***
Սերը
Ճանապարհ է
Չհասնումի,
Գտնումի
Եվ ապրումի։
Սերը
Վերադարձ է
Կորուստների,
Մոռացումների…
Մանկության։
Սերը
Կանգառ է`
Կյանքն ափի մեջ զգալու
Ճանապարհին։
Աստղերը մոտիկից դիտելու
Ճանապարհ է
Սերը:
ՀԱՄԲՈՒՅՐ
Նրանք հանդիպեցին,
Եվ կարոտը լեզու առավ.
Անմոռաց ու
Անկրկնելի էր
նրա բառապաշարը։
Եվ հեքիաթներն
իրականություն դարձան.
Անսպասելին սպասված էր,
Հրաշքը` սովորական։
Շուրթերի
տոնակատարություն էր։
Նրանք հանդիպել էին,
Եվ ձեռքերն ավելորդ էին,
Եվ աչքերը` փակ։
***
Ես չգիտեի՝
Ինչ է տագնապը,
Դու եկար,
և անհանգստությամբ
լցրիր միտքս:
Ես չգիտեի՝
Ինչ է կարոտը,
Դու եկար
և կարոտով լցվեց օդը:
Գրկեցիր,
և մինչ քեզ
ու քեզնից հետո
տարածությունը
կոչեցի սպասում:
***
Քեզնով ներծծված կարոտս
Կատաղի թափով
Ներխուժել և գրավել է
Մտքիս բոլոր ծալքերը
Անունդ լեզվիս վրա
Դարձել է միակ համեմունքը
Այլ հավելումների
Անհրաժեշտություն
Ասես այլևս չկա
Քեզնով է պայմանավորված
Շնչառությանս
սառն ու տաքը
Հեռավորության ցրտից երբեմն
Մրսում է լեզուս
Եվ սառչում են
իմ քեզնով գուրգուրված
տաք-տաք
հուշերը: