Սիբիր: Կրասնոյարսկի մարզ: 1950 թվական: Ճամբարային պատժաժամկետից հետո քաղբանտարկյալներին արգելված էր տունդարձը: Նրանց դատապարտում էին հավերժական աքսորի և հարյուր մարդուց բաղկացած քարավանով ուղարկում տարբեր կոլտնտեսություններ: Մենք էլ՝ հարյուր կանանցից բաղկացած քարավանով, շրջապատված մեզ ուղեկցողներով, գնո՜ւմ ենք: Մոտենում ենք ինչ-որ կոլտնտեսության սահմանների, կանանց մի փոքր խումբ թողնում այնտեղ ու շարունակում մեզ անհայտ ճանապարհը: Բայց ասեմ, որ այդ անհայտի ճանապարհին մենք մեզ չէինք կորցրել. երգում ենք, անեկդոտներ ենք պատմում, ծիծաղում ենք, և ամենակարևորը, արտաքնապես վատ տեսք չունենք: Իմ բախտը բերեց. տասը հոգու, այդ թվում և ինձ, ուղարկեցին կենտրոն՝ Ձերժինսկ գյուղը: Անմոռանալի էր ղեկավարության ողջույնի խոսքը. «Այժմ դուք ազատ քաղաքացիներ եք հավերժական աքսորում: Տեղավորվեք և ապրեք: Բարով եք եկել»:
Իսկ հիմա պատմեմ տղամարդկանց քարավանի մասին: Աստված իմ, ովքեր են այս բոմժերը, թափառաշրջիկները, դժբախտները: Նրանք կորցրել են մարդկային տեսքը, էլ չեմ ասում ծիծաղի կամ աշխույժ զրույցի մասին: Նրանք ավելի քան ճնշված ու տանջահար մարդիկ են: Նրանց բերել են Կուռայ գյուղը, որը մեծ կոլտնտեսություն է: Կարճ հարցուփորձից հետո, թե ովքեր են այս դժբախտները, պարզվում է, որ նրանք քաղաքական գործիչներ են, գրողներ, բանաստեղծներ, գիտության և արվեստի գործիչներ: Կարճ ասած՝ մեր մտավորականությունը, թեև նրանց տեսքից կռահել անհնար է: Տղամարդիկ դժվարին պայմաններում շատ արագ են կորցնում սեփական Եսը: Սիբիրցի կանանց թույլատրեցին այդ տղամարդկանց իրենց օգնական վերցնել: Այդ մասին տեղեկանալով՝ նրանք սկսեցին իրենց կարգի բերել, զուգվել-զարդարվել, վառվռուն գլխաշորերը կապած, սպասումով լի՝ իրար աչքալուսանք էին տալիս. «Դե, կնանիք, գնանք տղամարդ ընտրելու»:
Բոլորին ընտրեցին-տարան, մեկից բացի: Կասկածանքով նայեցին, ուսերը թոթվեցին, իբր՝ կարո՞ղ է ջուր կրել, փայտ կտրել ու կովերին նայել: Ախր շատ տարօրինակն է: Չես հասկանա՝ ով է, որտեղից: Մի խոսքով՝ դժբախտ արարած:
Ո՞վ կհավատար, որ այդ դժբախտ արարածը ժամանակին եղել է երիտասարդ ու գեղեցիկ, շքեղ գանգուրներով, նվաճողի աչքերով, կանանց սիրելի, հայտնի գրող և հայտնի սրտակեր Գուրգեն Մահարին: Ահա թե նրան ինչի էր վերածել 17 տարիների աքսորը, սովը, ցուրտն ու կեղեքիչ աշխատանքը:
Հիմա նա հեքիաթ ու առասպել է: Եվ այդ առասպելական գրողի հավերժական աքսորում նրա արկածների մասին շատ է գրվել: Հուսով եմ, որ գրականության նվիրյալները դեռ շատ կգրեն նրա մասին, ով հայրենիք վերադարձավ քայքայված առողջությամբ, կշռում էր 45 կգ: Նա վերադարձավ հայրենի հողում մահանալու համար: