Արցախյան պատերազմից հետո մեր երկիրը հայտնվել է շատ անկայուն քաղաքական իրավիճակում:
Պատերազմը, որը մարդկային ու տարածքային լուրջ կորուստների առիթ է հանդիսացել, մարդկանց որոշակի խմբի մոտ կառավարության հանդեպ տրամաբանական անվստահություն է ստեղծել: Բայց կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների ու իշխանափոխության հարցը ոչ այնքան մարդկանց այդ խմբի հրամայականն է, որքան ընդդիմադիր անհատների ու կուսակցությունների, որոնք հարմար առիթ են ստացել՝ կրկին իշխանության վերադառնալու:
Մեծ հաշվով, ես ինքս կայունության կողմնակից եմ և հաճախակի իշխանափոխություններն ու հեղափոխությունները բացասական եմ գնահատում, ավելի շատ հակված եմ մշակութային, էվոլյուցիոն զարգացումներով ընթացող կայունության հաստատման և ոչ հեղափոխական ու հաճախակի իշխանափոխության գնացող գործընթացների: Սակայն, մյուս կողմից, կարծում եմ՝ երկրում ստեղծված ծայրահեղ լարված այս մթնոլորտը հնարավոր կլինի որոշակիորեն լիցքաթափել արտահերթ ընտրություններով: Եթե կուզեք, արտահերթ ընտրությունները ընդդիմությունից ոչ պակաս հենց իշխող կուսակցությանն ու Նիկոլ Փաշինյանին են պետք՝ ժողովրդի կողմից իրենց իշխանության տրված քվեն ու վստահությունը վերստուգելու համար: Իհարկե, եթե բոլոր կողմերից պահպանվեն ազնիվ մրցակցային կանոնները, ձայների առք ու վաճառք կամ իշխանական ռեսուրսների կիրառում չլինի, ապա մենք ականատես կլինենք նոր քաղաքական դաշտի ձևավորման, որում առավել մեծ տեղ կունենան ընդդիմադիր կուսակցությունները, ինչն էլ իր հերթին կարող է նախադրյալ ստեղծել՝ առավել լուրջ ու պատասխանատու քաղաքական երկխոսությունների, և առավել մեծ պատասխանատվություն՝ դրված իշխող քաղաքական ուժի ուսերին՝ հստակ ծրագրեր ներկայացնելու ու անվրեպ գործելու:
Մյուս կողմից՝ վերջնական կայունություն, ցավոք սրտի, մեր երկրում դեռ երկար ժամանակ չի հաստատվի:
Պատմական ու ժողովրդավարական գործընթացների առումով, մեր երկիրը գտնվում է այնպիսի շրջափուլում, որ դեռ հեռու է կայուն երկրի տեսլական փայփայելու երազանքը:
Ցավոք, առաջիկա տարիներին անվերջանալի շահարկումների առիթ են դառնալու հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները, սահմանները բացելու կամ փակ պահելու և Արցախի կորցրած հատվածները վերադարձնելու կոչերը:
Եվ մեր երկրին իրապես անհրաժեշտ բազմաթիվ մշակութային, տնտեսական, սոցիալական բաղադրիչ պարունակող երկխոսություններ դուրս են մնալու քննարկումների շրջանակից: