Թեև սովորություն չունեմ անպայման պատասխանելու բոլոր ընդդիմախոսներիս, բայց «Գրական թերթի» 2017 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 43-ում կարդալով Նարեկասեր (այդպես է ինքն իրեն կոչել) Աշոտ Պետրոսյանի «Անդրադարձ» հոդվածը՝ որոշեցի արձագանքել, որովհետև հեղինակը դիմել է առերևույթ պարզունակ, բայց խորքում շա՜տ վտանգավոր քայլի՝ ներկայանալ անմեղ զոհի կարգավիճակում, իսկ հակառակորդին մեղադրել աչառության մեջ:
Ես, իհարկե, նրա բոլոր սխալներին ու անճիշտ դատողություններին չեմ անդրադառնա, որովհետև ինչո՞ւ ընկնել մանրուքների ետևից, եթե կան աղաղակող սխալներ ու ակնհայտ կեղծիքներ: Ահա դրանցից մի քանիսը.
1. «Հիմնավորելու» համար, որ Նարեկացու Մատյանի Կ. Պոլսի 1774 թ. հրատարակության հիմքում իբր ընկած են եղել հեղինակի ինքնագիր, այսպես կոչված «անձեռամերձ»* ձեռագրերը, վկայակոչում է հանգուցյալ Պ. Մուրադյանին: Նարեկասերին խորհուրդ եմ տալիս վերջինիս ճիշտ հասկանալու համար ավելի ուշադիր կարդալ նույն աշխատության էջ 262-ում ասված հետևյալ միտքը. «Արդէն Ներսէս Լամբրոնացու պատուէրով 1173 թվականից ոչ ուշ գրուած, գրչի ու ստացողի սրբագրութիւններն բովանդակող գրչագրի առկայութիւնը (ՄՄ ձեռ. 1568) հրատարակիչներին ու աշխատասիրողներին ազատում է հետագա ընդօրինակութիւնների մէջ թարթափելու բազում հոգսերից: Բնական էր յուսալ, որ Երեւանեան (1985 թ.) հրատարակութեան հիմքում այն պետք է դրուէր, ինչպէս եւ կատարուած է»:
2. Մատյանի գրաբար բնագրի մասին իմ ասածները չքմեղաբար վերագրում է իր փոխադրությանը, բայց զգալով, որ այդ ձևով լուրջ տպավորություն չի գործում, մեջտեղ է բերում «Գրական թերթի» 2003 թ. հունիսի 6-ի թիվ 19-ում Պ. Խաչատրյանի տպագրած հոդվածը՝ մոռանալով «Բումերանգ» վերնագրով իմ պատասխանը: Կարծելով, որ շա՜տ տպավորիչ քայլ է կատարել, թվացյալ հաղթանակ տարածի կեցվածքով շարունակում է. «Ես այս «հին դարմանը» քամուն չէի տա, եթե պարոն պրոֆեսորը լուսահիշատակ Պողոս Խաչատրյանին մտցրած չլիներ իր թիկնազորի մեջ… ինչո՞ւ փոխել սկզբունքները և կեղծել վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով հիմնավոր կերպով հերքել է նաև հիմա լայնորեն շրջանառվող, խորհրդային ժամանակներին ստեղծված և պրոֆ. Գևորգ Խրլոպյանի մշակած մեկ այլ հայեցակետ, թե իբր Գրիգոր Նարեկացին նորպլատոնական փիլիսոփայության ներկայացուցիչ է (տե՛ս Պողոս Խաչատրյանի «Պատ՝ ավազի վրա», «Գրական թերթ», 25 նոյեմբերի 2005 թ. հոդվածը)» (այս և հետագա ընդգծ. իմն են – Հ. Մ.):
Հարգելի՛ ընթերցող, պարզվում է, որ եթե ես ասել եմ, որ «բնագրագիտական ոլորտում քիչ թե շատ գիտելիքներ ունեցող և ընթերցողին հարգող ցանկացած մասնագետ Մատյանի նոր հրատարակություն իրականացնելիս իրավունք չունի անտեսելու կամ շրջանցելու» 1985 թ. տպագրված քննական բնագիրը, ապա դրանով իսկ, ըստ Նարեկասերի տրամաբանության, ես Պ. Խաչատրյանին մտցրել եմ իմ չունեցած թիկնազորի մեջ: Ինչ վերաբերում է նրա հիշատակած «Պատ՝ ավազի վրա» հոդվածին, ապա վերջինիս հեղինակը ոչ թե Պ. Խաչատրյանն է, այլ բան. գիտ. դոկտոր, պրոֆ. Զավեն Ավետիսյանը, ով այն գրել է ի պատասխան «ԳԹ»-ի նոյեմբերի 4-ի և 11-ի համարներում իր գրքույկի մասին, ցավոք, այժմ արդեն վաղամեռիկ Հրաչյա Թամրազյանի տպագրած «Պատ՝ պատի ետևում» գրախոսության: Ուրեմն ի՞նչ գործ ունեն այստեղ 2003 թ. վախճանված Պ. Խաչատրյանը, Նարեկասերի համալսարանական դասախոս Գ. Խրլոպյանը (նույնպես հանգուցյալ) և Հ. Միրզոյանը:
3. Նարեկասերը, վերհիշելով թեմայի հետ ոչ մի կապ չունեցող իր երևակայած դոկտորական ատենախոսության պատմությունը, վարպետորեն շրջանցել է իմ ամենակարևոր դիտողությունն առ այն, որ Մատյանի 1774 թ. հրատարակության համար հիմք հանդիսացած գրչագրերից ոչ մեկը չի կարող Նարեկացունը լինել, որովհետև, ասել էի ես, «գրաբար բնագրում օ տառը գերազանցապես գրված է աւ, բայց ընդամենը մի քանի անգամ (օրինակ, էջ 4, 14, 22, 24, 78, 86, 270, 300 և 480)՝ նաև օ, և նման բնագիրը համարվում է հեղինակային ինքնագիր: Չէ՞ որ հայերենագիտության մեջ ընդունված գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ այս տառաձևը «հայոց այբուբեն է մուծվել XII դարի վերջին XIII դարի սկզբին Արիստակես Հռետորի կողմից» (ՀՍՀ, հ. 12, էջ 507): Այստեղից հետևում է, որ այդ ինքնագիր հորջորջվածները կարող են ընդօրինակված լինել ամենաշուտը 12-րդ դարավերջին կամ 13-րդ դարասկզբին, երբ նոր միայն սկսում էր գործածվել օ տառը»: Սա նշանակում է, որ հայերեն որևէ ձեռագրում օ գրի թեկուզ մեկ հատիկի առկայությունը խաղում է լակմուսի թղթի դեր՝ որոշելու համար տվյալ ձեռագրի երևան գալու մոտավոր ժամանակը:
4. Ինքնըստինքյան հարց է ծագում. իսկ ինչպիսի՞ն է պատկերը հենց 1774 թ. հրատարակության մեջ: Ստուգումներից պարզվեց, որ վերջինս չունի ոչ մի աւ, այլ համատարած տպված է հենց օ: Բայց Նարեկասերը, տեսնելով, որ դա հակասում է իր նպատակին, առանց վարանելու դիմել է աներևակայելի կեղծարարության՝ այդ ամենը դարձրել է աւ, անփոփոխ թողնելով միայն մի քանի օ: Պատկերացնո՞ւմ եք, Մատյանում 114 անգամ գործածված օրհնեալ բառը 113 անգամ դարձրել է աւրհնեալ՝ անփոփոխ թողնելով միայն ԾԲ գլխի զարդագիր առաջին բառը՝ Օրհնեալ: Եզրակացությունը պարզ է. օ գրի համատարած գործածության փաստից միանշանակ հետևում է, որ Նարեկասերի «անձեռամերձ» կոչած ձեռագրերը կարող են ընդօրինակված լինել ոչ թե 12-րդ դարավերջին կամ 13-րդ դարասկզբին, ինչպես ասել էի իմ հարցազրույցում, այլ անհամեմատ ավելի ուշ:
5. Տեղի սղության պատճառով հնարավորություն չունենալով անդրադառնալու Նարեկասերի հրատարակած բնագրի և փոխադրության որակին, այնուամենայնիվ հարկ եմ համարում հայտնելու, որ «հանդիպադրությամբ» ասվածն այս դեպքում պետք է հասկանալ խիստ վերապահությամբ, որովհետև տասնյակ հանդիպադիր էջերի պարունակություններն զգալիորեն տարբերվում են իրարից: Օրինակ, էջ 312-ի վերջին 6 տողի փոխադրությունը հնարավոր է կարդալ ոչ թե էջ 313-ի վերջում, այլ 315-ի սկզբում, իսկ էջ 526-ի վերջին 7 տողի փոխադրությունը իզուր չփնտրել էջ 527-ի վերջում, քանզի էջ 529-ի սկզբում է, և այլն, և այլն:
6. Այս խեղված «հանդիպադրության» փոխադրության որակի մասին մոտավոր պատկերացում կազմելու համար բերեմ գեթ մեկ օրինակ. 1774 թ. հրատարակության վերջում զետեղված ոչ մեծ նյութի՝ «Ապա բանապաճոյճ պերճամանութեամբ գրեաց զՂԵ բանս աղօթից ի խնդրոյ հայցման հարց միանձանց» միտքը Նարեկասերը փոխադրել է. «Ապա միաբան հայրերի խնդրանքով՝ բանապաճոյճ պերճամանութեամբ գրում է սոյն 95 աղօթաբանութիւնը»: Ինչպես տեսնում ենք, բնագրային «պերճամանութեամբ» բառը մեխանիկորեն կրկնել է փոխադրության մեջ և դա այն դեպքում, երբ նույն հրատարակության առաջաբանում (էջ 17) բառս գործածված է «պերճաբանութեանն» ձևով: Բայց սա դեռ ոչի՜նչ, քանզի կա ավելի զարմանալին. ըստ Նարեկասերի սույն փոխադրության, Նարեկացին գրել է ոչ թե «Մատեան ողբերգութեան» կուռ ու կառուցիկ ստեղծագործություն, ինչպես բանաստեղծն ինքն է անվանել այն, և ոչ էլ՝ «Աղօթագիրք», «Մատեան աղօթից» կամ «Նարեկ», ինչպես ուրիշներն են թյուրիմացաբար վերակոչել այն, այլ՝ «Աղօթաբանութիւն» և այն էլ՝ միանգամից 95-ը: Խնդրում եմ մտաբերել թվաբանություն, կենսաբանություն, բուսաբանություն, լեզվաբանություն, հոգեբանություն և համանման շատ այլ գիտանուններ և համեմատել…
7. Վերը ասվածի համապատկերի վրա Նարեկասերը անսքող հպարտությամբ տեղեկացնում է, «որ 2015 թվականին» իր «գիրքը հրատարակվել է նաև Թեհրանում՝ Թեհրանի Հայոց հոգևոր առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ»: Ես բնավ չեմ զարմանում, քանզի եթե Նարեկասերը կարողացել է մոլորեցնել Երուսաղեմի պատրիարքին, ապա, վստահ եմ, երկրորդին մոլորեցնելն անհամեմատ ավելի դյուրին է եղել:
8. Նարեկասերը վստահեցնում է նաև, որ իբր «երկու հոգևորականներն էլ քաջածանոթ են եղել» իր «թարգմանություններին, և նրանց կողմից այդպիսի» վերաբերմունքի արժանանալը «մեծ պատիվ է» իր համար: Բարձրաստիճան հոգևորականների քաջածանոթությանը, կարծում եմ, մասամբ ծանոթացանք, ինչ վերաբերում է Նարեկասերի հանդեպ նրանց դրսևորած վերաբերմունքին, ապա այն իսկապես մեծ, շա՜տ «մեծ պատիվ է» Նարեկասերի համար, բայց ոչ թե կատարած գործը, այլ չկատարածը, ավելի ճիշտ՝ ավերածը, հաջողությամբ նրանց հրամցնելու համար:
Վերջում՝ կցանկանայի Նարեկասերին հղել հետևյալ հարցերը.
1. Ասացե՛ք, խնդրեմ, ե՞ս եմ «թրաշողուն» ավերակել Ձեր «760 էջանոց» գիրքը, թե՞ Դուք եք այն կյանքի կոչել ավերակված ու փլատակված:
2. Նորից մնո՞ւմ եք այն կարծիքին, որ Մատյանի 1774 թ. հրատարակությունն իրականացվել է Նարեկացու ինքնագիր գրչագրերից:
3. Ի՞նչ էիք մտածում Մատյանի 1774 թ. հրատարակության օ-երը կեղծելիս: Մի՞թե չէիք կարծում, որ օրերից մեկ օր ջրի երես կելնի Ձեր ահավոր կեղծարարությունը:
________________
* Ի դեպ՝ հրատարակիչները բառս օգտագործել են «անձեռնամերձ» ձևով:
Մի քանի հարց Նարեկասեր ընդդիմախոսիս / Հրաչիկ ՄԻՐԶՈՅԱՆ
