ՈՒՂԻ
նորից դեպի՛ երկինք
նորից դեպի՛ Անդինը-առհավատչյա
իմ տարիները-իմ թևերին-հոգնա՛ծ
իմ հուշերը թողած մեկին-մեկի՞ն
այս աստղերը հավերժ
այս լույսն առավոտի
որ միշտ իմն են եղել-
ո՞ւմ տամ
արև՛ն-արև՛ն-արև՛ն
ինչպե՞ս թողնեմ մենակ
ամռան տաք ուսերին-
թափված երկինք-
ինչն ինձ բախտը թեթև բերեց
կրկնակի՝ ուրիշներին թանկ եմ վճարում-տարիներով – կյանքո՛վ
նորից-նորից-նորի՛ց
ուղի
չէ՞ որ ես կարող եմ
մի քիչ դեռ կարող եմ
չէ՞ որ կյանքը-
սիրում էր ինձ
նորից-նորից-նորից
դեպի երկինք
դեպի երկիր
դեպի ծով
ուր թռչունը
դեռ-թևածում է
իմ սերը
իր կտուցին
ուր հողը
դեռ-կապում է վերքերս
ջահել գարնան գույնով
ուր ձկները-սուզվում են-խոր
ամռան արևի
շողը խայծած բիբերում-խոստումների-վերադարձի բառեր
նորից-նորից-նորից
դեպի կյանք
դեպի մահ
դեպի անդինը
նորի՛ց – ուղի-
դեպի այնտեղ՝
որտեղ-հաստատ-վստահելի էր
Աստված
ԱՊՐԵԼՈՒ ՁՄԵՌԸ
ձեռքերդ
կրակե լեզուներ են
կապույտ երակներով
կիսամութին
բոցկլտացող
պարանոցիս
նրանք բուրում են
կարմիր վարդերի
հաճարի ծառի
ցորենի շիլայի
մետամիզոլ նատրիումի
համով
տան պատերը
հալվում են ջերմությունից
վառարանում
փայտերի փոխարեն
ճարճատում են
մեր մարմինները
վերջին ձմեռն է
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ
նորից խաղաղապահ զինվոր է զոհվել
փախել է-քնել է-պատահական
կամ` հերոսաբար
կրկնվեմ`
կարևոր չէ
մայրը փշրելու է իրեն
հայրը` ծխելու է լուռ
կուլ գնացած
աչքերով
ծանոթ-բարեկամ-լավ տղա
կխառնեն բոլոր
կապերը`
շքանշանի համար-
հավանաբար տղան
արժանի է `
ամենալավին
անգամ
նորից-
ուշաթափվելու են մայրերը
նորից`
հարյուր ու մի տեղից
կհորդորեն`
հաշտվել
խաղաղվել-
ներել
որ չներենք`
նորից պատերազմ պիտի լինի
նորից`ջահել կանայք պիտի մնան
մենակ
(կամ` ում հետ պատահի)
S-100 տրակտորը
(կամ նման մեկը)
իր թրթուրների տակ-
նորից
պիտի հավասարեցնի
սպանվածների
դիակները մի փոսի մեջ
(հետո` հազար ու մի բյուջե ունեցող կազմակերպություն`
լավագույն աշխատավարձով-սնկի նման աճող-
այս ճկռելու համար ծնված
լրագրողներով-
կբողոքեն`
պատերազմի
դաժանությունների դեմ)
որ պատերազմ չլինի`
պիտի` հաշտվենք-
ասեմ`
նորից – պիտի վազենք
Բաքու-Ստամբուլ`
արդեն լեգալ-
նորից թուրքի տղաները պիտի կնության տանեն մեր աղջիկներին`
կամ` պարզապես…
նյութից
ոսկուց
դեպուտատական մանդատների
հաճույքից`
նորից-բթանալու են մեր գրգիռները
նորից
տարիներ հետո-
Բաքվում-Ստամբուլում
մեզ մորթելու են
մենք`
բնազդներս`
կույր-կորցրած
նյութի-ոսկու
հաճույքից
նորից-նորից-նորից
որ`
խաղաղություն
լինի
թե՛ պատերազմ
ՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ
թռչունները`
խաղաղ
կտցահարում են
ամառվա
մուգ-դեղին
մայրամուտի
հանգչող
հասկերի
բիբերը
մայրամուտին
այս`
սփռված
հրասայլերի
հոգնած
ստվերները
սև դագաղներ են թվում
արտերի մեջ
շարված
ես` միայն ուզում եմ ասել-
որ արևը
հեքիաթի
վերջին
վիրավոր խնձորն է`
ռումբի նման
կարմիր – հորիզոնին
կպած
ուր որ է`
կկախվի
ամռան
արտերի
վրա
ՀՐԱԺԵՇՏ ԵՐԵՎԱՆԻՆ
Մենք շնչեցինք – բնականաբար Միասին`
Քո արևը-աշունը-աշնանահոտ-
Մաշտոցի պողոտան դեղին-կարմիր-դեղին-դեղին
Քաղաք:
Պիտի կարողանայի հանկարծ զգալ
Այն` ինչ թվում էր – գիտեմ
Կենտրոնիդ թամանյանական
Կամարներին-գիշերով-դեղին-
Մոմեր-լապտերների
Լույսը:
Իմ քայլերի հատումը-
Քո ձայներին
Մենք միասին մի պահ ապրեցինք
Միայնակ մարդկանց
Լռությունը`
Ուշ – շատ ուշ – կես գիշերն անց` Լուսադեմին
Այդ օրերին-կային բոլորը
Բոլոր-բոլորը ինչպես միշտ`
Ցերեկը-գիշերը-լուսադեմին-
Արարատը`
Հեռու էր
Այստեղ դեղին գույնը սազում է-
Մանավանդ բանասեր Աղջիկներին-
Որոնք` չրթում են
Հայերեն-ռուսերեն-անգլերեն…
Շատ-ո՛վ գիտե ինչքան
Ափիդ մեջ` քանդում-ետ են բերում
Սելինջերի վիպակը
«Տարեկանի արտում – անդունդի եզրին»-
Լկտի` ծամելով ծամոն
Ու` անթարթ աչքերիդ են նայում
Իսկ դու անկապ հիշում ես
Մոսկվան` ձյան մեջ թավալվող
Բարսելոնան – խելահեղ մոտոներով
Փարիզը`
Լուսադեմին`
Շունչը` փչած
Խոսում են սիրուց – սիրում են
Բայց չգիտես` ինչու
Հանվելիս` իրենց զգում են
Ինչպես` ծախու ապրանք
Գիշերներին` համարյա ոչ մեկ չկա
Պատահական ուշացած անցորդ
Ժամերը խառնած` տուրիստ
Կամ` հարբած ֆուտբոլասեր ռուսներ
Այդպես` հատ ու կենտ ավտոներ
Լույսերը-թույլ-դեղին
Ես հեռանում եմ – կամարներիդ լույսերից-
Մանավանդ` թամանյանական
Որ ինձ` թվում են մոմեր
Ու չգիտեմ` աղոթո՞ւմ ինձ համար-
Թե՞ անիծում են դեռ – որպես հեռացածի: