ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ

ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է Վրաստանի գրողների միության համանախագահ, բանաստեղծուհի
ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻԻՆ
հոբելյանի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՄԵՐ ՔՈՒՅՐ
ԱԿԱՑԻԱՆ

Կան երկրներ, որոնց առանց պոեզիայի պատկերացնել չի լինի, այդպիսիներից է խորախորհուրդ պատմության տեր և հրաշագեղ բնության ու մարդկային յուրատեսակ լեզու ու ինքնություն պահպանած ու դարերով շռայլորեն նվիրաբերող Վրաստանը:
Այդպիսի հայրենիքը բծախնդիր է բանաստեղծների նկատմամբ, նա չի հմայվում սոսկ իր հայելային պատկերը տեսնելով գրողի բանվածքի մեջ, նա սպասում է ընդերքային խոր արձագանքների, խոսքարվեստի հրաբխային ժայթքումների, ճշմարիտ մեկնության ու գնահատականի և տաղանդավոր, ինքնատիպ, ժամանակակից կշռույթներով ու ոճերով ոսկեղենիկ բանի:
Ահա այդ պահանջված բանաստեղծներից է Մաղվալա Գոնաշվիլին:
Նրա ձայնի մեջ լսելի են մշուշի մեջ ծնվող արցունքի ծնունդը, գյուղական ու քաղաքային կյանքի հոգսաշատ, նաև գունագեղ առօրյայի ձայնաշիթերը, ժամանակակից աշխարհի զիգզագվող ռիթմի մե՛րթ ցավը, մե՛րթ այդ ցավից արտածվող սարկազմը, և ամեն դեպքում հեղինակի նրբանուրբ քնարականության դուդուկի նվագն է: Հայերեն մի արտահայտություն կա՝ ձյան տեղ մաքրող քամի. բանաստեղծի գիրը ինձ հայտնվում է այդ քամու զորությամբ, տեղ ու տարածք է բացում ներկայի ու ապագայի ձյունեղեն, մաքուր ժամանակների համար:
Պատահական չէ, որ տիկին Մաղվալայի բանաստեղծությունների ու մանկական արձակ պատումների գրքերը թարգմանվել են բազում լեզուներով, հատկապես Հայաստանում տպագրվել են նրա գրքերը, նրան սիրում են, սպասում նոր ստեղծագործությունների:
Բարձր ենք գնահատում նրա կազմակերպչական տաղանդը, որ նոր ջիղ ու ավյուն հաղորդեց Վրաստանի և Հայաստանի գրական կապերի զարգացմանը: Նա թարգմանել է հայ բանաստեղծ­ների:
Էլ ո՞վ, եթե ոչ նա պիտի գրեր.
Երկու Ծառ ենք մենք – միարմատ ու նույնավիշ,
Մեր գլխից վեր նույն երկինքն է բացվել-փակվել,
Նույն շանթերն են շրըխկացել –
Երերացել-կծկըվել ենք հաճախ ցավից,
Երբեք սակայն չենք երկտակվել –
Առավել են միահյուսվել մեր շանթահար ոստերն իրար,
Եվ ելել ենք դարերն ի վեր –
Շուք անելով միմյանց վրա…
Այս հրաշալի գրվածքը, կարծում եմ, ոչ միայն պատմության դժվար փորձ է ու իմաստնություն, այլև ապագայի անկյունաքար ու պատգամ.
Սրտերը մեր Հայոս-Քարթլոս նախնիների
Բաբախել են համատըրոփ,
Սրտերի պես սիամական
Արյան կոչով ծառս են ելել ու միակամ
Եղել իրար թև ու թիկունք,
Եվ կիսել են աստվածային նշխարքն անգամ,
Ջուրն են անգամ կիսել մի կում:
Ինչպե՞ս չասենք՝
Մաղվալա Գոնաշվիլին նաև հայ բանաստեղծ է, մեր քույրը, մեր Հայաստանի գրողների միության պատվավոր անդամն ու գրական վաստակի մեդալակիրը: Աշնանը Հայաստանում Թարգմանչաց տոնի շրջանակում պատրաստվում ենք նշելու նրա հոբելյանը:
Սիրելի՛ Մաղվալա, Ձեր մի տողն է՝
Աստված, ակացիա դարձրու դու ինձ:
Թույլ տվեք շարունակեմ՝
Միշտ ծաղկած ու աշխարհը բանաստեղծական բույրով արբեցնող ակացիա, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին հիմա կաք և հավատացած եմ՝ միշտ եք լինելու:
Շնորհավոր հոբելյանդ, մեր քույր ակացիա:

Լևոն ԱՆԱՆՅԱՆ

ԾԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ
ԲՈԺՈԺՈՒՄ

Շռնդալից եղավ նրա մուտքը, նրա ճանապարհը մեծաբար օրհնեցին վրաց գրականության մեծերը:
Քնարական անկեղծ-ինքնաբուխ խոստովանանք, ներաշխարհի խռովք, կենսական երևույթների ռոմանտիկ ընկալում, քաղաքացիական ազնիվ ու անսակարկ կեցվածք՝ հագեցած ասելիքի նշանակալիությամբ և խոսքի դրամատիզմով,- ահա այն տարբերակիչ որակները, որոնցով բանաստեղծուհին շահեկանորեն առանձնանում է իր սերնդակիցներից:
Բայց ամենից առաջ սա կանացի պոեզիա է՝ նուրբ, փխրուն հոգու շռայլ ցոլացումներով, որի գեղարվեստական համակարգում խոհն ու ապրումը հասունանում են ծիսական փոխակերպումների բոժոժում:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

ԿՅԱՆՔԻ ՊՈԵԶԻԱ

Արդի վրացական գրականության առանցքային դեմքերից է Մաղվալա Գոնա­շվիլին՝ ճանաչված անուն ոչ միայն իր հայրենիքում:
Նրա պոեզիայով իմ հիացքի հավաստիքը 2009-ին մեզանում հրատարակված «Արևի արցունքը» ժողովածուն է, որում տեղ գտած որոշ գործերի իմ թարգմանությունները թվագրվում են տակավին հեռավոր 1988-ով:
Խոսքիս բարձրագույն իմաստով կյանքի պոեզիա է դա, որի կենտրոնում մարդն է իր հոգեկան վայրիվերումներով, անձնական ապրումներով, բնական զգացողությունները՝ սերը, բարությունը, կարեկցանքը, գեղեցիկը: Շնչող, ապրեցնող, ուղղորդող գեղարվեստականություն է դա, դասական և արդիական բանարվեստի ձևական ու ոճական հնարանքների ամուր համաձուլվածք՝ զերծ ոտանավորչական ծեքծեքումներից ու մերկ պաթետիկայից:

Ճաբուա ԱՄԻՐԵՋԻԲԻ

«ԱՄՊԻ ՊԵՍ ԼԵՑՈՒՆ Է ԹԱԽԻԾՈՎ…»

Հպարտության զգացումով եմ գրում այս տողերը հիանալի բանաստեղծությունների մասին նույնքան հիանալի մի կնոջ, ով, իր իսկ խոսքերով, «ամպի պես լեցուն է թախիծով – չգիտի, թե երբ է պայթելու բողբոջը անձրևի»: Ինչպե՞ս չգիտի, երբ իրեն են պատկանում հետևյալ տողերը.
Դժվար է սերդ հավաստել այնպես,
Որ Հայրենիքդ հավատա իրոք քո ամեն խոսքին,
Պարտքդ հավաստել նախապապերիդ դժվար է իրոք,
Առանց կոկորդըդ սեղմող հեղձուկի,
Եվ այսուհանդերձ հարյուրապատիկ դժվար է լինել
Միաժամանակ Բանաստեղծ ու Կին:
Արդեն իսկ այս տողերով Մաղվալա Գոնաշվիլին նվաճել է վրացական պոեզիայի այսօրը…

Ջանսուղ ՉԱՐԿՎԻԱՆԻ

ԻՆՉՊԵՍ ԾԻԱԾԱՆՆ ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Շատ տարիներ առաջ, պատանության շեմին նոր-նոր ոտք դրած Մաղվալա Գոնաշվիլին, լղարիկ մի տետրակով եկավ ինձ մոտ, «Ցիսկարի» ամսագրի խմբա­գրություն: Եվ նրա բանաստեղծական հմայքը անմիջապես փայլատակեց վրաց գրականության երկնակամարում, ինչպես ծիածանն անձրևից հետո: Ինձ զարմացրեց նրա բանաստեղծությունների ծփացող բազմերանգությունը: Նրանցում ես զգացի մանկորեն անմիջական այն անկեղծությունը, որ ճշմարիտ պոեզիայի անկյունաքարն է:
Այն հեռավոր ժամանակներից շատ ջրեր են հոսել, բայց պոեզիայի փշոտ ճանապարհին Մաղվալա Գոնաշվիլին երբեք չշպարվեց, ընդհակառակը, ավելի հղկեց իր տաղանդը, ի հայտ բերեց նորանոր նիստեր՝ լուսնալույսին բնորոշ խորհրդավորությամբ օծելով իր ստեղծած ամեն մի տողը:

Ռեզո ԱՄԱՇՈՒԿԵԼԻ

ՊՈԵԶԻԱՅԻ ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆ

Վերջին տարիների քո ստեղծագործությունն առանձնանում է այլ տոնայնությամբ, և դա այդպես էլ պիտի լիներ, քո խառնվածքով ու բանաստեղծական նկարագրով դու չէիր կարող անտարբեր անցնել մեր կյանքի դաժան իրողությունների կողքով:
Խիզախ ու հպարտ ամազոնուհու նման, դու կանգնած ես երկիրն ալեկոծող հանրահավաքներում: Քո ձայնը զանգի տագնապալի ղողանջների նման հասնում է միջնաբերդերին, նրանց, ովքեր երկիրը վերածել են «Ծուռ հայելիների թագավորության», մեր հպարտ ժողովրդին դարձրել «տիկնիկային թատերախաղերի» հանդիսատես:
Իսկ որքան թանկ են մեզ համար քո արիությունն ու հավատարմությունը գրչակից ընկերներիդ: Քո «գլխաշորը», հաշտարար լեռնականուհու գլխաշորի նման, վրաց գրողների երկպառակության երախում է մշտապես՝ հանուն երկրի տերերից մոռացված մեր գրականության ապագայի… Աստված քեզ պահապան:

ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ

ԳԵՆԱՑՎԱԼԵ
Այբուբենըդ
Քեզ Աստված է թելադըրել,
Քեզ Աստված է Անուն դըրել…
Դու` Ժողովուրդ Աստվածատուր,
Դու` Քարեղեն Աստվածատուն,
Դու` Տերություն Խաչքարեղեն…

Երկու Ծառ ենք մենք – միարմատ ու նույնավիշ,
Մեր գլխից վեր նույն երկինքն է բացվել-փակվել,
Նույն շանթերն են շրըխկացել –
Երերացել-կծկըվել ենք հաճախ ցավից,
Երբեք սակայն չենք երկտակվել –
Առավել են միահյուսվել մեր շանթահար ոստերն իրար,
Եվ ելել ենք դարերն ի վեր –
Շուք անելով միմյանց վրա…

Ունեցել ենք հազար չըկամ ու չարակամ –
Պոզով-պոչո՜վ, ժանգահոգի՜ ու ոխակա՜լ,
Ո՛ւ ժանտասի՜րտ, ո՛ւ դիվաբա՜խ…
Դառնամ սակայն,
Ցավո՜վ ասեմ, ասեմ ավա՜ղ
Բամբասախոս քամիներին մեր սեփական –
Ունայնաշո՜ւնչ ու շլամի՜տ,
Որ սվսվում-վսվսում են մեր արանքում,
Ծառեծառ են զարկվում, սակայն,
Ո՞վ չգիտի, որ մնում է քամին քամի –
Զորու չեղան մեզ բաժանել
Աշխարհավեր հողմերն անգամ…

Սրտերը մեր Հայոս-Քարթլոս նախնիների
Բաբախել են համատըրոփ –
Սրտերի պես սիամական,
Արյան կոչով ծառս են ելել ու միակամ
Եղել իրար թև ու թիկունք,
Եվ կիսել են աստվածային նշխարքն անգամ,
Ջուրն են անգամ կիսել մի կում…

Ցավն է ծաղկում իմ սրտի մեջ –
Քո երգերից թախծապարուր ու մորմոքուն,
Բարձիս տակ է Աստծուց օրհնյալ Նարեկը քո –
Նրանով եմ այրող վերքերն իմ ամոքում…

Եղբայր ենք մենք,
Եղբայրները երդման խոսքեր չե՜ն բարբառում,
Եղբայրները աղոթու՜մ են միմյանց համար –
Եղբայր ենք մենք ու ցավ ունենք…

Եկ, ուրեմն, փարվենք իրար
Ու կրկընենք աղոթքի պես –
Հանդիպելիս՝
Բարո՜վ տեսանք, ցա՜վդ տանեմ,
Բաժանվելիս՝
Բարո՜վ գնաս, գենա՜ցվալե…

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԶՍՊՕՂԱԿ
Ես ինչպե՞ս տանեմ ձմեռն այս անձյուն,
Առանց քեզ ինչպե՞ս սպասեմ վաղվան…
Այս ի՞նչ երգեր են իմ մեջ ղողանջում –
Առանց մեղեդի, խոսքն՝ աղավաղված…

Ճակատագըրի պարանն օձի պես ո՞վ է օղակել
Իմ պարանոցին: Էլի՞ սատանան՝ մեջըս դարանած:
Ո՞ր մեղքիս համար, ո՞ւմ առաջ, ինչո՞ւ
Պիտի ողջ կյանքում ես արդարանամ…

Տե՜ր, ովքե՞ր են այս դիմակների տակ,
Դեռ ինչքա՞ն պիտի ինձ սիրահետեն,
Սուտ ու կեղծիքի այս հանդեսը, Տե՛ր,
Կիսվե՞լ է գոնե, թե՞ սկիզբն է դեռ…

ԱՆՑՅԱԼ ԱՊԱԳԱ
Երկինքը նեղ է շրջազգեստիս պես,
Լճակն ամպերի՝
Ծնկներիցըս ցած –
Մխիթարանքի խոսքեր են բերում
Հովերն անձրևի սանդուղքով իջած…

Ես հիշում եմ այն,
Ինչ պիտի լինի
Վաղը, երկու օր կամ տարիներ անց –
Մի քիչ թախծոտ է և մի քիչ պայծառ
Երկինքն իր շքեղ զարդերով զուգված…

Այն ճանապարհը,
Որ պիտի անցնեմ,
Թվում է, թե ես անցել եմ վաղուց,
Նույնն է ամեն ինչ: Ահա անձրևը,
Տերևների հետ քամին է խաղում,

Եվ սարսափելի ոչ մի բան չկա,
Կրծքիս տակ այն նույն սիրտն է մանկական,
Ձեռքից ձեռք խլված հին ամրոցի պես
Խարխլված եմ ես,
Չեմ փլված սակայն,
Եվ թեև վերջին շնչում եմ կարծես,
Բայց, փառք Աստըծու,
Մարտնչում եմ դեռ…

Նստած հիշում եմ ես իմ ապագան,
Որ, վա՜յ թե,
Վա՜յ թե անցյալ է արդեն…

ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆԸ
Մազերիդ նստած փոշին քաղաքի
Խառնվում է հոտին քո ծխախոտի,
Եվ զմայլելի քո շրթունքներից
Ելնող ծխի հետ ելնում է հոգիդ:

Բուխարու առաջ, երանության մեջ,
Ճմլկոտում է փիսիկդ պստիկ…
Չեկա՜վ երազի ասպետը քո խենթ,
Մոլորվե՜լ է նա ճամփին վերստին…

«Ջուխտ ու կենտ» խաղում մնացիր դու կենտ…
Բայց այդ ի՞նչ ցավ է սիրտդ սողոսկել,
Չէ՞ որ պալատում, Մոխրոտի նման,
Թողել ես քո կենտ կոշի՜կը ոսկե…

ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԳԸ
Չիրականացած իմ երազների և իմ ցավերի
Ճերմակ ուրուրն է իմ ուսին թառել…
Պատրանքներով եմ պարուրված դարձյալ,
Չե՜մ կարողանում ինձնից վտարել…

Եվ ինչպես մարդն է հավատում Աստծուն,
Հավատում եմ ես Լուսնաբնակիդ,
Հավատում եմ, որ դու կգաս մի օր
Երկնային կապույտ շղարշը հագիդ,

Դու կգաս ինձ մոտ ձիով հրեղեն,
Որ աչքեր ունի այրվող – ածխաթույր,
Եվ քո հայտնությամբ կչքվի անհետ
Իմ մենակության մութն ականակույր:

Ինձ դուրս կկանչես իմ աշտարակից,
Եվ կփախցընես: Կտանես այնտեղ,
Որտեղ գին ունի կաթիլն արցունքի,
Ուր արցունքի դեմ իջնում են ծունկի…

Ես քեզ կընծայեմ ուժն Արարչության,
Կհեղեմ քո մեջ արցունքներ լուսե…
Դու կմոլորվես իմ վարսերի մեջ՝
Գիշերվա պես մութ, գիշերվա պես սև…

Եվ ես կլսեմ խոսքերն այն վսեմ,
Որ լսել եմ միշտ երազում միայն.
– Խենթանո՜ւմ եմ ես ցնորքիդ տեսքից,
Սիրում եմ քեզ, կի՜ն…

* * *
Ես կարող էի դաշտերում ամա
Փնտրել քեզ համար շնկշնկան հովեր,
Լողալով կտրել գետեր ու ծովեր,
Խորտակվել սակայն, խեղդվել ակամա
Ծաղկի մի կաթիլ արտասուքի մեջ:

Ես կարող էի հողմ ու բուքի մեջ
Քո քմայքների դիմանալ իրոք,
Ոչնչի համար քեզ չկշտամբել,
Ծաղիկըդ փշոտ ընդունել սիրով,
Վիրավորանքից մինչևիսկ չամպել:

Ես կարող էի ինքըս ստանձնել
Մեղքերը հոգուդ,
Ես կարող էի քո կողքից անցնել
Այնպես, ասես թե քեզ չեմ նկատում,
Սակայն ի՜նչ օգուտ,
Ո՛չ սիրում ես ինձ և ո՛չ էլ… ատում…

* * *
Որքա՜ն տանջվեցի, որ քներ մի պահ
Թռչնակը խանդի, բայց ոչինչ չօգնեց,
Աչքը չկպավ,
Վեր թռավ իսկույն իմ թույլ տնքոցից,
Ներիր, բատոնո, դու հո չե՞ս հոգնել
Սիրուց, արցունքոտ իմ թնկթնկոցից:

Դու մի՛ զարմանա, ես կուշտ եմ քեզնից
Ու քո խոսքերից սառն ու անալի,
Ինձ քո աչքերի թախիծը մնաց որպես հիշատակ,
Քեզ էլ՝ երևի սպասումներըս անվերջանալի:

Չգիտեմ, իրոք, տարիներ ձգվող իմ այս մենությամբ
Տերը փորձո՞ւմ էր, թե՞ պատժում էր ինձ…
Աշնան արևը արցունքներով է ելնում իմ հոգուց,
Սահում երկնքով, անցնում լեռներից…
ԳԱՐՆԱՆ ՇԵՄԻՆ
Խոսքերըդ՝ քամի,
Քնքշանքըդ՝ քամի,
Եվ քամին քամու հետքերն է ջնջել…

Ի՞նչ անեմ սակայն
Ցավի այս կարմիր ծաղիկների հետ,
Որ մնացել են իմ մարմնի վրա
Եվ իմ երեսին –
Հետքերի նման կսմըթոցների…

Եթե դու գայիր,
Ինձ բոլորովին չէիր ճանաչի:

Լուսնի երեսին բծեր եմ տեսնում,
Բազմակետեր եմ նկատում ահա
Ձյունոտ ճամփեքին,
Սակայն գալուստը վերահաս գարնան
Ինձ չի հմայում:

Այս թխկին – միակ վկան համբույրիս –
Այլագարության պատճառ է դարձել,
Կողքով անցնելիս վախենում եմ ես,
Ամաչում եմ ես աչքերին նայել…

Քեզ մի անգամ էլ տեսնելու համար
Ես սատանային հոգիս կծախեմ,
Բայց սատանան էլ,
Նա՛ էլ է չքվել, սատանա՜ն տանի…

ԿԱԽԱՐԴՎԱԾ ՔԱՂԱՔԸ
Այս ի՞նչ քաղաք է:
Կախարդված լինի ասես թե իրոք:
Չհամարձակվեք ներս մտնել շեմից: Վտանգավոր է:
Խառնվել են այստեղ գետն ատելության
ու գետը սիրո,
Եվ ժամանակը ելել է հունից…

Այստեղ ոչ մեկը ժամանակ չունի,
Եվ չի ճանաչում ոչ ոք ոչ ոքի, որ թույլ տա իրեն
Որևէ մեկին գոնե հպանցիկ հայա՜ցք նվիրել,
Շնե՜րն են միայն, որ չեն մոռացել,
Դեռ չե՜ն մոռացել տերերին իրենց…

Խոժո՜ռ են այնպես և այնքա՜ն դաժան
դեմքերն այրերի,
Ասես հենց նոր են ոտքը դուրս դրել
Իրենց անցյալից կիսավայրենի,
Եվ հայտնվել են մի խորհրդավոր իրարանցման մեջ,
Ասես թե որսը փախչում է ձեռքից,
Եվ ետևի՜ց են ասես թե վազում…
Նայեցե՜ք սակայն, թե սրանց գլխին
որքա՜ն են սազում
Մեր ազնվացեղ եղջերուների կոտոշներն ամուր…

Իսկ սրանց կանա՜յք…
Թվում է՝ նո՜ր են իջել ամպերից,
Մինչդեռ օրնիբուն մաստա՜կ են ծամում՝
Իրենց մենության պատշգամբներից
Աչքով անելով անցնող-դարձողին,
Սրանց աչքերում մայրամուտային շողեր են հանգած,
Եվ երդումները հավատարմության
Հոտա՛ծ մի ձվի գին չունեն անգամ…

Այստեղ ոչ մեկը սիրտը չի բացի
Եվ գորգի նման չի փռի ձեր դեմ,
Փողով ժպտալու դասե՜րն են սերտել,
Ժպտում են չափո՜վ, ժպտում են հանգո՜վ…

Ծառերին այստեղ տերևների տեղ
Աճում են միայն թղթադրամներ –
Եվ այն էլ միայն կանա՜չ երանգով…

Ցնդե՞լ եք, ի՜նչ է,
Այդ ի՞նչ եք անում,
Ո՞վ է ձեռք մեկնում ընկած պատանուն…

Ձեր ընկերները չքվել են անհետ,
Եվ կարոտել եք նրանցից մեկի՞ն-
Դուք ինչ-որ բան եք շփոթում հաստատ
ինչ-որ բանի հետ…

Շարունակեցեք ճանապարհը ձեր,
Արագ տուն դարձեք
Եվ կողպե՛ք ներսից դուռը, պի՜նդ կողպեք…

Դուք լա՞ց եք լինում, թե՞ աղաղակում:
Ո՞ւմ են հարկավոր աղաղակներն ու
արցունքները ձեր
Այս կախարդանքից քնած քաղաքում…

Թարգմանությունը`
Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.