ:- Ես որտե՞ղ եմ:
Եթե պատռեմ կուրծքս,
Թանաքաման-սրտի փոխարեն
Մի քրքրված ցանցազամբյուղ է:
Հիմա արդեն ասում եմ գիծ ու նշան,
Դժխեմ իմ երևակայություն,
Իմ մանկական ձեռքերով կապված լճակ:
Շոգը շատ է շոգ,
Մի քայլ այն կողմը անտառ է,
Մուժը՝ վարագույր:
Ու ես հարցնում եմ,
Ես գալիս եմ հավիտենական քնից
Ու հարցնում եմ.
Լապտերները թևատակիս,
Լուսատտիկ աչքերիս, ականջներիս,
Ես միայն հարցնում եմ,-
Ո՞ւր է թռչունը, որ կոպերիս տակից թռավ,
Կտուցին՝ ելակ: Թևերը՝ կրակ, պոչը՝ կրակ,
Իսկ ծղրտոցը…
Երկիրը՝ կրակ, ու վայրէջքի տեղ չկա,
Ես գալիս եմ հավիտենական քնից հետո,
Իմ քլթքլթացող ընդերքից,
Ու հարցնում եմ՝
Ուրիշ ի՞նչ կարող եմ անել:
Մեր պապակ երկիրը հիմա
ծածկված է անտառներով,
Ուր գայլերը քնում են ստվերներում,
Ինչպես արևածաղկի գլուխ:
09.11.2006 թ.
ՎԱՅ, ԾՈ
Վահան Թամարյանին
Մեղքի նուռը ուսած, խելռտուքի Տոնին,
Առ նամակս, Սա՛նչո, տար Դուլսինեային:
Հասցես հիշիր, տղա՛ս, Քավարանի ծաղիկ,
Ո՞րն է մեղքս, Սա՛նչո, որ վայում են՝ ծո, ծո…
Ծո, աչքերս գիտես՝ թիթեռներ են լուսնի,
Մե՛րթ տղա են դառնում ու մե՛րթ՝ ծաղիկ:
Ուրվական եմ կարծես խոր վերքերի ցավից,
Հիմա ես ո՞ւր գնամ, ուր էլ գնամ՝ վա՜յ ինձ:
Ջաղացքար է վրաս, առավոտը՝ խարան,
Բառ-աղունս ալյուր՝ թիթեռներիս թևին:
Սա՛նչո, նամակս տար անձրևի տակ կարդա,
Որ էջերս մոխիր ինձ չվայեն,- ծո, ծո…