Սամվել ԿՈՍՅԱՆ
Որքան էլ տարօրինակ թվա, Իրաքում տեղի ունեցող ահաբեկչություններն ու պայթյունները, որի հետևանքով մարդկային զոհերը հաշվվում են տասնյակներով, վաղուց դադարել են հուզական ցնցումներ առաջացնել և սոսկ սառը տեղեկատվություն են` հերթական ահաբեկչության ու նոր զոհերի մասին: Մարդկությունն այլ մարտահրավերներին ընդառաջ, ինչ-որ գործողություններից ու ժամանակահատվածից հետո կարծես կորցրել է իրաքյան իրադարձությունների վերաբերյալ հետաքրքրությունը, և այդ երկրի ու ժողովրդի հետ կատարվածն ու կատարվելիքն սկսել է ընկալվել որպես սովորական և բնականոն: Թվում է՝ Արևմուտքի համար կարևորը Իրաքին ու նաև Եգիպտոսին, Լիբիային, Աֆղանստանին և այլոց «ժողովրդավարություն» պատվաստելն էր, որից հետո արդյունքն այնքան էլ կարևոր չէ: Հերթը Սիրիայինն է: Այս երկրում հակամարտության արդյունքում զոհերի թիվն արդեն անցել է 90 հազարը: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ ամեն ամիս 250.000 սիրիացի է գրանցվում որպես փախստական, և պատերազմից բզկտված սիրիացի փախստականների թիվը մոտեցել է 1,5 միլիոնին: Փախստականների մեծ մասը՝ 470.000-ական, հարևան Հորդանանում և Լիբանանում են: 347.000-ը ապաստանել է Թուրքիայում, մնացածը՝ Իրաքում և Եգիպտոսում: Սիրիացի փախստականներ կան Հայաստանում: Ելնելով Սիրիայի նկատմամբ Արևմուտքի կողմնորոշումից՝ այս թվերը կարող են նաև կրկնապատկվել: Քաղաքական երկխոսությունների հովանավոր և ջատագով Արևմուտքը, չգիտես ինչու, համառորեն փորձում է շրջանցել Սիրիայի հակամարտող կողմերին բանակցության սեղանի շուրջ հավաքելու տարբերակը: Այն տպավորությունն է, թե Արևմուտքին հետաքրքրողը ոչ թե այս կամ այն երկրի ու ժողովրդի, այլ դրանց լիդերների ճակատագիրն է: Չկա Հուսեյնը, նշանակում է՝ փակված է իրաքյան հարցը, չկա Քադաֆին` քանդվում է լիբիական հանգույցը, չկա Մուբարաքը` վերանում է եգիպտոսյան խնդիրը… Հերթը Սիրիայինն է: Չի լինի Բաշար Ասադը, Արևմուտքի քաղաքականության դավթարում կջնջվի սիրական հակամարտություն կոչվածը: Եվ կարևոր չէ՝ դրանից հետո ովքեր կլինեն այդ երկրի ժողովրդավարության դրոշակակիրները: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «լավ զինված» ահաբեկիչներ, որոնց աջակցում են օտարերկրյա իսլամիստական խմբավորումներ (Թուրքիայից, Արաբական ծոցի երկրներից և այլն): Պատահական չէ, որ Սիրիայի ապագա «ժողովրդավարները» առևանգում են մարդկանց, գնդակահարում են առանց դատ ու դատաստանի, քանդում-ավերում են՝ չխնայելով ոչինչ, խոչընդոտում են անգամ մարդասիրական առաքելությունները: Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում դիմակավորված երիտասարդը գնդակահարում է ծնկի իջած, կապկպված ձեռքերով 11 տղամարդու: Դահիճը «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորման (առնչություն ունի «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ) անդամ է, զոհերը՝ սիրիական բանակի զինվորներ: Սիրիայում նկարահանված և օրեր առաջ համացանցում հայտնված մի տեսանյութում էլ «Օմար ալ Ֆարուկի ջոկատներ» խմբավորման հրամանատարներից մեկը հանում է սիրիական բանակի վիրավոր զինվորի սիրտը, «Երդվում եմ Ալլահի անունով, որ մենք կհանենք Բաշար ալ Ասադի բոլոր կողմնակիցների սրտերը և կուտենք»,- ասելով՝ տեսախցիկի առջև ուտում է այն: Դժվար է կարծել, որ Արևմուտքն անտեղյակ է՝ ովքեր են իր կողմից միակողմանիորեն հովանավորվող, ֆինանսավորվող և զինվող «ժողովրդավարները», սակայն եթե հիմնական թիրախը` Բաշար Ասադը, իշխանության ղեկին է, սիրիական հարցում քաղաքական նոր կողմնորոշումներ չեն արձանագրվի: Քանի դեռ Ասադը ոչնչացված չէ, սիրիական ժողովրդի տառապանքներն ու տանջանքները կշարունակվեն շահարկվել և մնալ առաջնային քաղաքական օրակարգում, իսկ այդ օրակարգը սպասարկող լրատվությունը կնմանվի միակողմանի երթևեկության, փորձելով համոզել, որ Սիրիայում սպանում և քանդում են միայն կառավարական ուժերը, իսկ ապստամբներն զբաղված են ազատություն և ժողովրդավարություն հաստատելով: Կանխատեսելի է, որ Արևմուտքի երկրների երկարատև և համաբոլոր ճնշման ներքո վաղ թե ուշ Ասադն էլ գահընկեց կլինի, և, սակայն, դժվար է պատկերացնել, որ դրանից հետո առավոտները Սիրիայում խաղաղ կլինեն: Ահաբեկչական և իսլամիստական տարբեր խմբավորումներն ու ջոկատները այստեղ դեռ երկար պիտի վիճարկեն, թե իրենցից ով է ավելի «ժողովրդավար» և ում պիտի վստահել երկրի կառավարումը: Ելնելով այդ խմբերի ու ջոկատների մարտավարությունից՝ Սիրիայում դեռ երկար չեն լռի կրակոցները: Եվ ցավալի է, որ ժամանակ անց նոր ահաբեկչությունների ու զոհերի մասին տեղեկատվությունը ևս պիտի հերթական ու սովորական թվա…