Մի օր արևի լույսն արտացոլվեց սառույցի բյուրեղների կողմից` ետ քաշվելով փետրաշերտավոր ամպի մեջ: Միգապատ ամպը ծածկեց Մատենադարանի երկինքը, և նրա դիմացի արձաններն սկսեցին շարժվել: Այդ օրվա արևի շուրջ գոյացած լուսապսակն ազդարարում էր քամի, իսկ լուսնի շուրջը գոյացած լուսապսակը կանխագուշակում էր միջօրեի քամի: Խոնավ գետնախարիսխը շարժվում էր բուի կռինչից: Այդ օրը շնագայլն ու գայլը միմյանց միջև հավատարմության դաշինք կնքեցին` ամեն գնով օգնելու Մատենադարանի արձաններին: Արձանները դղրդում էին` ցանկանալով պոկվել իրենց տեղից:
Մեսրոպ Մաշտոցը ձեռքից բռնելով ոտքի կանգնեցրեց Կորյունին, ասելով.
– Գնա՛, օգնի՛ր նրանց, որպեսզի կարողանան պոկվել իրենց տեղից ու թեթև զեփյուռի պես քայլել: Նրանք այդ ծանրությամբ շատ դանդաղ կտեղաշարժվեն:
Կորյունը, տեղից վեր կենալով, վազեց Մատենադարանի վեց արձանների մոտ: Կորյունի վերարկուից երաժշտական գործիքը հնչեցրեց Նասի երաժշտությունը, որն իր պարզությամբ ու մաքրությամբ շոյեց արձանների քարացած ականջները: Ամպերի օվկիանոսներում քնած վիշապները կանաչ մաղեցին արձանների վրա: Այդ ժամանակ Մովսես Խորենացին աջ ձեռքով կրծքին պահած գիրքն իջեցրեց և սկսեց սլացիկ շարժվել: Մխիթար Գոշը երկու ձեռքով ներքև պահած գիրքը բարձրացրեց աչքերի մոտ: Ֆրիկի դժբախտ դեմքի արտահայտությունը մեղմացավ, իսկ նրա փոքր-ինչ բարձրացած ձախ ձեռքն իջավ: Թորոս Ռոսլինը ձեռքի մագաղաթը պահեց գլխին: Գրիգոր Տաթևացին իր ահարկու տեսքով, ձեռքը ձեռքին դրած, սկսեց մատները շարժել: Անանիա Շիրակացին դադարեց խորհել և գլուխը թեքելով` նայեց իր կողքի արձաններին: Կորյունը զվարթացած նայում էր նրանց շարժին: Լսվեց Մաշտոցի ձայնը, որ կանչում էր Կորյունին:
– Կներեք, ես պիտի գնամ, ուսուցիչը կանչում է,- ասաց Կորյունը և վազելով գնաց Մեսրոպի մոտ:
– Նրանց անպայման հաղորդիր, որ մինչև գիշեր մնան անշարժ: Այս գիշեր` խաղաղ ամառային գիշերակեսին, բամբուկն այնքան արագ կաճի, որ կլսվի նրա անընդհատ ճռռոցը: Երբ բամբուկը ճռռա, մենք կուղևորվենք դեպի Ռուսաստան` մեր առաքելությունը կատարելու: Այնտեղի հայերի մեծամասնությունը վաղուց մոռացել է իր լեզուն ու գիրը: Հայոց լեզուն այնտեղ զրկված է գործնական բոլոր գործառույթներից: Բազմաշերտ հայերի մեծ մասը չի տեսնում մայրենի լեզվի կարիքը: Դեռևս երկու դար առաջ գաղթածների մեծ մասը (հին սփյուռք) կորցրել է ազգային ինքնագիտակցությունը և անդառնալի հեռացել արմատներից: Վերջին շրջանի գաղթածները ոչ թե ձգտում են մնալ ազգային լեզվի և մշակույթի կրողը, այլ ընդհակառակը` մտավախություն ունեն տեղական լեզվի տիրապետման թերացման ուղղությամբ և ձգտում են երեխաների ու շրջապատի հետ շփվել բացառապես ռուսերենով: Հետևաբար, նրանք խուսափում են հայկական համայնքային միավորների մաս լինելուց: Երրորդ շերտը պահպանում է մայրենի լեզուն իր ընտանիքի և բարեկամների շրջանակներում և կարիք չի զգում լրացուցիչ ուսուցման,- ասաց Մաշտոցը` հրելով Կորյունին, որ նա արձաններին հաղորդի իր ամբողջական խոսքը:
Կորյունի խոսքից հետո արձաններն անհանգիստ մռռացնում էին մինչ գիշեր: Երբ խաղաղ ամառային գիշերակեսին բամբուկն արագ աճից ճռճռաց, արձանները զարթնեցին: Մաշտոցը ոտքի ելավ: Կորյունն արագ գնաց նրա ետևից: Մայրենի լեզվի նվիրյալ բոլոր ուսուցիչ արձանները պոկվեցին իրենց տեղից: Թռչունները, տեսնելով վիթխարի արձանների շարքը, սարսափից հեռացան ամպերի մեջ: Օձն արագ սուզվեց հողի մեջ, ինչպես իշխան ձուկն է հեշտությամբ սուզվում Սևանա լճի ջրերի մեջ: Կապույտ սարերի լղոզված պատկերում նշմարվեց երկնի տակ առաջին կամուրջը: Կակղամորթներն արձակեցին գոլորշին, որոնք աստիճաններ դառնալով՝ ուղենշեցին դեպի երկինք կամուրջը: Արձանները Մաշտոցի ու Կորյունի ետևից բարձրացան աստիճաններով` գնալով դեպի երկնքի կամուրջ, որով կարճ տրանզիտով մտան Ռուսաստան: Արձանները հայտնվեցին Լենա գետի մոտ, որտեղ ժողով արեցին ու որոշեցին բաժանվել ութ մասի և տարբեր քաղաքներում հետապնդել ու ահաբեկել հայերեն չիմացող և իրենց լեզուն ու մշակույթն ուրացողներին: Որոշմանը բոլորը միաձայն կողմ արտահայտվելով՝ սկսեցին իրենց ճանապարհորդությունը Ռուսաստանում:
Նրանք ամեն օր քաղաքից քաղաք անցնելով` ահաբեկում էին հիշյալ ռուսահայերին: Նրանցից յուրաքանչյուրն ընտրել էր մեկական նախադասություն, որով շփոթության մեջ էր գցում և ահաբեկում ուրացող հայերին:
Գրիգոր Տաթևացին, իր կողմից հետապնդվող հայերին մշուշանման արձանի տեսքով երևալով, ասում էր.
– Միայն հավերժ են Աստծու ստեղծած տարրերը` կրակը, օդը, ջուրը և հողը, և ես երբեք չեմ հրաժարվի իմ մազե հագուստից և պարեգոտուց:
Տաթևացին իր ահարկու տեսքով լեղապատառ էր անում իրեն հանդիպած հայերին: Թորոս Ռոսլինն իր նկարների զարդապատկերային բարդ հյուսվածքների մեջ էր մտցնում հայերին և երկար տանջում:
Անանիա Շիրակացին իր խորհուն, լուռ հայացքով բռնում էր հայերին` նրանց տեղադրելով խիտ և աղոտ աստղերի կուտակման տեղում, ասելով.
– Լուսինը սեփական լույսը չունի, այն ստանում է արևից:
Մովսես Խորենացին բռնում էր նրանց երկու ձեռքով, բարձրացնում վերև ու դղրդահոս ձայնով անընդհատ կրկնում հետևյալը.
– Նույնիսկ չհասցրի տեսնել նրանց աչքերի փակվելը, լսել նրանց վերջին խոսքն ու օրհնությունը:
Մխիթար Գոշը ծիծաղելով վազում էր նրանց ետևից, ասելով.
– Երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, բոլորդ կարող եք հանգիստ քնել, բացի ձեզանից, ես ձեզ կդատապարտեմ և կծաղրեմ: Փախեք, ինչքան կարող եք՝ արագ:
Ֆրիկն իր դժբախտ, վախեցած տեսքով հետապնդում էր, ասելով.
– Ես պարզ կխոսեմ իմ ընտանիքի մասին, որ բոլորդ հասկանաք:
Մաշտոցն ու Կորյունը հայերին բռնելով` երկար ստիպում էին նայել հայկական տառերին:
Այս համընդհանուր սարսափը շարունակվեց յոթ ամիս: Արձանները միայն երևում էին հայոց լեզուն ու գիրը չիմացող հայերին, մնացածի համար մնում էին անտեսանելի ու անհաղորդ: Հայաստանի հայերի մոտ այդ ժամանակ տեսողական խաբկանք էր: Նրանց բոլորի աչքերին Մատենադարանի արձաններն իրենց տեղում էին: Ռուսաստանում այս քաոսային իրավիճակի պայմաններում բազմաթիվ հարուստ գործարարներ, հայկական հարյուրավոր հասարակական-քաղաքական կազմակերպություններ, որոնք նույնպես հետապնդվել էին արձանների կողմից, որոշում կայացրին՝ արձաններին իրենց անդորրը վերադարձնելու և մշտական վախից փրկվելու համար Ռուսաստանի բոլոր շրջաններում բացել հազարավոր հայկական դպրոցներ և հայոց լեզվի խմբակներ: Այսուհետ այն հայը, ով հայերեն խոսել և գրել չգիտի, հայկական համայնքի կողմից ետ է ուղարկվելու Հայաստան:
Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը և հայոց լեզվի նվիրյալ մյուս արձանները, տեսնելով, որ արդեն երևում է Հոգևոր Հայրենիքի տեսլականը և վառ կերպարը, հանգստացած վերադարձան Երևան` նորից կանգնելով իրենց տեղերում ` Մատենադարանի դիմաց:
Այսուհետ Մատենադարանի դիմացի արձանների վրա բուրմունքի բլրակներ կային` գույնզգույն ամպերով երիզված: Մատենադարանի մոտ երբ արևը դուրս էր գալիս, նրա ճառագայթների լույսը հանգավորում էր բնության գույները և վերադարձնում կանաչ տերևների բողբոջների տակ ննջող մեղմ զեփյուռի մեղեդու արձագանքները:
Ռուսաստանից հայ զբոսաշրջիկների թիվը տասնապատկվել էր: Շատերը նույնիսկ մշտական բնակություն էին հաստատում Հայաստանում: Արաքս գետը սահմանակից էր դարձել ապաստանանման բլուրների, որոնց փոփոխական ուրվագծերը գերազանց միջանցք էին ստեղծում սարերում թաքնվող հայելու տեսիլքների համար: Հայաստան ժամանած շատ ռուսահայեր պատմում էին, որ իրենք գիշերները զբոսնում են արձանների հետ Տիեզերքում: Նաև նրանք այնտեղ տեսնում են հետևյալ պատկերը. բազմաթիվ ծղոտե դարպասներ, որոնք առաջին անգամ են բացվում իրենց և արձանների համար: Ծղոտե տնակում արևի ճառագայթներն անդրադառնում ու բեկվում են տարբեր խտությամբ մթնոլորտային շերտերի հետ և հեռավոր տեսարանների հերթափոխվող պատկերներ են ստեղծում Տիեզերքի մութ դատարկության մեջ: Ասում են, որ այդ տեսարաններն իրար հետ մրցում են Երկիր վերադառնալու համար` վերածվելով բազմաձև տաղավարների ու ամրոցների: