Միլուտին ՄԻՉՈՎԻՉ

Milutin-Michovich(Չեռնոգորիա)

Ծնվել է 1953-ին, փիլիսոփայություն և տնտեսագիտու­թյուն է ուսումնասիրել Բելգրադի և Պոդգորիցայի համալսարաններում: Հրատարակել է բանաստեղծությունների, էսսեների տասնյակ ժողովածուներ և վեպ («Ավերված քաղաքը»): Բանաստեղծությունները մշտական «գրանցում» ունեն արդի սերբական պոեզիայի հայրենական և այլալեզու անթոլոգիաներում: Գրական հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: Չեռնոգորիայի ԳՄ փոխնախագահն է և «Նեգոշ» գրական միավորման նախագահը:

ԸՆԴԵՐՔՆԵՐՈՒՄ
Դու ապրում ես հանգիստ
Ամայացած դատարկ քաղաքների
Լեցուն ընդերքներում
Բայց ոչ կենդանի ես ոչ էլ մեռած

Դու չգիտես ոչինչ և չգիտես անգամ
Որտեղից է ելնում արեգակը
Որտեղ է մայր մտնում

Դու խավարի ծովի հատակում ես
Որտեղ ձուկը հսկա
Կուլ է տվել ինչ-որ ուղեկորույս մարդու

(Մի կյանքով էլ ահա մտածում ես
Հարստացավ խավարն անդենական)

Մինչ նա ով նայում է իր աչքերով
Եվ ով մտածում է իր սեփական գլխով
Ոչ մի փոփոխություն չի նկատում

Իսկ երբ (հենց այդպես է
սովորաբար լինում)
Սև ընդերքի միջից հայտնվում է մարդը
Եվ ճիչ արձակելով նետվում գիրկը
Հարազատ արևի

Փոթորկվում է տոնը երկրի վրա
Բայց նա
Ով նայում է իր աչքերով
Եվ մտածում գլխով իր սեփական
Չի նկատում դարձյա՜լ ոչ մի
փոփոխություն

ԱՆՀԱՅՏ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Ես համոզված չեմ
Որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ
Իմ տարօրինակ ծնունդից առաջ
Անհայտ միջուկով պայթուցիկ մի սարք
Չի փորել – դրել
Արմատների տակ իմ արմատների
Ուղիղ սահմանին մեր այս աշխարհի
Եվ այն աշխարհի
Որի մասին ես ոչինչ չգիտեմ

Այս առավոտյան պայթյունի
ալիքն ինձ քշեց տարավ
Որ կողմ չգիտեմ
Տեսնում եմ սակայն առավել պայծառ
Առավել սրտով քան գիտակցությամբ
Այն ինչ չեմ տեսել նախկինում երբեք
Հիմա եմ տեսնում այստեղից
Ամա այս նոր եզերքից ուր նետվել եմ ես

Իսպառ կուրացած

Թ. ԷԼԻՈԹ
Այն օրերից ի վեր ինչ ճանաչեց իրեն
Ամեն օրը նրա նախօրյակն էր մահվան
Եվ մահվանից առաջ
Պոետը ծեր
Մռայլ խոհերի մեջ խորասուզված
Մտել է լոնդոնյան ինչ-որ գրադարան
Տեսել թե ինչպես է հրեշտակը
թուրն առած
Փրթում գրքեր հատ – հատ և կույտերով
Եվ դրանցից մեկում իր գրքերն է տեսել

Հրեշտակ եղբայր իմ
Կարո՞ղ եմ իմանալ գերեզմանիս շեմին
թե դու ինչ ես անում

Հարցրել է հանգիստ պոետը ծեր

– Այս քաղաքի դատարկ փողոցներում
Շապիկներում դատարկ այս գրքերի
Որոնում եմ երգեր
Որոնք արարվել են իրականում
Առանց գրիչների և թանաքի
Օ ինչ քիչ են դրանք

Դե իսկ ձեր գրքերում որոնում եմ
Օրերը ձեր վերջին թափառումի

ՄԱՅՐ – ՔԱՐԱՆՁԱՎԸ
Կա մի քարանձավ
Որ կարելի է գտնել ամենուր
Եթե տեսնել ենք իրոք կամենում

Այդ քարանձավը իր մեջ փակում է
Աշխարհի բոլոր քարանձավների
մութն ականակույր
Եվ այդ խոռոչից փայլատակում է
Լուսամայրը – մեր այս հին աշխարհի

Շատերը նրան դարերով նայել
Չեն տեսել սակայն
Եվ նրա մասին պատմել են իրար –
չհասկանալով
Որ կուլ է տվել ումպով մի թեթև
նա իրե՜նց նաև

Ասաց մի հիմար
Եվ խոսքը նրա յուրաքանչյուրիս
սրտում է հիմա

Նա ով չի տեսել
Թե խորքից նրա ոնց է ելանում
բոցը պարելով
Նա իր կյանքի մեջ չի ապրել բնավ –
թեկուզև մի օր –
Եվ ուրեմն ինչպե՞ս պիտի սովորեր լեզուն Լուսամոր
Որից քչքչան աղբյուրների պես
բխել դարերով
Եվ բառ ու բանի լույսով են լցվել

Այս հին աշխարհի լեզուները նոր

ԵՐԳ ԵՄ ԼՍՈՒՄ
Իջնում եմ սանդուղքով սպիտակ
Մթամած խորքերը Ծննդոց օրերի
Սուզվում եմ իմ բաժին երկնքում

Տեսնում եմ ինչպես է
Գթածը պահպանում ու փրկում
Ինչպես է դողալով աղ ցանում
ոսկրերին մաշկահան
Տեսնում եմ թե ինչպես է աճում արգանդում
Ծաղիկը զորավոր

Եվ լսում եմ երգը
Որ նոր տունն է շինում իր որդոց –
Արյունով շաղախված հիմքերով –
Իսկ դրսից վերստին
Խավարն է մոտենում սողեսող

Լսում եմ Խոսքերը որոնք Նա ոգել է
Բոլորի փոխարեն (դեռ համր) Ամենքիս
Լույսի մեջ օծելիս

Տեսնում եմ երկիրը սառցապատ – վանքերը մենավոր
Միմյանց հետ վշտահար զրուցող –
Գոսերի զարկերից խլացած ձայներով
Աչքերով – կուրացած խավարից այրերի

Թիկունքում վանքերի դարեր ու տարիներ են մռայլ
Եվ մեջքին կայծակի խարաններ

Օ նրանք չեն զգում էլ ոչինչ Կարծես թե
Օտարի երկրում են Կարծես թե
Լուսնից են վայր ընկել

Սառցապատ քարերի
հրդեհն է ճարճատում
Աչքիս դեմ

 

Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։