Արդարացում պետք չէ, փոխըմբռնում է պետք / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
Տարիների ընդմիջումից հետո վերջերս տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության վարչության պլենումը արդի հայ արձակի վիճակի և հիմնախնդիրների շուրջ: Կարդացվեցին գրականագետներ Ժենյա Քալանթարյանի և Լյուդվիգ Կարապետյանի հիմնավոր զեկուցումները, եղան շահագրգիռ ելույթներ: «Գրական թերթ»-ում տպագրված այդ նյութերի շուրջ հրապարակվեցին տարբեր արձագանքներ, այդ թվում նաև Սփյուռքից: Այս ամենը շատ բնական է և արտահայտված կարծիքներն ու տեսակետները, համոզված եմ, իրենց դրական նպաստը կբերեն մեր գրական կյանքի հետագա աշխուժացմանը՝ հենց ստեղծագործական քննարկումների տեսակետից:
Այնուամենայնիվ, արձագանքներից մեկին ուզում եմ արձագանքել՝ արտահայտված մտահոգությունը փարատելու նպատակով: Այսպես. Սարգիս Վահագնը ԱՄՆ-ից «ԳԹ» կայքէջում նշում է. «Ուշի ուշով կարդացի Ժենիա Քալանթարեանի երկարապատում յօդուածը «արդի հայ արձակի մասին» ու փնտռեցի գոնէ մէկ անուն եւ կամ տող մը յիշատակութիւն արդի սփիւռքահայ արձակի մասին եւ չգտա՜յ: Մենք չկանք, գոյութիւն չունի՜նք: Կ’երեւի «մէկ ժողովուրդ, մէկ մշակոյթ» սնամէջ լոզունգ մըն է լոկ: Ինչպէ՞ս կ’արդարացնէք այս երեւոյթը»: Կարևոր է նաև ստորագրության մեջ ընդգծումը՝ «Սրտացաւօրէն՝ Սարգիս Վահագն»:
Անմիջապես ասեմ, որ արտահայտված մտահոգությանը մենք ևս վերաբերվում ենք ոչ պակաս «սրտացաւօրէն» (տես, օրինակ, «Գրական թերթ», 2013 թ., թիվ 43-ում «Ազգային միասնականացման ժամանակը» մեր հոդվածը): Գուցեև ավելի, քանի որ նախապատրաստելով պլենումը, նկատեցինք, որ այսօր դեռևս, ցավոք, մեր գրական-գիտական միտքը (ի դեպ, նաև Սփյուռքում) պատրաստ չէ միասնական ընթացքի մեջ քննելու Հայրենիքում, Արցախում և Սփյուռքում ստեղծվող հայ գրականությունը (այս դեպքում՝ գեղարվեստական արձակը), իսկ մակերեսային դիտարկումները ոչ միայն ցանկալի չեն, այլև՝ անիմաստ ու անօգուտ: Ճիշտ է, անցած տասնամյակում բավական ջանքեր են գործադրվել՝ երկու տարին մեկ կազմակերպվել են Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովներ, քննարկվել են սփյուռքահայ գրականության ընթացքի հարցեր, գրվել են առանձին հետազոտություններ արևմտահայ և սփյուռքահայ գրական դեմքերի, արժեքների ու գործընթացների մասին (հանուն արդարության ասենք, որ դրանք եղել են նաև խորհրդային տարիներին), բայց պետք է խոստովանենք, որ դեռևս ձևավորված չէ այն հողը, որը հիմք կարող է դառնալ «արդի հայ գրականություն» կոչվող վիթխարի գետի գիտական միասնական հետազոտման, դրանում նկատելի երևույթների գնահատման ու արժևորման համար, ինչը, համաձայնեք, որոշակի ժամանակ է պահանջում:
Այնուամենայնիվ, ասվածն ամենևին էլ տեղիք չի տալիս պեսիմիզմի: Հետևողական, նպատակաուղղված աշխատանքի պարագայում, կարծում եմ, առաջիկայում հնարավոր կլինի հիմնավորապես անդրադառնալ կարևորագույն այդ խնդրին, ինչը մեր ազգային միասնականության ապահովման գլխավոր կռվաններից է: Այդ դեպքում արդեն, համոզված եմ, կարիք չի լինի կասկածելու «մեկ ժողովուրդ, մեկ մշակույթ» կարգախոսի լրջությանն ու իրատեսական բովանդակությանը:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
գրականագետ,
ՀԳՄ վարչության քարտուղար

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։