Մայրը մոռանում էր, որ պատմել է, անընդհատ պատմում էր: Նույնն էր պատմում.
«Էստոնիայի Հաափսալու քաղաքի փոխքաղաքապետի դուստրը՝ օրիորդ Հեդվիգ Բյուլը, ՍանկտՊետերբուրգի Սուրբ Աննայի լյութերական եկեղեցու գիշերօթիկն ավարտելուց հետո, Գերմանիայի՝ մանրակերտի նման փոքրիկ ու մտերմիկ Ֆրայնվալդ քաղաքի «Պետել» հոգևոր կրթարանում սովորելու տարիներին իմանում է, որ իրենց հաստատությունը որոշել է հայ որբերին բռնասպանությունից ու կրոնափոխությունից փրկել, Տավրոս լեռան լանջին, Կիլիկիայի Մարաշ քաղաքում մանկատուն հիմնել, վճռում է կամովին Մարաշ մեկնել, հայ մանուկների ցավերին, վշտերին կարեկից լինել:
Մայրապետը, որ իր անգույն, անարյուն սանուհուն շատ էր սիրում, զգուշացնում է.
– Լավ մտածիր, աղջիկս, սատանան արթուն է, սատանան քեզ գայթակղում է:
– Բավական է միայն մանանեխի չափ հավատ ունենալ,- չի երկնչում սանուհին,- ով մանանեխի չափ հավատ ունենա, կփրկվի ու կփրկի:
Մինչդեռ Մարաշը, ինչպես Սոդոմն ու Գոմորը Սուրբ Գրքում, սգի սև մոխրով էր պատած:
Նորաբաց մանկատան տնօրենը՝ պաստոր Նաումանը, գերմանական «Սալեմ» դարմանատան բժշկապետ Մյուլլերը, մանկաբարձուհի Պաուլան միանձնուհու հուսահատությունը փարատելու համար հենց առաջին օրը շրջապտույտի են տանում ծոթրին ու ծոթոր բուրող Տավրոսի լեռնանտառը, Ջեյհան գետի կապտամշուշ անդունդը, վերադարձի ճանապարհին Սարիյար գյուղն են մտնում, որպեսզի էստոնուհի օրիորդը Արծաթաղբյուրի ջուրը ըմպի: Հեդվիգը հակվում է գուռի վրա, կից թավուտում աղջնակի է նկատում: Նա անշարժ մեկնվել, ընդհատ-ընդհատ էր շնչում: Ուզում է մոտենալ, մանկաբարձուհի Պաուլան քաշում է սքեմից.
– Ձեռք չտաս, բորոտ է, զինվոր-ոստիկանները ծնողներին կոտորել, սրան թողել են, որ իր մահով մեռնի:
– Բա ինչո՞ւ ապաքինարան չեք փոխադրում:
– Տանենք, որ մյուս որբերի՞ն վարակենք: Մեկի պատճառով բոլորի՞ն կորցնենք:
Էստոնուհին ճանապարհը շարունակում, բայց ստեպ-ստեպ շրջվում, հայացքը աղջնակից հեռացնել չէր կարողանում: Քաղցած շները ոհմակով մոտենում են, որ հոշոտեն, մարմնի գարշահոտությունից ետ-ետ են փախչում: Հեդվիգն իր խուցն է վերադառնում, բայց գիշերը, հենց ննջարաններն ընկղմվում են մթության ու լռության թմբիրում, մեն-մենակ դուրս է գալիս մանկատնից, Սարիյար է հասնում, բորոտ աղջնակին հետը տարած սավանի մեջ փաթաթելով՝ խուցն է բերում: Մանկուհին չի շարժվում, շուրթերի անկյուններից մաղձ է ծորում: Հեդվիգը հոնքի ունելիով ականջների, ռունգերի մեջ վխտացող որդերը մաքրում, լողացնում, մերթընդմերթ շուրթերին մեղրաջուր է քսում: Օրեր անց աղջնակը բացում է աչքերը:
– Անունդ ի՞նչ է,- ճակատը շոյում է Հեդվիգը:
Հայերեն առայժմ այդքան է իմանում:
– Իսկուհի,- թոթովում է աղջնակն ու նորից նվաղում:
Հեդվիգը սերտարան է իջնում, հոգևոր քույրերից իմանում, որ Իսկուհի հայերեն ստույգ հարություն առած Տիրամայր է նշանակում:
– Իշտե, այդ Իսկուհին ես եմ,- արդեն Երևանում, Նոր Կիլիկիայի արարատահայաց առանձնատանը հերթական անգամ պատմությունն ավարտում էր վաղուց տատիկ դարձած մայրը:
Երբ հայրենադարձությունն սկսվեց, ու Սիրիայի խորհրդային դեսպանատունը էստոնուհի, առավել ևս հոգևորական լինելու համար Բյուլ մայրիկին թույլ չտվեց հոգեդստեր հետ, որին իր օրհնությամբ Հալեպում ամուսնացրել, զավակների կնքամայրն էր եղել, Հայաստան ներգաղթել, նա աշխարհից խռովեց, գերմանական Հայդելբերգ քաղաքի մերձակա Վալդ-Վիմերսբախ գյուղավայրի միսիոներական կեցատունը տեղափոխվեց: Ցմահ: Շաբաթը մեկ անգամ միայն Հայդելբերգի երկաթուղային կայարանն էր հասնում, Ստամբուլ մեկնող կամ Ստամբուլից վերադարձող արտագնա թուրք բանվորներին Աստվածաշունչ էր բաժանում: Հավատում էր, որ եթե կարդան, կապաշխարեն, հայերի արդար իրավունքները կհատուցեն: Նա, իհարկե, չիմացավ, որ այդ ընթացքում Իսկուհի հոգեզավակը, հետո արդեն Իսկուհի մայրիկն ու տատիկը, ամեն օր իրեն հայերեն նամակներ էր գրում՝ այն հայերենով, որ հենց ինքը՝ էստոնուհին էր սովորեցրել: Որտեղի՞ց իմանար, որդուն՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի գեղեցկության սրահի համբավավոր վարսավիրին՝ ախպար Կարպիսին Նալբանդյան փողոցի հայտնի շենքն էին հրավիրել, մոր, տարիներ շարունակ գրած նամակները տրցակով ձեռքը տվել.
– Մորդ ասա, էդ պառավին գրելուն վերջ տա: Հերը, արդեն պարզել ենք, փոխքաղաքապետ՝ բուրժուա-կապիտալիստ ա եղել, էստոնացի աշխատավորներ ա շահագործել: Նրանց ամբողջ գերդաստանին վաղուց Սիբիր են աքսորել, վերացրել: Էլ չենք ասում, որ Բյուլն էլ մոլեռանդ հավատացյալ, մեր գաղափարախոսության երդվյալ թշնամին ա:
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի գեղեցկության սրահի համբավավոր վարսավիրը՝ ախպար Կարպիսը, իհարկե, «բուրժուա-կապիտալիստ, մոլեռանդ հավատացյալ, գաղափարախոսության երդվյալ թշնամի» բառերի իմաստը չգիտեր, բայց մորը որպեսզի ամեն օր նամակ գրելու տանջանքից ազատի, պարզապես ասաց, որ Բյուլ մայրիկը մահացել է: Վաղուց է մահացել: Տիկին Իսկուհին դարձյալ չհուսահատվեց: Մահվան մահճում ննջարան կանչեց որդուն, դուռը պինղ փակել տվեց, վերջին հաղորդություն ստացողի պես խոստավանեց.
– Տղաս, ես այսքան տարի կոպեկ-կոպեկ թոշակս հավաքել, բարձիս տակ, Աստվածաշունչիս մեջ պահել եմ: Հավատացել եմ, որ լավ օրեր գալու են: Լավ օրերը եկել են: Խնդրում եմ, փողերը վերցնես, պակասն էլ դու լրացնես, մորդ վերջին փափագը կատարես, Վալդ-Վիմերսբախ գնաս, Բյուլ մայրիկի շիրմին համեստ տապանաքար դնես: Չմոռանաս՝ տապանաքարին իր սիրած խոսքերը փորագրել տաս՝ իր կողմից ատվածաշնչյան եբրայերեն, իմ կողմից հայերեն՝ «Էլի, էլի լամա սաբաթքանի»՝ «Տեր իմ, Տեր իմ, դու գոնե ինձ մենակ մի թողնի»:
Վարսավիր Կարպիսը ժամանակի ընթացքում մոռացավ մոր պատվիրանը և երևի էլ երբեք չհիշեր, եթե Աջափնյակի «Գիսանե» հիվանդանոցային համալիրում նրան բացեիբաց չասեին, որ չարորակ ուռուցքը որովայնով մեկ տարածված է, մասնագիտական նրբախոսությամբ ասել է, թե՝ օրերը հաշված են: Նա, ինչպես պետանվտանգության տեսուչն արտահայտվեց, մոլեռանդ հավատացյալ չէր, բայց այն աշխարհում մորը հանդիպելու, նրա վերջին փափագը չկատարելու համար անհարմար զգալու մտավախությունն ուներ:
Մի խոսքով, Մաշտոցի պողոտայի նշանավոր (արդեն թոշակառու) վարսավիրն իր հարուստ խնայողությունները եվրոյի վերածեց (մոր խնայողությունները վաղուց էր Սուրբ Սարգիս եկեղեցու մուրացիկներին բաժանել), Մարսելի տոմս գնեց: Ոչ միայն այն պատճառով, որ գերմանական Վալդ-Վիմերսբախը, ըստ համակարգչի տեսակապի, Մարսելին անհամեմատ մոտ էր, այլև որ Դիլիջանից ամեն կիրակի իրեն անարատ կաթ, մածուն, երբեմն նաև սերուցք բերող Նռանե մայրիկը Մարսելում Շաղիկ անունով հարս գնացած աղջիկ ուներ, որը հղի էր և եթե անհապաղ Դիլիջանի դանդուռով թթու չուտեր, հաստատ վիժելու էր:
Նռանե մայրիկի ասելով՝ իրենք պարոն Կարպիսին նեղություն չէին տալու. դանդուռով թթուն տղաները Երևանի օդանավակայան էին բերելու, Մարսելի օդանավակայանում էլ փեսան էր դիմավորելու: Վերջին պահին ի՜նչ ասեր քաղցկեղով ծանր հիվանդ վարսավիրը: Նռանե մայրիկի տղաները մի ահագին քթոց էին բերել օդանավակայան, որի մեջ հոգատար մայրը հղի աղջկա համար դարս-դարս շարել էր Դիլիջանի կոնչոլ, ծնեբեկ, ավելուկով փթռուկ, ծտի պաշար, վրան էլ՝ կաթնահունց: Հատուկ պարոն Կարպիսի համար էլ՝ մի շիշ քոլի տանձի օղի: Բարեբախտաբար Շաղիկ աղջիկը, որն այնքան էլ հղի չէր թվում, Մարսելի օդանավակայանում դիմավորեց Կարպիսին:
Մաշտոցի պողոտայի ընտրախավի վարսավիրը, որ ամեն առավոտ ածիլվում ու վերնաշապիկին համապատասխան փողկապ էր կապում, Ֆրանսիայի պես երկրում ուզում էր որքան հնարավոր է շուտ ազատվել դիլիջանյան քթոցից: Դրա համար կարճ կապեց.
– Աղջիկ ջան, մոտակա մի հյուրանոց, վաղը Գերմանիա պիտի գնամ:
– Վա՜յ,- միանգամից վիրավորվեց Շաղիկը,- ուրեմն դուք մեզ համար էսքան նեղություն քաշեք ու իսկույն հյուրանոց գնա՞ք: Նախ հասնենք մեր տուն, մի բան ուտենք, ամուսինս սպասում է: Հայերեն չի իմանում, դրա համար չեկավ:
– Ինչի՞, ինչ ազգ է որ…
– Թութսի:
Չնայած նախնական ընդվզմանը՝ զգացվում էր, որ Շաղիկը հյուրին տուն տանել առանձնապես չի շտապում: Կամ ինչ-որ բան բացատրել, արդարանալ կամ էլ ուղղակի հայերեն խոսել էր ուզում:
– Հիմա, որ դուք չասեք էլ, ինքներդ ձեզ կհարցնեք՝ դիլիջանցի էս քոլի աղջիկը Մարսելի քոլերում ի՞նչ է անում: Ես բնիկ դիլիջանցի էլ չեմ, կողքի Շամախյան գյուղից եմ: Վախթանգ Անանյանը իմ համագյուղացին է, նկարագրել է մեր սիրուն բնությունը: Բայց ի՜նչ օգուտ, աշխարհը խառնվեց, մեր գյուղի տղամարդիկ ժողով արին ու երկու մասի բաժանվեցին՝ մի մասը Արցախ՝ կռվելու, մյուս մասը՝ Գյումրի՝ երկրաշարժից ավերված քաղաքը վերակառուցելու գնաց: Հորս չէին ուզում տանել, յոթ երեխայի տեր ես, ասում էին, բայց երևի տղամարդկային արժանապատվությունը վիրավորվեց, Արցախի խմբին միացավ:
Մեր համագյուղացիները ընդամենը երկու թե երեք թեթև վիրավորներով, հաղթանակով վերադարձան: Միայն հորս դիակը բերեցին: Ինչ է թե մեր փոքրիկ, լեռնային գյուղն էլ է Արցախի ազատագրությանը մասնակցել, զոհվելու տարին չլրացած՝ շիրմին գրանիտե տապանաքար, մարմարե հուշակոթող կառուցեցին, հանդիսավոր բացում արեցին ու… մոռացան: Հորս էլ, մեզ էլ:
Խեղճ մամաս ասում էր՝ երանի էդ գրանիտե տապանաքարի, մարմարե հուշակոթողի փողը իրեն տային, հորս երեխաներին մեծացներ, նպատակի հասցներ:
Էդ ժամանակներում էր, որ Մարսելից՝ Հայ կանանց բարեգործական միությունից երկու տիկին Շամախյան եկան, իմացան, որ զոհվածի ընտանիք ենք, մեզ օգնություն՝ հագած շորեր բերեցին: Կանանցից մեկը՝ տիկին Մաքրուհին, շուրջը նայեց, հետո նկատեց, որ ես մեր չքավորությունից ամաչեցի, կարմրեցի, աչքերը լցրեց: Գրկեց ինձ, շիկնած այտերս շոյեց՝ աղջիկս, ասաց, արի քեզ Ֆրանսիա տանեմ: Ես քեզ կփրկեմ, դու՝ ձերոնց:
Մայրս, միամիտ, քոլեցի կին, դժվարությամբ, բայց համաձայնվեց: Հավատաց, որ հենց Ֆրանսիա գամ, իրենց պիտի երջանկացնեմ: Ես այստեղ երջանկանամ, իրենք՝ այնտեղ: Գալուցս հետո իմացա, որ տիկին Մաքրուհին ինձ շատ է հավանել, որոշել է տղայի հետ ամուսնացնել, հարս անել: Մինչդեռ տղան՝ Ռոբերն ինձ բռի սարեցու, անտաշ գյուղացու տեղ էր դնում, սովորելու համար հենց ֆրանսերեն էի խոսել ուզում, ձեռ էր առնում:
Մի երեկո էլ տիկին Մաքրուհին, երկուսով տանը մենակ էինք, ինձ կանչեց, ասաց.
– Աղջիկս, երևի սխալվել եմ, քեզ այնքան եմ հավանել, որ առանց Ռոբերի հետ խորհրդակցելու, ինքնագլուխ որոշում եմ կայացրել: Ռոբերս աչքով աչք քեզ տեսնել չի ուզում: Այս գումարը առ, գնա քո ճարը դու տես: Մի օր խմած կգա, քեզ տանը մենակ կբռնացնի, փորձանք կբերի: Չեմ ուզում այս տարիքիս մեղքը մտնել:
Ի՜նչ պիտի ասեի: Չուլ-փալասս ուսապայուսակս լցրի, բայց փողը չգիտեմ ինչու չվերցրի, հայաստանցու հպարտությունս թույլ չտվեց, տնից ելա, ուղիղ հայկական եկեղեցի գնացի: Ուրիշ ո՞ւր գնայի: Շրջաբակում, քիչ հետո կտեսնեք, Եղեռնի հուշարձանը կա, կողքի նստարանին կծկվեցի, անկախ ինձնից լաց եղա: Հավատացյալները երեկոյան ժամերգությունից ելնում, տեսնում էին, որ արտասուքները հոսում են այտերիցս, թողնում-գնում էին:
– Գործ չունենք,- ասում էին,- ով գիտի ով է, ավելի լավ է մեր ճամփան գնանք, ոստիկանության հետ խնդիր չունենանք:
Մութն ընկավ: Սկսվեց Մարսելի տեղատարափը: Ձեզ ոնց նկարագրեմ, որ պատկերացնեք: Շանթերն ու կայծակները ամպերը պատառոտում, քրքրում, ամիսներով ծովից գոլորշիացած, երկնքում ամբարված ջուրը հեղեղի պես ցած էին թափում: Եկեղեցին փակ էր, պատսպարվելու տեղ չունեի, կոպերս ամուր սեղմել էի, որ ոչինչ չտեսնեմ, չլսեմ ու հավատո՞ւմ եք, ընդարմացել, քնով էի ընկել: Բայց զգացի՝ մեկը ցնցեց ուսս: Ահաբեկված վեր թռա: Դիմացս երկու մետրանոց նեգր էր կանգնած, մաշկն այնքան սև էր, որ կեսգիշերային մթնախավարում միայն աչքերն էին երևում:
– Մի վախեցեք,- ասաց,- ու մի հուսահատվեք, ես ավելի վատ պայմաններում եմ եղել, հասարակաց զուգարաններում եմ քնել, բայց չեմ հուսահատվել: Դիմացի շենքը տեսնո՞ւմ եք, բոլոր պատուհանների լույսերը հանգած են, միայն իմ՝ ամուրիի մեկ սենյականոցինն է վառվում: Որքան ժամանակ է լուսամուտի մոտ կանգնած՝ ձեզ եմ հետևում: Ու քնել չեմ կարողանում: Չդիմացա, իջա, որ խնդրեմ բարձրանանք իմ բնակարանը: Հավատացեք ինձ, կչորանաք, կտաքանաք, կթեյեք, հետո ես կգնամ, ընկերջս տանը կգիշերեմ: Եթե չվստահեք, շատ կվիրավորվեմ:
Հասակը, տափակած քիթը, դուրս պրծած աչքերը սարսափազդու էին, բայց ձայնը զարմանալիորեն մեղմ ու թավշե, մի տեսակ երգեցիկ էր:
Մի խոսքով՝ համոզվեցի: Քիչ հետո կտեսնեք՝ Ժյուն մի նեղլիկ կեցասենյակ ունի, մի նեղլիկ ննջարան, ավելի նեղլիկ խոհանոց: Ես ցնցուղի եռման ջրով ցայվեցի, տաքացա, հարդասենյակից ելա, տեսա՝ աթոռին տղամարդու ներքնաշորեր, անդրավարտիք, վերնաշապիկ է դրել, ինքը մտել է խոհանոց, թեյի պատրաստություն է տեսնում: Նրա շորերը իմ վրայով երկու-երեք անգամ մեծ էին, բայց չէի ծիծաղում, ի՜նչ ծիծաղել, դեմքին նայել չէի կարողանում: Զարզանդում էի:
– Ես թութսի եմ՝ Ռուանդայից, Կիբունգո քաղաքից,- հենց դեմ-դիմաց թեյի նստեցինք, նույն երգեցիկ ձայնով ասաց սևամորթը,- անունս Ժյունեվալ է:
– Ես հայուհի եմ, Հայաստանից՝ Դիլիջան քաղաքից,- ասացի,- անունս Շաղիկ է:
Երկուսս էլ գլուխներս խոնարհեցինք, ժպտացինք:
Ոչ ես թութսիների մասին գաղափար ունեի, ոչ նա՝ հայերի:
Ոչ ես էի կարողանում Ժյունեվալ ասել, ոչ էլ նա՝ Շաղիկ:
Թեյը արագ վերջացրեց, վեր կացավ:
– Հոգնած տեսք ունեք,- ասաց,- քնեք, հանգստացեք: Վաղը շատ կխոսենք: Միայն խնդրում եմ՝ փողոց չիջնեք, ոստիկանները կտեսնեն, որ օտարական եք, կեցության վկայական կպահանջեն ու հենց իմանան, որ չունեք, երկրից կարտաքսեն: Ինձ երկու անգամ արտաքսել են…
…Բնակարանը փոքրիկ՝ ճիշտ այնպիսին էր, ինչպիսին նկարագրել էր Շաղիկը: Հյուրասեղանն էր առատ:
– Բա Ժյուն ո՞ւր է…
– Գնացել է դրամատուն, որ Ռուանդա՝ Կիբունգո փող ուղարկի: Իր ազգակիցներին՝ թութսիներին, էլի կոտորում են:
– Զանգի թող գա,- նեղսրտեց Կարպիսը,- առանց տանտերի ո՞նց ենք սեղան նստում:
Շաղիկը հայացքով որոնեց, գտավ դյուրակիրը: Ժյուն իրոք, մոտերքում էր, Շաղիկի զանգ տալուց շատ չանցած դուռն իր բանալիով բացեց, ներս մտավ, հայերեն բարևեց.
– Հազար բարով եք եկել…
Իսկույն զգացվեց, որ նա ամենևին էլ հայրենակիցներին առանձին թողնելու համար չէ, որ ուշացել էր: Սև դեմքը ամպի նման մռայլվել, ավելի էր մթագնել, խոշոր աչքերը արնակալել, թվում էր՝ բիբերը պիտի պայթեին, դուրս թռչեին:
Շաղիկը հավանաբար զգաց տրամադրությունը, մոտեցավ, ձեռքը բռնեց.
– Ժյու, ի՞նչ է եղել:
– Ոչ մի բան, հյուրովդ զբաղվիր:
Հյութի բաժակը վիսկի լցրեց, մի շնչով խմեց: Չդիմացավ, փլվեց սեղանին, աչքերը փակեց, գլուխը բռունցքին հենեց, ցնցվեց ամբողջ մարմնով: Լաց չէր լինում, իրենց անտառների վայրի գազանների նման ճվաղում, մերթընդմերթ էլ ձայնը խզվում, շնչահեղձ էր լինում:
Հյուրի ներկայությամբ Շաղիկն իրեն վատ զգաց: Մոտեցավ, շոյելու պես ձեռքը ուսին դրեց.
– Դե ասա՛, ասա էլի, Ժյու:
Գլուխը չէր բարձրացնում, բայց խոսում էր.
– Ի՜նչ ասեմ, ոնց ասեմ: Փոխանցումն ուղարկեցի, զանգեցի, որ զգուշացնեմ: Երանի զանգ տված չլինեի: Թութսի զոհերի թիվը մեկ միլիոնն անցել է: Տղամարդկանց առնանդամները կտրում, բերաններն են կոխում, հետո են գլուխները մաչետեով թռցնում, կանանց մերկացնում, բռնաբարում, հետո են կապում անվադողերին, այրում: Երեխաները մնացել են անտեր ու անպաշտպան, փողոցներն ընկած հաց են մուրում, բայց կենդանի թութսի չի մնացել, որ հաց տա: Հարյուրն անց խեղճ հայրս ասում է՝ Ժյունեվալ, մի բան արա, գոնե էս էրեխեքին փրկենք, չվերանանք: Կարծում է՝ եթե Ֆրանսիայում եմ ապրում, մեծահարուստ եմ, միլիոններ ունեմ: Էնտեղ իմ ազգը վերացնում են, ես էստեղ ոչինչ անել չեմ կարողանում… վիսկի եմ խմում…
Հյութի բաժակը նորից վիսկի լցրեց, նորից լրիվ խմեց, հարդասենյակ մտավ, որ երևի լվացվի: Ու էլ չերևաց…
Հաջորդ օրը Երևանի ընտրախավի վարսավիր վարպետ Կարպիսը գնացքով հասավ Վալդ-Վիմերսբախ, համոզվեց, որ միսիոներական կեցատանը ոչ միայն Բյուլ մայրիկին, այլև գերեզմանի տեղն անգամ չեն հիշում: Հարյուրն անց մի շվեդուհի, միսիոներ կեղծատամները լմլմացնելով, մտաբերեց, որ նա իր սենյակի պատերին թիթեռնիկների պես փակցնում էր աշխարհի 40-50 երկրներից, նախկին հայ որբերից ստացած նամակները, իսկ մեռնելիս իրեն խնդրում էր տապանաքարին գրել տալ՝ «Էլի, էլի լամա սաբաթքանի»՝ «Տեր իմ, Տեր իմ, դու գոնե ինձ մենակ մի թողնի» աստվածաշնչյան բառերը:
Վարպետ Կարպիսը մինչև մթնշաղ կեցատան հանգստարանում ման եկավ, այդպիսի արձանագրությամբ տապանաքար չգտավ:
Հաջորդ առավոտյան նոր էր զարթնել, Շաղիկը հեռաձայնեց.
– Հաջող անցա՞վ ձեր ուղևորությունը:
Վարպետ Կարպիսը հարցին հարցով պատասխանեց.
-Ժյուլն ինչպե՞ս է:
-Պատկերացնո՞ւմ եք՝ լավ է: Ուզում է իր երկիրը գնալ, որբանոց բացել: Անծանոթ մի կնոջից խոշոր նվիրատվություն է ստացել:
-Կնոջի՞ց:
-Այո: Դուք երբևէ Հեդվիգ Բյուլ լսե՞լ եք:
-Ո՛չ, չեմ լսել,- ասաց վարսավիրն ու անջատեց դյուրակիրը:
Համոզվեց, որ այս աշխարհում ոչ ոք մենակ չէ:
Անգամ քաղցկեղով ծանր հիվանդը: