2022 անցնող տարին մտահոգվելու մեծ չափաբաժին ուներ: Թշնամին դեռ իր դրոշները ծածանում է մեր սահմաններից ներս ու պահանջում առայժմ Սյունիքը՝ դաժանորեն շրջափակելով Արցախը: Ունեցանք նոր զոհեր, ուրեմն՝ նոր կսկիծներ: Անցնող տարվա լուսավոր պահը կապվում է Խաչատուր Աբովյանի՝ մեծ լուսավորչի անունը կրող մանկավարժական մայր բուհի 100-ամյակի բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների հետ, որի ընթացքում կառավարական մակարդակով և մեծ շուքով հոբելյանը նշվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շքեղաշուք դահլիճում: 2023-ին մաղթում եմ համայն հայության համախմբումը հայրենիքի և այն իմաստավորող հայոց պետականության շենացման շուրջ: Մաղթում եմ բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք մեզ համար այնքան թանկ Հայաստանի ու Արցախի բոլոր հայրենակիցների համար: Մաղթում եմ նաև իմ հայրենակիցներին աշխատանքային եռանդ՝ յուրաքանչյուրին իր բնագավառում: Ես հավատում եմ օրհնանքին, երբ այն սրտանց է: Սակայն օրհնանքը ենթադրում է նաև օրհնվողի պատասխանատվությունը՝ իրեն ուղղված խոսքը կյանքում իրականություն դարձնելու խնդրում: Հիմա, երբ մեր երկիրը ծանր օրեր է ապրում, ես հիշում եմ 1946 թվականին Ֆրանսիայի Ազգային ակադեմիայի անդամ, XX դարի մեծագույն արևելագետ Ռընե Գրուսեի խոսքերը՝ գրված Նիկողայոս Ադոնցի «Քննական պատմություն հայոց» գրքի առաջաբանում: Ֆրանսիացի պատմաբանը, հիացած Տիգրան Մեծի գործերով, հավատացած գրում է, թե Տիգրանն իր գործունեությամբ ապահովել է հայ ժողովրդի հավերժությունը: Շատ եմ երազում, որ այս խոսքերին արժանի լինենք մենք, և պատասխանատու դառնան ապագա Հայաստանի սերունդները:
Կարդալ նաեւ․․․
Վահե ԱՐՍԵՆ
Քսանհինգ տարում ակնհայտ դարձավ մի նոր ու զարմանահրաշ-գրոտեսկային փաստ (ցավոք…
Մանվել ՄԻԿՈՅԱՆ / Առաջնայինը երկրի անվտանգությունն է
Արդեն մեկ տարի է անցել Արցախյան 44-օրյա պատերազմից: Ողջ հայությունն…
ՍՏԻ ՈՒ ԿԵՂԾԻՔԻ ՈՏՔԵՐԸ ԿԱՐՃ ԵՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Թուրքիայում հեղաշրջման փորձի առնչությամբ երկրի Էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի հայտարարությունն…
