Թաթուլ ԲՈԼՈՐՉՅԱՆ – 85 / Անտիպ բանաստեղծություններ

***
Իմ զույգ լեռների
Խելք ու մտքի հետ
Զրույց եմ անում`
Ձյուներն հալվում են,
Սառույցն` այրվում,
Անապատները
Չեն հանգստանում…
Սաղմի ու հողի
Խորհուրդն արարում,
Երկինք եմ նայում`
Մագաղաթվում են
Դաշտերն անաղարտ`
Բառերն անավարտ
Չեն հանգստանում…
Իմ զրույցն ասես
Ամպերի մեջ է`
Ամպրոպները չեն հանգստանում…
Իմ զրույցի մեջ
Անձրևն է խոսում,
Աշունն անտառի ցավն է կիսում,
Ավազանի մեջ` լույսը խաչվում,
Նայում է Աստծուն ու մեղանչում…
***
Իմ հոգնած օրվա,
Հողոտված օրվա,
Հոշոտված օրվա
Ճանապարհներով
Գնում եմ դեռ,
Աշնան թամբի հետ,
Ձմռան սանձի հետ
Քամու բախտավոր ձիավորն եմ ես…
Գնում եմ խաչված
Իմ բառերի հետ,
Երկնքում ապրող ձայների հետ,
Անձրևի ծարավ արտերի հետ…
Ծով ու ցամաքի
Աղերսի հետ եմ,
Ափերում ապրող անեծքի հետ…
Իմ երանելի
Երկնքի հետ եմ,
Իմ երկնավոր դատավորի,
Գնում եմ հաշտված,
Հաշված,
Բաշխված`
Աշնան թամբի հետ,
Ձմռան սանձի հետ,
Տիրոջ բախտավոր
Ձիավորն եմ ես…
***
Ո՞ւր է տանում
Այս մտավոր,
Այս մեղավոր եղանակը,
Այս հանցավոր,
Այս զանցավոր եղանակը՝
Խելքի կարոտ,
Մտքի կարոտ եղանակը…
Առատ անձրև է խոստանում`
Ամպրոպներին է վստահում,
Գարնան գալիքը մոռանում
Ամռան բարիքն է վթարում.
Գունատվում է
Աշնան ցավը,
Ձմռան հանցանքն է մեծանում…
Ո՞ւր է տանում
Այս մոլորված
Եղանակը,
Անջուր, անափ,
Անառագաստ եղանակը,
Այս անհատակ,
Անառաստաղ եղանակը`
Թող սխալն այդ
Աստված ճշտի,
Ճիշտն Աստծուն
Երաժշտի…
***
Արտերի մեջ է
Ծնվում իմ խիղճը,
Արթնացող ծառի կեղևի մեջ`
Ջրերով արթուն
Ձորերի մեջ եմ,
Ձյուներով ապրող սարերի մեջ…
Ամպերի մեջ է ծնվում իմ խիղճը,
Ամպրոպների ճյուղերի մեջ,
Երկնկում ապրող
Լույսերի մեջ եմ,
Աղոթքով ապրող
Ձայների մեջ…
Հոգսերի մեջ է ծնվում իմ խիղճը,
Հոգսերով ապրող
Անտառի մեջ,
Գոլ ավազների
Աղոթքի մեջ եմ,
Անապատներում ապրողի մեջ…
Իմ խղճի ներսում
Տուն ու տնվոր եմ
Եվ դատավոր եմ,
Եվ հանցավոր,
Կալանավորի
Անեծքի մեջ եմ,
Դատավորների
Տատասկի մեջ…
***
Իմ արտերի սիրահարն եմ,
Սիրուց խաբված սերմնացանը.
Պիտի ցանեմ քարի վրա՝
Քարեր պիտի հնձեմ,
Պիտի ցանեմ ջրի վրա`
Ջրեր պիտի հնձեմ,
Լեռան լացը աչքիս հասավ՝
Ձյուներ պիտի հնձեմ…
Ուշացածի տարազ դառած
Դարեր պիտի շրջեմ,
Գնամ դարեր լույս չտեսած
Քարանձավում ննջեմ…
Խազը նորից կրծքիս հասավ`
Պիտի զարթնեմ նորից,
Պիտի սիրեմ,
Պիտի խաբվեմ,
Ես ինձ մերժեմ պիտի,
Կա՛մ ինձ գտնեմ,
Կա՛մ ինձանից
Հրաժարվեմ պիտի…
***
Լույսից լույս տանող
Կա մի ճանապարհ,
Մի հանգրվան կա
Լույսից մինչև լույս.
Դա քո լույսն է, Տե՛ր,
Քո հոգու լույսը,
Քո զոհված որդու
Հարության լույսը…
Հավիտյան ճամփորդ`
Լույսն այդ չի հոգնում,
Չի շեղվում ճամփից
ու չի գունատվում…
Այդ լույսի շողն է ինձ անվերջ կանչում,
Այդ լույսի ձայնն է իմ մեջ կանաչում,
Ուրիշ ճանապարհ և ուրիշ մի լույս,
Ես չեմ ճանաչում…
Լույսն այդ անցնում է արմատի միջով,
Անձրևի ծարավ արտերի միջով,
Ամպ ու ամպրոպի ձայների միջով…
Այդ նույն լույսով է
մրջյունն արթնանում,
Թռչունն այդ լույսից թևեր է առնում,
Քարն՝ աղոթում, ջուրը` սաղմոսում,
Մեղուն թիթեռի արցունքն է կիսում…
Այդ քո լույսն է, Տե՛ր,
Քո հոգու լույսը,
Քո զոհված որդու
Հարության լույսը…
***
Իմ ջրերն ասես
Հասունանում են,
Ծլում, փրփրում,
Փարթամանում,
Քար ու ավազով գնում հասնում,
Ցանում են նորից ու վաստակում…
Իմ ծովերն ասես
Հասունանում են,
Հասուն երկինք են ինձ խոստանում,
Ծովից ծով իրար ձայն են տալիս,
Թե նոր ցամաք է աշխարհ գալիս…
Էլի ամպերն են թագադրվում,
Թագ ու պսակի հետ են խաղում,
Էլ ինչ թագավոր,
Եվ էլ ինչ թագ,
Ծովից ծարավի ձայն է գալիս…
Գնում են ջրերն ու երկարում,
Ծովերը լուսնին են նմանվում.
Մե՛րթ լրանում են ու խաղաղվում,
Մե՛րթ խավարում են ու պղտորվում…
***
Հիմա քարերն են ինձ հետ խոսում,
Խոր քարափներն են ձայնս լսում,
Քարակոծվում եմ,
Քարով օծվում`
Քարով եկածին չեմ անիծում…
Հիմա ջրերն են ինձ հետ խոսում,
Ալիքներն են իմ ձայնը լսում,
Ափնակոծվում եմ,
Ափում ապրում,
Ծովում ապրողին չեմ նախանձում…
Ձայնս լռում է քարանձավում,
Ձայնս քարեր է աշխարհ բերում,
Անապատներում ինձ չեն խանձում,
Կեղծիք ու դավին չեմ հանձնվում…
Լեռն իմ լեռանն է թագավորում,
Ձյունն իմ գագաթն է փառավորում,
Քաշում եմ քարս,
Նախշում, տաշում,
Շարում եմ ես ինձ`
Ապաշխարում…
***
Օրը օրի նոսրանում է
Իմ մատյանի ելումուտը,
Ափերիս մեջ թրթռում է
Մայրամուտը…
Չեմ հասկանում՝
Ինչ է ուզում օրը օրից,
Հինը նորից,
Ծովն հատակից,
Ալիքն ափից,
Ադամանդը կրծքի խաչից…
Տարօրինակ ժամանակ է`
Խուսափում եմ նժարվելուց,
Նկարվելուց` հրաժարվում,
Ես ինձ կարծես
Չեմ ճանաչում…
Փրփրում է ժամանակը`
Ջուրը ջրից չի կշտանում,
Չի վշտանում
Ագահության խորությունից,
Ծանծաղուտի մերկությունը
Չի նշմարվում…
Խառնակ օրվա այս ի՞նչ խաղ է,
Խախուտ օրվա՝ ի՞նչ մի շաղախ…
Չի մեղմանում եղանակը,
Չի վերջանում շարունակվող
Այս թալանը,
Այս կողոպուտն ու կալանքը,
Անկախության անարգանքը…


Ես չեմ կարող
Իմ բառերին
Օտար տարազ հագցնել,
Օտար միտք ու մտածմունքով`
Ինձ ճանաչել չեմ կարող…
Դա նույնն է թե`
Ես ինձ անլույս դարձնեմ,
Կուրությունս տանեմ լուսնի
Անապատում թաքցնեմ…
Վտարանդի իմ արտերին,
Դեռ անձրևեմ պիտի,
Խոսք ու խրատ
Հողից հանեմ,
Ադամանդեմ պիտի…
Սևանա ջինջ ջրերի պես
Մաքրախոսեմ պիտի…
Մերկ ու մաքուր
Ինձ սասանեմ
Արտասանեմ պիտի…
Արարատով
Ամպեմ պիտի,
Ավարայրով` ապրեմ,.
Երասխագիր ալիքներով`
Դասավանդեմ պիտի…
Իմ լեզվի մեջ,
Իմ էպոսում,
Լեռներն են ակոսում`
Ինձ աղոթում,
Սրբագրում,
Երկինք են հաղորդում…


Իմ ուշացած հուշերում,
Օրերը չեն երկարում,
Ալիքները ջրերի
Մանկությունն են որոնում…
Ամպերը չեն ծերանում,
Ամպրոպր չի վերանում,
Ծաղկանկար երկնքում
Թիթեռներ են փոշոտվում…
Իմ խունացած
Հուշերում`
Սարերը չեն ճերմակում,
Դաշտերը չեն ջերմանում,
Անդորությունն
Անտառի
Մառախուղներ է փնտրում…
Իմ ծարաված հուշերում
Անձրևներն են ուշացել,
Հավքերն անտուն արտերի
Լուսամցքներում մնացել…
Իմ ծրարված հուշերում
Օրերը չեն երկարում,
Կարոտներս ուշացած
Ճանապարհներ են դառնում…

Հոգնել է ջուրը,
Հոգնել է քարը,
Քնած քարի տակ
Ննջում է դարը…
Հոգնել են, հոգնդլ
Բառն ու բարբառը,
Լռության մեջ է
Խոսքի անտառը…
Քամին տանում է
Ամռան երազը,
Աշնան տարազն է
Քամին տանում.
Գնացողն արդեն
Էլ ետ չի գալիս
Ինչ իր հետ տարավ
Էլ ետ չի տալիս…
Որտե՞ղ է տեսնես հավերժությունը,
Անմահությունն ու արդարությունը,
Հավիտենության անպարտությունը
Որտե՞ղ է տեսնես…
Տարին այսքան կարճ,
Օրն այսքան երկար.
Ինձ ո՞ւր է տանում
Այս մենությունը,
Այս մերկությունն ու անտերությունը,
Եղանակային մեյմունությունը…
Ինձ ո՞ւր է տանում,
Ինձ ո՞ւր է տանում,
Այսքան սպասող
Համբերությունը…


Չեմ հասցնւմ
Աչքս բացել,
Գոցել, կոճկել չեմ հասցնում,
Հավքի նման օրը թռնում,
Մի փետուր է կարծես դառնում…
Կծկվում է ժամանակը`
Մարդ ինքնիրեն
Չի ճանաչում,
Կարկատան է դառնում ասես
Օրվա անցած ճանապարհը…
Խառնվում են ջրերն իրար
Ափերն իրար չեն հասկանում,
Ջուրն հոսում է,
Քարը` լռում
Քարանձավն է ապաշխարհում…
Չեմ հասցնում
Աչքս բացել,
Թախծել, լացել
Չեմ հյասցնում,
Հավքի նման օրը թռնում,
Մի բմբուլ է կյանքս դառնում…

One thought on “Թաթուլ ԲՈԼՈՐՉՅԱՆ – 85 / Անտիպ բանաստեղծություններ

  1. Նկատելի է Համո Սահյանի ազդեցությունը, բայց կան նաև ինքնուրույն շեշտեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։