Ամբարտակ, որ փակելու է ուծացման ճանապարհը

Հոկտեմբերի 8-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ամերիկահայ գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի ծննդյան 60-ամյակին նվիրված երեկո և նրա «Սփյուռքահայ պատմվածք» և «Միջազգային պատմություն» գրքերի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գնահատելով Հ. Նալբանդյանի երկարամյա գործունեությունը Սփյուռքի տարբեր համայնքներում՝ որպես մանկավարժ, գրող-հրապարակագիր, մատենագետ, հրատարակիչ, թարգմանիչ, նշեց, որ տարբեր ժանրերի նրա ինքնուրույն գրական գործերի, անգլերենից և արաբերենից կատարած փոխադարձ թարգմանությունների և այլ աշխատանքների ավելի քան չորս տասնյակի հասնող հատորներն իրենց ծանրակշիռ ներդրումն ունեն Սփյուռքում հայապահպանության, սերունդների հայեցի կրթության ու դաստիարակության, հայոց լեզվի անաղարտության պահպանման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում: «Հովսեփի նման մարդիկ իրենց գործով, իրենց ստեղծածով հսկայական ամբարտակ են, որ փակելու են ուծացման ճանապարհը»,- վստահեցրեց նա:
Գրականագետ Սամվել Մուրադյանը, տեղեկացնելով, որ Հ. Նալբանդյանին ճանաչում է դեռևս ուսանողական տարիներից, նշեց, որ նա երբեք անմասն չի եղել Հայաստանի քաղաքական իրադարձություններին՝ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից լինելով Օպերայի բակում առաջին նստացույցի նախաձեռնողներից: Անդրադառնալով Հ. Նալբանդյանի հրապարակախոսական գործունեությանը՝ Ս. Մուրադյանը նկատեց, որ իր հեռուստաելույթներով նա այսօրվա Սփյուռքի և հայապահպանության, ուծացման, հայ դպրոցների փակման, աստիճանաբար հայոց լեզվի սահմանների նեղացման պայմաններում ահազանգի զգաստացնող կոչ է անում բոլորիս՝ թե՛ ի Հայաստան, թե՛ ի սփյուռս աշխարհի: «Նա իր գործունեությամբ նպաստում է հայ գրքի բազմացմանը, որ նշանակում է հայ գեղարվեստական մտքի ազգապահպան գաղափարների տարածում, հայության հնարավորությունների ընդլայնում: Մեր ժողովրդի հավերժության ճանապարհի մշտական ուղեկիցներից և ուղեցույցներից մեկն է Հովսեփ Նալբանդյանը»,- ամփոփեց բանախոսը:
Գրականագետ Արմեն Ավանեսյանի հավաստմամբ՝ Հ. Նալբանդյանի ներդրումը մեծ և նրա վաստակը անուրանալի է, որովհետև ոչ միայն իր նվիրումով ու փաստահավաք գործունեությամբ ստեղծել է «Միջազգային պատմություն» գիրքը, այլև շատ հետաքրքիր կերպով տվել է հայի դիրքորոշումը: «Մեզ անընդհատ խորհելու տեղիք է տալիս, մղում մեր ազգային ինքնագիտակցությունը քննելու, ինքներս մեզ ճանաչելու»,- ընդգծեց նա:
Ելույթ ունեցան նաև մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը, «Հայկական հանրագիտարանի» տնօրեն Հովհաննես Այվազյանը, բանաստեղծներ Անահիտ Դանիելյանը, Ժաննա Աբրահամյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և ուրիշներ:
Երաժշտական կատարումներով հանդես եկան երգչուհի Անահիտ Սահակյանը, Արսեն Համբարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը: Շնորհակալական խոսք ասաց Հովսեփ Նալբանդյանը: Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։