ՀԱՅ ԳԱՎՐՈՇԸ ԿԱՄ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԵԿՕՐՅԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Դրվագ

Բնապատկերը մի անգամից փոխվեց՝ մոտիկ, մեղմ ու մտերմիկ Միջերկրականը ծփծփում, առափնյա ծառուղիներում արևագույն նարինջներ էին ծիկրակում:

Հատկապես Արարայի հաղթանակից հետո հրամանատար Ռոմիոն գոտեպնդում էր հայ հայդուկներին.

– Ուժ տուր ոտքերիդ, լեգեոնակա՛ն, իմացի՛ր՝ ամեն յոթանասունհինգ սանտիմետրը, որ անցնում ես, մի քայլով քեզ մոտեցնում է քո սիրելի հայրենիքին…

Տիկին Վիկտորյա Արշարունին մեծահարուստ այրի չէր, բայց արհավիրքից հետո Կահիրեում ամուսնուց մնացած ապարանքը, գոհարեղենը վաճառել, տեղափոխվել էր Պորտ Սաիդ, «Ապավեն» որբախնամն էր հիմնել: Խարբերդից ժամանած սաների նոր խմբին նա նույնպիսի գորովով ընդունեց, կերակրելուց հետո խնդրեց նախասենյակում հավաքվել, արձանագրվելու համար հերթով առանձնասենյակը մտնել: Նա յուրաքանչյուր ներս մտնողի արտաքինը մատյանում նկարագրում, ապա հարցնում էր.

– Մկրտության անունդ ի՞նչ է, զավա՛կս:

Խարբերդից Եգիպտոս՝ Պորտ Սաիդ հասած բոլոր մանուկները տեսել էին ծնողների խողխողումը, շեների կողոպուտն ու հրկիզումը: Ավելի նողկալի պղծություններ էլ էին տեսել և եթե անգամ չէին էլ հասկացել, ոխով էին համակվել:

Աղջիկներն իրենց սովորական՝ կնունքի անուններն էին ասում, բայց տղաները տարբեր նախասիրություններ էին ի հայտ բերում: Մի մասն ուզում էր, որ իր անունը Քաջն Վարդան լինի, մյուս մասը՝ Քաջն Անդրանիկ:

Արիսի հերթը հասավ: Նա էլ բնավ չերկմտեց.

– Անունս Քաջն Վարդան է, մայրի՛կ:

Տիրուհու հոնքերը ակնոցի ետևից բարձրացան, տղան զգաց, որ վրդովվեց: Անմիջապես ուղղեց ինքն իրեն.

– Ներողություն, սխալվեցի՝ Քաջն Անդրանիկ է:

Տիկին Վիկտորյան գրիչը ցած դրեց.

– Հասկացի՛ր, մա՛նչս, մի համեստ որբախնամում չի կարող այդքան Անդրանիկ ու Վարդան լինել, քո անունն էլ Նժդեհ եմ արձանագրում, նա էլ է քաջ զորավար, նա էլ է թուրք թշնամիներին ջախջախել:

Նժդեհի մասին Արիսը չէր լսել, բայց ամաչեց հրաժարվել:

Շատ չանցած էլ իմացավ, որ Արևելյան ու Արևմտյան Հայաստանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամավորականներ են Պորտ Սաիդ եկել, որպեսզի միանան ֆրանսիական լեգեոնին, Կիլիկիան ազատագրեն: Նժդեհը Կիլիկիայի տեղը չգիտեր, բայց հիշում էր իրենց ուսուցչապետին՝ պարոն Պարգև Պարթևյանին, ով քսանը չբոլորած՝ Միացյալ Նահանգներ էր մեկնել, ուսանել էր Եյլի, Հարվարդի համալսարաններում, ավարտելուց հետո վերադարձել էր Խարբերդ, «Եփրատ» քոլեջում տարրաբանություն, իմաստասիրություն, ընկերաբանություն էր դասավանդել: Շատ շուտով խարբերդցիները նրա բուն անուն-ազգանունը մոռացել, «Խարբերդի Սոկրատ» էին կոչել: Նա՝ «Խարբերդի Սոկրատը», պատմության դասապահերին ոգևորված պատմում էր Միջերկրականի հայկական թագավորության, «Լևոն առյուծանուն արքայի» մասին, ով անխորտակ բերդեր, անկործան պարիսպներ էր կառուցել, խաչակիրների հետ մահմեդական ելուզակներից փրկել էր Քրիստոսի մասունքները: «Խարբերդի Սոկրատը» ուղղակի բառերով չէր ասում, բայց հասկացնում էր, որը օրը պիտի գա, պատմական արդարությունը վերականգնվի, Կիլիկիայում նորից Լևոն արքայի հաղթական դրոշը ծածանվի:

Նժդեհի կարծիքով այդ օրը եկել էր:

Նա փախավ որբախնամից, շարահրապարակում վերջին պահին փարվեց եռյակ զինակցության բանակի գերագույն զորահրամանատար Էդմոնդ Ալենբիին, հեկեկաց: Զորահրամանատարը զարմացավ.

– Ինչո՞ւ ես լալիս, բալի՛կս:

– Ես էլ եմ ուզում ազատագրել Կիլիկիան:

Ալենբիի աչքերը ժպտացին.

– Հայրիկդ-մայրիկդ գիտե՞ն, որ ուզում ես Կիլիկիան ազատագրել:

Նժդեհն ավելի բարձր հեկեկաց.

– Ես հայրիկ-մայրիկ չունեմ, միայնակ որբ եմ:

Զորահրամանատարը գթաշարժվեց.

– Դե որ միայնակ որբ ես ու ուզում ես Կիլիկիան ազատագրել, գնա նստիր իմ զրահապատը, բայց տեղիցդ չշարժվես:

Ալենբիի վարորդը, որ միաժամանակ համհարզն էր ու հանձնակատարը, տեղավորվեց ղեկի մոտ, մի պահ շրջվեց, ետևի նստիքին երեխա տեսնելով, զարմացավ.

– Ի՛մ հրամանատար, սա ո՞վ է:

– Հայ Գավրոշն է,- ասաց Ալենբին:

– Ո՞ւր է գալիս մեզ հետ:

– Գալիս է Կիլիկիան ազատագրելու…

– Կռվեցե՛ք, տղե՛րք, կռվեցե՜ք քա՛ջ, քա՛ջ…,- երթաշարում երգում էր մուսալեռցի հայդուկ Խաչեր Դումանյանը:

– Ձա՜յն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,- արձագանքում էր մուսալեռցի մի ուրիշ հայդուկ՝ Պետրոս Դմլաքյանը:

Նժդեհը ոգևորվեց, հակվեց առաջ.

– Պարո՛ն, ինձ զենք չե՞ք տալիս:

Ալենբին շրջվեց: Հոնքերը խտացել էին: Ձայնը խստացավ.

– Հա՛յ Գավրոշ, դու զինվորական տարբերանշանների մասին գաղափար ունե՞ս, երիզները հաշվել կարողանո՞ւմ ես: Ես քեզ համար ոչ թե պարոն եմ, այլ բարձրաստիճան սպա, իսկ դու նորընծա լեգեոնական ես: Այնպես որ, սրանից հետո ոչ թե պիտի ցանկություններ հայտնես, այլ իմ հրամանները կատարես, այսինքն՝ տեղիցդ չշարժվես:

Ադանայի մատույցներում երթադադար տրվեց: Նժդեհին շատ խիստ հրամայելով տեղից չշարժվել՝ Ալենբին իջավ զրահապատից, որպեսզի քաղաք մտնելուց առաջ զորքը վերաբաշխի, պարտականությունները հստակեցնի:

Նա դեռ չէր վերադարձել զրահապատ, լեգեոնական Գասպար Մենակը բացեց ետևի դուռը, Նժդեհի ձեռքից քաշեց..

– Շո՛ւտ, իջիր:

Գասպար Մենակը Բոստոնից էր Կիլիկիան ազատագրելու եկել, թե ինչու էր տոհմական ազգանունը փոխել, ինքն իրեն Մենակ վերանվանել, ոչ ոքի չէր ասել: Արարայի ճակատամարտից հետո, դեռևս Ադանա չհասած, նա ծանոթացավ գնդի որդու՝ հայ Գավրոշի հետ ու իմանալով, որ մարտական անունը Նժդեհ է, գրկեց, համբուրեց, չհանգստացավ, մինչև «Արազի ափին» երգը չսովորեցրեց: Սովորեցրել, հետը երգում էր՝

– Հուռա՜, հուռա՛-հուռա՜-հուռա՜ ,

Քաջ Նժդեհի սուրը շողշողա։

– Շո՛ւտ, իջիր,- կրկնեց Գասպար Մենակը:

– Ինչի՞,- ահաբեկվեց տղան,- սըր Ալենբին հրամայել է տեղիցս չշարժվել:

– Կիլիկիան Ալենբիի հայրենիքը չէ, հայերինն է:

Արարայի հաղթանակը ապահովել էր նաև Ադանայի հաղթանակը, թուրք հրամանատարները դարձյալ ջախջախիչ պարտություն չկրելու համար, զորքը հետ էին քաշել, շրջակա լեռնանտառներում տեղակայել, որպեսզի պարտիզանական գրոհներով շարունակեն պատերազմը…

Լուսանկարը պահպանել է պատմական այդ պահը: Հայ լեգեոնականները Կիլիկիայի մայրաքաղաք են մտնում «Բամբ որոտան» հաղթերգի ներքո: Քայլերթը գլխավորում է հայդուկապետ Եսայի Յաղուբյանը, նրան հետևում են Մուսա լեռան մյուս հայդուկները՝ Հակոբ Իսկանդարյանը, Մովսես Տեր-Գալստյանը, Խաչեր Դումանյանը, Պետրոս Դմլաքյանը: Նրանք բարձր-բարձր ծածանում են հայոց եռագույնն ու Լևոն արքայի առյուծապատկեր դրոշը: Դրոշներից հետո չորս կամավորականներ ուսամբարձ տանում են ռազմաբուժական պատգարակը, որով վիրավորներ են մարտադաշտից հանում: Պատգարակի վրա հայ Գավրոշը կանգնած, գլխից վեր պահել է «Կեցցե՜ հայկական Կիլիկիան» հայերեն, ֆրանսերեն ու անգլերեն պաստառը, որ Գասպար Մենակն է գրել, գեղանկարել:

Լուսանկարի նկարագրությունն այսքանով ավարտվում է…

Միջերկրական Հայաստանը, թեկուզ ֆրանսիական համազգեստով, յոթ հարյուր տարի հայ զինվոր չէր տեսել։ Ադանացիները ծունկ էին չոքում, աղոթում, ցնծում էին ու հեկեկում.

– Բարով եկաք, ձեր հոգուն մատաղ։

– Ուշ եկաք, բայց հաղթանակով եկաք։

Ճերմակազգեստ աղջիկները՝ Աբգարյան վարժարանի սանուհիները, ազատարարների խիտ շարքերը ճեղքում, լեռնային ծաղիկներ էին սփռում զինվորական կոշտ կոշիկների տակ, ուսերին ծաղկեշղթաներ էին անցկացնում:

Ամբողջ հրապարակը միաձայն ու միախումբ երգում էր՝ «Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիան»:

Զինվորական շքերթ-հաղթերթը վաղուց ավարտվել էր, բայց ժողովրդական տոնախմբությունը շարունակվում էր: Խառնաժխոր աղաղակներով, իրենց ազգային նվագարաններով Ադանայի մայր հրապարակն էին հորդում, հայերին միանում հույները, ասորիները, սիրիացիները, քաղկեդոնացիները, անգամ ոչ մոլեռանդ թուրքերը:

Նրանք խումբ-խումբ հավաքվել, հայացքները նահանգապետարանի պատուհաններից չէին հեռացնում: Այնտեղ, փակ վարագույրների ետևում, հանրահայտ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, մանկավարժ Միհրան Տամատյանի նախագահությամբ նոր կառավարությունն էր ձևավորվում: Գնդապետ Բրեմոնը, ում ֆրանսիական իշխանությունները տարածաշրջանի ընդհանուր կառավարիչ էին նշանակել, իր առաջին իսկ հրապարակային ելույթում հայտարարել էր.

– Հայե՛ր, այս երկիրը պատկանում է ձեզ: Ես կպաշտոնավարեմ այնքան, մինչև դուք ինքներդ կարողանաք տնօրինել ձեր ազգային ինքնիշխան պետականությունը: Որից հետո բարեկամաբար հրաժեշտ կտամ, տուն կվերադառնամ…

Ի վերջո միաձայն նախարարապետ ընտրված Տամատյանը նահանգապետարանի պատշգամբը ելավ, որպեսզի ծովածավալ բազմությանը ներկայացնի Կիլիկիայի հայկական պետության կառավարության անվանացանկը: Նոր կառավարության կազմում ընդգրկված էին Կիլիկիայում բնակվող բոլոր ազգերի ու անգամ ազգությունների ներկայացուցիչները, յուրաքանչյուր անուն-ազգանուն, որ հնչում էր, հրապարակը գոհունակության վանկարկություններով, որոտընդոստ ծափահարություններով էր ողջունում: Տամատյանն ի՞նչ իմանար, որ մինչ ինքը Օսմանյան կայսրության հեռավոր ծայրամասում Կիլիկիան Հայկական պետություն է հռչակում, մայրաքաղաքում՝ Ստամբուլում, Ֆրանսիայի ու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի բանակցում ու արդեն Կիլիկիան Թուրքիային զիջելու համաձայնագիր են ստորագրում…

Գնդապետ Բրեմոնը փակվել էր աշխատասենյակում, բայց հանձնակատարները պարբերաբար ներկայանում, հաղորդում էին, թե ինչ է կատարվում Ադանայի մայր հրապարակում:

Հերթական հանձնակատարը հևիհև հայտնվեց, զեկուցեց.

– Ամեն ինչ վերջացավ, ի՛մ հրամանատար:

– Ի՞նչը վերջացավ:

– Հայերը Կիլիկիան ազգային անկախ պետություն հռչակեցին, կառավարություն ընտրեցին, անդամները նահանգապետարանում իրենց տեղերն զբաղեցրին:

Բրեմոնը կարմրատակեց:

– Ո՜նց թե, ո՞վ է թույլ տվել…

Հանձնակատարը չպատասխանեց:

– Ո՞վ է թույլ տվել,- ցասումով կրկնեց Բրեմոնն ու անձնական պահազորին հրամայեց իսկույն նահանգապետարան գնալ, ցրել նորընտիր կառավարությունը:

– Հայերին տե՛ս, ինչե՜ր են մտքներով անցկացնում:

Շատ չանցավ, պահազորը վերադարձավ:

– Չենթարկվեցին, ի՛մ հրամանատար,- զեկուցեց ավագը,- նախարարապետը հայտարարում է, որ իրենց ժողովուրդն է ընտրել, միայն ժողովուրդը կարող է պաշտոնանկ անել:

Բրեմոնն այլագունեց.

– Իմ ետևից, մերկացրե՛ք սվինները:

Նա պահազորի առաջն ընկած մտավ նահանգապետարան, զինվորականի բռի կոպտությամբ Տամատյանի թևից քաշելով, հանեց աշխատասենյակից, աստիճաններից ցած հրեց: Այդ պահին հիշե՞ց Կիլիկիայի ընդհանուր կառավարիչ նշանակվելու օրվա իր առաջին իսկ հրապարակային ելույթն ու խոստումը. «Հայե՛ր, այս երկիրը պատկանում է ձեզ: Ես կպաշտոնավարեմ այնքան, մինչև դուք ինքներդ կարողանաք տնօրինել ձեր ազգային ինքնիշխան պետականությունը: Որից հետո բարեկամաբար հրաժեշտ կտամ, տուն կվերադառնամ»…

Մյուս նախարարներին խզակոթերով քշեցին պահազորի զինվորները…

Գասպար Մենակը, երբ ֆրանսիական վերջին կառաշարը դանդաղ ոլորումներով, ծխով քողարկվելով Ադանայից հեռացավ, անէացավ մշուշում, մի ձեռքը հայ Գավրոշի ուսին դրեց, մյուսը բռունցք արեց, հորիզոնին ուղղղեց.

– Հե՜յ Ֆրանսիա, էդ ո՞ւմ հողը ում ես տալիս…

Հայ Գավրոշը լռեց, լարեց լսողությունը:

Ֆրանսիան չարձագանքեց:

Աշխարհն էլ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.