ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆ – 100

Մնացական ԹարյանԲանաստեղծ, արձակագիր, մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Մնացական Թարյանը (Մխիթարյան) ծնվել է 1920 թ., Վաղարշապատում։ Ավարտելով ծննդավայրի Շ. Ռուսթավելու անվան մանկավարժական ուսումնարանը, աշխատանքի է անցել Հնաբերդ (Ապարան) գյուղում՝ որպես մանկավարժ։
1940 թ. զորակոչվել է բանակ։ 1942 թ. մայիսի 27-ին Խարկովի մոտ մղված դաժան մարտերից մեկում Մ. Թարյանը ծանր վիրավորվում է և հայտնվում է գերմանական գերության մեջ։ Այդ օրվանից սկսվում է Թարյանի կյանքի ոդիսականը։ Նա անցնում է դժոխքի բոլոր փուլերը՝ Մայդանեկ, Օսվենցիմ, Ժիտոմիր, Ֆիլինֆիլդ, Կելց, Սլավուտա, Ֆելինգպոստել… Իսկ 1945-ին հայտնվում է ոչ թե հայրենի օջախում, այլ՝ ստալինյան ճամբարում (Պերմի մարզ)։ Մ. Թարյանն Արցախյան ազատագրական պայքարին նվիրել է պատմվածքների շարք՝ նվիրված Զորավար Անդրանիկին, որի զինվորն ու թիկնապահն էր եղել գրողի հայրը՝ մոկաց Վարդանը։
Մնացական Թարյանը մահացել է 1999 թ., Երևանում։

 

***

Ես Աստ­ծուց շնոր­հա­կալ եմ, որ մա­նուկ հա­սա­կից բախտ եմ ու­նե­ցել մեր, ա­պա քե­ռուս տա­նը հան­դի­պե­լու բազ­մա­թիվ գրող­նե­րի, ծա­նոթ լի­նե­լու, կար­դա­լու նրանց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: ­Քե­ռուս տա­նը մի օր՝ 70-ա­կան­նե­րի վեր­ջե­րին, ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պե­ցի նրան:
­Քե­ռիս ծա­նո­թաց­րեց՝ «Մ­նա­ցա­կան ­Թար­յանն է, շատ լավ բա­նաս­տեղծ, գրող, ո­րը հա­մար­յա իմ ճա­կա­տա­գիրն է ու­նե­ցել»: ­Հե­տո, երբ ծա­նո­թա­ցա նրա ճա­կա­տագ­րի դեպ­քե­րին, հաս­կա­ցա, թե ի՛նչ մա­քա­ռում­նե­րի, ի՛նչ ծանր մահ­վան դար­պաս­նե­րով են ան­ցել եր­կուսն էլ և­ ինչ­պես են մնա­ցել այդ­քան բա­րի, ան­չար, ու ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի մեջ հաղ­թա­նա­կել է լույ­սը, ազնվութ­յու­նը, պայ­քա­րը, հայ­րե­նի­քի սե­րը:
Մ­նա­ցա­կան ­Թար­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի մեջ կա­ռանձ­նաց­նեի գե­րութ­յան մեջ գրված գոր­ծե­րը, հատ­կա­պես «­Բաղ­նի­քում» բա­նաս­տեղ­ծութ­յու­նը, ո­րը գե­րութ­յան մեջ մարդ­կանց բաղ­նի­քի նկա­րագ­րութ­յան մի կե­ղե­քիչ պատ­կեր է: Այդ­պի­սի բա­նաս­տեղ­ծութ­յուն՝ պա­տե­րազ­մի թե­մա­յով, շատ քիչ եմ կար­դա­ցել. գե­րութ­յան կամ աք­սո­րի տա­րի­նե­րի մա­սին, թերևս, ­Գուր­գեն ­Մա­հա­րու «­Ծաղ­կած փշա­լա­րե­րը», ­Վալ­տեր Ա­րամ­յա­նի «­Կո­լի­մա» պատմ­վա­ծա­շա­րը և­ ո­րոշ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ, բայց ա­հա այս բաղ­նի­քի պատ­կե­րը ուղ­ղա­կի ցնցող է:
Ն­շեմ նաև Մ. ­Թար­յա­նի փոք­րիկ պատմ­վածք­նե­րը, ո­րոն­ցում հե­ղի­նա­կը չի նկա­րագ­րում իր տան­ջան­քը, տա­ռա­պան­քը, ուղ­ղա­կի փոք­րիկ դրվագ­նե­րով կա­րո­ղա­նում է ի ցույց դնել պա­տե­րազ­մի դա­ժան դեմ­քը, գե­րութ­յան ծանր մղձա­վանջը: Եվ զար­մա­նա­լի է, որ այս տա­ռա­պան­քը տե­սած մար­դու ման­կա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը լու­սա­վոր են, պայ­ծառ, ե­րե­խա­նե­րին մղում են ազն­վութ­յան, ան­վա­խութ­յան, դժվա­րութ­յուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու, մի խոս­քով՝ դրա­կան այն­պի­սի լից­քեր են հա­ղոր­դում ե­րե­խա­նե­րին, որ իս­կա­կան ման­կա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րին է հա­տուկ:
Հ­րա­շա­լի էր Մ­նա­ցա­կան ­Թար­յա­նի մարդ­կա­յին նկա­րա­գի­րը՝ եր­բեք ի­րեն ա­ռաջ չնե­տող, կուրծք չծե­ծող, իր ա­նու­նը չթմբկա­հա­րող: Այս հո­գե­բա­նութ­յու­նը փո­խանց­վել է նաև նրա զա­վակ­նե­րին: Աղջ­կա՝ Ա­նա­հիտ ­Թար­յա­նի հետ սո­վո­րել ենք նույն կուր­սում, շատ լավ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ է գրում մե­ծե­րի և ­մա­նուկ­նե­րի հա­մար՝ շա­րու­նա­կե­լով հոր գոր­ծը: Որ­դին՝ Ն­վեր Մ­խի­թար­յա­նը, Ուկ­րաի­նա­յի ա­կա­դե­միա­յի ան­դամ է, հայտ­նի ճար­տա­րա­գետ, նաև ­Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան բա­րե­րար­նե­րից է՝ ա­ռա­քի­նի, պար­կեշտ և գ­րա­կա­նութ­յու­նը սի­րող ու հար­գող: Այն ա­վանդ­նե­րը, որ հայրն էր նե­րարկել Ն­վե­րին, ակն­հայտ տես­նում ենք, թե ինչ­պես է որ­դին ի­րա­գոր­ծում կյան­քում: Աս­վա­ծի վկա­յութ­յու­նը հոր՝ Ն­վե­րին ուղղ­ված «Պատ­գամ» բա­նաս­տեղ­ծութ­յունն է:
­Տա­ղան­դա­վոր, հա­մեստ գրա­կան մշա­կի՝ Մ­նա­ցա­կան ­Թար­յա­նի 100-ամյակն է լրա­նում, և­ ու­րա­խա­լի է, որ ըն­տա­նի­քը շա­րու­նա­կում է նրա գրա­կան ու­ղին:

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

***

ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆԻ  ՄԱՍԻՆ

Մնացական Թարյանի ստեղծագործությունները ինձ վրա թողել են հաճելի տպավորություն։ Այդ ստեղծագործությունները ոչ միայն ետ չեն մնում մեր մանկական գրականության այսօրվա մակարդակից, այլև, ամենայն իրավամբ, կարող են կազմել նրա հարստության մասը։
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Մնացական Թարյանը հայ մանկական գրականության մեջ թողել է բազմաժանր ստեղծագործությունների մի ընտրանի, որը բարձր է գնահատվում։ Նրա գործերից շատերը ցույց են տալիս, որ գրողը լավ է հասկանում երեխաների հոգեբանությունը և կարողանում է գեղարվեստական հաջող հնարքներ գտնել՝ այն վերարտադրելու համար…
ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մնացական Թարյանը տարիների ընթացքում միշտ մնում է նույն մարդը՝ մեղմաժպիտ, հանգիստ, բարի, միշտ իր աշխատանքին։ Նա երեխաներին և աշակերտներին սովորեցնում է ազնիվ ապրել, ինքնուրույն մտածել և ինքնուրույն գործել…
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Մնացական Թարյանը քնարերգակ է. նրա համարյա բոլոր գործերում աչքի է զարնում նախ և առաջ մշակված լեզուն, չափածոյի վարժ տեխնիկան, ինքնատիպ պատկերներն ու հնարամտությունները և, որ ամենակարևորն է, չափի զգացման պահպանումը։ Թարյանի գործերի մեծ մասը ավարտուն է և ամբողջական։
ՍՈՂՈՄՈՆ ՏԱՐՈՆՑԻ

Մնացական Թարյանը լավ գրող է՝ համով, հոտով, և, ամենակարևորը, անկեղծ է ու խիստ պատկերավոր լեզու ունի։ Նրա գործերից շատերը հիացմունք են պատճառում մանուկ ընթերցողին և ինձ նման մեծահասակ մանուկներին։
ՎԱԼՏԵՐ ԱՐԱՄՅԱՆ

 

ԼԵՌԸ

Հորս՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆԻՆ

Կանգնել է լեռը՝ վեհորեն ու սեգ,
Կանգնել է հաստատ, գլուխն՝ ամպերում,
Խորհում է լռին՝ ցավից հոգնաբեկ,
Բախտի խաղերը տանում, համբերում…

Հոգում հողմեր են շաչել կատաղի,
Շանթեր են բեկվել գլխին ալեհեր…
Սիրտն ամբարել է արցունքներն աղի
Եվ հրաբուխն իր, օ՜, զսպում է դեռ…

Տոկացել է նա՝ լեռը բարձրաբերձ,
Կուրծքը դեմ տված վայրագ հողմերին,
Ճակատը՝ միշտ բաց, միշտ խոհուն ու մեծ,
Մխրճվել ոգու ոլորտը վերին…

Մշուշն է լիզում ոտքերը հիմա,
Ձյունն ավելի է գլխին թանձրացել,
Բայց ծաղիկների բյուր հունդեր է նա
Պահում-փայփայում կրծքի տակ իր ծեր…

Եվ ինչ էլ լինի՝ վստահ իր ուժին,
Նա հավատով է գալիքին նայում,
Քանզի լեռ է մեծ և իր պիրկ ուսին
Աշխարհը պահող արևն է պահում…

Անահիտ ԹԱՐՅԱՆ

 

ՍՐՆԳԱՀԱՐ ՔԱՄԻՆ
Սլանում է, սուրում
Սրնգահար քամին,
Երգում է ու սուլում
Գիշերվա ուշ ժամին։

Շրջիկ աշուղի պես
Գալիս, դուռն է թակում,
Ապա ուրախ, անտես
Երգում է մեր բակում…

Քամին բաց է արել
Ուրախ երգի հանդես,
Քունս հեռու վանել.
Նրան լսում եմ ես…

Անրջում եմ, ցնծում,
Սիրտս խինդով է լի.
– Ասա՜, ո՞ւմ ես կանչում,
Սրնգահար քամի…

ՀԱՑԸ
Մինչև հացը
Հաց է դառնում՝
Տաք քրտինք են
Նրան խառնում.
Վարում,
Ցանում,
Ջրում,
Քաղում…
Ցորենն ապա
Մի լավ աղում
Ու նրանից
Հաց են թխում…
Հաց սրբազան,
Հաց կյանք մի բուռ,
Հաց խնկահամ,
Անուշաբույր…
Եվ դու, որդի՛ս,
Գիտցի՛ր մի բան.
Սուրբ է հացը
Ու կենսական։
Հացի համար
Ով չի քրտնում՝
Նրա կյանքը
Շուտ է մթնում…

ՁՄԵՐՈՒԿԸ
Ձմերուկ բերեց հայրիկը մի օր,
Այնպես նախշո՜ւն էր, այնպես շերտավո՜ր…
Ու Բաղդասարը զարմացած նայեց,
Հետո շուռ եկավ, հորը հարցըրեց.
– Հայրի՛կ ջան, ասա՛, ո՞վ է մտածել,
Այս ձմերուկը շերտ առ շերտ գծել…
– Մայր բնությո՛ւնը, այ իմ Բաղդասար,
Որ մարդիկ կտրեն, ուտեն հավասար…

ԱՇՆԱՆ ԱՅԳԻ
Աշնան այգի առատ ու ճոխ.
Տանձ ու խնձոր, դեղձ ու խաղող…
Կարմրել են, դարձել հասուն,
Անուշ բույրով հովին նազում…
Ձեռքեր են պետք, բանող ձեռքեր,
Եկե՛ք, եկե՜ք, ժի՛ր մանուկներ,
Քաղե՛ք այգու առատ բերքը,
Ձեզ օգնական՝ անուշ երգը։
Երգով հեշտ է աշխատելը.
Երգն է գործի լավ ընկերը։

ՄԵՐ ԿԱՏՈՒՆ
Մեր կատուն մի լավ,
Խաս մորթի ճարեց,
Իսկույն իր համար
Մի մուշտակ կարեց։

Ձմռանը հագավ.
Այ քեզ տաք մուշտա՜կ…
Բայց նորից մտավ
Վառարանի տակ…

ՊԱՏԳԱՄ
Ա՛յ իմ որդի, ա՛յ Նվեր,
Շուտ ես հոգնում քայլելիս.
Դեռ փոքրիկ ես, թույլ ես դեռ,
Դեռ նստում ես ուսերիս…

Երբ մեծանաս, մտնես կյանք՝
Կուզեմ հանես լավ անուն,
Սիրես ուսում, աշխատանք,
Ազնիվ լինես աշխարհում։

Որպես պատգամ՝ ասեմ քեզ.
Վաղն էլ այսպես, ի՛մ անգին,
Բեռ չդառնա՛ս, չնստե՛ս
Հայրենիքիդ ուսերին…

ՑՈՐԵՆԻ ՇԵՂՋԸ
Տոթակեզ ամառ էր։ Հրամայված էր նահանջել… Նահանջում էինք։
Ուկրաինայի ցորենի արտերը տեղ-տեղ հնձված էին, տեղ-տեղ՝ ռումբերից հրկիզված… իսկ մի տեղ էլ, հիշում եմ, մարդահասակ շեղջված սրսուռ ցորենը հարյուրավոր մետր տարածության վրա ծլել-կանաչել էր թզաչափ։ Հեռվից դիտողին կթվար սովորական երկար ու ձիգ փռված մի կանաչ բլրակ։ Այնինչ դա ժողովրդի հարստությունն էր, խիղճն էր և ուժը, որ չէին հասցրել թիկունք տեղափոխել, որովհետև թշնամին անակնկալի էր բերել…
Ցորեն… հաց հանապազօրյա, սուրբ-սրբոց…
Դու՝ կյանք մեր, ուժ մեր, հարստություն մեր…
Ցորեն։ Հարյուր հազարավոր տոննաներով։
Շեղջված, ծլած՝ կանաչ-մախմուր…
Նահանջում է մեր զորամասը։ Ծանր է նահանջը, շատ ծանր, երբ կիլոմետրը կիլոմետրի հետևից մեր հարազատ հողը թողնում ենք թշնամուն… երբ թողնում ենք մեր ժողովրդի արդար վաստակի արդյունքը՝ շեղջված սրսուռ ցորենը։
Ցորեն…
Ո՛չ, դա ցորեն չէր, այլ մեր ժողովրդի քրտնքի ծովացած կաթիլներն էին. քրտնքի ամեն մի շիթ, ամեն մի կաթիլ ցորենի մի-մի հատիկ էր դարձել…
Մենք նահանջում էինք՝ մեր հետևում թողնելով թե՛ մեր հարազատ հողի կիլոմետրերը և թե՛ այդ ցորենի երկարաձիգ, կանաչ-մախմուր բլրակը… Չնայած որ մեր աչքերում արտասուք չկար, բայց մեր սրտերն էին լալիս անձայն, անարցունք…
Հրաման էր։
Քայլում էինք գլուխներս կախ, ամոթահար, տխուր, մորմոքող սրտով։
Նահանջում էինք։ Հրաման էինք կատարում։ Նահանջում էինք՝ սեղմվում պողպատյա զսպանակի նման, բռունցքվում՝ կրկին խորտակիչ հարձակման անցնելու համար, հավատով, որ մենք պիտի հաղթենք…
Նահանջում էինք՝ մեր հետևում թողնելով ցորենի շեղջը՝ ծլած-կանաչած։ Հրաման էր։ Պետք էր։ Պիտի նահանջեինք…

ԵՂՆԻԿՆ ՈՒ ՍԱՂԱՎԱՐՏԸ
Այդ տեղերով մեկ տարի առաջ պատերազմի սամումն էր անցել։
Ամառվա շոգին ծարավ մի եղնիկ, այս ու այն կողմ ընկած, ջուր էր փնտրում։ Նա լեզուն հաճախ քսում էր խոտերին ու թփերին, որպեսզի գոնե խոնավություն զգա։ Ծարավից նրա բարակ ու արագավազ ոտքերը թուլացել, կարծես չէին ուզում ենթարկվել… Հանկարծ թփերի մեջ տեսավ մի սաղավարտ։ Վախեցավ, չէ՞ որ այդպիսի սաղավարտ էր կրում այն մարդը, որն անցյալ տարի սպանեց իր մորը, իսկ ինքը հազիվ իրեն գցեց անտառ՝ ազատվեց։
Այդ մտքից սարսափահար՝ ուզեց փախչել, երբ սաղավարտում հայելու պես ինչ-որ բան փայլփլեց։ Եղնիկն զգուշորեն երկարեց ճապուկ վիզը և ի՜նչ… այն կիսով չափ լցված էր անձրևաջրով։ Անչափ ուրախացավ, արագ մոտեցավ ու խմեց…
Այդ օրվանից, երբ եղնիկը ծարավում և շուրջը ջուր չէր գտնում, իսկույն հիշում էր սաղավարտը և վազում…
Նա սաղավարտից այլևս չէր վախենում։

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Երբ թշնամին գյուղ մտավ, այն դատարկ էր. բնակիչները մեկ մարդու պես քաշվել էին անտառ։
Շաբաթներ անց գյուղն ազատագրեցինք։ Նույն օրը ևեթ վերադարձավ զյուղի բնակչությունը։
Մեկն իր տան բակը մտնելով՝ հեռվից ուրախացած կանչեց.
– Դունկա՛ն, սիրելի՛ս, դու ո՞ղջ ես… այդ ի՜նչ օրն ես ընկել…
Դունկանը բուրդը թողած, հալից ընկած մի շուն էր։ Նա, տան շեմին պառկած, դունչը թաթերին դրած, նայեց, ապա հաչելով՝ գլուխը մեծ դժվարությամբ բարձրացրեց, տարօրինակ ձայնով մռլտաց, շարժեց կեռ պոչն ու նորից թուլացած՝ դունչը գցեց թաթերին։
Նա սաստիկ նիհարել էր։ Ո՜վ իմանար, թե խեղճը քանի օր ոչինչ չէր կերել… Թեև նրա շուրջը՝ այս ու այն կողմ թափված էր հացի ու երշիկի չորացած կտորտանք, սակայն նա, ինչպես երևում էր, հրաժարվել էր ուտելուց, վիրավորվել էր օտար մարդկանց ողորմածությունից… Գուցե և քարով, փայտով հալածել էին նրան՝ գյուղով մեկ, բայց նա գիշերը նորից վերադարձել, պառկել էր իր տիրոջ տան շեմին և սպասել յուրայինների վերադարձին։
Տերը մի կտոր հաց ու մի քիչ խոզաճարպ տվեց։ Շունը հոտոտեց, չորացած շուրթերը լիզեց, բայց չկերավ։ Նրա բարի աչքերում արցունքներ երևացին։ Նա այլևս ուժ չուներ ոտքի կանգնելու, հացը ծամելու. ուրախությունից մի քանի անգամ դանդաղ շարժեց պոչը և… ընդմիշտ անշարժացավ։
– Դունկա՛ն, սիրելի՛ս…,- վշտացավ տերը։
Հավատարիմ շունը թշնամու կողմից ծեծվել էր, հալածվել, տարել քաղց ու զրկանքներ, բայց տունը՝ հարազատ տունը, երբեք չէր լքել… Սպասել էր տիրոջ վերադարձին…
1972 թ.

ԲՈՒԽԵՆՎԱԼԴԻ N40378 ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՊԱՏՄԱԾՆԵՐԻՑ

ԱԽՏԱՀԱՆՈՒՄ
1944 թվականի հունվարյան մի օր բեռնատար գնացքը, կալանավորներով ծանրաբեռնված, վագոնների մի երկար շղթա սուլելով ու փնչալով, ներս մտավ Բուխենվալդի փշապատ, հսկա դարպասով ու կանգնեց։ Այնուհետև գոռում-գոչյունով բացվեցին վագոնների ամրակուռ դռները։
– Է՛յ, լոս-լոս, դալի-դալի…,- շտապեցնում էին կալանավորներիս,- շուտ դուրս ցատկեք վագոններից…
Յուրաքանչյուր վագոնում խցկվել էր հարյուր հիսունից մինչև երկու հարյուր մարդ։ Յուրաքանչյուրիս հինգ օրվա համար տվել էին մեկ կիլոգրամ էրզաց հաց, վագոնին՝ մի բիդոն ջուր, դրել մեկ պարաշ՝ պետքերի համար… Եվ, ահա, միմյանց օգնելով, իջնում ենք, իսկ ով փորձում էր ցատկել… ընկնում էր… Չկար վագոն, որտեղ երեքից հինգ հոգի մեռած չլիներ։
Մուտքի մոտ՝ փոքրիկ հրապարակում ամրացված էր ցուցանակ, որի վրա խոշոր տառերով գրված էին Դանթեի բառերը, ցուցանակի առաջին տողում գրված էր. «Ներս մտնելուց առաջ թոթափեցեք ձեր բոլոր հույսերը», իսկ երկրորդում՝ «Ամեն ինչ արդար է հայրենիքի համար»։
Նեղ, երկար ու ձիգ, զույգ պարսպի միջով, հնգական շարք կազմած, քայլեցինք ու կանգնեցինք պատի մոտ, որի դիմաց, ավտոմատ հրացանները պատրաստ բռնած, շարված էին էսէսականները։
Քաղցած ու ծարավ, հոգնած ու տանջահար, երկար «ճամփորդությունից» հոգեմաշ՝ հասել էինք դժոխքի դռանը և սպասում էինք մեր ճակատագրին…
Բավական երկար տևեց մեր սպասողական վիճակը։ Շուտով սկսեցին կալանավորներին մեկ-մեկ ներս տանել ինչ-որ դռնից, որտեղից այլևս չէին վերադառնում։
– Այս ի՞նչ որկոր է, որը կլանում է, ու վերջ,- ասաց մեկը։
– Տեսնես՝ ի՞նչ է կատարվում այնտեղ՝ ներսում,- հարցրեցի ես։
– Հերթը մեզ կհասնի, Հարությո՛ւն, կիմանանք,- պատասխանեց կողքինս։
Հարությունը ես էի՝ 40378 համարի կալանավորս։ Հաջորդ օրը՝ ցերեկվա ժամը երեքին մոտ, դռնով ներս մտնելու հերթն ինձ հասավ…
Մի ընդարձակ գավիթ էր, որի կենտրոնում կար մի փոքրիկ, քառակուսի ջրավազան՝ մազերով ծածկված, որը կոչվում էր ախտահանիչ։
Մարմինս մազերից մաքրելուց հետո հերթը հասավ գլխիս, խուզող մեքենան, իր լայնքով մեկ խուզելով, ճակատիցս անցավ մինչև ծոծրակս, ապա մի ակոս էլ գնաց ականջիցս ականջ՝ խաչաձև, ու վերջ։ Դա նշան էր, որ ես կալանավոր եմ…
Ամենից զզվելին այն էր, որ պետք է մտնեինք ջրավազանը ու գլուխներս սուզեինք այդ մազածածկ կեղտաջրում։ Ես չցանկացա հսկիչների հարվածների ազդեցությամբ այդ անել… Մոտեցա ջրավազանին, աչքերս փակեցի, քիթս բռնած սուզվեցի ջրի տակ ու դուրս եկա։ Աչքերս բաց արեցի և ի՜նչ… ամբողջ մարմինս պատված էր մազերով։ Հաջորդը բաղնիքն էր, ուր պետք է միանգամից ներս մտնեին մեծ թվով կալանավորներ։ Սպասեցինք մինչև շատացան, հետո ներս մտանք, ընդարձակ մի սրահ էր, չորս պատով և առաստաղով։
Հրաման եղավ պատերի վրայի կռնակները սեղմել։ Սեղմեցինք։
Հանկարծ ամբողջ առաստաղից սկսեց ցողվել տաք ջուրը։ Հրա՞շք է, թե՞ իրականություն։
Մենք լողանում էինք տաք ջրի տակ։
Այդտեղից մեկ-մեկ մտանք միջանցք, որտեղ իրարից բավական հեռավորության վրա շարված էին սեղաններ։ Յուրաքանչյուրի մոտ մի մարդ էր կանգնած։ Սեղանների վրա և կողքերին լցված էր տարբեր տեսակի հագուստեղեն։ Նրանք մեզ նետեցին վարտիք, շապիկ, բաճկոն, տաբատ ու ներկված կտավե կտորից կարված միատակ «վերարկու»։ Բոլորն էլ հին էին ու կարկատաններով ծածկված։
Այնուհետև, հաջորդ սրահում կանգնած տասնյակ մարդիկ, կարմիր ներկի մեջ թաթախված՝ խոշոր վրձինները ձեռքներին, մեր բաճկոնների ուսերից մինչև վարի ծայրամասը, տաբատի վրա՝ ազդրից մինչև ներքևի ծայրամասը, գլխարկներիս նույնպես շեղակի խաչելության դրոշմներ դրեցին։
Հետո մեզ քշեցին փայտաշեն տաղավարների խուցերը, յուրաքանչյուրի մեջ՝ միմյանցից քառասուն սանտիմետր բարձրությամբ քառահարկ տախտակամածների վրա տեղավորելով յոթ հարյուր հոգու…
Ահա՛ թե ինչպես մեզ իր գիրկն առավ Բուխենվալդի հռչակավոր, ամենակուլ համակենտրոնացման ճամբարը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։